23:36
12/08/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նժույգթափերը երկաթյա նյարդեր են պահանջում

2016-08-16 10:21

 «Դե Ֆակտո» N122 (2016թ.)

2016թ-ի Եվրոպայի չեմպիոն, 2015թ-ի աշխարհի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի նորամուտն աշխարհի առաջնություններում կայացավ 2003 թ-ին... 12 տարի պահանջվեց Մերդինյանից` նժույգթափերը սանձելուն զուգահեռ, գերել ժյուրին` անելով գրեթե անհնարինը:
32 տարի հայ մարմնամարզիկներն աշխարհի առաջնության պատվո հարթակ չէին բարձրացել: Վերադարձն իր կյանքի 32-րդ տարում ապահովեց հենց Հարություն Մերդինյանը, ով արդեն այս գարնանը նաեւ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց, իսկ ընդամենը հաշված օրեր անց Հայաստանը կներկայացնի Օլիմպիական խաղերում:

-Հարություն, Ձեր յուրաքանչյուր արդյունքը քառորդ դարից երկար վաղեմություն ունի: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան թե՛ որպես մարմնամարզության նվիրյալ ու սիրահար, ու թե՛ որպես այդ ամենի կերտող:


-Շատ ուրախ եմ, քանի որ երկար տարիներ չէր ստացվել նման արդյունքի հասնել, սակայն մարզիչներիս հետ մեկտեղ տեսանք մեր աշխատանքի արդյունքը: Մարզիչներիս հետ միասին` ողջ թիմով, շատ ուրախ ենք այս մեդալների համար:

-Արդյո՞ք համարում եք, որ անհնարինն արեցիք, թե՞ էլի բարձրանալու տեղ կա:

-Գլազգոյում աշխարհի առաջնությունն այնքանով էր դժվար, որ այն վարկանշային էր: Դա նշանակում է, որ ամեն ինչ կրկնակի բարդանում է, մասնակիցների քանակն ավելանում է, մրցումների լարվածությունը` ուժգնանում:

Այն ժամանակ ես կարողացա միայն 3-րդը լինել: Կարծում եմ, որ այդ պահի համար դա իմ առավելագույն սահմանն էր: Ու լավ եմ զգում այնքանով, որ մասնակցելով աշխարհի առաջնությանը` նվաճեցի բրոնզե մեդալ ու միաժամանակ նաև` Օլիմպիական խաղերի ուղեգիր:

-Հայկական սպորտային մարմնամարզության վերածնունդը՝ 32 տարվա դադարից հետո, 1-ին մեդալն աշխարհի առաջնությունից ու Եվրոպայի չեմպիոնությունը, տեղի ունեցան հենց օլիմպիական տարում: Նախանշան տեսնո՞ւմ եք ու առհասարակ` նախանշանների հավատո՞ւմ եք:

-Ոչ, նախանշանների չեմ հավատում ու նույնիսկ երբեք թալիսման հետս չեմ վերցնում:
Կարծում եմ պարզապես մարզական բախտ է պետք ունենալ:
Առհասարակ, լավագույն արդյունքի հասնելու համար պետք է պատրաստ լինել թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես:

-Փորձառություն, թե՞ երիտասարդություն, հմտություն թե՞ համառություն, պատանեկան ամբիցիաներ թե՞ հասուն նպատակներ... Ո՞րն է գերակշռողը, ո՞րն է հաղթողը կամ ինչերի՞ համադրությամբ են կերտվում հաղթանակները Ձեր պարագայում:

-Իմ հաղթանակները երկար տարիների չարչարանքի արդյունք է: Եվ ոչ միայն իմ` իմ ու մարզիչներիս: Հիմա էլ այն պահն է, երբ տեսնում, քաղում ենք մեր ցանկալի պտուղները: Տարեցտարի բարելավում ենք ցուցանիշները, ինչն էլ, կարծում եմ, հենց փորձառության արդյունքն է:

-Ռիոյի խաղերին մնացել են հաշված օրեր: Ինչպե՞ս եք պատրաստվում, արդյո՞ք վարժությունը բարդացնելու եք, թե՞ պարզապես մտադիր եք առավել հղկել եղածը:

-Վարժությունն ինքնին բարդ է. մինչև 7.2 բարդություն ունեմ, ու դա հաստատ մշակելու-հղկելու եմ: Ինչ կանեմ մրցաբեմում` կախված է արդեն մրցակիցներից: Կտեսնենք՝ եզրափակչում ով ինչպես է ներկայանալու և անհրաժեշտության դեպքում արդեն մարզիչների հետ կմտածենք:
Օրինակ, առաջին օրը աշխարհի առաջնության վարժությունն եմ կատարելու. այդ օրվա համար կարիք չկա բարդեցված վարժություն անելու: Նպատակը պարզապես մաքուր գործելն ու եզրափակիչ անցնելն է: Իսկ արդեն 2-րդ օրը մարզիչները կորոշեն` ինչպես ու ոնց...
Բայց բարդ վարժություն, միանշանակ, լինելու է:

-Քանիցս եք նշել, որ նժույգթափերում պետք է երկաթյա նյարդեր ունենալ, իսկ էլ ի՞նչ են պահանջում նժույգթափերը: Ու ինչպե՞ս կայացավ Հարություն Մերդինյանի` ա՛յս «նժույգի սանձահարումը»...

-Փոքր տարիքից այդ գործիքին ավելի լավ էի տիրապետում, իսկ տարիների աշխատանքն էլ ինձ հմտացրեց ու կատարելագործեց:
Առհասարակ մինչև 2011 թ-ը հանդես եմ եկել բազմամարտում: Բայց ողնաշարի վնասվածքի պատճառով անցա հենց նժույգթափերին ու մինչև օրս էլ շարունակում եմ:
Նժույգթափերն, այո, իսկապես երկաթյա նյարդեր են պահանջում, ինչն, իմ կարծիքով, ներառում է սպորտի համար անհրաժեշտ ամեն ինչ` կամք, համբերություն, ուժ, տոկունություն, ընկնելուց հետո արագ ոտքի ելնելու ու առաջ շարժվելու ունակություն... Ամե՛ն ինչ...

-Հաջողություն Ռիոյում...

-Շնորհակալություն:

 

 

 

Լրագրող` Գայանե Նազարյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...