13:12
10/09/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Այս գիրքը ես գրել եմ ոչ թե գրչով, այլ սրտով»

2016-08-23 10:41

 «Դե Ֆակտո» N122 (2016թ.) 

Վերջերս հայ արվեստասերներին տոն պարգևեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի «Իմպրեսիոնիզմ. հայ նկարիչներ» եռալեզու պատկերագիրքը, որի շնորհանդեսը կայացավ Թեքեյան մշակութային կենտրոնում: Գիրքը տպագրվել է անչափ լուսավոր ու հայրենասեր անձնավորության` Սանկտ Պետերբուրգում բնակվող բարերար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ և բազմաթիվ այլ հյուրեր:

Ռուբեն Միրզախանյանի «Իմպրեսիոնիզմ. հայ նկարիչներ» գրքում տեղ են գտել 280 գունավոր վերարտադրություններ, որոնք ներկայացնում են համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ լայն արձագանք ու հետևորդներ ունեցող ուղղությունը՝ իմպրեսիոնիզմը: Ներկայացված ուսումնասիրությունն արժեքավոր է հատկապես նրանով, որ ընթերցողին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու
19-րդ դարի վերջի և 20-րդ դարի հայ 37 նկարիչների ստեղծագործություններին: Պատկերագրքում արտացոլված են նկարիչների աշխատանքներում առկա երևակայական և զգացմունքային ընկալման նրբությունները, ոճային ընկալումները, գունային աշխարհի բազմազանությանը վերաբերվող գեղանկարչական անհատական մոտեցումները:


Գրքում խտացված և ընդգրկուն պատկերացում է տրվում տպավորապաշտական ուղղության զարգացման, գեղագիտության և կերպարվեստում իշխող այլ հոսանքների ու դրանց փոխազդեցության մասին:
Այս բավականին ծավալուն գրքում (414 էջ) առաջին անգամ մանրամասն ներկայացված են իմպրեսիոնիզմի ոճով ստեղծագործող հայ նկարիչների ավելի քան 300 կտավներ, յուրաքանչյուրի անվան կողքին ներկայացված են հատվածներ նրա գրավոր ժառանգությունից և իր մասին ասված նշանավոր մարդկանց կարծիքներից:


«Որքան էլ լինեն թվայնացված տեղեկություններ և աղբյուրներ, միևնույն է, պատկերագիրքը մնայուն է և չի կորցնում իր նշանակությունը բոլոր ժամանակներում»,- գրքի շնորհանդեսի միջոցառման ժամանակ նշեց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` հավելելով, որ նման նախաձեռնություններն իսկական տոն են արվեստը գնահատողների համար:
Պատմամշակութային և փաստագրական վիթխարի նյութ պարունակող եռալեզու հիմնարար ուսումնասիրությանն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Հայ ժողովուրդը հասել է մինչև 21-րդ դար՝ պահպանելով իր մշակութային և հոգևոր արժեքները: Հայկական իմպրեսիոնիզմը ոչ միայն հայ կերպարվեստի հարստություններից է, այլ նաև համաշխարհային մշակույթի պատմության գոհարներից մեկը»,- իր խոսքում նշեց նա` ավելացնելով, որ որքան գիրքը հաստափոր է, կրկնակի անգամ այն ավելի արժեքավոր է իր բովանդակությամբ և հայ մշակույթը լավագույնս ներկայացնելու առումով:


Էդուրադ Շարմազանովը իր ելույթում նաև պատմեց բարերար Հրաչյա Պողոսյանի լայնածավալ բարեգործական գործունեության մասին, ջերմությամբ հիշեց բարերարի նախաձեռնությամբ և միջոցներով տեղադրված «Արարատ-73»-ի 40-ամյակին նվիրված հուշարձանի և այդ իրադարձությանը նվիրված տոնի մասին:


Միջոցառման ժամանակ հնչեցին բազմաթիվ ելույթներ` ներկայացնելով իմպրեսիոնիզմի պատմությունը և նրա արտացոլումները հայկական մշակույթում, ինչպես նաև հրատարակված գիրքը համարվեց մշակութային ուսումնասիրությունների լայնածավալ աղբյուր:
«Երբեք այսքան մեծ ընդգրկվածությամբ չեն ներկայացվել ծագումով հայ իմպրեսիոնիստ նկարիչները, նրանց հայտնի և ոչ այդքան հայտնի աշխատանքները»,-իր ելույթում նշեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը` շեշտելով, որ գիրքը հուսալի հիմք է ապագա մասշտաբային ուսումնասիրությունների համար:
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանն էլ հավելեց, որ եթե չլինեին հայոց 1-ին և 2-րդ պետականությունները, չէինք ունենա ներկա հրատարակությունը, որովհետև հենց այդ տարիներին ստեղծվեց մի դպրոց, որտեղ դրվեցին իմպրեսիոնիզմի հիմքերը: Պրոֆեսորը սեփական փորձով է նկատում՝ երբ արվեստանոցում գործերով տարված ուզում ես կրկին թերթել գիրքը, նշանակում է այն իրենից մեծ արժեք է ներկայացնում:
Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիդ Մուրադյանն իր ելույթում պատմելով իմպրեսիոնիզմի պատմության մասին, այն ներկայացրեց որպես արվեստ ազատության մեջ, պոռթկումի արվեստ, աշխարհայացքի փոփոխություն, մշակույթ, որը չի քայլում դարի ու ժամանակի հետևից, այլ մշակույթ, որ քայլում է դարի ու ժամանակի հետ համընթաց, որտեղ արև՝ այնտեղ իմպրեսիոնիզմ: Նա նաև նշեց, որ Ռուբեն Միրզախանյանի նոր հրատարակված գրքում հայ նկարիչները ներկայացված են նորովի, նոր լույսի, պրիզմայի, ընկալման ներքո. «Գիրքը ևս մեկ անգամ փաստեց, որ հայկական մշակույթը արմատներով ձգվում է խորքը և ճյուղերով տարածվում դեպի վեր»:
Պատկերագիրքը ընթերցողի սեղանին դնելու նպատակի և շարժառիթների մասին խոսեց հեղինակը՝ ՀՊՄՀ-ի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը՝ ընդգծելով, որ դրանում տեղ են գտել նշանավոր իմպրեսիոնիստները. մարդիկ, ովքեր իրենց տեղն ունեն համաշխարհային արվեստի մեջ ու նրանց միավորում է իրենց ծագումը՝ հայ: Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Սանկտ Պետերբուրգում բնակվող բարերար Հրաչյա Պողոսյանին, խմբագիրներ Արա Հակոբյանին և Արտաշես Մարտիրոսյանին, թարգմանիչ Տիգրան Միքայելյանին, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանին:
Ռեկտորը ընդգծեց, որ հրատարակված գիրքը պատմաբանի և մշակույթի պատմության հետազոտողի ազատ և անկեղծ ուսումնասիրության արտացոլումն է. «Այս գիրքը ես գրել եմ ոչ թե գրչով, այլ սրտով»,-հավելեց Ռուբեն Միրզախանյանը:
«Իմպրեսիոնիզմ. հայ նկարիչներ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսի ընթացքում կայացավ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը:
Միջոցառմանը հետաքրքիր ընթացք պարգևեց իմպրեսիոնիզմի մասին նոր հրատարակված պատկերագրքի մասին նկարահանված ֆիլմի ցուցադրությունը:
Հանդիպման ավարտին Հրաչյա Պողոսյանը ՀՀ մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին նվիրեց «Ֆոտոլրագրողները պատերազմի ժամանակ» ալմանախը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այս տարի գարնանը ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ:


Լրագրող՝ Սուսաննա Թամազյան
Թարգմանիչ՝ Հռիփսիմե Ղազազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...