06:34
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ՄՇԱԿԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ, ՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՋև ԾԱՌԱՑԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՍՏԱՆԱՆ

2013-01-10 12:02

 

ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ

-Պարո՛ն Դումանյան, Դուք երկար տարիներ առողջապահության համակարգում պատասխանատու պաշտոններ եք զբաղեցրել, իսկ 1992-ից  ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ եք եղել, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն ապա ԵՊԲՀ ռեկտոր։ Կես տարի է, ինչ ստանձնել եք ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը: Պետք է որ բավականաչափ ծանոթ լինեիք համակարգի խնդիրներին։ Ինչի՞ց սկսեցիք և ի՞նչ հասցրեցիք անել այս ընթացքում:  

-Ճիշտ է, երկար տարիներ համակարգում պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել և բավականաչափ ծանոթ էի իրավիճակին, սակայն մի բան է խնդիրներին որոշակիորեն ծանոթ լինելը, այլ բան` ոլորտին թիվ մեկ պատասխանատուի դիրքերից մոտենալ ու դրանց լուծման ուղիներ գտնել։ Բնականաբար, իմ գործունեությունը սկսեցի առկա խնդիրներին և դրանց ծնող պատճառներին առավել խորությամբ  ծանոթանալուց։ Դեռ մինչև երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, ապա  ՀՀ կառավարության  կողմից հնչեցրած իրավացի քննադատությունը, մենք թե՛ դեղերի, թե՛ պետական պատվերի  շրջանակներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի  ապահովման և էլի մի շարք ուղղություններով  սկսել էինք ուսումնասիրություններ կատարել։ Եվ երբ ՀՀ նախագահի կողմից նախարարության առջև խնդիր դրվեց կարգավորել դեղերի ոլորտը, պատշաճ վերահսկողություն սահմանել պետական միջոցների արդյունավետ ծախսման և բժշկական օգնության ծառայությունների որակի ապահովման ու այլ ոլորտների նկատմամբ, մենք արդեն բավական հստակ պատկերացումներ ունեինք թե՛ իրավիճակի, թե՛ առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Կազմվեց ՙԱռողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը՚, որ հաստատվեց ՀՀ կառավարության կողմից։

Դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների լուծումն անհնար էր առանց նոր օրենքի մշակման ու ընդունման: Այս ուղղությամբ  ամենակարևոր քայլն արված է։ ՙԴեղերի մասին՚ ՀՀ օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրված։ Մայր օրենքի ընդունմանը կհաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը: Նախագիծը շատ անգամներ քննարկվել է շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ, դրանում ներառվել է արված առաջարկությունների մեծ մասը։ ՙԴեղերի մասին՚ ՀՀ օրենքի  նախագծում ամրագրված միջազգայնորեն ընդունված  չափորոշիչները լուրջ երաշխիքներ կստեղծեն ինչպես մեր ազգաբնակչությանը որակյալ,  անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովելու, այնպես էլ դեղի շրջանառության բոլոր օղակներում` ստեղծումից կամ ներկրումից մինչև կիրառում, խստագույն հսկողություն իրականացնելու։ Միաժամանակ տեղ են գտել դեղերի մատչելիության` դեղերի գների պետական կարգավորման ապահովման դրույթներ: Այս ենթատեքստում նախատեսվում են թե՛ պետական գնումների բաց մրցույթներ, թե՛ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։ 

Նոր օրենքով կամրագրվեն դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման պահանջը, ինչպես նաև իրացումն արգելող դրույթները: Կկարգավորվի նաև դեղերի գովազդը: Այս ամենի արդյունքում  դեղի շրջանառության բոլոր օղակներում` ստեղծումից կամ ներկրումից մինչև կիրառում, խստագույն հսկողություն իրականացնելու պայմաններ կապահովվի:

Առողջապահության ողջ համակարգում համալիր պետական վերահսկողություն իրականացնելու համար նախարարությունը կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ՝ գործող պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության բազայի վրա առողջապահական տեսչություն ստեղծելու առաջարկով։

Դրանով նախարարությունը տեսչական ստուգում իրականացնելու գործառույթ կունենա, առանց որի հնարավոր չէ  մշտական պատշաճ  հսկողություն իրականացնել թե՛ դեղերի շուկայի, թե՛ համակարգի այլ ոլորտների նկատմամբ։

