12:39
07/21/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Համաքաղաքացիներիս կխնդրեմ, որ այս ընտրությանը շատ լուրջ մոտենան

2016-09-29 12:00

 «Դե Ֆակտո» N123 (2016թ.)

Մամիկոն Ասլանյանը ծնվել է 1973 թվականին Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում` մանկավարժների ընտանիքում: Ավարտել է Վանաձորի թիվ 5 միջն. դպրոցը` ոսկե մեդալով: 1991-1996թթ. սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում, ստացել իրավաբան-իրավագետի որակավորում: Համալսարանն ավարտելուց հետո 2 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Դասավանդել «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում, աշխատել քաղաքապետարանում` որպես իրավաբան:
Մամիկոն Ասլանյանը 2012-2014թթ. եղել է ՀՀ նոտարական պալատի նախագահը, ՀՀ արդարադատության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ:
2007 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար:
Հանրապետական կուսակցությանն անդամակցել է 2016թ-ին:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետի թեկնածու, ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանը:

 

 

-Պարո՛ն Ասլանյան, շուրջ երկուսուկես տարի լինելով ՀՀ նոտարական պալատի նախագահ, ի՞նչ խնդիրներ հասցրեցիք նկատել նոտարական համակարգում:


-Երբ ստանձնեցի այդ պաշտոնը, նոտարական պալատը գործում էր հիմնականում թղթի վրա, և որպես առանձին կառույց գոյություն չուներ: Բացի այդ, թե՛ մասնագիտական որակների, և թե՛ օրենքի կիրառման հետ կապված խնդիրներ կային, որոնք ժամանակի ընթացքում շտկվեցին: Հանրային ծառայություն իրականացնող այն ոլորտը, որտեղ մարդկանց հետ անմիջական շփումը մեծ է, այդտեղ թե՛ կոռուպցիոն, թե՛ կոմունիկացիոն ռիսկերի վտանգ կա:
Նոտարական գրասենյակների ճիշտ տեղաբաշխման հետ կապված խնդիրները ևս նկատելի էին: Անհրաժեշտություն կար գրասենյակների տեղաբաշխումն այնպես իրականացնել, որպեսզի մարդկային հոսքից առաջացած հերթեր չգոյանային: Եթե այն ժամանակ բնակիչն իրավունք ուներ բոլոր գործերով դիմելու միայն իր բնակության վայրի նոտարին՝ բացի ժառանգության գործից, ապա այժմ ցանկացած նոտարական գրասենյակում քաղաքացին կարող է իր գործարքը վավերացնել: Երևանում ստեղծեցինք ժառանգական ընդհանուր բազա: Եթե ժամանակին միայն առաջին նոտարական գրասենյակն էր ժառանգական գործառույթներ իրականացնում, այժմ Երևանի ցանկացած նոտարական գրասենյակ կարող է զբաղվել տվյալ քաղաքացու ժառանգականության հետ կապված գործերով: Պետք է նշեմ, որ նոտարական համակարգը շատ արագ ինքնակազմավորվող կառույց է, որն էլ, թերևս, պայմանավորված է կրթամակարդակի բարձր լինելով:

Նոտարական համակարգը շատ արագ 
ինքնակազմավորվող կառույց է:

-Հետաքրքիր է, մեզանում նոտարին դիմելու մշակույթ ձևավորվա՞ծ է:


-Իմ ղեկավարման տարիներից մինչ օրս նոտարական պալատի դերն ու նշանակությունը հասարակական կյանքում և իրավաբանական ոլորտում զարգացման բարձր մակարդակի է հասել` սկսած արտերկրի նոտարական պալատների հետ համագործակցությունից մինչև հասարակության մեջ նոտարի նկատմամբ վստահության ապահովում:
2013թ. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների միություն» ՀԿ-ի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց տվեցին, որ նոտարի նկատմամբ վստահությունը շեշտակիորեն աճել է, հասնելով` 99%-ի: Այդ ժամանակաշրջանում նոտարական համակարգում մի շարք ռեֆորմներ իրականացրեցինք, այդ թվում` անցում էլեկտրոնային կառավարման համակարգի` «մեկ պատուհանի» սկզբունքով: Ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միջև կնքվեց համատեղ գործունեության և կոորդինացիոն խորհուրդ ստեղծելու համաձայնագիրը:
Շոշափելի արդյունքներ ենք արձանագրել, որն էլ, կարծում եմ, հանգեցրել է նոտարի նկատմամբ վստահության ապահովման նման ցուցանիշների:

Ես չեմ կարող պետականության կողքին կանգնած չլինել:

 

