14:29
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տաշիրցիներն առանձնանում են բարի կամքով եւ հյուրասիրությամբ

2016-10-03 16:44

  «Դե Ֆակտո» N123 (2016թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը:

-Պարո՛ն Արշակյան, որքա՞ն ժամանակ է, ինչ ստանձնել եք քաղաքապետի պաշտոնը և ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել այս տարիների ընթացքում:


-Շուտով ավարտին կմոտենա, որպես համայնքի ղեկավար, իմ պաշտոնավարման չորրորդ տարին, տարիներ, որոնցից յուրաքանչյուրը, անշուշտ, արժևորվում է Տաշիր համայնքի այս կամ այն ոլորտում ունեցած ձեռքբերումներով: Փորձելով հնարավոր լուծումներ տալ առկա խնդիրներին` գրանցել ենք որոշակի հաջողություններ: Այդ թվում` գիշերային լուսավորության ցանցի զգալի բարելավումը, որի ընթացքում այն ընդլայնվել է շուրջ 300 լապտերով: Կատարվել է քաղաքի և հարակից տարածքների կանաչապատման բավականին մեծ աշխատանք, ինչի արդյունքում էլ անցած տարի Հայաստանի համայնքների միության և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մեր քաղաքը ճանաչվեց տարվա լավագույն կանաչապատ համայնք: Ամբողջությամբ հիմնանորոգվեց քաղաքի ջրատար ներքին ցանցը, ինչի շնորհիվ էլ Տաշիրն ապահովվեց այդքան սպասված շուրջօրյա ջրով: 2015-ին համայնքի կարիքները հոգալու նպատակով ձեռք ենք բերել երկու գյուղատնտեսական տրակտոր, իսկ վերջերս` միկրոավտոբուս: Շուտով կգործի «Տաշիր» հիմնադրամի կողմից կառուցված մանկապարտեզը: Ներկայում նույն հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցապատվում է Տաշիրի քաղաքային հրապարակը:

-Բնակչության առջև ի՞նչ ծառացած խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:

-Խնդիրները նույնն են, ինչ ամբողջ երկրում` աշխատատեղերի պակաս, փողոցների բարեկարգում, մշակութային օջախների վերանորոգում և այլն:

-Իսկ արտագաղթն ինչպե՞ս է անդրադառնում տաշիրցիների վրա:

-Արտագաղթն, ինչ խոսք, իր բացասական ազդեցությունն է թողել այստեղ ևս: Պետք է նշեմ, որ տաշիրցիների առանձնահատկություններից մեկը եղել և մնում է արտագնա աշխատանքի մեկնելը, իսկ այն, որ ձմռան ամիսներին մարդիկ վերադառնում են հարազատ քաղաք` ինչ-որ չափով հույս է ներշնչում:

-Ակնհայտ է, որ մեր երկրում քաղաքապետ լինելը փոքր պաշտոն չէ, և չեք կարող լինել լավ քաղաքապետ, եթե չսիրեք Ձեր քաղաքը: Ինչպիսի՞ յուրահատկություններով է օժտված այս քաղաքը, և բնակչության հետ շփումն ինչպիսի՞ն է:

-Նախ կասեի, որ ամենուր էլ քաղաքապետ լինելը փոքր պաշտոն չէ:
Ինչ վերաբերում է քաղաքի բնակիչներին` ապա նրանք առանձնանում են բարի կամքով ու հյուրասիրությամբ: Համայնքը մեծ չէ, և գրեթե բոլորին ճանաչում եմ, հնարավորինս` շփվում: Մարդիկ շատ հարցերով են դիմում` թե՛ աշխատավայրում, թե՛ փողոցով քայլելիս: Խնդիրները շատ են, ուզում եմ բոլորին օգնել, բայց, իհարկե, հասկանում եք, որ ցավոք` դա հնարավոր չէ:

-Ի՞նչ վիճակում է գտնվում մշակութային և հոգևոր կյանքը քաղաքում:

-Նշեմ, որ Տաշիրի ինչպես մշակույթի տունը, այնպես էլ մշակութային մյուս օջախները` արտադպրոցական կենտրոնը, արվեստի դպրոցը և այլն, վերանորոգման կարիք ունեն, ինչը, որպես հիմնախնդիրներ ներկայացվել է կառավարություն: Այնուհանդերձ` աշխատում ենք հնարավորինս զարկ տալ քաղաքի մշակութային կյանքին` նշելով պետական տոները, կազմակերպելով ներկայացումներ, ցուցահանդեսներ, միջոցառումներ: Մասնավորապես նշեմ «Տաշիրյան պանրի փառատոն» յուրահատուկ միջոցառումը, որը նպատակ է հետապնդում ցուցադրել և խթանել տարածաշրջանում պանրի և մյուս կաթնամթերքների պատրաստման լավագույն ավանդույթները շարունակող ձեռնարկությունների ձեռքբերումները և համախմբել մարդկանց ու նրանց առօրյան հետաքրքիր դարձնել:

-Այսօր ի՞նչ ծրագրեր ունեք Ձեր հարազատ քաղաքի համար:

-Ծրագրերը բավականին շատ են: Ինչպես նշեցի` արդեն ընթացքի մեջ են «Տաշիր» հիմնադրամի կողմից քաղաքային հրապարակի կառուցապատման և բարեկարգման աշխատանքները, որի նշանակությունը ինքնին հասկանալի է: Շուտով կլուծվի հիմնախնդիր հանդիսացող նախկին գործադիր կոմիտեի շենքի հիմնանորոգման հարցը, որը կծառայի որպես երեխաների զբաղվածության համալիր և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Կառուցվում է կամուրջ` միջպետական նշանակության ճանապարհը բեռնաթափելու համար: Խիստ կարևոր է մշակույթի տան, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի տանիքների (մնում է 16 շենք) վերանորոգումը:

-Պարո՛ն Արշակյան, բյուջեն հե՞շտ եք հավաքագրում, որքա՞ն է բյուջեի կատարողականը:

-Անցած երեք տարում սեփական եկամուտների հավաքագրումը հիմնականում ընթացել է նորմալ` գրեթե 100%-ով: Կան որոշակի ուղղվածություններ, որոնց մասով 100%-ով հավաքագրում չի եղել, օրինակ` աղբավճարի գումարները: Դրանց հիմնական պատճառը քաղաքից մարդկանց բացակայելն է:

 

 


Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...