20:08
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Դիմում ռուս ժողովրդին

2016-05-07 10:49

Դիմում ռուս ժողովրդին

Հարգելի ռուս եղբայրներ:


Ձեզ եմ դիմում հույժ կարևոր և կենսական հարցով, որով մտահոգ է աշխարհի` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայկական սփյուռքի ավելի քան 15մլն. հայությունը:


Մենք` հայերս, Նոր Ռուսաստանից ակնկալում ենք ստանալ 96-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունների վերաբերյալ ոչ միայն արդարացի գնահատական, այլև ԽՍՀՄ կոմկուսի ղեկավարության կողմից հայ ժողովրդի հանդեպ իրագործած սխալների ընդունումն ու քննադատությունը:


Գտնում ենք, որ առաջին հերթին հենց Խորհրդային կոմունիստական Ռուսաստանի իրավահաջորդը հանդիսացող Ռուսաստանի ներկայիս կոմունիստները միայն կարող են առկա հարցին տալ արդարացի պատասխան, քանզի Ռուսաստանը դեռևս չի ձերբազատվել իրեն հետապնդող տհաճ այն հետևանքներից, որ, ժամանակին հանիրավի հաճոյանալով Աթաթուրքին, կրում է ցայսօր:
Ինչպես հայտնի է, առաջին աշխարհամարտից հետո, 1920թ. օգոստոսին, ստորագրվել էր Սևրի խաղաղության պայմանագիրը հաղթանակած երկրների և պարտված Օսմանյան Թուրքիայի միջև` այն Թուրքիայի, որն իրագործել էր ցեղասպանություն` Արևմտահայաստանի տարածքում, դաժանաբար կոտորելով ավելի քան 1.5 մլն. հայ: Դաշնակիցների պնդմամբ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը պարտավորվել էր ետ քաշվել իր կողմից բռնակցված ու զբաղեցրած Արևմտյան Հայաստանի պատմական տարածքներից: Սակայն մեկ ամիս անց, թեև հանցավոր, բայց կայսերական օրինական կառավարության կողմից մահվան դատապարտված Մուստաֆա Քեմալի, ոչ մի երկրի կողմից չճանաչված ու դեռևս չօրինականացված, կառավարությունը չհայտարարված պատերազմ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ, փաստորեն անպատիժ կերպով շարունակելով ցեղասպանությունը` արդեն Արևելյան Հայաստանի (նախկին Ռուսահայաստանի) սահմաններում: Քեմալի զորամասերը գրավեցին նաև Կարսի մարզի և Սուրմալու գավառի տարածքները:


Այս ամենը տեղի էր ունենում խորհրդային կառավարության թողտվությամբ: Թուրքերի ներխուժման շարժառիթն ու դրդապատճառը բոլշևիկների հետ ունեցած նպատակն էր, այսինքն` Խորհրդային Ռուսաստանին «սահմանակից» նրա մեղսակից «հեղափոխական» Թուրքիայի ստեղծումը:


Սույն գաղափարը պատկանում էր ազգությունների գործով Ժողովրդական կոմիսար (նախարար), Ռուսաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, մարքսիզմ-լենինիզմի տեսաբան ու քարոզիչ Ջուղաշվիլի-Ստալինին:
Շատ շուտով, 1920թ. նոյեմբերի 20-ին, փաստորեն դեկտեմբերի 2-ին, պատմական Հայաստանի մի աննշան հատվածում (մոտ 10%) բոլշևիկների կողմից հռչակվեց խորհրդային իշխանություն, և ստեղծվեց Խորհրդային Հայաստանի Հանրապետությունը: 
Թվում էր, թե բազմաչարչար, բայց արդեն խորհրդայնացած հայ ժողովուրդը Ռուսաստանից կստանա փափագելի եղբայրական աջակցություն և պաշտպանություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում և վերջապես ազատ շունչ կքաշի:
Բայց, ավաղ, պարզվեց, որ հանուն «սոցիալիստացող» ու «խորհրդայնացող» Թուրքիայի կարելի է, և արժե զոհաբերել եղբայրական արժեքները: Արդեն «եղբայրացած» թուրքերը հրաշալի հնարավորություն ստացան ձեռք բերելու հայկական հողատարածքներ, դրանց դիմաց չզիջելով որևէ այլ արժեք: «Չէ մի չէ` հայկական հողեր… էլ ի՞նչ կուզեք…»: Այստեղ տեղին է հիշել Ստալինի քրեածին ճոռոմախոսությունը. «Անտառը հատելիս տաշեղներ են թռչում», այսինքն` հանուն մեծ գաղափարի ու նպատակի կարելի է զոհաբերել փոքրը: Համաշխարհային հեղափոխության գաղափարը մթագնել էր նրա գիտակցությունը, և Ռուսաստանի արկածախնդիր ղեկավարները, նոր դիմակի ներքո, Հայաստանը հանձնեցին թուրքերին` բզկտելու և հոշոտելու նրա տառապյալ ժողովրդին, որպեսզի թուրքերը գան դեպի սոցիալիզմ:


- Թող իմանան, որ մենք` բոլշևիկներս, ինչ-որ սահմաններից չենք կառչում, - ասում էր Ստալինը Ռուսաստանի արտգործնախարար (ժողկոմ) Չիչերինի տեղակալ հայազգի Կարախանին:
Հայաստանն այդ խաղում ուներ բացառապես մանրադրամի կարգավիճակ: Թուրքերի հետ քծնանքն ու սիրաբանությունը, կրկնում ենք, արդեն ի հաշիվ խորհրդայնացած Հայաստանի, շարունակվեց նաև Մոսկվայում` Ալի Ֆուադ Ջեբեսոյի և հանցագործ մի շարք այլ դիվանագետների մասնակցությամբ: Թուրքերի հետ ունեցած անդրկուլիսյան գաղտնի բանակցությունների ժամանակ ռուսները հուսադրել էին, որ նրանց բոլոր պահանջները կբավարարվեն:
Ահա այսպես նախապատրաստվեց մոսկովյան կեղծ պայմանագիրը: 
Այսպիսով, 1921թ. մարտի 16-ին ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը (փաստորեն գործարքը), առանց Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության, ինչպես կամեցել էին թուրքերը: Համաձայն այդ «պայմանագրի» (այն արդեն ինքնին ոչ մի քննության չի դիմանում միջազգային իրավունքի տեսանկյունից), երրորդ կողմի տարածքները, որպես նվիրատվություն, հանձնվել էին որևէ կողմից չճանաչված, կրկնում ենք, Թուրքիայի օրինական կառավարության կողմից մահվան դատապարտված Մուստաֆա Քեմալի «կառավարությանը»:


Դիվանագիտության պատմության ողջ ընթացքում բացառվել են աղաղակող նմանատիպ փաստերը, երբ երկկողմանի բանակցությունների մասնակիցները տնօրինած լինեին բանակցություններին չմասնակցող երրորդ կողմի ճակատագիրը: Բայց Հայաստանը տվյալ պահին որևէ երկրի գաղութ չէր, կամ` որևէ երկրի հովանավորյալ ու խնամյալ, ոչ էլ Թուրքիային կամ Ռուսաստանին ենթակա պետություն:
Այս խայտառակության հիմնավորումը գալիս էր ցարական իրազեկիչ ու լրտես, նախկին հանցագործ Ջուղաշվիլի-Ստալինի բոլշևիկյան համոզմունքներից, որ թուրքերը մոտ ժամանակներս կգան դեպի սոցիալիզմ և չեն հայտնվի Անտանտի գրկում, այնուհետև, Արևելքի` Օսմանյան կայսրության կողմից ստրկացված ժողովուրդները կհետևեն թուրքերին, և ողջ Արևելքն ու Ասիան կդառնան սոցիալիստական ու խորհրդային:
Իրականում այս գործողությունները հանգեցրեցին սոցիալիզմի գաղափարախոսության վարկաբեկմանը, քանզի Թուրքիան ու սոցիալիզմն անհամատեղելի հասկացություններ են:


