01:37
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք փորձում ենք Ստեփանավանը գրավիչ դարձնել ոչ միայն տեղաբնակների, այլեւ զբոսաշրջիկների համար.

2016-10-01 15:29

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում կներկայացնենք մեր զրույցը Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ:

 «Դե Ֆակտո» N123 (2016թ.)

-Պարո՛ն Ղարաքեշիշյան, արդեն 4 տարի է, ինչ ղեկավարում եք Ստեփանավան համայնքը, այս տարիների ընթացքում ի՞նչ խնդիրներ եք հասցրել լուծել և ի՞նչ ծրագրեր եք իրականցրել:


-Վերջին չորս տարիները Ստեփանավանի համար նշանակալից տարիներ էին, իրականացված աշխատանքների ու լուծված խնդիրների մասին լիարժեք խոսելու համար երկար ժամանակ կպահանջվի: Քաղաքում առկա շատ խնդիրների կողքին տեսանելի են նաև բազմաթիվ լուծված խնդիրները և այն աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են և տալու են ցանկալի արդյունքը: Որպես առանցքային ծրագիր կարող եմ նշել այն, որ քաղաքի կենտրոնական ճանապարհը կարողացանք լայնացնել, ինչը նպաստեց, որ վերջապես քաղաքի կենտրոնում երթևեկությունը կարգավորվի: Նշեմ, որ Ստեփանավանն ամբողջությամբ ապահովված է գիշերային լուսավորությամբ, ողջ տարածքում իրականացվել են ծաղկապատման և կանաչապատման աշխատանքներ, ասֆալտապատվել է Նժդեհի փողոցը, գազաֆիկացման աշխատանքներ են տարվել Աշոտաբերդ թաղամասում: Մենք փորձում ենք Ստեփանավանը գրավիչ դարձնել ոչ միայն տեղաբնակների, այլև զբոսաշրջիկների համար, որոնց թիվը նկատելիորեն ավելանում է:
Այս տարիներին մենք փորձել ենք նաև ցանկացած հարցում լինել բնակիչների կողքին, լսել նրանց խնդիրները: Քաղաքում վերացվել են տարատեսակ աղետների հետևանքներ, մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել բոլոր ոլորտները:

-Ինչպիսի՞ն է Ստեփանավանի բնակչության սոցիալական ապահովվածությունը և ինչո՞վ են հիմնականում զբաղվում բնակիչները:

-Մեր քաղաքում զարգացած է փոքր ու միջին բիզնեսը, զարգացման ճանապարհին է զբոսաշրջությունը, քաղաքում գործում են առևտրի և սպասարկման մեծ ու փոքր կենտրոններ: Ստեփանավանցիների համար սոցիալական ապահովվածության իմաստով հարված էր «Սագամար» ՓԲԸ-ի աշխատանքների ժամանակավոր դադարեցումը՝ «Սագամար»-ում աշխատող ստեփանավանցիների թիվը մեծ էր: Քիչ չեն նաև արտագնա աշխատանքի մեկնողները: Առավել կարիքավոր ընտանիքների համար, թեկուզ ժամանակավոր, բայց աշխատատեղեր է ստեղծում քաղաքապետարանը: Նրանց, ովքեր հաճախ քաղաքապետարան են դիմում ֆինանսական աջակցության համար, աջակցելուց զատ, իրենց ցանկության դեպքում, ներգրավում ենք քաղաքի բարեկարգման աշխատանքներում:

-Ի՞նչ խնդիրներ կան այսօր քաղաքում, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

