00:50
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երազում եմ, որ մարդիկ ապրեն ապահով, իսկ քաղաքս` բարեկեցիկ

2016-05-04 11:36

 «Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է  «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալության Գյումրու զբաղվածության  տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

 «Դե Ֆակտո» N118 (2016թ.)


-Տիկի՛ն Ադամյան, որքա՞ն ժամանակ է ինչ զբաղեցնում եք Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը: Որքանո՞վ է հաջողվում միջնորդ օղակ հանդիսանալ գործատու-աշխատող հարաբերություններում:


-Ղեկավար պաշտոնը զբաղեցնում եմ 1997թվականից: Գործակալությունը ծառայություն է մատուցում ինչպես գործազուրկներին, այնպես էլ գործատուներին: Միջնորդ օղակ լինելով այս երկուսի միջև մենք կարողանում ենք աշխատաշուկայի կարգավորման դերակատար լինել: Գործատուն, որն ունի թափուր աշխատատեղ, դիմում է մեզ` ակնկալելով ստանալ համապատասխան մասնագետներ: Մեզ մոտ գրանցված գործազուրկների տվյալներով` համապատասխան մասնագետներին ուղղորդում ենք գործատուի մոտ: Այս ամենն իրականացվում է անվճար: Եթե համապատասխան մասնագետը չի գտնվում, ապա գործատուներին առաջարկվում են զբաղվածության տարբեր պետական ծրագրեր, որոնք տարեցտարի ավելանում են և ավելի նպատակային են դառնում: Օրինակ, եթե նախկինում նպաստների համակարգը մարդկանց ավելի պասսիվ վիճակի մեջ էր պահում, ապա այսօր ակտիվ աշխատաշուկայի քաղաքականություն իրականացնելով, մենք ակտիվ ծրագրերի միջոցով փորձում ենք քաղաքացիներին ակտիվացնել, էական աջակցություն տրամադրել, որպեսզի տվյալ քաղաքացին կարողանա տեղավորվել աշխատանքի, ինչպես նաև ստեղծի իր բիզնեսը: Վերջին տարիներին մեծ տեղ է հատկացվում գյուղատնտեսությանը. գործում են սեզոնային զբաղվածության ծրագրեր:

-Որքա՞ն է կազմում հաշվառված գործազուրկների թիվն այսօր և ինչպիսի՞ն է պատկերը նախորդ տարիների համեմատ:

-Այսօր տարածաշրջանում ունենք շուրջ 12 հազար հաշվառված գործազուրկներ: Գյումրին սպասարկում է նաև Ախուրյանի տարածքը, որը ներառում է 33 տարբեր համայնքներ: Նախորդ տարվա համեմատ գործազուրկների թիվն ավելացել է, որը պայմանավորված է ի հաշիվ այն գյուղական համայնքների բնակչության, որոնց շահագրգռել է մեր սեզոնային զբաղվածության ծրագիրը: Մենք յուրաքանչյուր տնտեսությանը մինչև 350 հազար դրամ աջակցություն ենք տրամադրում` սեփական հողը մշակելու համար: Նպատակը` սոցիալական վիճակը բարելավելը, և պարարտ հողերը մշակելի դարձնելն է:

-Տիկի՛ն Ադամյան, ըստ նախորդ տարվա տվյալների, գործակալությունը որքա՞ն աշխատատեղ է կարողացել ապահովել բնակիչների համար:


-Մեր գործակալության միջոցով` 2015թվականին շուրջ 870 մարդ տեղավորվել է աշխատանքի: Նշեմ, որ կենտրոնը զբաղվում է նաև երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցերով: Կնքվում է եռակողմ պայմանագիր, որի արդյունքում կենտրոնը վճարում է, թե՛ պրակտիկանտին, և թե՛ այն մասնագետին, ով զբաղվելու է տվյալ պրակտիկանտի ուսուցմամբ:
Մոտ օրերս Գյումրու «Լենտեքս» ընկերության թեթև արդյունաբերական գործարան էինք ուղարկել շուրջ 70 գործազուրկների, որոնցից 50-ն այսօր տեղավորվել են աշխատանքի: Սա մեզ համար բավականին մեծ ցուցանիշ է:

-Պաշտոնն իր հետ բերում է բարդ և պատասխանատու աշխատանքներ: Լինելով և՛ մայր, և՛ կին ղեկավար, հետաքրքիր է, ինչպե՞ս եք կարողանում համատեղել և մնալ այդքան գեղեցիկ և կանացի:


-Ամեն բան գալիս է ներքին հանգստությունից: Եթե ես կարողանում եմ իմ աշխատանքը լավ կազմակերպել, ուրեմն ես իմ ընտանիքում խնդիրներ չունեմ: Խնդիրներն ուշադրությունից շեղող գործոններ են և լավ արդյունքի հանգեցնել չեն կարող: Փառք Աստծո, ունեմ լավ ընտանիք, ովքեր միշտ ինձ աջակից են, որի համար շատ շնորհակալ եմ:

-Տիկի՛ն Ադամյան, թվում է թե ամեն ինչ ունեք, և՛ լավ ընտանիք, և՛ լավ աշխատանք: Ինչի՞ մասին եք երազում:


-Երազում եմ, որ մարդիկ ապրեն ապահով, իսկ քաղաքս` բարեկեցիկ: Մարդիկ ունենան աշխատանք, շրջեն լուսավոր ժպիտը դեմքերին. սա իմ համար շատ կարևոր է: Երբ կարողանում ենք որևէ մեկին աշխատանքի տեղավորել և այդ մարդը հեռանում է ժպիտը դեմքին, ապա մենք մեզ բավականին երջանիկ և բավարարված ենք զգում:


Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...