06:55
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամեն ջանք գործադրելու է, որ մինչև 2015թ. Ուկրաինան ճանաչի Հայոց ցեղասպանությունը

2013-01-10 12:06

 

2012 թ. բավականին արդյունավետ տարի էր հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների զարգացման, ամրապնդման ուղղությամբ:

Անդրանիկ Մանուկյան,  Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան

-Պարո՛ն Մանուկյան, «Դե Ֆակտո» ամսագիրը Ձեզ ճանաչել  «Տարվա դեսպան»՝ հաշվի առնելով Ձեր արդյունավետ գործունեությունը: Ինչպե՞ս կգնահատեք 2012թ. Ձեր գործունեությունը, ինչպիսի՞ հաջողություններ են արձանագրվել: 

-Շնորհակալություն «Տարվա դեսպան» ճանաչելու և իմ գործունեությանը տրված բարձր գնահատականի համար:

2012 թ. բավականին արդյունավետ տարի էր հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների զարգացման, ամրապնդման ուղղությամբ:

Տարվա ընթացքում հաջողվեց իրականացնել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել 2011թ. ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևոր էր նաև  2012թ. հուլիս  ամսին  ՀՀ նախագահի աշխատանքային այցը Ուկրաինա և հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Տարվա ընթացքում Հայաստանում անցկացվեց Ուկրաինայի մշակույթի օրերը, նոյեմբերին  Երևանում կայացավ հայ-ուկրաինական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը և այլն:

-Ուկրաինայի իշխանությունները, ժողովուրդը ինչպիսի՞ վերաբերմունք ունեն Հայաստանի և հայերի նկատմամբ:

-Հայ-ուկրաինական հարաբերությունները զարգանում և խորանում են գործակցության բոլոր բնագավառներում: Ուկրաինայի իշխանությունները և ժողովուրդը ջերմ և հարգալից վերաբերմունք ունեն  մեր երկրի և ժողովրդի նկատմամբ, որը արտահայտվում է ամենաբարձր մակարդակով՝ մշտապես ընդգծելով մեր ժողովուրդների հարյուրամյակների եղբայրական հարաբերությունները:

-Ինչպիսի՞ դրսևորումներ է ունեցել այդ վերաբերմունքը:

-Ուկրաինական հասարակությունը տեղեկացված է և բարձր է գնահատում շուրջ հազար տարի մեր հայրենակիցների ներդրումը Ուկրաինայի պետականության կայացման գործում: Նման վերաբերմունքն իր դրսևորումն է ունենում հայ-ուկրաինական բարեկամական հարաբերություններում, Ուկրաինայի հայ համայնքի կյանքի և գործունեության բոլոր բնագավառներում:

Հայ համայնքի համար ստեղծված են բոլոր պայմանները հայոց լեզվի, հոգևոր, ազգային մշակույթի, ավանդույթների, նկարագրի պահպանման համար: Վերջին մեկ տարվա ընթացքում հայ համայնքի կյանքում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ:

Մեզ հաջողվեց համախմբել և միավորել նախկինում միմյանցից առանձին գործող կազմակերպություններին  մեկ միասնական կառույցի՝ Ուկրաինայի հայերի միության մեջ, և շատ արագ կազմակերպական կառուցվածքային փոփոխությունները տվեցին իրենց դրական արդյունքները:

Դեսպանության հետ համատեղ՝ համայնքը համակարգված ձևով զբաղվում է մարզերի համայնքային կառույցների վերակառուցման, դրանց նպատակային դարձնելու, կրթական, մշակութային, հոգևոր կյանքի և այլ բնագավառների գործունեության արդյունավետ կազմակերպման աշխատանքներով:

Դեսպանությունը և հայ համայնքը համատեղ են նախապատրաստում և անցկացնում բոլոր միջոցառումները, շնորհիվ որի՝  այդ միջոցառումները դառնում են նպատակային և արդյունավետ:

Բերեմ միայն մեկ օրինակ: Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումը կազմակերպվեց Կիևի ազգային օպերայում համերգային մեծ ծրագրով և դրան հաջորդող ընդունելությամբ: Միջոցառմանը մասնակցում էր 1300 մարդ:

Հատկապես ցանկանում եմ նշել, որ այս տարվա հոկտեմբերին կայացած պառլամենտական ընտրությունների արդյունքում հայ համայնքը պառլամենտում ունի երեք պատգամավոր:

Այս տարի Կիևում կայացած գիտա-տեսական կոնֆերանսի մասնակիցները ուղերձ հղեցին Ուկրաինայի նախագահ Վիկտոր  Յանուկովիչին և Գերագույն Ռադայի նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու առաջարկով:

-Ինչպիսի՞ մոտեցում ունեն ուկրաինական իշխանությունները Հայոց ցեղասպանությունը  ճանաչելու հարցում:

-Ուկրաինայի քաղաքական էլիտան, մտավորականությունը, գիտական, ակադեմիական շրջանակները, մշակույթի գործիչները, հասարակայնությունը  տեղեկացված են Հայոց ցեղասպանության մասին և որևէ մակարդակով այն չեն ժխտում, սակայն մեծ աշխատանք ունենք կատարելու  այդ մոտեցումները պաշտոնական վերաբերմունքի վերածելու  ուղղությամբ:

Հարկ եմ համարում նշել, որ չնայած թուրք-֊ադրբեջանական հետևողական դիմակայությանը, ընդհուպ մինչև ուկրաինական իշխանություններին շանտաժի ենթարկելը, վերջին երկու տարիներին դեսպանության և հայ համայնքի կողմից տարվել են լուրջ աշխատանքներ այդ ուղդությամբ:

Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Կիևում և երկրի այլ մարզերում կազմակերպվում են գիտական կոնֆերանսներ, քննարկումներ, կլոր սեղաններ, երեկոներ, մամլո ասուլիսներ և այլ միջոցառումներ՝ Ուկրաինայի հասարակական, քաղաքական, մշակութային կազմակերպությունների, գիտական, ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչների, ցեղասպանության և միջազգային իրավունքի նշանավոր մասնագետների մասնակցությամբ:

Անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են լրատվամիջոցներով:

Այս տարի Կիևում կայացած գիտա-տեսական կոնֆերանսի մասնակիցները ուղերձ հղեցին Ուկրաինայի նախագահ Վիկտոր  Յանուկովիչին և Գերագույն Ռադայի նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու առաջարկով:

Ցեղասպանության ճանաչման հարցում առանձնակի կարևորություն ենք տալիս տեղեկատվության միջոցների հետ տարվող աշխատանքներին: Յուրաքանչյուր տարի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հրապարակվում են բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ, գիտական աշխատություններ, հեռուստաընկերությունները ցուցադրում են առանձին հաղորդումներ, մասնավորապես՝ պետական առաջին ալիք հեռուստաընկերությունը:

2011թ. դեսպանությունը պատրաստեց և հրատարակեց Ուկրաինայի ազդեցիկ ՙԻմիջ՚ ամսագրի հատուկ համարը՝ ամբողջությամբ նվիրված Հայաստանին և հայ ժողովրդին անգլերեն և ռուսերեն լեզուներով, տպագրվեց 10.000 տպաքանակով, որտեղ մի ամբողջ հատված նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, որը պարզապես կատաղության էր հասցրել թուրք- ադրբեջանական դիվանագիտությանը:

-Հնարավո՞ր է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Ուկրաինան ճանաչի այն:

-Այսօր դժվար է միանշանակ ասել ցեղասպանության 100-ամյա տարելիցին այն կճանաչեն, թե ոչ, սակայն այդ ուղղությամբ ՀՀ դեսպանության և հայ համայնքի համատեղ աշխատանքները պետք տարվեն առաջ և կազմակերպվեն ճանաչելու մտայնությամբ: 

2013թ. սկսվում է Կիևի հայկական եկեղեցու շինարարությունը:

 -Ինչպիսի՞ միջոցառումներ են անցկացվել Ուկրաինայում այս տարվա ընթացքում:

-Տարվա ընթացքում Ուկրաինայում անցկացվել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ բնագավառների բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակ են ունեցել գարգացնելու երկկողմ համագործակցությունը, ամրապնդելու բարեկամական հարաբերությունները: Սակայն ցանկանում եմ առանձնացնել հայ առաջին տպագիր գրքի 500-֊ամյակին նվիրված միջոցառումները:

Հայ համայնքի հետ միասին տարվա ընթացքում անցկացվեցին գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, հանդիպումներ, հրապարակվեցին բազմաթիվ նյութեր՝ նվիրված հոբելյանական իրադարձությանը:

Հրատարակվեց ՙՈւկրաինայի հայկական մշակույթի պատկերազարդ հանրագիտարան՚ երկահատորյակը  անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Այն բացառիկ ու եզակի հրատարակություն է իր տեսակի մեջ:

-Ինչպիսի՞ նմանություններ և տարբերություններ են առկա հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև:

-Հայ և ուկրաիանցի ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ, դրանք առաջին հերթին քրիստոնեական և եվրոպական համընդհանուր արժեքներն են և հավատարմությունը դրանց: Նմանություններից կարևոր է ավանդույթների պահպանման նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Տարբերությունները զուտ ազգային առանձնահատկությունների հետ են կապված, որոնցով աշխարհի ցանկացած ժողովուրդ տարբերվում է մյուսներից:

-Ի՞նչ կարևոր ծրագիր կամ նպատակ ունեք, որ դեռ չեք հասցրել իրականացնել և պատրաստվում եք 2013թ. ի կատար ածել:

-2013 թ. համար ունենք մի շարք նոր մտահղացումներ և ծրագրեր՝ միտված հայ-ուկրաինական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառների համագործակցության և հարաբերությունների զարգացմանն ու  խորացմանը:

Քանի որ բոլոր ծրագրերը նախնական պայմանավորվածությունների փուլում են, ուստի՝ չեմ ցանկանում առայժմ դրանք կոնկրետացնել, սակայն մի շատ կարևոր ծրագրի մասին ցականում եմ նշել՝ 2013թ. սկսվում է Կիևի հայկական եկեղեցու շինարարությունը:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...