Մոսկվայի պայմանագիրը փաստորեն կեղծ փաստաթուղթ է, միջազգային իրավունքի ու նորմերի աղաղակող խախտումներով, առանց երրորդ կողմի մասնակցության և համաձայնության: Բացի այդ, ո՛չ խորհրդային կառավարությունը, ո՛չ Քեմալի «կառավարությունը» իրավասու չէին վարելու նման բանակցություններ, քանզի ճանաչված չէին միջազգային իրավական դաշտում (հանրապետական Թուրքիան ճանաչվեց սոսկ 1923թ., իսկ ՌԽԴՍՀ-ն 1924թ.` Մեծ Բրիտանիայի կողմից):
Չնայած Խորհրդային Հայաստանի ջանքերին, որոնք միտված էին 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի` դիվանագիտորեն արդարացի լուծմանը, բոլշևիկների կողմից անօրինաբար թուրքերին հանձնվեցին Կարսի մարզի` բնավ Արևմտահայաստանի մաս չկազմող և Արդահանի գավառի բնիկ հայկական տարածքները, ինչպես նաև համայն հայության և ողջ քրիստոնյա աշխարհի սրբազան Արարատ լեռը: Ավելին, Թուրքիայի պահանջով 1921թ. ամռանը, Խորհրդային Ադրբեջանին և ադրբեջանցիներին (մինչ այդ անհայտ մի ժողովրդի, որ զուգահեռաբար հորջորջվում էին «անդրկովկասյան թուրքեր» կամ «անդրկովկասյան թաթարներ») ինքնավարության իրավունքով հանձնվեցին արհեստականորեն շրջափակված տարածքների (անկլավ) վերածված Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանի գավառը:
Եվ այսպես... շարունակվեց խորհրդային դիվանագիտության անօրինականությունների շքերթը նորաթուխ կոմունիստական, այսինքն` Խորհրդային Ռուսաստանի կողմից, ընդդեմ տառապյալ հայ ժողովրդի:
Շատ չանցած, Մոսկվայի պայմանագրի անօրինականությունն ու սխալները քողարկելու և օրինականացնելու նպատակով, նույն Ջուղաշվիլի-Ստալինի նախաձեռնությամբ, 1921թ. հոկտեմբերի 13-ին կնքվեց Կարսի պայմանագիրը: Այս անգամ բանակցություններին հրավիրվել էին Հայաստանի ներկայացուցիչները, թեև նրանց կողմից ներկայացված ամենահամեստ առաջարկներն ու պահանջները ոչ միայն հաշվի չառնվեցին, այլև չքննարկվեցին:
Խորհրդային Հայաստանին վերստին ներկայացվել էր բացառապես անվերապահ հանձնատվության (կապիտուլացիոն) կարգավիճակ:


Հանցագործ այս դավադրությունը հայության համար ունեցավ ճակատրագրական նշանակություն, որի ողբերգական հետևանքները հետապնդում են մեզ ց’այսօր:
Վերոնշյալների լուսո ներքո, հայկական կողմը ո՛չ այն ժամանակ, ո՛չ այժմ, Մոսկվայի և նրանից բխող Կարսի պայմանագիրը, թելադրված ու պարտադրված ռուսական կողմից, միջազգային-իրավական որևէ պարտավորություն և պարտադրանք չունեն:
Այսպիսով, հօգուտ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական տարածքային «եղբայրական» ու «ինտերնացիոնալ» բաժանման պահին Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն չկանգնեց հայ ժողովրդի պաշտպանության դիրքերում, որպես նրա հավատարիմ դաշնակից ու արևելյան քաղաքականությանը նվիրված պահապան, այլ նաև դավաճանեց, փաստորեն զոհաբերելով գռեհիկ ու պարզունակ քրեածին քաղաքականությանը, հիմնված քեմալական Թուրքիայի կեղծ արժեքների վրա:
Ավելին, սոցիալիզմ խաղացող Թուրքիայի համար խորհրդային երկիրը կազմակերպել էր համակողմանի օգնություն` զենքով և ոչ միայն, ու, այդ թվում, սովահար Ռուսաստանից հազարավոր վագոն ցորեն, և ոսկով, 10մլն ռուբլի: Ռուսական բանտերից ու ճամբարներից Բաթումով տուն ուղարկվեցին բազմահազար թուրք ռազմագերիներ: Ավելի ուշ պարզ դարձավ Մուստաֆա Քեմալի «հեղափոխական-կոմունիստական» ձեռնածություններն ու մեքենայությունները: Եվ ոչ միայն…
Այդ նույն ժամանակ համաշխարհային հեղափոխության առաջնորդ Վ.Ի. Լենինի կողմից անհեռատեսորեն Միջին Ասիայի խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար կարգվեց հայ ժողովրդի, հույների ու ասորիների դահիճ Էնվեր Փաշան, որը Բուխարայի և միջինասիական բասմաչական ողջ խառնամբոխ հրոսակախմբերին բարձրացրեց Խորհրդային Ռուսաստանի դեմ:


Արդեն պարզ էր, որ բոլշևիկները հատում էին ծառի այն ճյուղը, որի վրա կանգնած էին: Դա «Եղբայրական» Թուրքիայի կողմից հասցված հերթական ապտակն էր և խորհրդային դիվանագիտության հերթական ձախողումը:
Գիտակցելով այդ, 1945թ. հունիսի 7-ին ԽՍՀՄ Արտաքին գործերի մինիստր (նախարար) Վյաչեսլավ Մոլոտովը Մոսկվայում Թուրքիայի Հանրապետության դեսպանին (Հայաստանի և Վրաստանի անունից) ներկայացրեց համապատասխան պահանջ (նոտա) – Կարսի, Արդահանի և Արտվինի նահանգի վերադարձման պահանջ, իսկ Ստալինը, դեռեւս 1945թ. Պոտսդամի կոնֆերանսի շրջանակներում, պահանջեց չեղյալ հայտարարել ու անվավեր հռչակել Կարսի պայմանագիրը և վերադարձնել նվիրաբերված հողերը: Իսկ 1948թ. նորաստեղծ ՄԱԿ-ի շրջանակներում նույնպիսի պահանջով հանդես եկավ ԽՍՀՄ փոխարտգործնախարար Անդրեյ Վիշինսկին: Հարկ է նշել, որ այդ ընթացքում դաշնակիցները (ի մասնավորի անգլիացիք) նշել էին, որ հայերը վիրավորված են անօրինաբար իրենցից խլված հողերի պատճառով: Բայց կոնֆերանսին հարցն ունեցավ անսպասելի ու հակառակ ընթացք:
Բանն այն է, որ ստալինյան հենց այդ նույն` համաշխարհային հեղափոխության ծածկագրված սցենարով վերստին բարձրացավ Արևելքի խորհրդայնացման կամ սոցիալիստականացման վաղեմի ծրագիրը, և այդ պայմաններում` Իրանի հյուսիսային կեսը, որ տվյալ պահին գտնվում էր խորհրդա-բրիտանական սահմանազատման (դեմարկացիոն) գծի հյուսիսային հատվածի տարածքում, պետք է դառնար սովետական (խորհրդային, այն է` սոցիալիստական Իրան):
Պատերազմի ավարտից սկսած, ներառյալ 1947, 1948թթ., Իրանի տարածքում տեղաբաշխված խորհրդային զորքերը վերադարձան տուն: Նրանց հետ միաժամանակ, ընտանիքներով հանդերձ` արտոնյալ կարգով, Խորհրդային Միություն տեղափոխվեցին թուրքալեզու մի ցեղախմբի վերնախավի մի քանի հազար ներկայացուցիչ, որոնց անմիջապես տրվեց քաղաքացիություն:


Նրանց, հիմնականում Բաքվում, ապահովեցին բնակարաններով, աշխատանքով և կենցաղային անհրաժեշտության ամեն ինչով: Նրանք, այսպես կոչված «դեմոկրատները», որ համագործակցել էին խորհրդային հատուկ ծառայությունների հետ, կարճ ժամանակամիջոցում իրանակասպյան այդ քաղաքում ոչ միայն հարմարվեցին, այլև շատ հարցերում, անգամ տեղական կենցաղավարական կացութաձևը ենթարկեցին ու հարմարեցրեցին իրենց:
Այդ եկվորների շնորհիվ նոր թափ ստացավ հակահայկական` հայատյացությունը, որը հրաշալի շարունակություն ունեցավ խորհրդային քանդաբազարից հետո: 
Մենք չենք մոռացել անդրկովկասյան հանրապետություններից մոտ 50 հազար հայության (այլազգիների թիվը` սիմվոլիկ) աքսորը, որի պատճառը ցայսօր հայտնի չէ: Մի կողմից ֆրանսահայ կոմունիստների խնդրանքով 1946-1947թթ. կազմակերպված ներգաղթ, մյուս կողմից` նույն ներգաղթյալների և տեղացի հայության աքսոր: Զարմանալի չէ՞` ո՞ր մեղքերի ու հանցագործությունների համար: Ըստ երևույթին հանուն այն բանի, որ Հայրենական պատերազմի տարիներին, հեռու լինելով ռազմական գործողությունների թատերաբեմից, ռազմաճակատ էր ճանապարհվել հայ բնակչության 1/3-ը: Այս թվաքանակի կեսից ավելին զոհվեց, կամ` 1943թ. Թեհրանում Ստալինի և դաշնակից երկրների ղեկավարներին փրկեցին հայերը` խորհրդային հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները, որոնք (Գևորգը հետմահու)` Ռուսաստանի նախագահ Պուտինի ձեռամբ արժանացան Ռուսաստանի ամենաբարձր` հերոսի պատվին:


Հայրենական (կոչված) այդ Մեծ պատերազմին Անդրկովկասյան (Այսրկովկասյան) հանրապետություններից ռազմաճակատ ուղարկվեցին 18 ազգային դիվիզիաներ և միայն 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզային էր պատիվ վերապահվել մասնակցելու Բեռլինյան օպերացիային` ֆաշիստական մայրաքաղաքի գրավմանը, որը Բեռլինի կենտրոնը հատելով, հասավ Բրանդերբուրգյան դարպասներին, և 5 օրվա ընթացքում (29 ապրիլ – 2 մայիս), կորցրեց անձնակազմի 1/3-ը: Ի դեպ, պատերազմի տարիներին 2 վրացական և 2 ադրբեջանական ազգային հրաձգային դիվիզիաներ, այլոց հետ տեղեկայված էին չպատերազմող Իրանի տարածքում և, ինչպես հաղորդում էին հետագա լրատվական տեղեկատվական աղբյուրները, նրանք հիմնականում զբաղված էին եղնիկի և այդ երկրում արգելված վարազի որսով: Բացի դրանից, վրացական մեկ դիվիզիա ևս` Հայաստանի տարածքում հսկում` պահպանում էր սովետա-թուրքական սահմանը:


2011 թվի մարտի 16-ին լրացավ, ամենանողկալի, Մոսկվայի, իսկ հոկտեմբերի 13-ին կլրանա, ավելի քան նողկալի, մեզ պարտադրված Կարսի պայմանագրի 96-ամյակը:
Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը, որը փաստորեն հանդիսանում է Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության իրավահաջորդը, պետք է, ավելի ճիշտ, պարտավոր է տալ ստալինյան հրեշավոր ու թուրքամետ քաղաքականության արդարացի գնահատականը, որը դարձել էր մարդկության պատմության ծիծաղի ու ծաղրուծանակի առարկա:


Անաչառ, անկողմնակալ և արդարացի գնահատականն ու վերոնշյալ նենգադավ գործողությունների անվավեր հռչակումը մեծապես կբարձրացնի Ռուսաստանի Դաշնության կոմկուսի հեղինակությունը բոլոր այն ժողովուրդների աչքերում, որոնք դարձել են ստալինյան ճնշամիջոցների զոհ: Մենք գիտակցում ենք, որ ռուս ժողովուրդը և շարքային կումունիստները բնավ մեղավոր ու պատասխանատու չեն անցյալի բախտախնդիր քաղաքագետների արյունալի արարքների համար: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի կոմկուսը ճշմարիտ ու արդարացի վարքագծով իր վրայից կարող է նետել ստալինյան ոճրագործությունների ամոթալի բեռը և, եթե կամենում է, մաքրվել: Բարեբախտաբար այս հանցագործություններն ի վիճակի չեղան սեպ խրելու մեր ազգերի բարիդրացիական հարաբերությունների միջև, և մենք շարունակում ենք մնալ միմյանց հանդեպ ավանդաբար բարեկամաբար տրամադրված ժողովուրդներ: Համոզված եմ, որ փոխադարձ սիրո, բարեկամության և հարգանքի նոր ու լավագույն լիցք կհաղորդվի հայ և ռուս ժողովուրդների հարաբերություններին:
Համոզված եմ նաև, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի որոշումներն անհամատեղելի են ժամանակակից Ռուսաստանի կոմունիստների և բարի կամքի տեր ռուս մարդկանց համար: Այդ իսկ պատճառով, ցեղասպանություն տեսած բազմաչարչար հայ ժողովուրդը ստալինյան հանցավոր գործողությունների վերաբերյալ պահանջում և սպասում է ստալինյան ոճրագործությունների վերաբերյալ ստանալ արդարացի ու անաչառ գնահատական:


Սա ձեր պարտքն ու պարտականություն է:
Վստահ եմ, որ այն նոր ու լավագույն լիցք կհաղորդի մեր բարեկամ ժողովուրդների հարաբերություններին:
Սա Ձեր պարտականությունն է:
Սիրելի՛ ռուս եղբայրներ, այնուամենայնիվ հայ ժողովուրդը դեռևս մնացել է Ձեզ միակ նվիրված ու հավատարիմ բարեկամը, որին բազմիցս ու անամոթաբար դավաճանել է Սովետը:

 

 

Հարգանքներով` Արթուր Նավասարդյան
«Դե Ֆակտո» հանդեսի խմբագրությունն անվերապահորեն միանում է դիմումին:

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...