-Պարո՛ն Ասլանյան, ինչպե՞ս եղավ անդամակցումը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը. ի՞նչ եք կարծում` կուսակցական պատկանելիությունն ինչպե՞ս կանդրադառնա Ձեր հետագա գործունեության վրա:

-1991 թվականին, երբ մենք համալսարան էինք ընդունվում, այն ժամանակ մեր ապրելակերպը, մեր ամբողջ գաղափարախոսությունն ուղղված էր երկրի անկախացմանն ու պետականության ստեղծմանը: Հետևաբար, այսօր ես չեմ կարող պետականության կողքին կանգնած չլինել, քաջ գիտակցելով, որ մեզանում պետականության պահպանումը պարզապես անհրաժեշտություն է: Մարդիկ հաճախ շփոթում են` կարծելով, թե իշխանությունն ու պետությունը դա նույն բանն է: Իշխանությունները կարող են փոխվել, բայց պետությունն ու պետականությունն ավելի բարձր արժեքներ են: Եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն ստեղծվել է Ազգային միացյալ կուսակցության հենքի վրա, նախ՝ ընդհատակ, ընդդիմություն, ապա՝ իշխանություն, հետևաբար նաև այդ անցած ճանապարհն ուսումնասիրելով եմ կայացրել նման որոշում:
ՀՀԿ-ի ակունքներում կանգնած են եղել ինձ համար պետականության և ազգային սիմվոլ հանդիսացող Վազգեն Սարգսյանը, Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, այսօր նաև մեր գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ազգային-ազատագրական շարժման ջատագովներից և պետականության կերտողներից մեկը: Պատահական չէ իմ ընտրությունը, և որքան էլ որ քարկոծվի և քննադատվի կուսակցության գործունեությունը, ես գտնում եմ, որ մենք ինքներս պետք է կարողանանք ներսից փոխել ամեն ինչ: Հակված չեմ` արտաքին ուժերի ճնշման ներքո ներմուծված քաղաքակրթության միջոցով, մեր երկրում օտարածին տարրեր մտցնելուն և փոփոխություններ իրականացնելուն, լինի դա արևմտյա՞ն, թե՞` ռուսական: Ի դեպ` իրենք իրենց մենթալիտետը չեն փոխում, շատ կարծրացած գաղափարախոսություններ ունեն, բայց չգիտես ինչու, մեր նման հասարակությունները նմանատիպ խոցելիության նշանակետում են հայտնվում:
Կարծում եմ, որ պետք է լինի ազգային գաղափարախոսություն, պետք է լինի «կարմիր գիծ», որտեղ ազգային գաղափարախոսության շուրջ ազգի համախմբում տեղի ունենա: Բնականաբար, այսօր էլ կան թերություններ, որոնք տեսանելի են, բայց ոչ հուսահատվել է պետք, ոչ, առավել ևս` հանձնվել: Հետևաբար, եթե կա փոխելու, ինչ-որ բան ավելի լավը դարձնելու անհրաժեշտություն, ապա մենք ինքներս մեր ներսում պետք է գտնենք այդ ուժը, եռանդը, վճռականությունը, մեր մտածողությամբ և վերաբերմունքով իրականացնելու այն: Իսկ կուսակցությունն իր ներուժով միմիայն կարող է օգնել այդ խնդիրների լուծմանը:

-Ինչպե՞ս որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում և ո՞ւմ եք համարում Ձեր մրցակիցը:

-Քաղաքապետի թեկնածության առաջադրման գլխավոր գործոնը եղել է քաղաքը շատ լավ ճանաչելու հանգամանքը: Դեռ մանուկ հասակից քաղաքի տարբեր հատվածներում խաղալով, ընկնելով, վնասվելով եմ մեծացել: Վանաձորի ամեն անկյունն ինձ այնքան հարազատ է, որ այսօր չեմ կարող անգամ ասել, թե ես որ թաղից եմ: Այդքան հարազատ ու սիրելի է ինձ համար Վանաձորը:
Բավականին երկար եմ մտածել հայտ ներկայացնելուց առաջ, որովհետև մի բան է որևէ ոլորտ սպասարկելը, մեկ այլ բան է, դուրս գալ այդ ամենից, կանգնել ժողովրդի առաջ, իսկ քանի որ հասարակությունը խայտաբղետ է, նրա գնահատականը նույնպես այդպիսին է: Այստեղ ապրելով, աշխատելով որոշակիորեն վայելելում եմ համաքաղաքացիներիս սերն ու հարգանքը և չէի ցանկանա որևէ անզգույշ քայլով ստվեր գցել հեղինակությանս վրա, հետևաբար, ես բավական ծանրութեթև եմ արել այս որոշումը կայացնելուց առաջ:
Ինքս քաջատեղյակ լինելով քաղաքիս խնդիրներին, լավ ճանաչելով վանաձորցիների մարդկային տեսակը, ընդունելի լինելով նույն ժողովրդի կողմից, կարծում եմ` կկարողանամ իմ ներդրումն ունենալ մի շարք հարցերի լուծման գործում, և չեն ամաչի այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը կտան ինձ: Ես միշտ իմ համաքաղաքացիների համար հասանելի մարդ եմ, քաղաքի յուրաքանչյուր վայրում և ցանկացած ժամի: Եվ ամենակարևորն այն է, որ քաղաքացին զգում է, որ դու իր նկատմամբ ուշադիր ես, հոգսերին անտարբեր չես, խնդիրներին տեղյակ ես:
Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա առաջադրված թեկնածուների հետ բավականին լավ, մարդկային հարաբերություններ են, իսկ ընտրությանը մոտենում եմ որպես բնականոն գործընթացի և այդ գործընթացում ընդգրկված բոլոր ուժերին համարում եմ մրցակից:

Ես անուղղելի վանաձորցի եմ եւ
քաղաքականություն եմ մտնում վանաձորցուն ծառայելու համար:

 

-Ձեր անցած ուղին և իրավաբանի մասնագիտական կրթությունը, որքանո՞վ կնպաստեն լուծելու քաղաքի առաջ ծառացած խնդիրները:

-Այդ տարիների ձեռքբերված փորձը, որը վերաբերում է նաև մարդկանց հետ շփմանը, միմիայն դրականորեն կանդրադառնան շատ հարցերի լուծումներ գտնելու ճանապարհին: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հետ եմ շփվել և չկա մարդկային այնպիսի տեսակ, հոգեբանություն, որին ես ծանոթ չլինեմ և չհասկանամ: Սա միմիայն կօգնի ինձ, ճիշտ հասկանալու իմ համաքաղաքացիներին, որտեղ փոխադարձ շփումը պետք է միտված լինի խնդիրների լուծման և կառուցողական հենքեր ստեղծելուն:

-Ըստ Ձեզ, ի՞նչ որակական հատկանիշներով պետք է օժտված լինի անհատը, որպեսզի կարողանա ոչ միայն ղեկավարել, այլ նաև ընդունելի լինել ղեկավար պաշտոնում:

-Կարծում եմ` պաշտոնյա լինելուց առաջ, մարդ առաջնահերթ պետք է այս կյանքում մարդկային նվազագույն քննություն հանձնած լինի: Շատ կարևոր է, որ մարդ մի փոքր էլ Աստվածավախ լինի: Ինչ էլ որ անելու լինի, գլուխը բարձին դնելուց առաջ զգա, որ Աստծու առաջ մեղավոր չէ: Եվ առհասարակ, պաշտոն չպետք է տալ այն մարդուն, ով հումանիստ չէ: Պաշտոնն ի՞նչ է. այսօր կլինի, վաղը` ոչ: Դա Աստվածատուր շնորհ չէ, որով պետք է պարծենալ, այն հնարավորություն է քո ունակություններն ու ամբողջ ուժը ներդնելու տվյալ բնագավառում դրական տեղաշարժեր գրանցելու, քո ծրագրերը կյանքի կոչելու համար:
Կարծում եմ, որ վանաձորցուն հարկավոր է այնպիսի մեկը, ով պարզապես քաղաքացու կողքին կգտնվի: Ես կախարդական փայտիկով հրաշքներ չեմ խոստանում, բայց այն՝ ինչը հնարավոր է, այն՝ ինչն անգամ անհնար է, բայց կարելի է հնարավոր դարձնել, ես դա միանշանակ կանեմ, որովհետև ես չեմ պատրաստվում այլ տեղ ապրել: Այստեղ իմ երեխաներն են մեծանում, իմ ծնողներն են ապրում, սա իմ տունն է:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր համաքաղաքացիներին:

-Համաքաղաքացիներիս կմաղթեմ, որ այս գործընթացին շատ լուրջ մոտենան: Սա հերթական ընտրություն չէ. այստեղ մի կողմից դրված է քաղաքի ապագայի խնդիրը, մյուս կողմից` նույն քաղաքը կառավարելու հարցը, և նախքան ընտրության գնալը` ծանոթանան տվյալ անհատի անցած ուղուն, կենսագրությանը, կատարած աշխատանքներին, մարդկային որակներին և դրանից հետո միայն ներկայանան ընտրություններին: Ցանկանում եմ, որ մենք բոլորս միասին բացենք Վանաձորի նոր էջը:

 


Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց