14:53
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պահպանելով նախկին ձեռքբերումները, փորձում են նվաճել նոր բնագծեր

2016-07-09 10:39

«ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ՆԱԽԿԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ, ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՆՎԱՃԵԼ ՆՈՐ ԲՆԱԳԾԵՐ»,-  ասում է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

«Դե Ֆակտո» N121 (2016թ.)

-Պարո՛ն Սարգսյան, ի՞նչը Ձեզ բերեց անշարժ գույքի կադաստր: Ազգային ժողովի պատգամավոր էիք, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, երևի բիզնեսից-բանից էլ կունենաք, բավական չէ՞ր:


-Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ: Ինչպես յուրաքանչյուր կուսակցությունում, այստեղ նույնպես կուսակցությունն է որոշում կուսակցականի որտեղ և ինչ կարգավիճակում լինելը: Ինձ այս գործն առաջարկվեց և ես համաձայնեցի: Այո, արդեն շուրջ 15 տարի ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահն եմ հասարակական կարգով: Ինչ վերաբերում է բիզնեսին, դա իմ նախասիրությունը չէ և այդտեղ ես չկամ:

-Դժվար չէ՞ր աշխատանքային ոլորտի կտրուկ փոփոխությունը: Հեշտությա՞մբ ինտեգրվեցիք նոր բնագավառին:

-Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը: Կրթությամբ ես նաև տնտեսագետ եմ, երկրի համար դժվարին օրերին /1993-1998 թվականներ/ ղեկավարել եմ մեր նորաստեղծ բանակին կոշիկներով ապահովող մոդելային կոշիկների ֆաբրիկան, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի անդամ էի, 12 տարի ղեկավարել եմ Շենգավիթ համայնքը, և, վերջապես, 2002 թվականից, ինչպես ասվեց, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահն եմ: Այս բոլոր աշխատանքները, ավելորդ է ասել, սերտորեն առնչվում են երկրի տնտեսությանն ու, բնականաբար, նաև անշարժ գույքին: Կարծում եմ, այս ամենը հաշվի առնելով է երկրի բարձրագույն ղեկավարությունն ինձ վստահել այս պատասխանատու պաշտոնը: Ոչինչ հենց այնպես չի լինում...

-Արդեն երկու տարի է, ինչ այս պաշտոնում եք: Նորություններ, բարեփոխումներ կա՞ն անշարժ գույքի կադաստրի աշխատանքներում:

-Անշուշտ կան: Բայց, անկեղծորեն խոստովանեմ, որ մինչև իմ այստեղ գալն էլ կադաստրը մեր երկրի կայացած կառույցներից էր և ինձ մնում էր շարունակել ձեռքբերումներն ու նորովի, նոր ժամանակների պահանջներին համահունչ կազմակերպել արդեն իսկ բնականոն հունի մեջ մտած աշխատանքները:

-Շա՞տ են կադրային փոփոխությունները համակարգում: Ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր ստացած ժառանգությունը:

-Ասացի, որ կադաստրը մինչև իմ այստեղ գալն էլ արդեն իսկ կայացած կառույց էր: Այդպիսին այն դարձել է, հասկանալի է, ոչ միայն ճիշտ ընտրված ղեկավարների, այլև բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված նվիրյալ աշխատողների շնորհիվ: Ես էլ, երկար տարիներ ղեկավար աշխատանքներ կատարելով արտադրությունում, պետական, համայնքային կառույցներում, սովորել եմ մարդկանց գնահատել ոչ թե նրանց` ում բարեկամը կամ ծանոթը լինելով, այլ աշխատասիրությամբ, կարգապահությամբ, անհրաժեշտ գիտելիքների պաշարով, մարդկանց հետ հաղորդակցվելու, նրանց խնդիրներին ժամանակին ու պատշաճ մակարդակով լուծում տալու պատրաստակամությամբ: Այդ հատկանիշներին տիրապետող բարձր, միջին ու ցածր պաշտոններ զբաղեցնող գործիմաց, քաղաքացու նկատմամբ ուշադիր ու նրա խնդիրներին ականջալուր հարյուրավոր մարդիկ մնացել են իրենց տեղերում և հաջողությամբ շարունակում են աշխատել, ինչու չէ, նաև առավել բարձր ու պատասխանատու պաշտոնների նշանակվել: Անշուշտ, կային առանձին մարդիկ էլ, որոնց հասու չէին մեր պահանջները կամ աշխատավարձի չափը չէր բավարարում, և նրանք գնացին իրենց առավել հոգեհարազատ և, երևի, բարձր վարձատրվող աշխատանքի: Աստված իրենց հետ: Ինչ վերաբերում է ժառանգությանը, ուրախությամբ պիտի ասեմ, որ բախտս այդ իմաստով բերել է: Կադաստրը գոյության կարճ ժամանակամիջոցում դարձել է միջազգային չափորոշիչներին համապատասխանող կառույց: Ինձ մնում է այստեղ ոչ թե հեծանիվ հնարել, այլ՝ զարգացնել, կատարելագործել ու նոր կողմերով լրացնել նախորդներիս սկսած դժվարին ու պատասխանատու գործը: Իմ սկզբունքը միով բանիվ մեկն է՝ պահպանելով նախկին ձեռքբերումները, նվաճել նոր բնագծեր, թեթևացնել մեր բնակիչների կյանքը:

-Այդուհանդերձ, Ձեր գործունեության այս երկամյա ժամանակամիջոցի ո՞ր աշխատանքները կառանձնացնեիք:

-Որպես նախաբան ասեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 և 2015 թվականների գործունեության միջոցառումների ծրագրերի և գերակա խնդիրների մասով աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են:
Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2015 թվականին մուտքագրվել է շուրջ 3,5 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 12%-ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է 822 միլիոն դրամ, որը նվազել է շուրջ 7%-ով:

-Նվազումներն ինչո՞վ են պայմանավորված:

-Պատճառներն ավելի, քան օբյեկտիվ են: Առաջին հերթին՝ Ռուսաստանում և Եվրոպայի հայաշատ երկրներում տնտեսական ճգնաժամն է: Գաղտնիք չէ, որ մեր երկրում բնակարան գնում են հիմնականում դրսում դրամ վաստակողները, Հայաստանում դրսից տրանսֆերտներ ստացողները: Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադարձել թե՛ մեկի և թե՛ մյուսի վրա: Ներողություն խնդրելով օտար եզրաբանություն օգտագործելու համար, գերակա ծրագրերի մասով կուզեի առանձնացնել հետևյալները.
Ստեղծվել է Գյումրու բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքը (արդեն իսկ 3133 հա կատարվել է, աշխատանքները շարունակվում են): Նշված ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել նաև Երևան քաղաքում:
ՎԻ-ՋԻ-ԷՍ-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները հասցրել ենք ամբողջական ավարտի, որի արդյունքում՝ բաց հրատարակման էլեկտրոնային քարտեզները տրամադրվել են բոլոր նախարարություններին ու մարզպետարանների միջոցով՝ համայնքներին:
2014թ. որպես պիլոտային ծրագիր կոմիտեի աշխատակազմի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երևան քաղաքում ստեղծվեց առանձնացված կառույց՝ «Մարզերի միավորված» ստորաբաժանումը: Ամբողջ համակարգի 2մլն 262 հազար անշարժ գույքերի կադաստրային (արխիվային) գործերից 650.000 միավորը տեղափոխվեց «Մարզերի միավորված» ստորաբաժանում: Արդյունքում ունեցանք 50 մլն դրամի խնայողություն:
Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2015 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 179.870 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է 16%-ով, իսկ աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ 311.029 տեղեկատվություն (2014 թվականին այն կազմել է 286.303, աճել է 8.6%-ով), որից` պետական կառավարման մարմիններին անվճար` 11.838 (2014թ.` 11.279, աճել է 5%-ով), սոցիալական ծառայության տարածքային մարմիններին` 286.388 ( 2014թ.` 257.783, աճել է 11 %), ինչպես նաև ընթացք է տրվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ 243.453 ( 2014թ.` 187.345, աճել է 30%-ով) որոշումների կատարմանը: Քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 12.803 տեղեկատվություն (2014թ.` 17.241, նվազել է 25.7%-ով):
2014 թվականին Երևանի «Կենտրոն», «Էրեբունի» և «Նոր Նորք» գրասենյակների միավորմամբ մայրաքաղաքի կենտրոնում ստեղծվեց «Կենտրոն» ընդլայնված սպասարկման գրասենյակը: Սենսորային էկրանի տեղադրման միջոցով քաղաքացիներին հնարավորություն տրվեց գնահատել աշխատակիցների սպասարկման որակը:
Կանոնակարգվել է միասնական տեղեկատվության, իրավունքի պետական գրանցման վկայականների տրամադրման գործընթացը: Մինչև ժ 12:00-ն տրամադրվում է անձի գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվությունը, իսկ մինչև ժ.15:00 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը: Այս բարեփոխման արդյունքում ապահովվեց 76 մլն դրամ խնայողություն:
Նորություն է, որ որպես այլընտրանք, 2015 թվականի հունվարի սկզբից հնարավորություն տրվեց նոտարներին կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, գործարքից հետո իրավունքների պետական գրանցման համար դիմում մուտքագրել կադաստրի համակարգ` ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը: Ավելորդ է ասել, որ դա բերում է ժամանակի և ֆինանսների մեծ խնայողության և տվյալների ճշգրտության:
2015 թվականի ընթացքում ՀՀ նոտարների կողմից ընդունվել և էլեկտրոնային համակարգ է ներկայացվել 10.744 դիմում: 2015 թվականի վերջում նման իրավասություններ վերապահվեց նաև ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությանը` որպես պիլոտային ծրագիր, որի հաջող իրականացման արդյունքում նշված փորձը կտարածվի նաև այլ երկրների հայաշատ վայրերում:
2015 թվականին իմ և կոմիտեի պատասխանատու այլ աշխատողների, համապատասխան մասնագետների կողմից շարունակվել են մարզային այցերը, դրանք իրականացվում են մարզպետների, մարզպետարանի աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Այցերը հնարավորություն են տալիս աշխատանքային կարգով վեր հանել տարիների ընթացքում համայնքներում կուտակված խնդիրները, համաձայնեցնել դրանց լուծման պայմանները: Համայնքների ղեկավարների հետ քննարկվում են կադաստրի բնագավառի օրենսդրության, կատարվող բարեփոխումների և համայնքներում առկա հողային հիմնախնդիրների կարգավորման` քարտեզագրության, չափագրման, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների ճանաչման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներին առնչվող հարցեր:

-Մի քանի խոսք, խնդրեմ, միջազգային կապերի մասին:

-Շարունակվել է արդեն իսկ ձևավորված համագործակցությունը կադաստրի ոլորտում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի անդամ կազմակերպությունների հետ:
Խորհրդի հերթական նստաշրջանը 2015 թվականին բարձր մակարդակով անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում և դրական արձագանք ունեցավ ԱՊՀ ներկայացուցիչների շրջանում:
2015 թվականին հայ-նորվեգական համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվեց ՀՀ տարածքի զգալի մասի (մոտ 82%) օդային լուսանկարման, այնուհետ լազերային սկանավորման աշխատանքները, որի մշակման արդյունքում ստացվել են օրթոլուսանկարներ:

-Ի՞նչ վիճակում է մեդիա ոլորտը:

-Ապահովվել է «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի պարբերական հրատարակումը, կոմիտեի կայքէջի մշտական թարմացումը: Երկու խոսք կայքի մասին: Մենք նպատակահարմար գտանք այն անշարժ գույքի կադաստրի առօրյան ներկայացնելուց բացի դարձնել նաև տեղեկատվական միջոց՝ տեղադրելով բնագավառին առնչվող բոլոր օրենքներն ու նորմատիվ փաստաթղթերը: Փաստորեն, կայքից մեր քաղաքացին կարող է ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ առանց այցելելու սպասարկման գրասենյակ: Մեզ հղվող դիմում- բողոքների թվի նվազումը նաև սրանով է բացատրվում:
Հարկ է նշել նաև, որ համագործակցության հուշագրի շրջանակներում կադաստրի համակարգի կողմից մշտական մեթոդական և այլ օգնություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կադաստրի համակարգին: Համապատասխան տեխնիկական միջոցներ ենք տեղադրել Ղարաբաղի կադաստրի համակարգում, ապահովվել է մասնագետների ուսուցումը` իրավունքների էլեկտրոնային գրանցումն ապահովելու համար:

-Կադրերի պատրաստման, վերապատրաստման ու թարմացման ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են:

-Անշուշտ: Համակարգի գործառույթների առանձնահատկություններից ելնելով, նպատակահարմար համարվեց սեփական կադրային ռեզերվ ապահովելու և աշխատակիցների վերապատրաստում իրականացնելու համար կազմակերպել նաև ուսումնական կենտրոն: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ, որը կադրեր է պատրաստում ինչպես մեր, այնպես էլ Արցախի կադաստրի համար:
Բացի այդ, ՀՀ չորս բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կնքվել են համագործակցության հուշագրեր, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռում մասնակցել կադաստրի համակարգում գործնական պարապմունքներին: ՊՈԱԿ-ը գործունեությունը սկսելով 2015 թվականի մայիս ամսից, արդեն ապահովել է վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը համակարգի (այդ թվում նաև ԼՂՀ կադաստրի) աշխատակիցների (անշարժ գույքի ռեգիստրներ, արխիվի աշխատակիցներ, խորհրդատուներ, իրավաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ և սպասարկման գրասենյակների պետեր), համակարգում չաշխատող ունկնդիրների:

-Պարո՛ն Սարգսյան, կար ժամանակ, երբ կադաստրի մարմինները բնակիչների կողմից ներկայացվող դժգոհությունների առաջին հորիզոնականներում էին... Հիմա է՞լ է այդպես:

-Չէի ասի: Գաղտնիք չէ, որ կադաստրի սպասարկման գրասենյակները պետական այն կառույցներից են, որոնց հետ տարբեր ժամանակներում շփվում է գրեթե յուրաքանչյուր ընտանիք, քաղաքացի: Մարդիկ կան, որ տասնյակ տարիներ ապրել են իրենց պապերից, հայրերից ժառանգած տներում ու մտքներով անգամ չի անցել, որ այդ տները կառուցվել են քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով: Երբ ինչ-ինչ պատճառներով /սեփականաշնորհում,վաճառք, նվիրատվություն և այլն/ անհրաժեշտ է լինում պետական գրանցում իրականացնել, բախվում են օրենքի պահանջներին: Եթե նախկինում, մինչև պետական կադաստրի մարմինների ստեղծումը որոշ շենք-շինությունների՝ քաղաքաշինության նորմերի խախտումներով շահագործելու նկատմամբ պատկան մարմինները կամ տեղյակ չեն եղել, կամ էլ ինչ-ինչ պատճառներով աչք են փակել, այսօր ի հայտ եկած՝ ժամանակին կատարված անօրինականությունը կամ խախտումը մեր աշխատակիցները պահանջում են ուղղել, համապատասխանեցնել օրենքի պահանջներին: Կան օրինապահ քաղաքացիներ, ովքեր, հասկանալով խնդիրը, կատարում են պահանջն ու ստանում իրենց անհրաժեշտ փաստաթուղթը: Կան նաև օրենքից անտեղյակներ, որոնք պնդում են իրենցը՝ պատճառաբանելով, որ ասենք 60 տարի ամեն ինչ օրինական էր, ինչո՞ւ հիմա դարձավ անօրինական: Ահա այստեղից էլ՝ թյուրըմբռնումներն ու դժգոհությունները մեզանից... Իհարկե, մեր աշխատողները բացատրական աշխատանքներով քաղաքացիներին ցույց են տալիս հարցի լուծման ճիշտ ճանապարհը և, որպես կանոն, նրանք գոհ են մնում: Այդ մասին են խոսում դիմում-բողոքների նվազման միտումները:

-Անցյալ տարի, երբ աշխարհում նշվում էր ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մամուլը գրեց, որ դուք այդ թեմայով բարձրարժեք քարտեզներ եք հրատարակել: Ի՞նչ քարտեզներ էին դրանք:

-Կարևորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շուրջ համայն հայության համախմբումն ու միասնական ջանքերով խնդրի բարձրաձայնումը ողջ աշխարհում, կոմիտեի կառուցվածքում գործող «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը 2015թ. ընթացքում մշակեց և հանրությանը ներկայացրեց թեմատիկ բովանդակությամբ 11 քարտեզ, որոնք, գիտականից բացի, ունեն քաղաքական նշանակություն: Ներկայացվող յուրաքանչյուր քարտեզ ուղեկցվում է տեղադիրքով, բացատրական տեքստերով, թեմատիկ բովանդակությամբ: Հեղինակները, հենվելով անցյալի թե՛ հայազգի, թե՛ օտարազգի պատմաբանների և քարտեզագիրների աշխատությունների վրա, նորովի են ներկայացրել և մեկնաբանել պատմական Հայաստանի անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը: Թուրքական մերժողական քաղաքականությանը մենք քարտեզների խոսուն լեզվով հակադրել ենք պարզագույն ճշմարտություն՝ լավ, բա ի՞նչ եղան այդ տարածքներում բնակվող մարդիկ...
Նշված քարտեզները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ցանկով անվճար տրամադրվել են տարբեր մարմիններին և ուսումնական հաստատություններին, առաքվել սփյուռքահայ գաղթօջախներ:

-Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Սարգսյան:

 

 

 

 

Զրուցեց Ասքանազ Աբրահամյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...