15:38
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հրաչյա Պողոսյան

2016-02-18 22:00


Բարեգործության հրաշակերպ էությունը

«Դե Ֆակտո» N116 (2016թ.)


Մեծագույն և եզակի երջանկություն է, երբ Աստծո հետ վերգիտակցական հաղորդակցության արդյունքում մարդը գիտակցում է, թե որն է իր առաքելությունը Երկրի վրա և Աստծո օրհնությամբ իրականացնում է այն: Նրա կյանքն այդուհետ ուղղվում է դեպի տիեզերական հավերժության լուսավոր ճանապարհը` լի բարությամբ, անձնվիրությամբ և աստվածահաճո գործերով: Նման վառ անհատականություն է հայ և ռուս ժողովուրդների բարերար, պահեստազորի մայոր, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանը, ում ջանքերով ստեղծվել են 50 և ավելի մշակույթի, հոգևոր և պատմական նշանակության կառույցներ և հուշակոթողներ: Դրանց միջոցով նա նյութականացրել է իր արժեհամակարգում կարևոր տեղ զբաղեցնող, մեր պատմական անցյալի էջերը հավերժացնող անձանց հիշատակը, որը հոգու կանչ է նրա համար: Եվ իր բոլոր նախաձեռնություններն իրականացրել է միայնակ, առանց որևէ աջակցության, իր ֆինասնական հնարավորություններով:
Նրա վեհ և անձնուրաց աշխատանքի համար նրան շնորհվել են բազմաթիվ պարգևներ՝ Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, Ռուս ուղղափառ եկեղեցու «Փառք ու Պատիվ» 3-րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նևսկու երկրորդ կարգի շքանշան, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվեց պետական բարձրագույն պարգև՝ «Մովսես Խորենացի» մեդալ, Ռուս ուղղափառ եկեղեցու մի շարք պատվավոր մեդալներ, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների մի շարք մեդալներ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների բարձրագույն ոսկե մեդալներ, իսկ սփյուռքի նախարարից «Պողոս Նուբար» մեդալ։ Ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինիկինի ձեռքով պարգևատրվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով:
Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ հրապարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք առանձնանում են իրենց ռազմական թեմաներով: Դրանցից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն: Այն կենսագրական տեղեկատու է, որը ներկայացնում է պետերբուրգցի ծագումով հայ 600 ռազմական գործիչներին:


Ներկայացնում ենք Հրաչյա Պողոսյանի հետ մեր հարցազրույցը, որի միջոցով փորձել ենք բացահայտել նրա երկրային առաքելության հոգևոր ուղին:

-Պարո՛ն Պողոսյան, Դուք կյանքի հետաքրքիր պատմություն ունեք, որը լի է աստվածահաճո գործերով, կխնդրեմ ներկայացնեք` ի՞նչ ճանապարհ եք անցել, որո՞նք են եղել այն ամենափոքր հաջողությունները, որոնք վերաճել են մեծ ձեռքբերումների:


-Ինձ համար բոլոր հաջողություններն էլ մեծ ձեռքբերումներ են, որոնց հասնելու համար ես մեծ ջանքեր եմ գործադրել: Դրանք գեղեցկացրել և հարստացրել են իմ կյանքը նոր իմաստներով ու արժեքներով, որոնցով ուրախանում և հպարտանում եմ: Սակայն պետք է շեշտեմ նաև, որ իմ հաջողությունների գրավականը իմ ընտանիքն է, հարազատներս, ընկերներս, մարդկային ազնիվ ու ջերմ փոխհարաբերությունները, Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների հոգևորականների հետ շփումները, Հայրենական մեծ պատերազմի վետերանների և պաշարված Լենինգրադի բնակիչների բարեմաղթանքները: Առանց նրանց հոգևոր աջակցության, հասկացողության և գնահատականի` առավել դժվար կլիներ անցնել իմ ճանապարհը:

 

-Ինչպե՞ս հայտնվեցիք Սանկտ Պետերբուրգում, ի՞նչ գործունեություն էիք ծավալում այնտեղ:


-Սանկտ Պետերբուրգն իմ կյանքում կարևոր տեղ ունեցավ ճակատագրի բերումով, կյանքի ուղին ինձ տարավ այնտեղ:
Նշեմ, որ ծնվել եմ Արմավիրում (Հոկտեմբերյանում), մանկությունս և պատանեկությունս անցել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, որն ինձ համար ամենահոգեհարազատ վայրն է: 1988 թվականին ավարտել եմ Երևանի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ. Բաբաջանյանի անվան հատուկ ռազմական դպրոցը: 1992 թվականին ավարտել եմ ՌԴ Չելյաբինսկի ավտոմոբիլային ինժեներական բարձրագույն ռազմական ուսումնարանը: Լեյտենանտի կոչում ստանալուց հետո զինվորական ծառայության եմ անցել Լենինգրադի մարզում: 1999 թվականին կազմհաստիքային միջոցառումներով զորացրվել եմ պահեստազոր: Պահեստազորից դուրս գալուց հետո զբաղվել եմ բիզնեսով: Այսօր կարոտով եմ հիշում ծառայության տարիները, բարձր եմ գնահատում ընկերներիս հետ ջերմ հարաբերությունները, որ ձևավորվել են այդ տարիներին և շարունակվում են մինչև այսօր:
Առաջին սեփական նախաձեռնությունը բիզնես ոլորտում հայկական խոհանոցի հետ է կապված եղել: Ռուսաստանում տարածված կարծիք կար, որ հայկական խոհանոցի ոչ բոլոր կերակրատեսակներն են համեղ ստացվում այնտեղ, մասնավորապես` հայկական քյուֆթան: Ես փորձեցի հակառակն ապացուցել և ստացվեց: Մեր ազգային կերակրատեսակը ներկայացրեցի միջազգային մրցույթում և շահեցի ոսկե մեդալ: Դա իմ առաջին քայլն էր բիզնես ոլորտում, որի միջոցով հասկացա` եթե գործի մեջ սեր և նվիրում ես ներդնում, անպայման հաջողության ես հասնում:
Հաջորդ ոլորտը շինարարությունն էր, որում ներգրավվեցի` իրականացնելով համատեղ ծրագրեր ՌԴ պաշտպանության նախարարության հետ, մասնավորապես` 2006 թվականից աշխատում եմ որպես «РосВоенСтрой» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն:
2013 թվականից նշանակվել եմ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական:

Ինձ վրա շատ վառ տպավորություն են թողել մեր պատմական անցյալի իրադարձությունները, անարդարությունները, հերոսական էջերը, որոնց հանդեպ իմ հարգանքն ու խոնարհումն արտահայտելու պահանջ եմ մշտապես ունեցել, դա իմ ամենակարևոր առաքելությունն եմ համարում կյանքում, որն իրականացրել եմ իմ հեղինակած կառույցների միջոցով:

 

-Ձեր կատարած բարեգործական առաջին նախաձեռնությունը հայրենի գյուղում էր, ինչպե՞ս այն հղացաք և սկսեցիք բարեգործությունների իրականացման ուղին, ի՞նչ է բարեգործությունը Ձեզ համար:


-Մարդու էությունը գալիս է իր մանկությունից, այդ ժամանակահատվածի տպավորություններն ու հիշողությունները խորը հետք են թողնում և արտացոլվում հետագա կյանքում: Բարությունը, բարին արարելը, կարիքավոր մարդկանց օգնելը, մեծերին հարգելը, պատմական արժեքների նկատմամբ սեր և հարգանք տածելը ընտանիքի հոգեբանա-մշակութային մթնոլորտի միջոցով անգիտակցաբար փոխանցվում են մեզ, որոնք առավել հասուն տարիքում գիտակցական դրսևորում են ունենում` արտացոլվելով մեր գործունեության մեջ: Ես շատ վառ հիշողություններ ու տպավորություններ ունեմ իմ մանկության տարիներից, որոնց գումարվել է նաև խորհրդային դաստիարակությունը:
Երբ ուսանող էի, և Ագարակ գյուղից երթուղայինով գնում էի Երևան, մեր գյուղի մյուս երիտասարդների հետ միասին մրսում էի անձրևի, քամու և ձյան տակ երթուղայինին սպասելիս: Ես որոշել էի, անպայման, հնարավորության դեպքում կանգառ կառուցել, որպեսզի ինձ նման մյուս երիտասարդները չսառչեն, լինի ծածկ, որի տակ հնարավոր կլինի պաշտպանվել ձյունից, անձրևից և քամուց: Եվ ահա առաջին հնարավորության դեպքում ես կառուցեցի այդ կանգառը, որը դարձավ իմ առաջին բարեգործական նախաձեռնությունը:
Ինձ վրա շատ վառ տպավորություն են թողել նաև մեր պատմական անցյալի իրադարձությունները, անարդարությունները, հերոսական էջերը, որոնց հանդեպ իմ հարգանքն ու խոնարհումն արտահայտելու պահանջ եմ մշտապես ունեցել, դա իմ ամենակարևոր առաքելությունն եմ համարում կյանքում, որն իրականացրել եմ իմ հեղինակած կառույցների միջոցով:

-Պարո՛ն Պողոսյան, ուսումնասիրելով Ձեր կյանքի պատմությունը և տեսնելով Ձեր լայնամասշտաբ գործունեությունը` խորին զարմանք ապրեցի, թե ինչպես եք հասցրել այդքանը` 50 և ավելի մշակութային, հոգևոր ու պատմական նշանակության կառույցներ և հուշակոթողներ, միակ եզրակացությունս այն է, որ Դուք առաքելություն ունեք կատարելու, որը լավագույնս դրսևորվում է Ձեր բարեգործական նախաձեռնություններում: Կխնդրեմ` պատմեք` ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը, ինչպե՞ս եք հասցրել այդքանը:

- Այդ թիվն ինձ էլ է երբեմն զարմացնում, քանի որ ես երբեք չեմ հաշվել դրանք կամ որոշակի թվաքանակով կառույցներ ստեղծելու ծրագիր կազմել, դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը ու կարևոր նշանակությունը, հոգևոր ուժն ու ներշնչանքը: Դրանք ուղղակի քարակերտ կառույցներ չեն, դրանցում մեծ սեր և հոգի կա, որոնք նյութականացված ձևով փոխանցվում են սերունդներին, որպեսզի նրանք էլ ինձ պես ներշնչվեն մեր պատմական անցյալով: Եվ հետաքրքիրն այն է, որ իմ ստեղծած կառույցները փոխկապակցված են միմյանց հետ, մեկի ստեղծումը առաջացրել է մյուսի կառուցման անհրաժեշտությունը և այդպես սկսվել է նրանց պատմության մեծ շղթան: Երբեմն մի կառույցի նախագիծ իրականացնելու համար կարիք է եղել մի քանիսը ստեղծել, որպեսզի գլխավոր նախագծի իրականացման բարոյական և հոգևոր նշանակությունն առավել իմաստավորված լինի: Այսինքն` ոչինչ ինքնանպատակ չի արվել, ես իմ կյանքի պատմությունը կերտել եմ իմ հայ ժողովրդի կյանքի պատմության խորքերը ուսումնասիրելով և հարգանքի տուրք մատուցելով: Օրինակ` երբ մշակում էին Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակի միջոցառումների նախագիծը, հաշվի առնելով Պետրոս Առաջինի մեծ ներդրումը հայ և ռուս ժողովրդների եղբայրական հարաբերությունների սկզբունքում, ես առաջարկել էի ստեղծել Պետրոս Առաջինի հուշարձան, սակայն քննարկման ժամանակ ինձ բացատրեցին, որ առանց մեզ էլ այդ պատմական Մեծ գործչի հիշատակին արձաններ կառուցելու համար հերթեր են գոյացել։ Ու 2012 թվականին «Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակելու մշտական հանձնաժողովի նախագահ» Վիկտոր Կունտարևը պատմեց Կիրովսկում գտնվող Պետրոս Առաջինի մի հուշահամալիրի մասին, որը համարվել է XIX դարի զբոսաշրջային ամենագեղեցիկ վայրերից մեկը, և քանդվել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։ Որոշեցի վերականգնել այն ի նշան շնորհակալության այն բարյացակամ վերաբերմունքի, որ Պետրոս Առաջինը ունեցել է հայերի նկատմամբ: Սակայն մինչև այդ, փնտրեցի, ուսումնասիրեցի բոլոր արխիվային նյութերը և գտա որտեղ են հուղարկավորված 1845թ., Պետրոս Առաջինի հիշատակին «Կարմիր սոճիներ» կոչվող վայրում հուշարձանի հեղինակները` Սպիրիդոնով քարտաշ եղբայրները: Ես նախաձեռնեցի նրանց շիրմաքարերի վերանորոգման աշխատանքների իրականացումը` հարգանքի տուրք մատուցելով նրանց և բարոյական իրավունք վաստակելով իրենց կառուցած հուշարձանը վերականգնելու: Կարծում եմ` վերականգնելով հուշարձանները` վերականգնում ենք նաև պատմությունը, որը ժողովուրդը միշտ պետք է հիշի, քանի որ դա ազգային ինքնագիտակցության ամրապնդման և զարգացման կարևոր գրավականներից մեկն է:
Ինչ վերաբերվում է ներշնչանքի աղբյուրին, ապա պետք է նշեմ, որ եթե մարդը իր հայրենիքին, քաղաքին կամ գյուղին վերաբերվում է այնպես, ինչպես իր տանը, ապա շատ լավ զգում է, թե ինչի կարիք կա այնտեղ և ոգևորվում է այն գաղափարով, որ կարող է այն բավարարել: Երբ ես լսում եմ, թե ինչպիսի գնահատականներ են հնչում իմ կատարած գործերի վերաբերյալ, զգում եմ, որ այն հոգևոր մղումը, որ ես ունեմ, և որի ծնունդն են իմ կառուցած բոլոր հուշարձանները, միայն իմ հոգու պահանջը չեն, այլ բազում մարդկանց, որոնք չեն կարողացել իրականություն դարձնել իրենց գաղափարները: Այն հայացքները, արտասվալից աչքերը, որ ես տեսնում եմ հուշարձանների բացման արարողությունների ժամանակ, այդ ամենի հավաստիքն են: Դա նույնպես ինձ համար ոգեշնչման աղբյուր է:
Ես երջանիկ եմ, որ կարողանում եմ օգտակար լինել վետերաններին և պաշարված Լենինգրադի բնակիչներին` զգալով իմ հանդեպ նրանց սերն ու հարգանքը:

 

-Ձեր բարեգործական նախաձեռնություններում մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, խաչքարերը: Պատմական այդ ժամանակահատվածը ի՞նչ կարևորություն ունի Ձեզ համար, որը հիմք հանդիսացավ նման լայնածավալ գործունեության:

-Իմ երկու պապերից մեկը Հայրենական մեծ պատերազմում զոհվել է, իսկ մյուսը` ծանր վիրավորվել: Ես իմ մայրական տատիկին ժպտալուց չեմ տեսել, մանուկ հասակում ինձ անգամ թվում էր, որ նրան չեմ սիրում, սակայն առավել հասուն տարիքում հասկացա, թե ինչու էր նա այդպիսին: Պապս գնացել էր պատերազմ և չէր վերադարձել, գնալուց առաջ տատիիս խնդրել էր, որ իրենց դեռևս չծնված երեխային Ազատ անունով կնքի` իբրև ազատության խորհրդանիշ: Տատս իր ուսերին էր վերցրել ողջ ընտանիքի հոգսը` և՛ հայր էր, և՛ մայր, և՛ պապիկ, և՛ տատիկ, ու թուլանալու, քնքշանքներին տրվելու երջանկություն չէր կարող իրեն թույլ տալ: Նրան հաջողվել էր իր բոլոր երեխաներին պահել, մեծացնել, դաստիարակել, կրթության տալ, ինչը հեշտ չէր միայնակ կնոջ համար: Ինձ համար նա իսկական հայ կնոջ կերպար է:
Երբ լսում եմ «День победы» («Հաղթանակի օրը») երգը, իմ պապերի պատմությունն եմ հիշում: Մեր ընտանիքում միշտ նշվել է հաղթանակի օրը` որպես հաղթանակի և սգո օր: Ամեն հուշարձանի, խաչքարի բացման արարողությանը ես հրավիրում եմ մայրիկիս և ասում` իմացիր, թե քո հոր մասունքները նույնպես ամփոփված այս հուշարձանում: Եվ կարծում եմ, որ միայն մայրս չի այդպես մտածում, այլ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հերոսական պայքար մղած խորհրդային ժողովրդների հետնորդները, որոնք իրենց պապերի սխրանքն են տեսնում դրանցում: Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված իմ հովանավորությամբ նաև հրատարակվել են բազմաթիվ գրքեր և նկարահանվել ֆիլմեր:


Ես երջանիկ եմ, որ կարողանում եմ օգտակար լինել վետերաններին և պաշարված Լենինգրադի բնակիչներին` զգալով իմ հանդեպ նրանց սերն ու հարգանքը: Նրանց հետ շփվելով և լսելով իրենց պատմությունները միայն կարելի է պատկերացնել, թե ինչերի միջով են անցել նրանք:


-Ձեր գործունեության աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա: Ո՞ր հուշակոթողները կառանձնացնեք այդ երկրներում, ինչպիսի՞ ընդունելության և գնահատականի եք արժանացել հատկապես օտար ժողովուրդների կողմից:


-Ի թիվս Ձեր նշած երկրների` ես ևս բարեգործական ծրագրեր եմ իրականացնում նաև Էստոնիայում ու Սլովակիայում, և բոլոր երկրներում էլ արժանացել եմ բարձր գնահատականի և ընդունելության: Օրինակ` Բելոռուսիայում մեզ երեխաները դիմավորեցին հայերեն, ռուսերեն և բելառուսերեն ողջույնի խոսքերով` հարգելով իմ հայկական ծագումը, ռուս ժողովրդի հետ բարեկամությունը և իրենց երկրում բարեգործական ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը: Ես կարծում եմ` լավ վերաբերմունքի արժանանալուց թանկ բան չկա կյանքում, անկեղծ ասված լավ, բարի խոսքը անգին գանձ է և ներշնչանքի մեծ աղբյուր:
Վերը նշված երկրների կողմից ստացել եմ բազում շնորհակալագրեր և պարգևատրումներ:
Շատ եմ կարևորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Վրաստանում տեղադրված խաչքարը, որը բարձր գնահատականի արժանացավ Վրաստանում հայկական թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի, տեղի վրաց և հայ ժողովրդի կողմից, և նա ոգեշնչեց ինձ ևս մի շարք հուշակոթողներ տեղադրելու: Այն Մեծ եղեռնին նվիրված առաջին հուշարձանն է Վրաստանում, որը նաև ճանաչողական նշանակություն ունի բոլոր զբոսաշրջիկների համար, ովքեր այցելում են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

-Պարո՛ն Պողոսյան, Դուք մեծ քայլ եք կատարել հատկապես հայ և ռուս ժողովուրդների բարեկամության, հոգևոր-մշակութային կապի ամրապնդման գործում, ինչն արժանի է բարձր գնահատականի: Դուք ինքներդ զգացե՞լ եք այդ ազդեցությունը:

-Իհարկե, զգացել եմ, հատկապես, երբ Ռուսաստանում ինձ մոտեցել են մարդիկ և պատմել, որ հայկական ծագում ունեն, որ իրենց պապերը հայեր են եղել: Շատ հուզիչ զրույցներ եմ ունեցել նրանց հետ: Յուրաքանչյուր հուշարձանի բացման արարողությանը նկատել եմ նրանց հուզված դեմքերը, հարգալից վերաբերմունքը դեպի հայ ժողովուրդը: Նույնը ես զգացել եմ Հայաստանում ռուս ժողովրդի նկատմամբ, լսել պատմություններ երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունների մասին:
Ես Կիրովսկի շրջանի Պատվավոր քաղաքացի եմ, որտեղ կառուցվել են վեց և ավելի հուշակոթողներ: Պետք է ուրախությամբ նշեմ, որ այսօր Կիրովսկի շրջանը հայ ազգի բոլոր ներկայացուցիչներին վերաբերում է որպես հարազատ եղբայրների, և Կիրովսկ քաղաքում ծածանվում է Հայաստանի դրոշը:


Կյանքը հետաքրքիր է նրանով, որ ոչ միշտ է ընթանում մեր ծրագրերի համաձայն, լինում են դեպքեր, երբ իրավիճակն է որոշիչ դառնում: Ամեն ինչ սկսվեց «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանի կնոջ նամակից…

 

-Դուք մեծ միջոցառում եք կազմակերպել «Արարատ 73» թիմի 40-ամյակին նվիրված, ինչպես նաև հուշարձան եք կառուցել Ձեր հայրենի Ագարակ գյուղում: Ինչպե՞ս պատահեց, որ նման նախաձեռնություն հղացաք և ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը «Արարատ 73»-ի սպորտային նվաճումների հետ կապված:

-Կյանքը հետաքրքիր է նրանով, որ ոչ միշտ է ընթանում մեր ծրագրերի համաձայն, լինում են դեպքեր, երբ իրավիճակն է որոշիչ դառնում: Ամեն ինչ սկսվեց «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանի կնոջ նամակից, որի նկատմամբ ես սկզբում այլ վերաբերմունք դրսևորեցի, ինձ թվաց նամակի բովանդակությունն այնքան էլ իմ անելիքը չէ, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ պատահական ոչինչ չի լինում, և եթե ես եմ ստացել այն, ուրեմն` դա իմ առաքելությունն է: Այդպես` իմ առաջին քայլը եղավ իմ հայրենի Ագարակ գյուղում «Արարատ 73»-ի 40-ամյակին նվիրված հուշարձանի կառուցումը:
«Արարատ 73»-ը լեգենդար թիմ է, որի անդամները իսկական հերոսներ են և կարևոր դեր և նշանակություն ունեն հայկական ֆուտբոլի զարգացման պատմության մեջ: Ուրախ եմ, որ ծանոթացա թիմի բոլոր անդամների հետ, բացի Արկադի Անդրեասյանից, ով այդ ժամանակ վատառողջ էր, և այդպես էլ ինձ բախտ չվիճակվեց անձամբ ծանոթանալ նրա հետ: Հեռախոսով զրուցեցի Նիկիտա Սիմոնյանի հետ, ով խոստացավ Հայաստան այցելելու դեպքում հավաքել հավաքականի բոլոր անդամներին և այցելել հուշարձանին:
Հուշարձանի հետ կապված ես կարծիքներ լսեցի, որ շատ լավ կլիներ այն կառուցվեր մայրաքաղաքում, սակայն ես հակառակ տեսակետն ունեմ, որ մենք պետք է կարևորենք մեր գյուղերը, որպեսզի նրանք զարգանան և ապրեն ակտիվ մշակութային առօրյայով: Կուզենայի, որ այդ հուշարձանը դառնար թիմի հաղթանակների խորհրդանիշ, և մեր բոլոր ֆուտբոլային հաղթանակները նշվեին այնտեղ` ի հարգանք լեգենդար թիմի: Ես վստահ եմ` այսօր էլ շատ ֆուտբոլիստներ փորձում են նմանակել թիմի առաջատար ֆուտբոլիստներին:
Ես ուրախ եմ, որ -«Արարատ 73»-ին նվիրված հուշարձան կառուցելու ծրագիր կա նաև Երևանում: Շատ լավ նախաձեռնություն է, քանի որ նման հաղթանակներին նվիրված մեկ հուշարձանը շատ քիչ է, պետք չէ մեկով բավարարվել, որպեսզի ապագա սերունդները տեսնեն և ոգևորվեն մեր հաղթանակներով, քանի որ հերոսությունը երբեք չի մահանում, այն անմահ է:
Իմ կողմից կազմակերպվեց նաև «Արարատ 73»-ի 40-ամյակին նվիրված երեկո, որն ընթացավ ամենաբարձր մակարդակով: Բացի այդ երեկոյից, նաև մեծ շուքով անցկացվեց ՀՀ կառավարության կողմից կազմակերպված մեծ միջոցառում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

-«Արարատ 73» թիմի ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանի հետ կապված հետաքրքիր պատմություն կա, որը Աստծո անքննելի գործերի և հրաշքների վառ ապացույցն է, ինչպես նաև Ձեր հոգևոր առաքելության կատարման կարևոր դրվագներից, կխնդրեմ պատմեք այդ պատմությունը և ներկայացնեք Ձեր զգացողությունները, իմաստավորումը:

-Հավատը բարձրագույն արժեք է, վերգիտակցական հասկացություն, որն ապրում է մեր մեջ, ապրեցնում մեզ և հրաշքներ գործում: Եվ երբ հավատին միանում են հույսն ու սերը, ամբողջանում է մարդկային գոյը պահպանող հասկացությունների շղթան: Իսկապես` հույսը, հավատը և սերն են մեր հոգևոր հենասյուները:

Արմեն Սարգսյանի հետ կապված պատմության հիման վրա ֆիլմ է նկարահանվել, որը տեղադրված է իմ պաշտոնական կայքէջում և կոչվում է «Մի նամակի պատմություն կամ հավատի առեղծվածը»: Այն ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում և արժանացել հավանության և բաձր գնահատականի, VIII-րդ Քրիստոնեական ֆիլմի փառատոնի մրցանակակիր է:
Արմեն Սարգսյանի կինն իր նամակում պատմում է, որ ամուսինը ծանր հիվանդ է, և որ ինքը հավատացած է` եթե ես իրականացնեմ իր խնդրանքը, ապա Արմեն Սարգսյանը կառողջանա: Նրա խնդրանքն էր վերականգնել Ախալցխայի Ծուռխութ գյուղի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Աստվածամայր մատուռը, որը հայտնի է իր հրաշագործություններով և դարեր շարունակ եղել է հավատացյալների ուխտատեղի: Արմեն Սարգսյանի կինն այդ մատուռի հետ կապված իր պատմությունն ուներ, որը վերաբերում էր իր տատիկի առողջության վերականգնմանը, և մեկ անգամ արդեն համոզվել էր, որ մատուռն իսկապես մեծ զորություն ունի. նրա տատիկը առողջացել էր, նա վստահ էր, որ Արմեն Սարգսյանն էլ կհաղթահարի այդ դաժան հիվանդությունը:
Ես գիտեի, որ այդ խնդրանքի իրականացման ճանապարհը դժվարին է լինելու, քանի որ մատուռը գտնվում է Վրաստանի տարածքում և համարվում է այդ երկրի սեփականությունը, որևէ նման նախաձեռնություն իրականացնելու համար պետք էր թույլտվություն ունենալ: Այդ առիթով ես մեկնեցի Վրաստան` Ախալցխայում վրաց ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Թեոդորի հետ հանդիպման: Նա շատ լավ ընդունեց ինձ, լսեց պատմությունս, սակայն եպիսկոպոսը բացատրեց, որ մեծ դժվարությունն է հանդիսանում այն հանգամանքը, որ այդ մատուռը վրացիները համարում են վրացական, ես նրան առաջարկեցի իրականացնել մատուռի գոնե ամրացման աշխատանքներ և տեղադրել հայկական խաչքար, որի կողքին կարող է լինել նաև վրացականը, որպեսզի որևէ խնդիր չառաջանա: Նա ասաց, որ դրա կարիքը չկա, սակայն մենք պետք է պատրաստ լինեք, որ լուրեր կտարածվեն, թե հայերը վերականգնում են վրացական եկեղեցիները: Մենք պարզեցինք, որ վերջին 15-20 տարիների ընթացքում մատուռ են այցելում հայերը և վրացիները, իսկ դրանից առաջ` միայն հայերը, և շատ դժվար կլիներ վրացիներին համոզել, որ մատուռը հայկական է: Երբ ես գնացի այդ վայրը և տեսա մատուռը, համոզվեցի, որ այն իսկապես հայկական է, որի մեջտեղում հայկական խաչքար է տեղադրված: Բայց այնտեղ ինձ ևս զգուշացրեցին, որ պետք է զգույշ լինել որևէ քայլ կատարելուց առաջ:
Ես շատ վատ զգացի, որ չեմ կարողանում իրականացնել Արմեն Սարգսյանի կնոջ խնդրանքը և այդ ժամանակ ինձ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պատմեց, որ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը ուզում է ինձ առաջարկել խաչքար տեղադրել Խոր Վիրապի եկեղեցու տարածքում, քանի որ ես վաստակել եմ այդ իրավունքը` արժանանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին: Իմ ուրախությանը չափ չկար, որ կարող եմ խաչքար տեղադրել` Գրիգոր Լուսավորիչին նվիրված, այն ժամանակահատվածում, երբ մեր ֆուտբոլիստները ժամանելու են Հայաստան: Ես այդ ժամանակ հասկացա, որ մեր առջև նոր ճանապարհ է բացվել: Ես կարծես դրանով ուզում էի հանգստացնել Արմեն Սարգսյանին, որ չստացվեց այնտեղ, կստացվի այստեղ` կրկին սուրբ վայրում:
Դրանից հետո խաչքար-աղբյուր տեղադրեցինք նաև իմ հայրենի Ագարակ գյուղում: Այնուհետև հաջողվեց Ախալցխայի Սուրբ Սիոն եկեղեցու բակում խաչքար կանգնեցնել նվիրված Աստվածամորը` ի հարգանք խոնարհված մատուռի, որի այցելության ժամանակ Արմեն Սարգսյանը տեսիլք է տեսնում ` կապված այդ մատուռի հրաշագործության հետ: Շատերն են զարմացած, և բուժող բժիշկն Ամերիկայում պնդում է, որ իր պրակտիկայում սա եզակի դեպքերից է, որը չի բացատրվում գիտությամբ։
Ես ուրախ եմ, որ կարողացա օգնել Արմեն Սարգսյանին, ով երկու տարի անց` այսօր, իրեն լավ է զգում, երախտապարտ եմ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, որի միջնորդությամբ Վեհափառ Հայրապետը ընդունեց ֆուտբոլի վետերաններին, և այդ հանդիպման ժամանակ տվեց իր օրհնությունն Արմեն Սարգսյանին։

 

Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց զգալու կյանքի գեղեցկությունը, մոտ լինել Աստծո լույսին, ինչպես նաև զգալ մարդու և Աստծո զորեղ կապը, ինչն ինձ համար մեծագույն ձեռքբերում է:


-Դուք հավատացյալ, աստվածահաճո անձնավորություն եք, ով Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալներից է: Ո՞րն էր Ձեր հոգևոր կապի դրսևորման պահանջի առաջին զգացողությունը, ինչպե՞ս սկսվեց և շարունակվեց այն:

-Ինչպես մեր պատմական անցյալի նկատմամբ սերն ու նվիրումը սկիզբ է առել իմ ընտանիքից, այնպես էլ հավատն առ Աստված: Պապս խորին հավատք ուներ դեպի Աստված. նա օրը սկսում էր աղոթքով, Աստծուն շնորհակալություն հայտնելով այն ամենի համար, ինչ ունի: Նա իր օրագրում գրում էր ամեն բան և յուրաքանչյուր երևույթ կապում Աստծո հետ, նաև իր փրկությունը Մեծ գաղթի ժամանակ, երբ ականատես է եղել իր մոր սպանությանը: Նրա շնորհիվ` փրկվել է իրենց համագյուղացիների մեծամասնությունը, ինչն իմ կողմից տեղադրված վեց հուշակոթողների ոգեշնչման առիթ է հանդիսացել:
Այդ ժամանակ ես փոքր էի և չէի հասկանում նրան, ինչպես նաև Աստծո գոյությունը մեր մեջ և մեր շուրջ, սակայն տարիներ անց ես հասկացա, որ նրա հավատը մեծ հետք է թողել իմ մեջ և եկեղեցի կառուցելուց հետո այն խորապես ամրապնդվեց իմ հոգում:
Շատ կարևոր էր իմ կյանքում նաև հանդիպումը Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ: Ես շնորհակալ եմ նրան իմ հանդեպ դրսևորած ուշադրության և վերաբերմունքի համար: Այնքան կարևոր է հանդիպել մարդու, ում մոտ կբացես հոգիդ: Նրա հետ հոգևոր թեմաներով մեր զրույցները շատ կարևոր նշանակություն են ունեցել ինձ համար և ճանապարհ բացել դեպի հոգևոր աշխարհի հարստությունը: Նրա շնորհիվ` ես ծանոթացա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, որից հետո իմ կյանքը լիովին փոխվեց, ինչի համար շնորհակալ եմ Վեհափառ Հայրապետին:
Եկեղեցի կառուցելու առաջին գաղափարը իմ մեջ առաջացավ 2000-ականներին, երբ Լենինգրադի մարզում` Վոլխով գետի ափին, տեսա մի խոնարհված եկեղեցի: Իմ մեջ որոշում կայացրեցի հնարավորության դեպքում վերակառուցել այն: Անցավ որոշ ժամանակ, և ես ոգևորված գնացի այդ վայրը` նպատակս իրագործելու որոշմամբ, սակայն տեսա, որ եկեղեցին արդեն վերակառուցված է: Ուրախացա, որ եկեղեցին լքված չի մնացել, սակայն տխրեցի, որ նպատակս չհաջողվեց իրականացնել, պարտքի զգացողությունը ծանրացավ իմ մեջ և ես մտածեցի, որ Աստված կների, եթե Աստծո տուն կառուցեմ իմ հայրենի Ագարակ գյուղում, որտեղ գործող եկեղեցի չկար: Գյուղի տարածքում կան 5-րդ, 10-րդ դարի կիսավեր եկեղեցիներ, որոնք վերականգնել հնարավոր չէ: Եվ իմ նախաձեռնությամբ 2008 թվականին կառուցվեց եկեղեցի, որը կրում է Սուրբ Մարիամ Աստվածածնի անունը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռնադրմամբ և Սրբալույս մեռոնով օծվեց եկեղեցին: Այդ օրվանից Ագարակ գյուղում զարգացավ հոգևոր կյանքը, և ագարակցիները հնարավորություն ունեցան առնչվելու Աստծո լույսին Աստծո տանը:
Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց զգալու կյանքի գեղեցկությունը, մոտ լինել Աստծո լույսին, ինչպես նաև զգալ մարդու և Աստծո զորեղ կապը, ինչը ինձ համար մեծագույն ձեռքբերում է:

 

Ես հայոց պատմության հանդեպ ինձ հանգիստ եմ զգում, որ նման սուրբ վայրում նման հուշարձաններ կառուցելու պատվի արժանացա: Ինձ թվում է այնտեղից ավելի շուտ կհասնեն մեր աղոթքներն առ Աստված` շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ում շնորհիվ կայացել է մեր ազգը, պետությունը:

 

-Ձեր նախաձեռնությամբ` Էջմիածնի Մայր տաճարում երեք հուշակոթող-խաչքարեր դրվեցին` Հայրենական մեծ պատերազմի, 1988թ. Սպիտակի երկրաշարժի և արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված, ինչպես նաև տեղադրվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակին նվիրված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանը: Ինչպե՞ս հաջողվեց այդ նախագծերն իրականացնել, նման անչափ գնահատելի գործեր կատարելուց հետո ի՞նչ զգացողություններ եք ունենում:

-Մի անգամ ինձ հարցրեցին, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուշարձանների տեղադրումը ի՞մ, թե՞ Վեհափառ Հայրապետի միտքն է, ես պատասխանեցի` ինչ կատարվում է Մայր տաճարում, վեհափառի նախաձեռնություններն են, և որևէ մեկը իրավասություն չունի այնտեղ սեփական ծրագիրն իրականացնելու: Ինձ համար մեծ օրհնություն էր, հոգու հանգստություն, ինչպես նաև հպարտություն քրիստոնեական այդ սուրբ վայրում պատմական մեծ իրադարձություններին և մեծերին նվիրված կառույցների ստեղծման ու կայացման գործում ներդրում ունենալը: Յուրաքանչյուր հուշարձան ու խաչքար կապված է հայ ժողովրդի մեծ կորուստների և հերոսությունների հետ. Հայրենական մեծ պատերազմի, Սպիտակի երկրաշարժի և Արցախյան հերոսամարտի ժամանակ մենք մեծ կորուստներ ենք ունեցել: Այսօր էլ այդ վտանգը դեռ չի անցել, մեր երկիրը պատերազմական վիճակում է, և յուրաքանչյուր ծնողի աղոթքն է առ Աստված, որ պատերազմ չլինի, և իր զավակները զինվորական ծառայությունն անցնեն խաղաղ պայմաններում:
Եթե խոսենք Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանի մասին, ապա դրա իրականացումն ինձ համար երազանք էր: Վեհափառ Հայրապետը մեր առջև խիստ պահանջներ էր դրել, և ես քանդակագործների ու ճարտարապետների հետ միասին անհամբեր սպասում էի նրա հավանությանը: Երբ նա վերջապես հաստատեց նախագիծը և այն իրականություն դարձավ, ես մեծ ուրախություն ապրեցի, քանի որ երբեմն ինձ թվում էր, որ այդ հուշարձանը չի հաջողվի կառուցել:
Երեք խաչքարերի և հուշարձանի բացման, oրհնության արարողություններին մասնակցում էին 32 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, այսինքն` Հայ Առաքելական եկեղեցու բոլոր բարձրաստիճան հոգևորականները: Օծելուց հետո Վեհափառ Հայրապետն իր խոսքում նշեց, որ իրեն բավարարված է զգում ու հետաքրքիր բան պատմեց, ինչը անչափ հուզեց ինձ.«Երբ մեր թափորը դուրս եկավ Մայր տաճարից, և մեր լուսապետը մեզ ուղղեց դեպի խաչքարերը, մի պահ ես զգացի, որ մեր ոտքերը անկախ մեզանից առաջն են գնում, դա Աստծո կամքն էր ու մեր լուսապետի հարգանքը դեպի բարերարը»: Ու երբ 32 եպիսկոպոսները մասնակցեցին խաչքարերի օծմանը, մի պահ հուզմունքը խեղդեց ինձ, և ես արցունքներ նկատեցի շատերի աչքերին: Այսինքն` շատերի ցանկությունն էր նման հարգանքի արժանացնելը մեր պատմական անցյալի էջերին:
Ես հայոց պատմության հանդեպ ինձ հանգիստ եմ զգում, որ նման սուրբ վայրում նման հուշարձաններ կառուցելու պատվի արժանացա: Ինձ թվում է այնտեղից ավելի շուտ կհասնեն մեր աղոթքներն առ Աստված` շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ում շնորհիվ կայացել է մեր ազգը, պետությունը: Ես իմ շնորհակալությունը հայտնում եմ նաև ծաղիկների միջոցով, որոնցով զարդարում եմ թե՛ իմ կառուցած հուշարձանները, թե՛ Վեհափառ Հայրապետների գերեզմանները, թե՛ եկեղեցիները: Կարծում եմ, եթե մարդը ծաղիկ չի նվիրում իր մորը և կնոջը, ապա չի կարող նվիրել եկեղեցուն, և եթե ծաղիկներով չի զարդարում իր հայրենիքի նվիրյալների շիրիմները, ապա չի կարող զարդարել իր հարազատների գերեզմանները:
Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Վեհափառ Հայրապետին ինձ Մայր տաճարի տարածքում հուշարձաններ տեղադրելու հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին և բոլոր այն հոգևորականներին, ովքեր իմ կողքին են եղել: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև իմ եղբորը, բոլոր քանդակագործներին և ճարտարապետներին, ում հետ աշխատել եմ այդ նախագծերի իրականացման ընթացքում:
-Ձեր նախաձեռնությունները, հոգևոր-մշակութային լինելով, նաև քաղաքական հարթության մեջ կարևոր դերակատարում ունեն, օրինակ, Վրաստանում Ձեր նախաձեռնությամբ տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Որքանո՞վ է քաղաքականությունը հոգեհարազատ Ձեզ և արդյո՞ք եղել են քաղաքական արձագանքներ:
-Ես զբաղվում եմ այն գործով, որը հոգեհարազատ է ինձ, իսկ քաղաքականությունը դրանում տեղ չունի, երբեք չեմ մտածել այդ ոլորտում գործելու մասին և երևի թե պետք էլ չէ: Իսկ թե իմ գործունեությունը քաղաքական ինչպիսի նշանակություն և կարևորություն ունի, փաստում են հատկապես Հայաստանի բարձր պաշտոնյաների` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի, գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից շնորհած պարգևները և հնչեցրած գնահատականները, որի համար ես երախտապարտ եմ իրենց:
Ինչ վերաբերում է Վրաստանում հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, ապա այն իսկապես կարևոր նշանակություն ունի` առաջինը լինելով Վրաստանում, և ես ուրախ եմ, որ այդ խաչքարն այնտեղ ապրող յուրաքանչյուր հայի համար մեծ հոգևոր արժեք է: Այդ խաչքարին անընդհատ ծաղիկներ են դրվում շատ պաշտոնյաների կողմից` հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդի պատմության դաժան օրերին: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատմեց, որ նորապսակ երիտասարդները գալիս և ծաղիկներով զարդարում են խաչքարը, ինչը ինձ շատ հուզեց: Ես կրկին համոզվեցի, որ ճիշտ նախաձեռնություն եմ իրականացրել, որը միայն իմ հոգու պահանջը չէ, այլ շատերինը:


Յուրաքանչյուրիս մեջ է ապրում Աստված, նույնիսկ այն մարդկանց, ովքեր անհավատ են: Իմ կարծիքով` մենք այնքանով ենք Աստծուն մեր մեջ թողնում, որքանով ուզում ենք: Եվ որքան մեր ապրելակերպը աստվածահաճո, բարի դարձնենք, այնքան ավելի մոտ կգտնվենք Աստծուն` ստանալով նրա օրհնությունը և բարեհաճությունը:

-Պարո՛ն Պողոսյան, Դուք Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ընտրվել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջրօրհնեքի Խաչի քավոր, այդ պատվին արժանանալու համար իսկապես պետք է Աստծո կողմից ընտրյալ լինել, ի՞նչ զգացողություններ ունեիք Աստծուն այդքան մոտ գտնվելիս, ի՞նչը փոխվեց Ձեր կյանքում:


-Դա անասելի երջանկություն էր ինձ համար, որի մասին կարելի էր երազել միայն: Ինձ համար անսպասելի էր այդ պատվին արժանանալը` Խաչի քավոր ընտրվելն ու Վեհափառ Հայրապետի հետ սուրբ սեղան բարձրանալը: Ես շատ հզոր ապրումներ ունեցա հատկապես, երբ խաչը ձեռքիս էր, անդադար աղոթում էի և շնորհակալություն հայտնում Աստծուն և Վեհափառ Հայրապետին ինձ նվիրած այս երջանիկ պահերի համար:
Արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը պատմեց, որ երբ մտածել է, թե ում ընտրի որպես Խաչի քավոր, անընդհատ ինձ է հիշել, այդժամ նա կայացրել է իր որոշումը, որ ես եմ այդ ընտրյալը:
Յուրաքանչյուրիս մեջ է ապրում Աստված, նույնիսկ այն մարդկանց, ովքեր անհավատ են: Իմ կարծիքով` մենք այնքանով ենք Աստծուն մեր մեջ թողնում, որքանով ուզում ենք: Եվ որքան մեր ապրելակերպը աստվածահաճո, բարի դարձնենք, այնքան ավելի մոտ կգտնվենք Աստծուն` ստանալով նրա օրհնությունը և բարեհաճությունը:

-Պարո՛ն Պողոսյան, Դուք եզակի անձնավորություն եք Ձեր տեսակով և կատարած գործերով, կարծես մի քանի կյանք դրված լինի Ձեր մեջ, որը զորացնում է Ձեր հոգին` մղելով անսահման բարի գործերի: Դուք նաև ներդրում ունեք Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր կենտրոնների համագործակցության գործում, կխնդրեմ պատմեք այդ մասին:

-Ես շատ բարեգործների աշխատանքներ եմ տեսել և հիացել ու ինքս ինձ եզակի համարել չեմ կարող: Ամեն դեպքում շնորհակալ եմ նման գնահատականի համար:
Ինչ վերաբերում է երկու երկրների հոգևոր կենտրոնների համագործակցությանը, ապա պետք է նշեմ, որ իմ կողմից հովանավորվեց Սանկտ Պետերբուրգի և Սևանի հոգևոր դպրանոցների դասասենյակների վերակառուցման և վերանորոգման աշխատանքները: Դրանից հետո 2011թ. առաջին անգամ մեր պատմության մեջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Սանկտ Պետերբուրգի ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում իրականացվում են կրթական, գիտական ծրագրեր, ուսանողների և դասախոսների փոխայցեր. այսօր ռուս հոգևորականներ սովորում են Էջմիածնում և հայ հոգևորականներ` Սանկտ Պետերբուրգում:

-Ապրելով հայրենիքից հեռու` ի՞նչ ապրումներ եք ունենում ամեն անգամ Հայաստան գալուց և ինչպիսի՞ հայրենիքի մասին եք երազում, ի՞նչը կուզենայիք փոխվեր Հայաստանում:

-Ամեն անգամ Հայաստան գալուց ես զգում եմ կարոտ, թեև հաճախ եմ լինում Հայաստանում: Ես երազում եմ, որ իմ երեխաներին փոխանցվի իմ սերը դեպի հայրենիքը, հայրենի մշակույթն ու պատմությունը, իմ ծննդավայրը, որ նրանք իմ արժեքների կրողը լինեն: Ամեն ինչ անում եմ դրա համար: Ես ճանաչում եմ մի հայ մարդու, ով մեծ տխրություն ապրեց, երբ հասկացավ, որ իզուր է փորձում իր երեխաներին կապել Հայաստանի հետ, սեր արթնացնել հայրենիքի նկատմամբ, նրանք արդեն օտարացել են հայրենիքից: Այդ օրինակը տեսնելով` ես առավել ևս աշխատում եմ, որպեսզի հայրենասեր սերունդ մեծացնեմ, և սերմանեմ իմ երեխաների մեջ նաև սեր դեպի Սանկտ-Պետերբուրգը և Ռուսաստան երկիրը, որտեղ իրենք ծնվել են, քանի որ եթե մարդը չսիրի այն երկիրը, որտեղ ապրում է, ապա նա չի սիրի իր պատմական հայրենիքը, և եթե իմ երեխաները այդ հարցում թերանան, ես անձնական ողբերգություն կապրեմ:
Երազում եմ խաղաղ երկինք ունեցող, ծաղկող և զարգացող Հայաստանի մասին: Կցանկանայի նաև, որ յուրաքանչյուր հայ ուրախություն և հպարտություն ապրեր, որ ինքը ապրում է այսօրվա Հայաստանում:
Ինչ վերաբերում է ինչ-որ բան փոխելուն, ապա ես չեմ կարող այդ հարցին օբյեկտիվ պատասխանել, այլ կասեմ միայն, որ Հայաստանը պետք է ունենա ամուր պետականություն, որպեսզի թե՛ երկրի ներսում և թե՛ նրա սահմաններից դուրս ապրող հայը իրեն վստահ զգա: Պետք է նշեմ նաև, որ այսօր հայը օտար երկրներում իրեն շատ ապահով է զգում, արժանանում լավ վերաբերմունքը, ինչը, վստահ եմ, ՀՀ կողմից վարվող արդյունավետ արտաքին քաղաքականության արդյունք է:
Կուզենայի ավելացնել, որ լավ կլիներ, եթե բոլոր տաղանդավոր և ճանաչված հայերը հաճախակի հանդիպումներ կազմակերպեին Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի բնակչության հետ՝ նրանց ոգևորելու և հայրենասիրության նոր շունչ հաղորդելու նպատակով։

-Ի՞նչ է սերը Ձեզ համար:

-Սերը վեհ հասկացություն է, որի մեջ ամփոփվում է մեր հոգևոր զգացմունքային աշխարհի ողջ ներկապնակը: Կյանքն ինքը սեր է և սիրո ծնունդ: Աստված մեզ պարգևել է այդ լուսավոր զգացմունքը, որ սիրենք միմյանց` մեր ծնողին, կնոջը, երեխային, ընկերոջը, հարազատին, բարեկամին և պարզապես մարդուն: Եթե չկա սեր, չկա կյանք, ոչինչ չկա…
Սերը նաև արարման ձգտում է, որն ընկած է յուրաքանչյուր բարի գործի հիմքում: Դժբախտ է այն մարդը, ով չի սիրում:

-Ինչի՞ մասին եք մտածում Աստծո հետ մենակ մնալիս, ի՞նչ եք խնդրում նրանից:

-Իմ աղոթքներում ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ, խնդրում եմ, որ տա ինձ իմաստնություն, որպեսզի չշեղվեմ ճշմարիտ ուղուց, ապրեմ օրինակելի կյանքով, խնդրում եմ նաև, որ լուսավորի երեխաներիս ճանապարհը, նրանց հաջողություն և առողջություն շնորհի: Իմ աղոթքներում առ Աստված խնդրում եմ, որ մեր եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև միշտ ամուր մնան, երբեք չմոռանալով հայրենիքս` խնդրում եմ խաղաղություն աշխարհին, որ երբևէ պատերազմական իրավիճակներ չլինեն, և որևէ մայր չարտասվի:

-Բոլոր մարդիկ մեղսունակ են, հեշտությա՞մբ եք նկատում թե՛ Ձեր, թե՛ շրջապատի մարդկանց գործած մեղքերը:

-Բոլորս էլ մեղքեր գործում ենք, դա անխուսափելի է, սակայն ես աշխատում եմ մեղքեր չգործել և իմ հարազատներին էլ հեռու պահել մեղքերից: Կարծում եմ` հավատք ունեցող յուրաքանչյուր մարդ այդպես է ապրում, քանի որ իր քայլերով պատասխանատու է ինքն իր և Աստծո առջև:

 

Երեխաներս ծնվել են եկեղեցական տոներին, ինչը, կարծում եմ, պատահական չէ, իր մեջ խորհուրդ ունի և մեզ առավել զգոն ու պատասխանատու է դարձնում Աստծո առջև:

 

-Հետաքրքիր է, որ Ձեր երեխաները ծնվել են սուրբ տոներին և կրում են աստվածաշնչյան անուններ: Ի՞նչ խորհուրդ եք տեսնում այդ ամենի մեջ, ինչպե՞ս եք մեկնաբանում:

-Ես ունեմ չորս երեխա, նրանցից յուրաքանչյուրի ծնունդը սպասելի և ուրախալի է եղել իմ և կնոջս համար և նոր իմաստ հաղորդել մեր կյանքին: Նրանք իսկապես ծնվել են եկեղեցական տոներին, ինչը, կարծում եմ, պատահական չէ, իր մեջ խորհուրդ ունի և մեզ առավել զգոն ու պատասխանատու է դարձնում Աստծո առջև: Դա հաղորդագրություն է այն մասին, որ Աստված իմ կողքին է, իմ ընտանիքի կողքին:
Փոքրիկ տղաս կրում է Գրիգորի անունը` ի պատիվ Գրիգոր Լուսավորիչի: 2014թ. Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանն ինձ մեծ պատվի արժանացրեց. ես հնարավորություն ունեցա վերանորոգման աշխատանքներ նախաձեռնել Խոր վիրապի եկեղեցու հայտնի փոսում, որտեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը: Եվ երբ 2014 թ. նույն եկեղեցում ես Խաչի քավոր էի, իսկ 2015 թ․`Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, կնոջս հետ որոշեցինք, որ եթե որդի ունենանք, նրան անվանենք Գրիգոր Լուսավորիչի պատվին: Այդպես էլ եղավ: Տղայիս ծննդյան օրը համընկավ Ռուսաստանում նշվող հոգևոր տոներից մեկի հետ: Այդ օրը ես հրավիրված էի Տիխվին, որտեղ նշվում էր Աստվածամոր Տիխվինի սրբապատկերի հայտնության 500-ամյակը: Ես պատիվ ունեցա խոսելու Մոսկովյան և Ամենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ, և պատմեցի որդուս անվան պատմությունը, նա տվեց իր օրհնությունը, նույն օրը հեռախոսով զրուցեցի նաև Վեհափառ Հայրապետի հետ և ստացա նրա օրհնությունը ևս:
Կետրինիս ծնունդը համընկավ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնի հետ, իսկ Անժելիկաս ծնվեց Ռուսաստանում Հիսուս Քրիստոսի մկրտության տոնի նախօրյակին:
Կնոջս հայրը երազել էր տղա ունենալ, բայց չէր ունեցել ու կարծես թե Աստծո կամքն էր, որ տղաս ծնվեց պապիկի ծննդյան օրը, այդ ժամանակ Ռուսաստանում սուրբ օրեր էին համարվում: Նրան անվանեցինք հորս անունով` Միսակ: Դա նաև հորս ցանկությունն էր, որ իմ որդին կրի իր անունը:
Խոսել երեխաների մասին և չխոսել կնոջս մասին, սխալ կլինի: Նա իմ գաղափարակից ընկերն է, և եթե նա այնպիսին չլիներ, ինչպիսին է, ինձ համար շատ դժվար կլիներ իրականացնել նպատակներս: Նա իմ հոգևոր ընկերն է և ինձ հետ միասին ուրախանում է յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման համար: Դա անչափ կարևոր է ինձ համար: Շնորհակալ եմ նրա ծնողներից, որ այդպիսի աղջիկ են դաստիարակել, ով գնահատում և սիրում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ և ինձ հետ միասին ներդաշնակ անցնում է կյանքի ճանապարհը: Ես շնորհակալ եմ Վեհափառ Հայրապետին, որ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը շնորհեց ոչ միայն ինձ, այլ նաև կնոջս, մեր ընտանիքին, մեր միությանը:


-Այս տարին յուրահատուկ տարի է Ձեր միության համար, կբացե՞ք փակագծերը:


-Այո, իսկապես այդպես է, քանի որ հունվարի 9-ին լրացավ մեր ամուսնության 10-ամյակը: Շուրջ տասը երջանիկ տարիներ ենք անցկացրել միասին, ստեղծել ամուր ընտանիք, որտեղ տիրում է սեր և համերաշխություն: Շնորհակալ եմ կնոջս այդ ամենի և հրաշք զավակների համար, որ նա պարգևել է ինձ: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում:

Կյանքի իմաստը նրանում է, որ մարդը կարողանա երջանիկ լինել և երջանկացնել մյուսներին, չլինի անձնապաստան, օգտակար լինի մարդկանց ինչով և ինչ չափով որ կարող է:

-Ըստ Ձեզ` ո՞րն է մարդու կյանքի իմաստը:


-Կյանքի իմաստը նրանում է, որ մարդը կարողանա երջանիկ լինել և երջանկացնել մյուսներին, չլինի անձնապաստան, օգտակար լինի մարդկանց ինչով և ինչ չափով որ կարող է: Ես միշտ ասում եմ` երջանիկ է այն մարդը, ով կարողանում է բացի իր երեխաներից, օգտակար լինել նաև այլ երեխաների: Եթե բոլորս այդպես մտածենք, ապա կյանքն առավել գեղեցիկ կլինի ու ապահով:
Ես գոհ ու շնորհակալ եմ Աստծուն իմ կյանքի համար: Միայն մի պակաս տեղ ունեմ` հորս բացակայությունը, նա ժամանակից շուտ լքեց մեզ: Եթե կյանքս վերապրելու հնարավորություն ունենայի, ոչինչ չէի փոխի, կուզենայի միայն հայրս ավելի երկար ապրեր և ես վայելեի նրա ներկայությունն իմ կողքին: Նա հավատացյալ մարդ էր և կուրախանար իմ գործունեությամբ, հարգանքով դեպի մեր պատմությունը: Պատահական չէ, որ իմ կողմից իրականացված բոլոր կառույցների վրա գրում եմ հորս անունը: Նա միշտ ինձ հետ է` անկախ այն հանգամանքից, որ ֆիզիկապես ներկա չէ:


-Ինչի՞ մասին եք երազում այսօր:


-Երազանքները շատ են, ինձ երբեմն թվում է, թե երազներով եմ ապրում, հետո դրանք փորձում իրականացնել: Ընկերներս ասում են, որ ես երազում եմ` որպես երեխա և իրականացնում երազանքներս` որպես մեծ:
Իմ երազանքները հիմնականում կապված են Հայաստանի ու Ռուսաստանի հետ: Երբ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում պատիվ ունեցա Վեհափառ Հայրապետի հետ այցելելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հոգևորականները տարբեր լեզուներով աղոթք բարձրացրեցին եղեռնի զոհերի համար, և երբ մասնակցեցի նրանց սրբադասման արարողությանը, փոխվեց ընկալումս Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի վերաբերյալ. եթե նրանք մինչ այդ զոհեր էին, ապա այդուհետ դարձան սրբեր: Այդ ժամանակ միտք հղացա սրբապատկեր տեղադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, որը կխորհրդանշի նրանց սուրբ լինելը: Այդ գաղափարով կիսվեցի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ, ով ողջունեց այն և խոստացավ, որ «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը կաջակցի այդ նախագիծը կյանքի կոչելու հարցում:
Այսօր ապրում եմ այդ երազանքի իրականացման սպասումներով: Հուսով եմ՝ Աստծո կամոք, Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Բ-ի օրհնությամբ, Հայ ժողովրդի ցանկությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ, ես ի կատար կածեմ այդ երազանքը:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...