05:28
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարին ամփոփում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը

2013-01-11 11:12

«Հայաստան» hամահայկական hիմնադրամը 20 տարեկան է: Արդեն 20 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամ կոչվող այս հզոր մեխանիզմը հավաքագրում է աշխարհասփյուռ հայության նվիրատվությունները և ուղղում դրանք Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շենացման ու զարգացման ծրագրերին:

Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ:

Միշտ պետք է հիշել, որ մեկ հոգու համար տասը դրամը էական գումար չէ, բայց հազարավորներիս միասնաբար հավաքագրած տասը դրամները կարող են վերածվել զգալի գումարների և լրջագույն խնդիրներ լուծել թեˊ Հայաստանում, թեˊ Արցախում:

-Պարոˊն Վարդանյան, շնորհավորում եմ Ձեզ հիմնադրամի գործունեության 20-ամյակի կապակցությամբ: Այս 20 տարիներից 6-ի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը Դուք եք: Հիմնադրամի դերը անգնահատելի է, կատարված աշխատանքները հսկայական են, ուստի կխնդրեմ ուղղակի Ձեր խոսքը այս առթիվ:

- Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Արդեն 20 տարի է, ինչ հիմնադրամը գործում է և իր գոյությամբ փորձում օգտակար լինել և օժանդակել ՀՀ-ում և Արցախում իրականացվող բազում-բազմաթիվ ծրագրերի: Արդեն 3 տարի է, ինչ զբաղեցնում եմ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Սակայն հիմնադրամը ես չեմ, դա մեր ողջ թիմն է և այն բոլոր մարդիկ, ովքեր այս 20 տարիների ընթացքում որևէ կերպ օժանդակել են հիմնադրամին: Ուստի ես շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ ազգովի կարողացել ենք համախմբվել այսպիսի նախաձեռնության շուրջ և առաջ ենք գնում արդեն 20 տարի:

-Պարոˊն Վարդանյան, կխնդրեմ անդրադառնալ 2012-ի ընթացքում հիմնադրամի կատարած գործունեությանը:

-Հայաստան համահայկական հիմնադրամը տարվա ընթացքում ավարտին է հասցրել արդեն նախորդ տարում մեկնարկած մի շարք ծրագրեր, որոշները դեռևս շարունակվում են: Ուղղակի թվարկեմ այդ ծրագրերը:

Ջրամատակարարման ոլորտում`

Հադրութ քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, որը ավարտին կհասցվի մյուս տարի,

ավարտին է հասցվել Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման ջրացանցի կառուցումը,

ավարտին է հասցվել Կարմիր շուկա գյուղի խմելու ջրացանցի կառուցումը,

ավարտին է հասցվել Շուշի քաղաքի առաջին և երկրորդ գոտիների ջրամատակարարման ծրագիրը,

ավարտին է հասցվել Քարին տակ գյուղի ջրամատակարարումը,

Մարտունի քաղաքի խմելու ջրի ծրագիրը, որն արդեն երրորդ փուլում է և կավարտվի հաջորդ տարի,

ավարտին են հասցվել Տող, Սարգսաշեն, Հարթաշեն, Չափար, Ուխտաձոր գյուղերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցումը,

ավարտին են հասցվել Ստեփանակերտ քաղաքի 10-րդ և 11-րդ գոտիների ջրամատակարարման ծրագրերը,

Ակնաղբյուր, Քարվաճառ, Վռանկաթաղ, Հարավ, Գետավան և Մադաթաշեն գյուղերի և համայնքների ջրամատակարարման աշխատանքները ավարտին կհասցվեն հաջորդ տարի,

ավարտին է հասցվել ջրամատակարարման համակարգի ապահովումը Վանաձորի մանկապարտեզում:

Կրթության ոլորտում`

Աշոցքում դեռևս շարունակվում է նոր դպրոցի կառուցումը, ծրագիրը նախատեսված է ավարտել մյուս տարի,

ավարտին են հասցվել Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի վերանորոգման աշխատանքները:

Շուշիում կառուցվում է Եզնիկ Մոզյանի անվան պրոֆտեխ ուսումնարանը, որը ֆինանսավորվում է ԿՏԱԿ-ի կողմից և նախատեսված է ավարտել մյուս տարի,

իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ Մելիք գյուղում,

 ՀՀ Տավուշի մարզի  Դիտավան գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները ավարտված են,

 ԼՂՀ  Խ. Աբովյանի անվան դպրոցի վերանորոգումն ավարտված է:

Առողջապահության ոլորտում`

 ՀՀ Աբովյան քաղաքի ծննդատան վերանորոգում (երկրորդ փուլ),

Հանրապետական հիվանդանոցի կառուցում Մարտունի քաղաքում:

 

-Գործունեության 21-րդ տարվա ծրագրերն արդեն նախանշված են: Կխնդրեի անդրադառնալ վերջին հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրած գումարին և ծրագրերին, որոնց վրա ծախսվելու են այդ գումարները:

- Հեռուստամարաթոն 2012-ի արդյունքում հավաքագրվեց 21.422.477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հանգանակությունները, ներառյալ տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների, բարեգործական համերգների և այլ դրամահավաք միջոցառումների նվիրատվությունները, կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: Արդեն փետրվարին կհայտարարվեն գյուղերը, որոնցում կկառուցվեն համայնքային կենտրոնները: Որոշումն ընդունվում է ԼՂՀ կառավարության հետ համատեղ, քանի որ ԼՂՀ կառավարությունից լավ ոչ ոք չի տիրապետում ներհամայնքային խնդիրներին, համայնքների հավաքագրած նախնական գումարներին, որոնց պետք է ավելանան հիմնադրամի տրամադրած միջոցները: Ընդգծեմ, որ մեր բոլոր ծրագրերում կարմիր գծի պես գնում է առաջնահերթությունը սահմանամերձ գյուղերին տալու գաղափարը: Բացի այս երկու ծրագրերից` հիմնադրամի տարբեր երկրների տեղական մարմինների հետ համատեղ կան մի շարք առանձին ծրագրեր տարբեր բնագավառներում` դպրոցաշինություն, ջրամատակարարում, գազաֆիկացում, ճանապարհաշինություն և այլն, և այլն:

-Այս տարվա ընթացքում տարերայնորեն առաջ եկավ սիրիահայության խնդիրը, մի իրավիճակ, երբ ոչ թե Սփյուռքը, այլ Հայաստանը պետք է օգնի ու սատարի սփյուռքահայ մեր հայրենակիցներին: Հիմնադրամն  ինչպիսի՞ միջոցներ ձեռնարկեց այս ուղղությամբ:

-Հիմնադրամը երբեք չի ունենում ազատ միջոցներ տարերայնորեն տնօրինելու համար: Սովորաբար մենք ստանում ենք գումարներ, որոնք նախանշված են որոշակի ծրագրերի համար: Ինչ վերաբերում է սիրիահայության խնդրին, ապա պետք է նշեմ, որ հենց սկզբից հիմնադրամի բոլոր տեղական մարմինները իրենց հնարավորությունների չափով կմասնակցեն սիրիահայության խնդիրների լուծմանը: ինչպես նաև որոշվեց, որ դրամահավաքին նվիրատրված գումարների շուրջ 10 տոկոսը ևս կուղղվի սիրիահայության խնդիրների լուծմանը: Ֆրանսիահայ համայնքը պատրաստակամություն էր հայտնել օգնելու սիրիահայությանը, սակայն նա շեշտել է մի հանգամանք, այն, որ տրամադրվող գումարները պետք է ծախսվեն Սիրիայում իրավիճակի կայունացումից հետո միայն, սակայն, վերակառուցողական աշխատանքների վրա: Սակայն, ինչպես տեսնում ենք, դեպքերը զարգանում են անկանխատեսելի ուղղություններով, ուստի, գուցե և վերանայվի այս ցանկությունը: Բրազիլահայ համայնքը կոնկրետ պահանջներ չունի, հավաքագրված գումարը կուղարկվի Հայաստան և կտնօրինվի` ըստ սիրիահայության խնդիրների առաջնահերթության: Հիմնադրամը նաև Սիրիա-Երևան երկու չվերթ է ֆինանսավորել, մեկի ֆինանսավորումն իրականացվել է Արա Աբրահամյանի կողմից, մյուսինը` Հրայր Հովնանյանի կողմից, որոնց շնորհիվ սիրիահայերը տեղափոխվեցին հայրենիք: Բացի դրանից հիմնադրամը նաև հոգացել է սիրիահայ մի տիկնոջ սրտի վիրահատության ծախսերը: Ասեմ, որ դիմումները շատ չեն, մենք դիմումներ, ցավոք սրտի, դեռևս չենք ստանում, բայց վստահ եմ ստանալու դեպքում, հնարավորության սահմաններում կսատարենք Սիրիայից եկած մեր հայրենակիցներին:

-Եթե համեմատական անցկացնենք 2011 և 2012 թվականների միջև ինչպիսի՞ տեղաշարժ է գրանցվել:

-Նախորդ տարվա համեմատ ֆինանսական մուտքերի տեսանկյունից հիմնադրամն այս տարի գրեթե նույն մակարդակի վրա է, գուցե մի փոքր  էլ ցածր: Սա կապ չունի հիմնադրամի լավ կամ վատ գործելու, կամ դրամահավաքին մասնակցողների թվի հետ, քանի որ յուրաքանչյուր տարի նվիրատվությունների գումարներն են փոփոխվում: Եթե հիշում եք, նախորդ տարվա ամենախոշոր նվիրատվությունը Էռնեստո Էռնեկյանի նվիրատվությունն էր` 12.միլիոն դոլար, իսկ այս տարվա ամենախոշոր նվիրատվությունը կազմել է 4 միլիոն դոլար, այսինքն ակնհայտ է, որ գումարի չափն այս տարի կփոքրանա: Սակայն ես` որպես հիմնադրամի գործադիր տնօրեն կցանկանայի տեսնել ոչ թե խոշոր նվիրատուների տված գումարների մեծացում, այլև հասարակ նվիրատուների թվի ավելացում: Պարտադիր չէ մեծ գումարներ փոխանցել հիմնադրամին, սակայն շատ ավելի ցանկալի և կարևոր է պարզապես բարի գտնվել, օգնության ձեռք մեկնելու ցանկություն դրսևորել և թեկուզ աննշան գումարով, բայց կանգնել հիմնադրամի կողքին: Մարդիկ պետք է սպասեն ոչ միայն գումարի չափին, այլև թե որքան մարդ մասնակցեց այդ մարաթոնին: Տարեցտարի, և այս տարի հատկապես, աճում է վստահությունը հիմնադրամի գործունեության նկատմամբ, հիմնադրամն աշխատում է բաց և հանրությանը հասանելի կերպով: Անցել են այն ժամանակները, երբ մեր ազգային բնավորության համաձայն շատերը մտածում էին` արդյոք ինչպես ծախսվեցին հավաքագրված գումարները: Ակնհայտ է, որ հիմնադրամն աշխատում է հնարավորությունների առավելագույն չափով, բոլոր ծրագրերը կատարվում և ավարտին են հասցվում նախատեսված ժամանակացույցի սահմաններում, խոշոր նվիրատուները ևս գոհ են հիմնադրամի գործունեությունից, դե իսկ ծրագրերն էլ այնքան կարևոր և ռազմավարական նշանակության են, որ չտեսնել ու չգնահատել պարզապես չի կարելի: Այսօր արդեն հասարակության ստվար մասը գիտակցել է, որ հիմնադրամը մեր երկրի համար էական նշանակություն ունեցող կառույց է, որ այն ոմանց բնորոշմամբ ՙմուրացկանություն՚ չէ, այն պարզապես համակարգում և ուղղորդում է աշխարհասփյուռ հայության նվիրատվությունները ՀՀ և Լեռնային Ղարաբաղի խնդիրների լուծման և զարգացման ծրագրերի իրականացման նպատակներին: Ցավոք սրտի հայ ազգը չի համախմբվում մեզ համար կարևոր այդ օրը. Եթե աշխարհում կա շուրջ 10 միլիոն հայ, ապա իմ նպատակն է, որ առաջիկա տարիներին հեռուստամարաթոններից մեկի ավարտը մենք ամփոփենք, որ անկախ հավաքագրված գումարի չափից մարաթոնին մասնակցել է 10 միլիոն հայ (Ժպտում է):

 

- Կխնդրեի անդրադառնալ հայ-հնդկական համագործակցությանը հիմնադրամի շրջանակներում:

-«Հայաստան» համահայկական հիմնադրամը արդեն շուրջ 3 տարի է համագործակցում է Հնդկաստանի կառավարության հետ, կապը իրականացվում է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության միջոցով: Առաջին մեր համագործակցությունը երեք տարի առաջ էր. ամբողջությամբ վերանորոգեցինք Արծնի գյուղի դպրոցը, ապա բավական երկարատև բանակցությունների արդյունքում Հնդկաստանի կառավարությունը ֆինանսավորեց մի շատ կարևոր ծրագիր, որի արդյունքում Տավուշի մարզի բոլոր դպրոցներում` թվով 72 դպրոց, սստեղծվեցին համակարգչային դասարաններ: Ի դեպ նշեմ, որ համակարգչային տեխնիկան տրամադրվեց Հնդկաստանի կառավարության կողմից, իսկ կահույքը` ՙԳրանդ հոլդինգի՚ նախագահ Հրանտ Վարդանյանի կողմից: Հուսամ` այս ծրագիրը շարունակական կլինի, և մենք մոտ ապագայում համակարգչային դասարաններով կհամալրենք այլ մարզերի դպրոցներ ևս: Ուրախ եմ, որ Հնդկաստանի կառավարությունը վստահում է մեզ և նման լուրջ ծրագրեր է իրականացնում հիմնադրամի միջոցով:

-Եվ վերջում, Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Յուրաքանչյուր մարդ, ցավոք սրտի, ապրում է ինքն իր խնդիրներով, հատկապես մեր երկրում, որտեղ խնդիրներն ու ցավոտ կողմերը բազում են: Ընկղմվելով իրենց առօրեական հոգսերի մեջ` մարդիկ չեն նկատում կողքիններին, ովքեր գուցե շատ ավելի բարդ իրավիճակում են ապրում: Ես ուզում եմ, որ մենք ընդունակ լինենք բարիք գործելու, և ամենևին պարտադիր չէ գումար փոխանցել համահայկական հիմնադրամին, օգնեˊք ձեր հարևանին, իսկ բարեգործը չի կարող լինել վատ մարդ: Գալիք տարում մաղթում եմ սեր, խաղաղություն և համերաշխություն:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...