10:45
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Հայբուսակի» ֆենոմենը

2016-05-23 09:05

Յուրաքանչյուր նվիրական գործ պահանջում է գաղափարական հենք, նպատակային աշխատանք և տեսլական: Ակադեմիկոս Լևոն Հարությունյանն իր տարիների վաստակը, գիտելիքները և սերը ներդրեց ,Հայբուսակե ինստիտուտի, այնուհետև համալսարանի կայացման գործում: Նրա կողմից ամեն ինչ մանրամասն մտածված էր` սկսած բուհի անվանումից` ,Հայբուսակե, որը Ղևոնդ Ալիշանի հայտնի գիտական աշխատության անվանումն է` նվիրված հայկական բնաշխարհին: Լևոն Հարությունյանը բարձր էր գնահատում այդ աշխատության գիտական արժեքը և որոշեց իր ստեղծած կրթօջախը կնքել հենց այդ անունով: Եվ նա չսխալվեց, քանի որ ,Հայբուսակե համալսարանն իր հաջողություններով ու ՀՀ կրթության ոլորտում իր ներդրմամբ հավատարիմ մնաց իր անվանը և սկսած գործին:


Սուրեն Հարությունյան, «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր

«Դե Ֆակտո» N119 (2016թ.)


-Պարո՛ն Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ «Հայբուսակի» 25-ամյակի առթիվ: Հետադարձ հայացքով նայելով անցած 25 տարիներին` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կնշեք և ի՞նչ եք կարծում, 25 տարին ինչպիսի՞ տարիք է բուհի համար:


-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ելնելով այն հանգամանքից, որ աշխարհի լավագույն համալսարանները մի քանի հարյուր տարեկան են, 25 տարին շատ կարճ ժամանակահատված է բուհի կայացածության մասին խոսելու համար, սակայն հաշվի առնելով այդ 25 տարիների ընթացքում մեր առջև դրված նպատակների իրականացումը և դեպի մեր տեսլականն արված քայլերը, պետք է նկատենք, որ հսկայական աշխատանք է կատարվել, որի վառ ապացույցը մեր ձեռքբերումներն են: Մեզ հաջողվել է հեռանալ խորհրդային կրթելաձևից, ստեղծել բուհական կրթական այլընտրանքային մոդել, ինտեգրվել ժամանակակից բուհերի առաջադեմ արժեքներին: Իհարկե, դա շարունակական գործընթաց է, և անելիքներ դեռ շատ կան:
Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա մեր առաջին ձեռքբերումը վերը նշված կրթական մոդելի ստեղծումն է, մյուսը` լայն ճանաչումն ու վստահությունը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև նրա սահմաններից դուրս, իսկ այնուհետև` մեր որակյալ կադրերը, որոնք կարողանում են հաջողությամբ իրենց տեղը գտնել ՀՀ-ում և այլ երկրներում: Կարևորում եմ նաև մեր նյութական ձեռքբերումները` երկու ուսումնական մասնաշենք՝ ապահովված բոլոր պայմաններով, պոլիկլինիկա, ժամանակակից մարզասրահ և այլն:

-Դուք Ձեր հայրիկի հետ միասին նախաձեռնեցինք «Հայբուսակի» ստեղծումը Հայաստանի համար բավականին բարդ և խառը ժամանակահատվածում. ինչո՞ւ և ինչպե՞ս ստեղծվեց «Հայբուսակը»:


-Ես դեռ երիտասարդ տարիներից ընդդիմացել եմ խորհրդային գաղափարախոսությանը, կրթական համակարգին, մարդու գաղափարական ազատությանը դեմ իրականացվող քաղաքականությանը, պարտադրվող ,ճշմարտություններինե: Իմ մեջ մշտապես պայքար է ընթացել հանուն ազատ ընտրության հնարավորության ստեղծման ամեն բնագավառում, այդ թվում` գործարարության: Եվ Հայաստանի անկախացման ժամանակահատվածում, երբ նոր էին ձևավորվում ազատ տնտեսական հարաբերությունները, մասնավոր ընկերությունները, ես առաջիններից մեկն էի, ով ստեղծեց մասնավոր ընկերություն: Եվ երբ հայրիկս առաջարկեց ստեղծել մասնավոր բուհ, որը կառանձնանա իր կրթական գաղափարախոսությամբ` զերծ խորհրդային պատկերացումներից և ավանդույթներից, ես ողջունեցի այդ գաղափարը և նրա հետ միասին աշխատեցի այն իրականություն դարձնել: Մեր նպատակն էր առաջարկել այլընտրանքային կրթություն և հնարավորություն տալ հայ երիտասարդներին ազատ ընտրություն կատարել: Սկզբում մեզ քչերն էին հավատում, բայց մենք վստահ էինք, որ այլընտրանքային կրթության պահը եկել է։ Ժամանակը ցույց տվեց, որ չենք սխալվել, մեր ուսանողության թիվը և աշխարհագրությունը տարեցտարի մեծանում է: Ժամանակի ընթացքում մենք համոզվեցինք մեր որդեգրած գաղափարների ճշմարտացիության մեջ: Եվ որքան ավելանում է մեր ուսանողության թիվը, այնքան ավելի մեծ ներդրումներ ենք կատարում բուհի շենքային պայմանների բարելավման, անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման, դասախոսական կազմի վերապատրաստման ուղղությամբ:

-Ինչպիսի՞ պայմաններ են ստեղծված այսօր Հայբուսակում ուսանողի համար:


-Պետք է նշեմ, որ կրթական ծրագրերի արդյունավետությունը կարևոր հիմք է հանդիսանում կրթության որակի ապահովման համար, սակայն շատ կարևոր են նաև այն պայմանները, որոնցում դրանք իրականացվում են: Մեր բոլոր լսարանները վերանորոգված են, հագեցած անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Արդեն 20 տարի է` գործում է մեր բազային պոլիկլինիկան՝ ստոմատոլոգիական, կոսմետոլոգիական բաժանմունքներով, ինչպես նաև ատամնատեխնիկական լաբորատորիայով: Պոլիկլինիկայում մեր ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ձեռք բերում, իսկ լավագույնները` համալրում մասնագիտական կազմը: Մենք հպարտանում ենք նաև մեր այն դասախոսներով, ովքեր մեր շրջանավարտներն են:
Հայբուսակը գեղեցիկ, համերաշխ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրն իրեն գնահատված է զգում: Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր ուսանողներին, լսում նրանց կարծիքներն ու պահանջները, քանի որ կարևորում ենք նրանց անձի կայացումը, ինքնուրույն մտածելակերպի ձեռքբերումը: Մենք ցանկանում ենք, որ մեր ուսանողները ՀՀ արժանի անկախ քաղաքացիներ լինեն, իմանան իրենց իրավունքները և կատարեն պարտականությունները:

-«Հայբուսակում» սովորում են մեծ թվով օտարերկրացիներ, որքա՞ն է նրանց թիվը և ի՞նչ մասնագիտություններ են նրանք հիմնականում նախընտրում:


-Մեր ուսանողության զգալի հատվածը աշխարհի տարբեր երկրներից են, ինչի համար մենք շատ ուրախ ենք, որը համարում ենք մեր հաջողություններից մեկը: Նրանք իրենց հետ բերում են իրենց մշակույթը, արժեքները, փորձում են ինտեգրվել մեր հասարակության մեջ, սովորել հայոց լեզուն և մշակույթը: Այդ հարցում մենք աջակցում ենք նրանց` կազմակերպելով տարբեր ճանաչողական էքսկուրսիաներ, դասախոսություններ հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ: Նրանց հետ շփումը յուրահատուկ փորձ է նաև մեր ուսանողության համար:
Այսօր մեր բուհում սովորում է մոտավորապես 400 ուսանող, որոնք եկել են Հնդկաստանից, Իսրայելից, Իրանից, Իրաքից, Լիբանանից, Շվեդիայից, Բելգիայից, Իտալիայից, ունենք նաև սփյուռքահայ ուսանողներ` ԱՄՆ-ից, ԱՊՀ երկրներից, ինչպես նաև` սիրիահայեր, ջավախահայեր, արցախցիներ:
Արտասահմանցի ուսանողները հիմնականում ընտրում են բժշկական մասնագիտությունները, այս տարի կունենանք նաև հոգեբանություն ուսումնասիրել ցանկացողների խումբ Հնդկաստանից, հայտերն արդեն ներկայացված են։ Հավանաբար, կունենանք նաև տնտեսագիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ մասնագիտություններով սովորող օտարերկրացի ուսանողների խմբեր:
Պետք է նշեմ նաև, որ նրանց համար դասերը կազմակերպվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:

-Ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված այսօր:


-Այսօր շատ պահանջված է ստոմատոլոգիան, դեղաբանությունը, իր կայուն տեղն ունի բուժական գործը: Գնալով ավելի մեծանում է հետաքրքրությունը մենեջերական` տնտեսագիտություն, ձեռնարկությունների կառավարում, ինչպես նաև դիզայն, կերպարվեստ, հագուստի մոդելավորում մասնագիտությունների նկատմամբ:

-«Հայբուսակի» շրջանավարտները մեծ հաջողության են հասնում ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, ինչո՞վ է դա պայմանավորված:


-Իսկապես այդպես է: Ես կարծում եմ, որ այդ փաստը վկայում է այն մասին, որ մեզ հաջողվել է ուսանողներին տալ այնպիսի կրթություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշերին, ինչին մենք տարիներ շարունակ ձգտում ենք: Արտերկրում կրթությունը շարունակելու կամ աշխատանքի անցնելու հարցում մենք դիպլոմի ճանաչելիության հետ կապված աջակցում ենք մեր ուսանողներին, կազմում փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ` համապատասխան լեզվով, նաև կապվում ենք տվյալ բուհի կամ ընկերության ղեկավարության հետ, տրամադրում անհրաժեշտ ինֆորմացիա: Մեզ համար մեծ հպարտություն է, որ եվրոպական զարգացած երկրներում մեր բուհի ուսանողները կարողանում են աշխատել իրենց մասնագիտությամբ: Օրինակները շատ են։
Ավելացնեմ նաև, որ բուհը ավարտելուց հետո շփումը մեր շրջանավարտների հետ շարունակվում է, նրանք դառնում են մեր լավ ընկերները, երբեմն օգնում մեզ՝ արդեն որպես կայացած մասնագետներ։

-Ինչպես գործունեության այլ ոլորտներում, կրթության ոլորտում նույնպես անհրաժեշտ է կիրառել կառավարման ճիշտ մեխանիզմներ, ժամանակին կատարել անհրաժեշտ քայլեր: Դուք` որպես ֆինանսական մասի ղեկավար, այնուհետև ռեկտոր, նման գաղափարներ իրականացրե՞լ եք:


-Այո՛, այդպիսի գաղափարներ հեղինակել եմ: Հիշում եմ ղարաբաղյան պատերազմի ժամանակահատվածում, երբ ժողովրդի սոցիալական վիճակը ծանր էր, շատ երիտասարդներ հնարավորություն չունեին կրթություն ստանալ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով: Այդ ժամանակ ես առաջարկեցի «Հայբուսակում» բոլոր առաջին կուրսեցիներին 30 տոկոս զեղչ տրամադրել: Այն ժամանակ զեղչի գաղափարը Հայաստանում լայն տարածում չուներ, և իմ այդ առաջարկը մեծ իրարանցում առաջացրեց: Անգամ ընտանիքիս անդամները` հայրս, Անահիտը դեմ էին: Սակայն գաղափարն այնքան կենսունակ էր, որ մինչև օրս էլ գործում է։ Կարող եմ վստահաբար ասել, որ մեր օրինակին են հետևել Հայաստանի բազմաթիվ բուհեր։
Զեղչերի համակարգը մենք կատարելագործել ենք. հստակ սահմանված է, թե ովքեր հնարավորություն ունեն անվճար սովորելու, որ դեպքերում են տրամադրվում զեղչեր: Բարձր առաջադիմություն ունեցող բոլոր ուսանողները օգտվում են զեղչերից, ինչպես նաև առանձին դեպքերում ամբողջովին անվճար սովորելու հնարավորությունից: Մենք տարիներ շարունակ հնարավորություն ենք տվել սոցիալապես անապահով ուսանողներին մասնակի վճարելու վարձը: Չստանալով որևէ աջակցություն պետության կամ այլ կազմակերպության կողմից` մենք կարողացել ենք նույնիսկ կրթաթոշակներ տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

-Ըստ Ձեզ` ի՞նչ է փոխում կրթությունը մարդու կյանքում:


-Առաջին հերթին կրթությունը փոխում է մարդու աշխարհայացքը, օգնում իր տեղը գտնել կյանքում, տալիս է ինքնավստահություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ: Գիտելիքը հարստություն է, հզոր զենք է բարձունքներ նվաճելու համար:
-Դուք մեծացել եք մտավորականի ընտանիքում, ունեցել եք խիստ ծնողներ: Ինչպե՞ս եք դաստիարակել Ձեր երեխաներին:
-Ես ունեմ չորս երեխա` երեք դուստր, մեկ որդի: Նրանց տվել եմ այն դաստիարակությունը, ինչ ես եմ ստացել, փորձել եմ փոխանցել մեր ընտանիքի արժեհամակարգը, ավանդույթները, և կարծում եմ, որ դա հաջողվել է ինձ: Կինս նույնպես նպաստել է, որպեսզի մեր երեխաները մեծանան կիրթ և դաստիարակված մարդիկ: Ինձ խիստ ծնող չէի համարի, թեև որդուս հանդեպ փոքր-ինչ դրսևորվում է նման վերաբերմունք, իսկ աղջիկներս երբևէ թույլ չեն տվել, որպեսզի ես իրենց որևէ հարցում հանդիմանեմ: Երեխաներս իմ հպարտությունն են և ես հարուստ ու երջանիկ հայր եմ նրանցով:

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...