05:30
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արփինե Հովհաննիսյան

2013-01-10 11:55

Տարվա երիտասարդը՝

իր անցած ուղու և ձեռքբերումների մասին

Արփինե Հովհաննիսյան, ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր

 

Շուրջ տաս տարի` բավական երիտասարդ տարիքից, ծառայել եմ պետական ապարատում ու թեև քաղաքականության ետնաբեմում էի, բայց վկան ու անմիջական ականատեսն էի քաղաքական գործընթացների:

-Հարգելի՛ Արփինե, «Դե Ֆակտո» ամսագիրը՝ որպես երիտասարդ ակտիվ քաղաքական գործիչ,  Ձեզ ճանաչել է «Տարվա երիտասարդ»: Դուք կարճ ժամանակահատված է, ինչ ԱԺ պատգամավոր եք, սակայն  հեշտությամբ ինտեգրվեցիք քաղաքական գործընթացներում: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր հեշտությամբ ինտեգրվելը Աժ  աշխատանքում. մինչև  2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցելը ի՞նչ գործունեությամբ եք զբաղվել, ինչպիսի± ձգտումներ եք ունեցել:

-Նախ շնորհակալ եմ այս անվանակարգում ինձ հաղթող հռչակելու համար:  Թեև ինքս կարծում եմ, որ տարվա երիտասարդն այն երիտասարդն է, որ այսօր աշխատում է առաջիկա ԱԺ-ներում տեղ գտնելու համար, այն երիտասարդն է, որ սովորում է բուհում, այն երիտասարդն է, որ կանգնած է սահմանին, այն երիտասարդն է, որ հասարակական ակտիվիզմով է զբաղվում և այն երիտասարդն է, որ չնայած անվերջ և անթիվ դժվարություններին` շարունակում է սիրել իր երկիրը և իր ապագան միայն այստեղ է տեսնում:

Իմ մուտքն Ազգային ժողով պատահական չէր, թեև պատիվ էր ինձ համար: Ես ինտեգրվեցի քաղաքական կյանքում ոչ թե խորհրդարան մտնելուց հետո, այլ դրանից առաջ: Շուրջ տաս տարի` բավական երիտասարդ տարիքից, ծառայել եմ պետական ապարատում ու թեև քաղաքականության ետնաբեմում էի, բայց վկան ու անմիջական ականատեսն էի քաղաքական գործընթացների: Վերջին տարիներին հենց ԱԺ-ում էի աշխատում, իսկ դա նշանակում է, որ արդեն վաղուց ինտեգրված էի այդ կառույցին: Փոխվել է միայն կարգավիճակս:

Ինչ վերաբերում է ձգտումներիս, ապա դրանք կապված են եղել առավել խորը մասնագիտական գիտելիքների ձեռքբերման հետ, որն էլ իր հերթին հանգեցրել է մեկ այլ ձգտման` մասնագիտական առաջխաղացման իրագործմանը:

-Ինչպե՞ս կգնահատեք 2012թ. Ձեր գործունեությունը, ի՞նչ հաջողվեց անել: 

-2012թ. ինձ համար շատ տարբեր չէր նախորդ տարիներից: Աշխատանքային տարի էր: Իսկ հաջողվեց անել ավելի քիչ, քան ցանկանում էի: Եվ դա նույնպես, կարծում եմ, բնական է: Բայց առջևում դեռևս մի քանի տարի կա: Հուսամ՝ դրանք խիստ արդյունավետ կլինեն ինձ համար:

-Ըստ Ձեզ՝ հաջողվե՞ց ձևավորել նոր որակի խորհրդարան:

-Նոր որակի` անշուշտ: Որակը միշտ փոխվում է: Սակայն փոփոխություններն ինչպես դրական, այնպես էլ բացասական կարող են լինել: Ցանկալի է, որ խորհրդարանում որակական առաջընթաց լինի, և դա մշտական բնույթ կրի, սակայն, միշտ չէ, որ ցանկություններն իրականանում են: Հուսամ` հաջորդ խորհրդարանն առավել լավը կլինի:

Նախատեսում եմ հանդես գալ նաև մի շարք նախաձեռնություններով, որոնց հանրային պահանջարկն առկա է. ժամանակը հասունացել է մեր կյանքում որոշակի լուրջ փոփոխություններ մտցնելու:

-Դուք ընդգրկված եք ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Որքանո՞վ է Ձեզ հոգեհարազատ այդ հանձնաժողովը, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ:

