20:56
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՏԱՐՎԱ ԳՅՈՒՂԱՊԵՏ

2016-01-17 23:55

Երբ գնահատվում է աշխատանքդ, դու քեզ ավելի ուժեղ եւ ինքնավստահ ես զգում.


ՀՈՎԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)
 

 

«Դե ֆակտո» ամսագրի կողմից «Տարվա գյուղապետ» է ճանաչվել Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանը:

Հովիկ Թադևոսյանը ղեկավարում է Հովտաշատ համայնքը արդեն երեք տարի: Այս տարիների ընթացքում նա մշտապես գյուղի և համագյուղացիների կողքին է եղել: Կատարել է բազում վերանորոգման աշխատանքներ, որին ականատես ենք եղել ինքներս: Այս կարճ ժամանակահատվածում, քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել է Հովտաշատը դարձնել գեղեցիկ և ապահով համայնք: Իր հովանավորությամբ կատարվել է նաև հետևյալ աշխատանքները. մանկապարտեզի չորրորդ խմբի սենյակի վերանորոգում և գույքի ձեռքբերում, Շահումյան փողոցի ճանապարհային մասի վերանորոգման աշխատանքներ, գյուղապետարանի բակի կանաչապատման, ծառատունկի (հոլանդական եղևնիներ), ցանկապատի կառուցում և ավտոմատացված ոռոգման ցանցի տեղադրում, մշակույթի տան ներքին էլեկտրական ցանցի վերանորոգում, մշակույթի տան և մանկապարտեզի բակերում աղբամանների տեղադրում, Հովտաշատի միջնակարգ դպրոցի բակում ցայտաղբյուրի տեղադրում՝ իր ջրագծով, դպրոցի ճաշարանի վերանորոգում և սպասքի ձեռքբերում, միջհամայնքային փողոցների լվացման և մաքրման աշխատանքներ: Մի քանի տասնյակ տարիների ընթացքում կուտակված աղբավայրերի հեռացում:

2012թ-ին Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի հիմնադիր նախագահ Ֆելիքս Բաղջինյանի կողմից հասարակական, քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար Հովտաշատի համայնքապետ Հովիկ Թադևոսյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

Ստորև ներկայացնում ենք «Դե Ֆակտո» ամսագրի հարցազրույցը Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի հետ:

-Ի՞նչը ստիպեց Ձեզ, հայտնի գործարարին, ընտրվելու համայնքապետ: Այս կարճ ժամանակահատվածում ինչպիսի՞ աշխատանքներ եք հասցրել իրականացրել:


-Ինչպես գիտեք, ես գործարար մարդ եմ, մշտապես եղել եմ իմ համայնքի կողքին, օգնել և աջակցել եմ թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես:
Եկավ մի պահ, երբ որոշեցի համայնքապետի աշխատանքային գործունեությամբ ծառայել գյուղին, իրականացնել գյուղի զարգացման հետ կապված նպատակներս և ծրագրերս: Մի բան է կողքից նկատել և աջակցել գյուղապետարանին, մեկ այլ բան է լինել հենց այդ վարչական մարմնի ղեկավարը:
Այս տարիների ընթացքում կատարվել են մի շարք բարենպաստ աշխատանքներ՝ ի շահ մեր համայնքի զարգացմանը:
Ի սկզբանե, մեր առջև խնդիր դրվեց զարգացնել կրթության ոլորտը և վերանորոգման աշխատանքներ կատարեցինք գործող դպրոցում, որտեղ սովորում են մոտ 400 երեխաներ: Այս ընթացքում խճապատել ենք գյուղամիջյան հիմնական ճանապարհները, ունենք փողոցների մոտ 90% գիշերային լուսավորություն: Մանկապարտեզը նույնպես վերանորոգել ենք եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Ունենք չորս խումբ, որտեղ հաճախում է 120 երեխա: Առաջիկայում ծրագրեր կան բացելու ևս 2 խումբ: Մեզ համար շատ կարևոր խնդիր էր գյուղապետարանի ավերված շենքի վերանորոգումը. համայնքի բյուջեի և իմ ֆինանսական հովանավորությամբ, այս տարիների ընթացքում վերանորոգեցինք նաև գյուղապետարանի շենքը:
2014 թվականից համայնքն արդեն ունի գլխավոր հատակագիծ:

 

Մի բան է կողքից նկատել եւ աջակցել գյուղապետարանին, մեկ այլ բան է լինել հենց այդ վարչական մարմնի ղեկավարը:


-Եթե ամփոփենք տարին, ինչպիսի՞ն էր տարին Ձեր համայնքի համար:

-Որպես գյուղատնտեսական տարի, 2015-ը բերքառատ, հաջող տարին էր մեզ համար: Մոտավորապես մեկ տարի առաջ, մեզ մոտ ստեղծվեցին գյուղատնտեսական մթերքների շուկա, որը բնակիչներին հնարավորություն տվեց իրացնել իրենց գյուղմթերքը: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն է, նաև այստեղ գերակշռում են ջերմոցային տնտեսությունները:
Կարող եմ ուրախությամբ նշել,որ տարին բարեհաջող էր մեր համայնքի համար:


-Ինչպիսի՞ զարգացման ծրագրեր ունեք 2016 թվականին:


-Ապագայում նպատակ ունենք զարգացնել սպորտային կյանքը, արդեն նախագծել ենք կառուցել սպորտ դահլիճ, որտեղ երիտասարդները կարող են զբաղվել տարբեր մարզաձևերով` կարատե, բոքս, ըմբշամարտ, սամբո, ֆուտբոլ և այլ մարզաձևեր:
Իմ և մեր համագյուղացիների հովանավորությամբ կառուցելու ենք եկեղեցի, որի հատակագիծը արդեն ունենք: 2016 թվականին կսկսվեն շինարարական աշխատանքներ:


-Պարո՛ն Թադևոսյան, բնակիչների շրջանում մեծ հարգանք եք վայելում, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:


-Ես ծնվել և մեծացել եմ այստեղ: Մեր համայնքում ցանկացած բնակիչ ինձ համար հարազատ է:
Բնակիչների կողմից սիրված լինելու համար, որպես համայնքապետ պետք է կարողանաս ամենօրյա և ջերմ հարաբերություններ պահպանել յուրաքանչյուրի հետ:
Իմ կատարած աշխատանքներն ուղղված են գյուղի զարգացմանն ու բարելավմանը:

-Պարո՛ն Թադևոսյան, ուզում եմ շնորհավորել Ձեզ «Տարվա Համայնքապետ» ճանաչվելու առիթով, Ձեզ ցանկանում ենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

-Նախ ցանկանում եմ Ձեր ամսագրին խորին շնորհակալությունս հայտնել, «Տարվա գյուղապետ» կոչման համար: Երբ գնահատվում է աշխատանքդ, դու քեզ էլ ավելի ուժեղ և ինքնավստահ ես զգում: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի թե՛ Ձեր կողմից տրված կոչումը, թե՛ բնակիչների վստահությունը արդարացնեմ:


-Շուտով մոտենում են հայերիս կողմից ամենասիրված տոները՝ Ամանորը և Սուրբ ծնունդը, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:


-Այո, ճիշտ եք: Ցանկանում եմ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանալով մեր երկրին խաղաղություն, թող ոչ ոք, երբեք չզգա թշնամու գնդակի հարվածները: Ներդաշնակ և ուրախ տարի բոլորիս:

 


Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...