-Ստեփանավանի խնդիրները սկիզբ են առնում Աշոտաբերդ թաղամասից, այստեղ 290 ընտանիք ապրում է փայտե տնակներում, որոնք որպես ժամանակավոր կացարաններ կառուցվել են 1988թ.-ի աղետից հետո և այլևս պիտանի չեն բնակության համար: Վատ վիճակում են նաև թաղամասի դպրոցն ու մանկապարտեզը, շենքերը քանդման ենթակա են և առայժմ ունենք միայն նախագծեր դպրոցի և մանկապարտեզի շինարարության վերաբերյալ` պատրաստում ենք փաստաթուղթ, որը պարզ պատկերացում կտա ծախսերի վերաբերյալ: Խնդիր է նաև բազմաբնակարան շենքերի տանիքների վիճակը, որոնք ժամանակի ընթացքում փորձում ենք վերանորոգել, սակայն վերջնական արդյունքի համար մեծ ներդրումներ են պահանջվում: Մեզ համար օրակարգային է նաև ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը: Նշված և այլ խնդիրները մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Հավատում եմ, որ լուծումները նույնպես չեն ուշանա:

-Պարո՛ն Ղարաքեշիշյան, ինչպիսի՞ն է քաղաքում պատմամշակութային կյանքը:

-Ստեփանավանում մշակութային կյանքը մշտապես ակտիվ է. քաղաքում ակտիվ գործում են մշակույթի տունը, արվեստի դպրոցը, պարային համույթը, մշակութային այլ օջախներ՝ տարատեսակ խմբակներով: Տարվա ընթացքում հարյուրավոր երեխաներ սովորում են նվագել, երգել, քանդակագործությամբ զբաղվել և այլն: Մշակութային ավանդույթները, իմ համոզմամբ, լավագույնս պահպանվում են:

-Առաջիկա ի՞նչ նոր ծրագրեր կան իրականացնելու:

-Ծրագրերը շատ են՝ կապված վերոնշյալ խնդիրների լուծման հետ: Առաջիկայում Ստեփանավանի պոլիկլինիկայի մասնաշենքը հիմնովին կվերանորոգվի, ունենք ծրագիր Ստեփանավանի կենտրոնական փողոցում գործարկելու ժամանակակից լուսավորության համակարգ, ամբողջությամբ կվերանորոգվի ավագ դպրոցը, իսկ Ձախափում կկառուցվի սոցիալական կենտրոն:
Երկու խոշոր ծրագիր իրականացնելու հավանականություն կա, որոնց մասին նախապես խոսել չեմ ցանկանում, բայց վստահ եմ, որ ընթացիկ աշխատանքներն ու նոր ծրագրերը շատ բան են փոխելու քաղաքում:

-Եվ վերջում, պարո՛ն Ղարաքեշիշյան, կասե՞ք հաջողության այն բանաձևը, որով կարողանում եք լինել սիրված ղեկավար և լավ հայի կերպար:

-Շնորհակալ եմ հարցի մեջ տեղ գտած խոսքերի համար: Ինձ համար շատ կարևոր է համաքաղաքացիներիս վստահությունը, որի համար ամենօրյա հետևողականություն է հարկավոր: Հաջողության միակ բանաձևը՝ աշխատանքն է: Մեր համաքաղաքացիները ինչպես ինձ, այնպես էլ քաղաքապետարանի մնացած աշխատակիցներին մշտապես տեսնում են աշխատելիս: Հաճախ, երբ որոշ մարդիկ դժգոհում են ինչ-որ բանից, հարցնում եմ՝ իսկ դուք ի՞նչ եք անում քաղաքի համար: Իմ գլխավոր նպատակն այն է, որ Ստեփանավանի խնդիրները մտահոգեն բոլորին, առանց բացառության: Եթե մենք տարածք կանաչապատենք, իսկ բնակիչները վնասեն, այդ աշխատանքը ոչ մեկին պետք չէ, ուստի եթե ցանկանում ենք մեր քաղաքը ավելի լավը դարձնել, պետք է համախմբված լինենք: Մեր նպատակն է հասնել դրական փոփոխությունների, և հաջողության բանաձևերից մեկն էլ այն է, որ ես հավատում եմ իմ քաղաքի լավ ապագային ու համաքաղաքացիներիս միասնականությանը:

 

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...