Իսկ մինչ առողջապահական տեսչությունը կսկսի իր աշխատանքները, նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ Արդեն հրապարակել ենք հարուցված վարչական վարույթների շրջանակներում հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Մեր ուշադրության կենտրոնում են նաև ախտորոշիչ լաբորատորիաներն ու դեղատները։

Մարզերի առողջապահական համակարգի զարգացումն իմ առաջնահերթ խնդիրներից մեկն է

-Իսկ որո՞նք էին առողջապահության ոլորտի այն կարևորագույն խնդիրները, որոնք հաջողվեց լուծել 2012-ի ընթացքում:

-Իմ պաշտոնավարման հենց սկզբից ասել եմ, որ մարզերի առողջապահական համակարգի զարգացումն իմ առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Այդ իսկ պատճառով հաճախ եմ այցելում մարզեր, տեղում ծանոթանում նրանց խնդիրներին, մարզի մասնագետների հետ քննարկում նրանց հոգսերն ու կարիքները։ Միայն բժշկական նորագույն կենտրոններ կառուցելով խնդիրը չենք կարող լուծել։ Պետք է կարողանանք մարզային այդ հիվանդանոցներում ծառայություններ զարգացնել։ Դրա համար և՛ նեղ մասնագետների առկայություն, և՛ միջոցներ են անհրաժեշտ: Մենք բազմաթիվ քայլեր ենք անում դեպի մարզ ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու ուղղությամբ։  Առաջարկ ենք ներկայացրել ՀՀ կառավարություն՝ վերանայելու 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունը` հօգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել էր մայրաքաղաքում, ապա եկող տարի պետք է փորձենք այդ համամասնությունը հասցնել 60-40%-ի` հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մեխանիզմներ են մշակվում մարզերում նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը մինչև 10 տոկոսով ավելացնելու ուղղությամբ։  Արդեն իրականացված քայլերից կարող եմ հիշատակել օգոստոսի 1-ի իմ այն հրամանը, որով 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ նորմալ (չբարդացած) ծննդի համար հատկացող գումարը՝ այն հավասարեցնելով Երևանի ծննդատներում գործող գներին։ Միաժամանակ հանձնարարվել է ավելացված այդ միջոցներն առավելապես ուղղել աշխատավարձի ֆոնդի ավելացմանը։

Ի դեպ, մեր ազգաբնակչության կողմից բավական լավ ընդունվեց իմ մեկ այլ հրամանով ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում վճարովի տեսակցությունների արգելումը: Ծննդաբերությունների հետ կապված բուժօգնության կազմակերպման գործընթացում, որպես վճարովի ոչ բժշկական ծառայություն, այսուհետ թույլատրվում է մատուցել միայն անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով և բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրումը` ներառյալ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումով:

Մեր տվյալներով մարզերում գրանցված հղիների  շուրջ մեկ երրորդը  մայրաքաղաքի տարբեր ծննդատներում է ծննդալուծվում։ Դա նշանակում է, որ նրանց համար մարզերին հատկացված միջոցները ևս այդ հղիների հետ Երևան են ուղղվում։ Աշխատանքներ ենք տանում 2013-ի ընթացքում ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով տեղայնացնելու ուղղությամբ։ Մինչ այդ կանոնակարգվում են հղիների և մինչև 7 տարեկան երեխաների, ըստ ծննդօգնության և մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների, ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը:

Մարզերում դեռևս լուրջ խնդիր է նաև նեղ մասնագետների պակասը։ Մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու, ինչպես նաև որակյալ բժշկական օգնություն ապահովելու նպատակով Երևանի բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները կցել ենք մարզային բժշկական կենտրոններին։ Դեռ հոկտեմբերի սկզբից այդ հիվանդանոցների մասնագետներն այցելում են հանրապետության բոլոր մարզերը և արդեն հասցրել են ավելի քան 6 000 հիվանդի հետազոտել ու անհրաժեշտ բուժում նշանակել։ Երևանի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները տեղի մասնագետների հետ սկսել են վիրահատություններ կատարել մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաև համայցեր են կատարում,  ծանոթանում հիվանդների բուժման ընթացքին և խորհրդատվություն տալիս։

ՀՀ առողջապահության նախարարությունը, հանրապետության նախագահի և կառավարության հանձնարարությունների համաձայն, իրականացնում է ոլորտի բարեփոխումների ծրագիր։

Այս ենթատեքստում կարևորվում է 2013-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կստեղծեն վերահսկողություն սահմանել ինչպես գնման գործընթացների կազմակերպման, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման որակի նկատմամբ։ Ավելին՝ պայմանագրում կամրագրվի նաև տվյալ բուժհաստատությունում բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։      

Առողջապահության ոլորտում խնդիրներ կան, որոնց շատ արագ լուծումներ կտրվեն։ Խնդիրներ էլ կան, որ տարիների ընթացքում կկարգավորվեն։ Կարևորն այն է, որ փորձում ենք այնպիսի մեխանիզմներ ու չափորոշիչներ մշակել, որ համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները վերջնական լուծում ստանան։

-Բոլոր բնագավառներում Հայաստանը ձգտում է հասնել որակի միջազգային չափանիշերին: Ինչպիսի՞ն է վիճակը առողջապահության ոլորտում, ի՞նչ նվաճումներ և անելիքներ ունեք։

-Որակյալ բժշկական ծառայության մատուցումը մեր գերխնդիրն է, որի կարևորագույն բաղկացուցիչներն են ժամանակակից տեխնոլոգիաների, բուժական մեթոդների ներդրումը և արհեստավարժ մասնագետների առկայությունը:

Հպարտությամբ ուզում եմ շեշտել, որ Հայաստանում բժշկությունը շատ ու շատ ուղղություններով համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և բազմաթիվ բժշկական կենտրոններ ունենք, որոնք ոչնչով չեն զիջում միջազգային համանման կլինիկաներին:             

Սակայն վաղուց ժամանակակից բժշկության հրամայականն է` առօրյա մասնագիտական գործունեության մեջ ուղղորդվել ուղեցույցներով։ Մանավանդ, որ միջազգային ժամանակակից ուղեցույցները խստորեն հիմնված են ապացուցողական բժշկության վրա:

Մենք պետք է հասնենք նրան, որ ցանկացած բժշկական միջամտություն ունենա ապացուցողական բարձր արժեք և լինի գիտականորեն հիմնավորված։ Դա վերաբերվում  է նաև դեղամիջոցների կիրառմանը, որոնց ազդեցության անգամ ամենանուրբ մեխանիզմները պետք է մանրակրկիտ ուսումնասիրված լինեն և ապացուցված բազմաթիվ հետազոտությունների արդյունքներով:

Մենք ձեռնամուխ ենք եղել հիվանդությունների վարման ուղեցույցների հայկական տարբերակի ստեղծմանը, որտեղ ներկայացված կլինեն ախտորոշման և բուժման գործընթացները:

Աշխատանքների հստակ կազմակերպմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շուտով իմ հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:

Ակնհայտ է, որ եթե ցանկանում ենք ունենալ որակյալ և արդյունավետ բժշկություն, պարտավոր ենք հիմնվել ապացուցողական բժշկության վրա և մեր բժիշկների աշխատանքային պրակտիկայում ներդնել աշխարհում վաղուց կիրառվող ուղեցույցային մոտեցումները:

-2013-ի համար ինչպիսի՞ առաջնային խնդիրներ ու ծրագրեր է դրել նախարարությունն իր առջև:

- Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարություններից բխող ՙԱռողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրն՚ առաջիկա 6-7 ամիսների ընթացքում մեր գործունեության ուղենիշը կլինի։ Իհարկե, դրանում ներառված շատ դրույթներ շարունակական են։ Միաժամանակ ոլորտի ռազմավարությունից ելնելով հեռահար ծրագիր է մշակվում։

2013-ին լուրջ անելիքներ ունենք պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել, որպեսզի կարողանանք 2014-ից այն աստիճանաբար ներդնել։

-Եվ վերջում, Ձեր ամանորյա բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-Մեր ժողովրդին ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Կուզենայի, որ 2013 թվականն իր հետ ավելի շատ բարություն ու հանդուրժողականություն բերեր և ամեն ոք նոր ձեռքբերումներ ունենար։

Գալիք տարին բոլորին թող խաղաղություն, բարեկեցություն, առաջընթաց  ու առողջություն պարգևի:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...