-Քանի որ իրավաբան եմ և առայժմ ՙիրավաբան-տեխնոկրատ՚ եմ, ուրեմն՝ այս գումարման ԱԺ-ում այդ հանձնաժողովը, թերևս, ինձ համար ամենահարմարն էր: Իսկ եթե աշխատում ես մասնագիտությամբ, որը սիրում ես, ուրեմն՝ երջանիկ ես: Պատասխանը միանշանակ է` շատ հոգեհարազատ է: Օրենսդրական նախաձեռնություններս վերաբերել են ամենատարբեր ոլորտների՝ ՀՀ քրեական օրենսգիրք, ՙԲաժնետիրական ընկերությունների մասին՚ ՀՀ օրենք, ՙՊետական և ծառայողական գաղտնիքի մասին՚ ՀՀ օրենք և այլն:

Նախատեսում եմ հանդես գալ նաև մի շարք նախաձեռնություններով, որոնց հանրային պահանջարկն առկա է, սակայն առաջարկն ուշանում է: Ժամանակը հասունացել է մեր կյանքում որոշակի լուրջ փոփոխություններ մտցնելու, ծրագրում եմ այդ հարցում նախաձեռնողական դիրք գրավել:

-2012թ. ձևավորված խորհրդարանում, նախորդների համեմատ, երիտասարդ ներուժն ավելի մեծ թվով է ընդգրկված: Ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք երիտասարդ և ավագ գործընկերների հետ: 

-Թեև ես երիտասարդ եմ (և շատ ուրախ եմ, որ դեռ երիտասարդ եմ), սակայն ո°չ քաղաքականությանը և ո°չ խորհրդարանին չեմ նայում երիտասարդի աչքերով: Եվ թերևս չէի էլ հանդուրժի, որ քաղաքականության մեջ կամ խորհրդարանում ինձ վերաբերվեն որպես երիտասարդի: Տարիքը, անշուշտ, մեծ կապ ունի փորձառության հետ, իսկ փորձառությունը հաճախ իմաստնության է հանգեցնում, բայց ես, դեռևս բավական հեռու լինելով այդ աստիճանի փորձառություն ունենալուց,  այնուամենայնիվ, իմ գործի մասնագետն եմ և նորելուկ չեմ պետական միջանցքներում: Թե° տարիքով ավելի մեծ և թե° երիտասարդ մյուս գործընկերներիս ես դիտարկում եմ միայն մասնագիտական պրիզմայով: Հետևաբար տարիքն ինձ համար ոչ այլ ինչ է, քան օրացուցային մի ջրբաժան, որին, անշուշտ, հարգանքով պետք է վերաբերվել, բայց ոչ սրբազան սարսուռով: Մնացած առումներով ես իմ գործընկերներին ոչ թե տարիքով եմ չափում, այլ` մասնագիտական սանդղակով, փորձառությամբ և ինտելեկտուալ արժեքով: Իսկ ընդհանրապես, մեծամասնության հետ, երիտասարդ, թե առավել տարեց, հրաշալի հարաբերություններ ունեմ: Որքանով ինձ հայտնի է, անձնական կամ բացահայտ թշնամիներ Ազգային ժողովում ես չունեմ:

-Ինչպիսի՞ն եք տեսնում 2013թ. Աժ աշխատանքները, ի՞նչ ծրագրված աշխատանքներ կան, որ նախատեսել եք 2013թ. իրականացնել: 

-2013թ. ԱԺ աշխատանքները տեսնում եմ այնպիսին, ինչպիսին 2012թ. էր: Եթե այլ` արտակարգ իրադարձություններ, տեղի ունենան խորհրդարանի կյանքում, ապա ցավում եմ, որ չեմ կարող հիմա դա կանխատեսել: Ցավոք, պայծառատես չեմ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ եմ նախատեսել իրականացնել, ապա այդ մասին արդեն խոսեցինք: Մանրամասների փոխարեն կուզենայի ցույց տալ արդյունք, երբ արդեն կատարված կլինի, այլ ոչ թե նախերգանք:

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Գիտեք՝ հաճելի է բարեմաղթանքներ լսելը, թերևս նաև` ասելը, բայց մեզանում ամանորյա բարեմաղթանքները հաճախ նման են ճոխ կենացների. գեղեցիկ և ճոռոմ խոսքերի ստանդարտ մի հավաքածու, որ բազում քաղաքական գործիչներ համեմում են հայրենասիրական փառավոր արտահայտություններով: Թե° մաղթողները և թե° ստացողները դրան, թերևս, հումորով են վերաբերվում: Ես չէի ուզենա մտնել այդ կեղծ շրջանի մեջ: Կսահմանափակվեմ մեկ նախադասությամբ. մեզ բոլորիս հաջող և անարհավիրք տարի եմ մաղթում:

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...