15:19
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Սպիտակ տնակ»` ճարտարապետական արժեքներ կերտող ընկերություն

2016-03-14 10:52

Պետական պարգեւի արժանացած  «Սպիտակ տնակը»`  ճարտարապետական արժեքներ կերտող ընկերություն

«Դե Ֆակտո» N117 (2016թ.)

Հայը պայքարող տեսակ է, յուրաքանչյուր դժվարության նայում է ապագայի աչքերով, հաղթահարում խոչընդոտները` նայելով առաջ: 2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ողջ աշխարհում տնտեսական ցնցումներ առաջացրեց, որի հետևանքները մինչև այսօր զգալի են: Ճգնաժամը Հայաստանում առավել մեծ հարված հասցրեց շինարարության ոլորտին, որն այդ փուլում մեծ զարգացում էր ապրում: Մինչև այսօր հասցված վնասները չեն թոթափվել, սակայն ոլորտում աճի տեմպերը նկատելի են, և հեռանկարը` նշմարելի ու թերևս դա է ամենակարևորը: Հայկական շինարարական ընկերությունները թևաթափ չեղան, իրենց մեջ ուժ գտան դիմակայելու ճգնաժամի հզոր ալիքին, և այսօր շարունակում են շենացնել մեր երկիրը: ՀՀ-ում առաջատար շինարարական ընկերություն է «Սպիտակ տնակը», որն այս տարի արժանացավ պետական պարգևի` իրականացնելով անչափ պատասխանատու նախագիծ` ՀՀ կառավարության վարչական նոր համալիրի կառուցման աշխատանքները: 
Նախագծի իրականացման, շինարարության որակի և առանձնահատկությունների, ինչպես նաև «Սպիտակ տնակի» իրականացրած որակյալ աշխատանքի ֆենոմենի մասին զրուցեցինք ընկերության տնօրեն Ստեփան Ախոյանի հետ:

 

 

-Պարո՛ն Ախոյան, քանի որ ՀՀ կառավարության վարչական նոր համալիրի կապալառուն «Սպիտակ Տնակ» շինարարական ընկերությունն է, որի տնօրենը Դուք եք, ուզում եմ հարցնել` արդյո՞ք այն համահունչ է քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին:


-Առհասարակ, հանրության շրջանում ձևավորված կարծիք կա, որ այս կամ այն կառույցի ճարտարապետական լուծումները, ճարտարապետական տեսքը կախված են այն իրականացնող շինարարական կազմակերպությունից: Բայց դա թյուր կարծիք է, քանի որ շինարարական կազմակերպությունն ընդամենը նախագիծն իրականացնողն է, որից պետք է պահանջել, որ տվյալ կառույցը իրականացվի նախագծին համապատասխան, ժամկետի սահմաններում և լինի որակյալ: 
Կառավարության վարչական նոր համալիրի նախագծային խումբը, Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ, կատարել է մեծ ծավալի նախագծային աշխատանք, և թող ամենևին էլ չափազանցություն չթվա, եթե ասեմ` նույնիսկ տիտանական աշխատանք է կատարել, թեև համալիրի ճարտարապետական լուծումներն առաջին հայացքից գուցե ոչ բոլորի համար ընկալելի լինեն: Կփորձեմ նշել ճարտարապետական մի քանի մոտեցումներ, որոնք հնարավոր է նկատել բացառապես նախագծային լուծումների մեջ խորանալու դեպքում: Դիտարկենք նախկին շենքը՝ համեմատելով նորի հետ: Պահպանվել են շենքի բարձրությունը, աշտարակի բարձրությունը, իսկ ճակատային մասի լուծումները նույնպես հար և նման են հնին:
Որպես շինարար` այն կարծիքին եմ, որ այս համալիրը մեր օրերում կառուցված ամենադեմոկրատ վարչական կառույցն է, քանզի այն մարդկանց ազատ տեղաշարժվելու հնարավորություն է ընձեռում: Շենքում իրականացվել է Հայաստանում ամենաբարձր և լայն կամարը, ինչն ինքնին կառույցը դարձնում է ավելի գեղեցիկ ու թափանցիկ: Այն տեխնիկապես հագեցված կառույց է, որտեղ օգտագործված են համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների արտադրանքներ: Համալիրի վերելակները շվեյցարական Schindler ընկերության արտադրանքն են, իսկ ջեռուցման և սառեցման ավտոմատացված համակարգը, որը հնարավորություն է տալիս աշխատասենյակներում անհատական ջերմաստիճան ապահովել՝ ճապոնական Mitsubishi ընկերության: Ի դեպ, այս համակարգը Հայաստանում նմանատիպ խոշոր կառույցում առաջին անգամ է օգտագործվում: Համալիրի ջեռուցումն իրականացվում է էլեկտրաէներգիայով, ինչն ավելի տնտեսող է: Կառույցի հեռահաղորդակցության մալուխային ցանցը և սարքավորումները ֆրանսիական Nexans ընկերության 6-րդ կատեգորիայի արտադրանք են: Չմոռանամ նշել, որ վարչական համալիրի կառուցման ընթացքում օգտագործվել է նաև հայրենական արտադրանք. շենքի երեսպատման սպիտակ քարը, որն առանձնահատուկ շուք ու հմայք է հաղորդում համալիրին, բերվել է Արցախից:

 

«Սպիտակ տնակ» ՍՊԸ-ի, «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ի եւ շինարարական աշխատանքներին մասնակցած մոտ մեկ տասնյակ ենթակապալառու ընկերությունների թիմային անխոնջ աշխատանքի շնորհիվ` քաղաքամայր Երեւանի կենտրոնական հրապարակներից մեկում վեր խոյացավ կառավարական համալիրի հոյակերտ ու վեհաշուք կառույցը, որն անկախությունից ի վեր` մեր երիտասարդ հանրապետության վառ ու լուսավոր արժեքներից մեկն է:

-Համալիրի կառուցման ժամանակ ինչպիսի՞ համադրություններ են եղել, ի՞նչ լուծումներ են տրվել:

-Ի սկզբանե ինձ համար հստակ էր, որ անչափ մեծ պատասխանատվություն եմ ստանձնում՝ պայմանավորված մի քանի հանգամանքով. կառավարական համալիրի կառուցումը վերահսկվելու էր անձամբ ՀՀ նախագահի կողմից, նմանատիպ հզոր կառույցի համար նախատեսված էր բավականին սեղմ ժամկետ, և պահանջվում էր խիստ մասնագիտական մոտեցում: Իմ խորին համոզմամբ` նախագիծը հնարավոր չէր լինի կյանքի կոչել, եթե շինարարության առաջին իսկ օրվանից չստացվեր շինարարների և նախագծողների սերտ համագործակցությունը: Ցանկացած շինարարության ընթացքում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, ծագում են տարատեսակ խնդիրներ, որոնց լուծումները պահանջում են աշխատանքների մեջ ներգրավված ընկերությունների խիստ կանոնակարգված, ներդաշնակ, արհեստավարժ և համագործակցված մոտեցում՝ պայմանավորված գրեթե անհնարին թվացող իրավիճակներից, թիմային մտածելակերպի շնորհիվ, ելք գտնելու ունակությամբ: Ասվածի վառ ապացույցը ներկայիս Արդարադատության նախարարության շենքի կառուցումն էր: Ի սկզբանե այդ շենքը` որպես առանձին կառույց, ընդհանրապես նախատեսված չէր: Երբ որոշվեց, որ այն նույնպես պետք է կառուցվի և շահագործման հանձնվի Կառավարական հիմնական համալիրի հետ միասին, մեր ամբողջ թիմը, ընդամենը մեկ տարում Արդարադատության նախարարության շենքի շինարարությունը հասցրեց ավարտին՝ համադրելով ամբողջական համալիրի նախագծի հետ: Ահա նմանատիպ աշխատանքային մթնոլորտում «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ի, «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց ՍՊԸ-ի և շինարարական աշխատանքներին մասնակցած մոտ մեկ տասնյակ ենթակապալառու ընկերությունների թիմային անխոնջ աշխատանքի շնորհիվ` քաղաքամայր Երևանի կենտրոնական հրապարակներից մեկում վեր խոյացավ կառավարական համալիրի այս հոյակերտ ու վեհաշուք կառույցը, որն անկախությունից ի վեր մեր երիտասարդ հանրապետության վառ ու լուսավոր արժեքներից մեկն է:

-«Սպիտակ տնակ» շինարարական ընկերությունը վերջերս արժանացավ պետական պարգևի: Դա, ըստ Ձեզ, ինչի՞ արդյունք էր և այդ պարգևն ինչպե՞ս կարող է անդրադառնալ հետագա աշխատանքների վրա:


-Խորապես զգացված եմ պետական պարգևի արժանանալու համար: Պետական մրցանակի դափնեկիր դառնալն անչափ պարտավորեցնող է և ինձ համար ունի ընդգծված առանձնահատուկ նշանակություն. Նախ՝ որ առաջին անգամ արժանացա նման պարգևի, և երկրորդ՝ այն ինձ շնորհեց անձամբ երկրի նախագահը:
Այս պարգևն առաջին հերթին վստահության արդյունք էր` այն վստահության, որը «Սպիտակ Տնակը» ձեռք է բերել իր 15-ամյա աշխատանքային գործունեությամբ, որի ընթացքում կյանքի են կոչվել մեկ տասնյակից ավելի նախագծեր (բազմաբնակարան բնակելի շենքեր, բանկեր, հասարակական կառույցներ, հյուրանոցային համալիրներ և այլն): Եվ, իհարկե, ամենակարևորն ու գլխավորը՝ կառավարության վարչական համալիրի կառուցումն էր, որն իրականացվեց սեղմ ժամկետներում և բարձր որակով: «Սպիտակ տնակ»-ը մինչ այժմ արժանացել է բազմաթիվ պարգևների, նաև Հայաստանի սահմաններից դուրս, սակայն ՀՀ նախագահի կողմից շնորհված պետական մրցանակն ամենաբարձր պարգևն է, անչափ պարտավորեցնող, որը հետայսու կհանդիսանա խթան՝ նորանոր բարդ ու բազմաբովանդակ նախագծեր կյանքի կոչելու ճանապարհին:

 

Ճգնաժամի տարիներին «Սպիտակ Տնակն» էլ ունեցավ շատ դժվարություններ: Երերաց, սակայն կանգուն մնաց: Կանգուն մնացինք նախկինում ձեռք բերած վստահության, աշխատանքային բարձր կազմակերպվածության ու կարգապահության, ինչու չէ, նաեւ մեր երկրի ղեկավարության վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ:


-Հայաստանում ի՞նչ վիճակում է շինարարական բիզնեսը:


-Մինչև 2008 թվականի համաշխարհային ճգնաժամը, շինարարական բիզնեսը մեր երկրում ծաղկում էր: Սակայն այդ ճգնաժամ կոչված արհավիրքն ամեն ինչ տակնուվրա արեց բոլոր ոլորտներում, ինչից անմասն չմնաց և շինարարության ոլորտը, որը մեր երկրի տնտեսության ամենից կենսունակ ու առանցքային ճյուղերից մեկն է: Արդեն իսկ կայացած մի քանի շինարարական ընկերություններ, չդիմանալով ճգնաժամի հարվածին, սնանկացան` դադարեցնելով իրենց գործունեությունը: Այդ կազմակերպությունների վարած սխալ, ինչ-որ տեղ անհեռատես քաղաքականության արդյունքում տուժեցին մեր հազարավոր հայրենակիցները, տուժեցին նաև ոլորտի բարեխիղճ գործունեություն իրականացնող կազմակերպությունները, քանի որ ժողովրդի մոտ սասանվեց վստահությունն ու հավատը առհասարակ շինարարական կազմակերպությունների և մասնավորապես` բնակարանաշինության նկատմամբ: Իրավիճակով պայմանավորված` «Սպիտակ Տնակն» էլ ունեցավ շատ դժվարություններ: Երերաց, սակայն կանգուն մնաց: Կանգուն մնացինք նախկինում ձեռք բերած վստահության, աշխատանքային բարձր կազմակերպվածության ու կարգապահության, ինչու չէ, նաև մեր երկրի ղեկավարության վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ:

 

Շեն է ու ապագա ունի այն երկիրը, որտեղ չի լռում շինարարի մուրճի ձայնը: Հայը դարեր շարունակ եղել է կառուցող ու շենացնող, որի հանդեպ ակնածանքն ու հարգանքը պահպանվում է առայսօր:


-Ինչպե՞ս սկսեցիք Ձեր բիզնեսը:


-Դժվարությամբ: Դեռևս ՌԴ աշխատելու տարիներին, մտածում էի վաստակածս գումարից մի քիչ խնայել, վերադառնալ Հայրենիք, և այն ներդնել շինարարության ոլորտում, բացառապես այդ ոլորտում: 90-ականների վերջերին վերադարձա ու անցա գործի: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին հիմնադրեցի «Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ն: Մեկնարկեցինք փոքրիկ նախագծերից ու կամաց-կամաց, դանդաղ, բայց հաստատուն քայլերով և անսպառ հաստատակամությամբ սկսեցինք առաջ ընթանալ: «Սպիտակ Տնակի» հասակ առնելու հետ մեկտեղ աշխատանքների ծավալներն էլ սկսեցին մեծանալ, աճեց մեզ մոտ ու մեզ հետ աշխատել ցանկացողների թիվը... Տարեցտարի պատվերները շատացան, մեր ընկերությանը դիմեցին ավելի լուրջ նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Հետզհետե մեր կատարած աշխատանքների, մեր ընկերության կողմից իրականացված նախագծերի արդյունքներն ավելի որոշակի երևացին: «Սպիտակ Տնակին» սկսեցին ավելի լավ ճանաչել ու վստահել: Մեզ մոտ աշխատանքի ընդունվեցին նոր վերապատրաստված, ուրույն ձեռագիր ունեցող կադրեր, որոնց մասնագիտական պատրաստվածության, կազմակերպչական հմտությունների, պահանջկոտության ու նախաձեռնողականության շնորհիվ նաև հնարավոր եղավ բազում նախագծերի իրականացումը: Մեզ մոտ աշխատում են առանց տրտնջալու, սիրով, ես կասեի մեղվի աշխատասիրությամբ ու ջանասիրությամբ: Մի քանի տարի անց առաջընթացն արդեն ապահովված էր: Այսօր, «Սպիտակ Տնակի» 15-ամյա տարելիցի նախաշեմին, վստահորեն կարող եմ ասել, որ «Սպիտակ Տնակը» հայրենական շինարարության ոլորտի զարգացմանը մեծ նպաստ բերած, ամեն օր ծանրաբեռնվածությամբ ու պատվախնդրորեն աշխատող շինարարական մի մեծ ու համերաշխ ընտանիք է, որը երբեք չի երկնչել ո՛չ շինարարական աշխատանքների ծավալներից, ո՛չ ամենաբարդ նախագծերի իրականացումից: Տա՛ Աստված, որ մեր Երկիրը ապրի խաղաղության մեջ, «Սպիտակ Տնակը» ապագայի Հայաստանում դեռ նոր արժեքներ կհեղինակի:

 

-Հայերը դարեր շարունակ լավ շինարարի համբավ են ունեցել, և այսօր էլ հայ շինարարը պահանջված ու հարգված է ողջ աշխարհում: Կցանկանայի՞ք, որ Ձեր որդին, թոռները շարունակեին հայկական շինարարական ավանդույթները, Ձեր գործը:


-Դիպուկ է ասված՝ շեն է ու ապագա ունի այն երկիրը, որտեղ չի լռում շինարարի մուրճի ձայնը: Հայը դարեր շարունակ եղել է կառուցող ու շենացնող, որի հանդեպ ակնածանքն ու հարգանքը պահպանվում է առայսօր: Շինարարի մասնագիտությունը ողջ աշխարհում ընդհանրապես, մեր երկրում մասնավորապես, առանձնահատուկ ընկալում ունի, իսկ շինարարությունն էլ միշտ եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևորագույն, ինչու չէ, առանցքային բնագավառներից մեկը: Դարերով եկած մեր անկրկնելի վարպետների փորձն ու հմտությունները համադրելով շինարարության ժամանակակից տեխնոլոգիաների հետ` այսօրվա շինարարը կառուցում է բարձրորակ ու սեյսմակայուն շենքեր, կոթողներ: Հայ շինարարի մուրճի ձայնը չլռեց մեր երկրի համար անգամ դժվարին ժամանակներում: Պարզապես ցանկանում եմ, որ մեր՝ հայրենական շինարարական կազմակերպություններն էլ ֆինանսապես այնքան հզոր և տեխնիկապես այնքան հագեցած լինեն, որ կարողանան մասնակցել աշխարհի ցանկացած երկրում շինարարական խոշոր ծրագրերի իրագործմանը՝ դիմանալով ոլորտում ցանկացած մրցակցության: Այսօր հայ շինարարին արտերկրում հիմնականում ճանաչում են արտագնա աշխատանքով, և ես չգիտեմ հայաստանյան որևէ շինարարական կազմակերպություն, որը գործունեություն է ծավալել արտերկրում:
Կցանկանայի՞ որդիս կամ թոռնիկս շարունակեին հոր, պապի գործը: Կատասխանեմ այսպես. երբ գնահատվում է գործդ, իհարկե, ցանկանում ես, որ ժառանգդ, կամ էլ թոռնիկդ դառնան գործիդ շարունակողը, իսկ երբ աշխատանքը, որի համար հոգի, առողջություն ես դրել, ճիշտ չի ընկալվում՝ վերածվելով, թող ինձ ներվի, եթե ասեմ, ուղղակի առևտրի, ահա այդ ժամանակ, իհարկե, չեմ ուզում:

-Ըստ ձեզ` այսօր բիզնես մթնոլորտն ի՞նչ վիճակում է, այդ միջավայրում հե՞շտ է աշխատել:


-Ողջ աշխարհում բիզնես մթնոլորտը գոհացուցիչ չէ: Բայց և այնքան էլ անհույս չէ, որ խփենք ծնկներներիս: Առհասարակ, աշխատելը միշտ էլ դժվար է եղել: Բայց երբ սիրում և սիրով ես կատարում գործդ, դժվարությունները հաղթահարելի են դառնում: 
Հիմա, երբ գոնե, կիսով չափ ետևում են մնացել համաշխարհային ճգնաժամի առաջացրած դժվարությունները, իմ խորին համոզմամբ` շինարարության ոլորտի համար կբացվեն նորանոր հորիզոններ: Այսօր շինարարական բիզնեսը Հայաստանում ունի աճի, զարգացման միտումներ, ինչին նպաստում են նաև կառավարության ընդունած մի քանի բարենպաստ որոշումներ, որոնցից կցանկանայի նշել հիփոթեկային վարկի հետ կապված հայտնի որոշումը, ինչը ոլորտին պետության աջակցության փայլուն օրինակ է: Համոզված եմ՝ մեր երկրի ղեկավարությունը առաջիկայում էլ կանի քայլեր, որոնք էապես կբարելավեն ոլորտի վիճակը, և մեր տնտեսության համար անչափ կարևոր ու առանցքային նշանակություն ունեցող այս ճյուղի՝ շինարարության համար դեռ կգան լավ օրեր:

 

Հարցազրույցը` 
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...