14:59
07/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Զավեն Խանջյան

2015-12-22 17:32

Լուսավոր գործունեությունն Աստծուն ծառայելու իմ ուղին է

  «Դե Ֆակտո» N114 (2015թ.) 

 

 Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյան


-Պարո՛ն Խանջյան, Ձեր ծավալած գործունեությունը ատվածահաճո, բարի ու անչափ գնահատելի է: Կխնդրեմ պատմեք` աշխատանքային ինչպիսի՞ ուղի եք անցել:


-Շնորհակալ եմ նման գնահատականի համար: Ծնվել եմ Հալեպում, նախնական կրթությունս ստացել եմ այնտեղ, 1967թ. ավարտել եմ Բեյրութի Ամերիկյան համալսարանը` մասնագիտանալով բիզնեսի կառավարման ոլորտում, հետագայում ստեղծելով անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերություն: Համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Արաբական ծոցի երկրները, ուր 13 տարիների աշխատանքին զուգահեռ` մտերիմներիս հետ ամենուրեք հիմնել եմ հայկական օազիսներ:
1979թ. ընտանիքիս հետ միասին տեղափոխվել ենք ԱՄՆ` Կալիֆորնիա նահանգ, որտեղ անցնող երեսուն տարիների ընթացքում վարել եմ ակտիվ գործնական կյանք, որը նվիրված է կրթական, եկեղեցական, ազգային և հասակական կյանքին` ստանձնելով ղեկավար պաշտոններ տարբեր կազմակերպություններում` «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միություն, Մերտինյան Հայ Ավետարանական վարժարան, Միացյալ Հայ Ավետարանական եկեղեցի, Glendale Family YMCA, The Salvation Army Glendale CORP, Americans For Artsakh, Armenian American Real Estate Association:


-Ինչպե՞ս պատահեց, որ դարձաք Հայ Ավետարանական եկեղեցու անդամ, իսկ 2014թ. արդեն Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն:


-ԱՄՆ-ում հաստատվելուց անմիջապես հետո անդամակցել եմ Հոլիվուդում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցուն, որի անդամն եմ մինչև այսօր:
Հայրենիքից հեռու յուրաքանչյուր հայի համար առաջանային խնդիր է պահպանել ազգային ինքնությունը, արժեքները և փոխանցել դրանք հաջորդ սերունդներին, ինչն օտարության մեջ շատ դժվար է, հատկապես, երբ չկան հայկական վարժարաններ, որտեղ երեխաները կարող են հայկական կրթություն ստանալ: Ինձ գրավեցին Հայ Ավետարանական ընկերակցության գաղափարախոսությունը, ծրագրերն ու նպատակները, որոնցում կարևորագույն տեղ են զբաղեցնում կրթական ծրագրերը:
Եվ ահա 1979թ. սկսած` ես ներգրավվեցի Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեության մեջ, փորձեցի իմ ներդրումն ունենալ կազմակերպության հայապահպանությանն ուղղված ծրագրերում: Դա ինձ համար անչափ հաճելի աշխատանք դարձավ և շարունակում է այդպիսին լինել մինչև այսօր:
1998թ. ստանձնեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արևմտյան ԱՄՆ-ի վարչության ատենապետությունը մինչև 2001թ.: Այդ շրջանում մեր կապերը սկսեցին սերտանալ անկախացած հայրենիքի հետ: Մենք կարիք ունեինք հայրենիքի հետ շփման և ազգային ինքնությունը վառ պահելու: Սակայն շուտով հասկացանք, որ հայրենիքն էլ մեր կարիքն ունի, մեր օգնության, օժանդակության, ներդրման և զոհաբերության կարիքը: Երկրաշարժի, արցախյան պատերազմի տարիներին մենք ուշադիր հետևում էինք բոլոր իրադարձություններին և մտածում` ինչպես օգնել հայրենիքին: Հուսամ Սփյուռքն իր դերը կատարեց` խոնարհվելով Ղարաբաղյան պատերազմում հերոսների թափած արյան և հաղթանակի առջև:
1998-2001թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Հայաստան-Սփյուռք կապն ավելի ամրապնդվեց, ջերմացավ: Ես ուրախ եմ, որ այդ շրջանում իմ ներդրումն ունեցա Ղարաբաղում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներում: Մինչ այդ, արդեն կառուցվել էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:
Եկեղեցական ծառայությանը զուգահեռ` տարիներ շարունակ ծառայել եմ Հյուսիսային ԱՄՆ-ի Հայ Ավետարանական եկեղեցիների միությանը, լինելով Գերագույն մարմնի վարչության անդամ, որն ընդգրկում է Կանադայի և ԱՄՆ-ի 30-ից ավելի եկեղեցիների ցանցը: Այդ միությունը միացնում է Հյուսիսային ԱՄՆ-ում գտնվող բոլոր Հայ Ավետարանական եկեղեցիները, որտեղ դրանք ներկայացված են իրեն ներկայացուցիչների միջոցով` կազմելով մեր միութենական աշխատանքի կորիզը:
2014թ. հրավեր ստացա աշխատելու որպես Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, որը սիրով ընդունեցի և փոխադրվեցի Արևելյան Ամերիկա` Նյու Ջերսի նահանգ:


-Կպատմե՞ք ծրագրերի մասին:


-Սիրով: Նախ` նշեմ, որ Հայ Ավետարանական եկեղեցու ծառայությունները տարածվում են գրեթե ողջ աշխարհում, ունեն մեծ աշխարհագրություն և հիմնականում ուղղված են կրթական ոլորտին: Դրա հիմքը դրվել է դեռևս 19-րդ դարում, երբ Ավետարանական եկեղեցին Օսմանյան կայսրության մեջ ուներ հայկական վարժարանների հսկայական ցանց, մանկապարտեզներից սկսած, մինչև քոլեջներ, աստվածաբանական ճեմարաններ, երկրորդական վարժարաններ, աղջիկների վարժարաններ: Իսկ հետագայում այդ ցանցը տարածվեց մինչև Միջին Արևելք` Սիրիա, Լիբանան, և մեզ հաջորդող սերունդները կարողացան լուսավորվել հայկական կրթության լույսով:
Երբ ես նոր էի անդամագրվել Հայ Ավետարանական եկեղեցուն, Հայ Ավետարանական համայնքն ԱՄՆ-ում չուներ ամենօրյա վարժարան, որի պակասը զգալի էր: Դա առիթ եղավ, որպեսզի մենք, մի խումբ նվիրյալների հետ միասին, իրականացնենք Հայ Ավետարանական վարժարանի կառուցման աշխատանքները: Մեծ ջանասիրությամբ սկսեցինք աշխատել և 1982թ. հաջողվեց հիմնադրել Էլիզ և Շարլոտ Մերտինյան Հայ Ավետարանական վարժարանը Կալիֆորնիայում (Լոս Անջելես): Վարժարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից ես մեծ սիրով ընկղմվեցի իմ ծառայության մեջ, որը տևեց մոտ 25 տարի: Աշակերտների թիվը տարեց տարի ավելանում էր` հասնելով 300-ի, իսկ վարժարանը` միջնակարգ դպրոցի մակարդակի հասնում:
Վարժարանը անհրաժեշտություն էր, որի ստեղծումը ժամանակի պահանջն էր, և մենք ստեղծեցինք այդ կառույցը, որը մինչև հիմա, Աստծո օրհնությամբ, բարգավաճում է և ծառայում մեր համայնքի մանուկներին: Նոր նվիրատվությունների շնորհիվ` մեր վարժարանը կունենա նոր կառույց իր համալիրի մեջ, որի շինարարական աշխատանքները հավանաբար կավարտվեն 2016թ. ամռանը` պատրաստ կրթական տարվա մեկնարկին:
Երբ Սիրիայում սկսվեց պատերազմը և վտանգն արդեն մոտենում էր սիրիահայությանը, մենք սկսեցինք համախմբել ԱՄՆ հայկական համայնքը, որպեսզի միասնականորեն օգնության ծրագիր իրականացնենք սիրիահայությանն օժանդակելուն ուղղված: Այդ ծրագիրն իրականացավ 2012թ. Լոս Անջելսում` ստեղծելով սիրիահայության զորակցության միացյալ մարմինը: 2012-2014թթ. մենք ամբողջ ԱՄՆ տարածքի հայերի շրջանում ձևավորեցինք այն գիտակցությունը, որ պետք է աջակցենք Սիրիայում կատարվող վայրագություններից մազապուրծ եղած հայերին, և այդ նպատակով դրամահավաքություն կազմակերպեցինք, որի արդյունքում հավաքված գումարը փոխանցեցինք սիրիահայության մեջ ստեղծված շտապօգնության միացյալ մարմնին: Մինչև այսօր էլ շարունակվում է սիրիահայերին աջակցության ծրագիրը, որն ուղղված է Լիբանանում, Հայաստանում, Սիրիայում գտնվող սիրիահայությանը: Մենք այս երեք վայրերում հատուկ ծառայություններ ունենք տագնապի զոհ սիրիահայ զավակների համար:


-Հայաստանում գտնվող սիրիահայերի համար ի՞նչ ծրագրեր են իրականացվում:


-Հայաստանում գտնվող սիրիահայերի համար ունենք մի քանի ծառայություններ: Օժանդակում ենք վարձերի վճարման, անվճար բժշկական ծառայություններ ստանալու, աշխատանքային փորձառություն և, անհրաժեշտության դեպքում, ուսուցում ստանալու և դրանից հետո աշխատանքի անցնելու հարցում: Մենք համագործակցում ենք գործարարների հետ, որոնց աջակցությամբ կարողանում ենք իրականացնել մեր ծրագիրը: Մեր եկեղեցիների դռները բաց են սիրիահայերի առջև:
Սիրիահայերին ուղղված` իրականացնում ենք նաև այլ ծրագրեր: Մասնավորապես` օգնում ենք հայրենիք վերադառնալ այն սիրիահայերին, որոնք նյութական միջոցներ չունեն իրենց ցանկությունն իրականացնելու համար: Համագործակցում ենք այլ կազմակերպությունների հետ: Հույս ունենք, որ նրանք, վերադառնալով հայրենիք, կկարողանան իրենց գտնել այստեղ և կհաստատվեն մշտական բնակության Հայաստանում:


-Ուրիշ ի՞նչ ծրագրեր են իրականացվել:


-Ծրագրերը շատ են, որոնք ծառայում են աշխարհասփյուռ հայությանը, կփորձեմ ներկայացնել դրանց մի մասը: Շատ կարևոր ձեռքբերում էր Բեյրութում 1955թ. հիմնադրված Հայկազյան համալսարանը, որը միակն է Սփյուռքում` որպես բարձրագույն կրթության օրրան:
Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, կրթությունը համարելով լավագույն նվերը երեխային, 1999թ. Երևանում բացեցին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրը: 1999-2014թթ. ընթացքում` 15 տարի անընդմեջ, կրթահամալիրը գործում էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավարևմտյան Ա1 թաղամասում: 2014-2015թթ. կրթօջախը տեղափոխվեց Հարավարևմտյան Բ4 թաղամասում կառուցված նոր համալիր: Յոթ մասնաշենքերից բաղկացած նոր համալիրում կրթօջախը վերանվանվեց և կոչվեց «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի՝ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»:
Կրթական հաստատություններ ունենք ԱՄՆ-ում, ինչպես նաև կրթական օժանդակություն ենք իրականացնում համալսարանական ուսանողության շրջանում Միջին Արևելքում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Հայաստանում:
Կրթական մասից դուրս` ունենք նաև ճամբարներ դպրոցականների, պատանիների և երիտասարդների համար: Դրանցից է «Շինշողիկ» ճամբարը Հանքավանում, «Պետրոսյան»-ը` Շուշիում, ՔՉԱԿ-ը` Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, որոնք ուղղված են մեր պատանիների, մանուկների ֆիզիկական և հոգեկան զարգացմանը:
Իրականացնում ենք նաև սոցիալական ծրագրեր` օգտակար լինելով հազարավոր մանուկների, նրանց համար հայթայթելով միջոցներ, ստեղծելով արտադպրոցական կենտրոններ: Երկու նման կենտրոն ունենք Երևանում և մեկը` Վանաձորում, որոնք երեխաների համար կազմակերպում են ուսումնական դասընթացներ, որոնք առնչվում են գիտությանը, մշակույթին, արվեստին, գրականությանը, ապահովում սննդով:
Ունենք բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ: Դրանցից է գործող ատամնաբուժական ծառայությունը Երևանում և Վանաձորում: Ավետարանական եկեղեցին կարևոր նշանակություն է տալիս բժշկական ծառայությունների մատուցմանը և այդ ծրագրերի շրջանակներում իրականացնում է հատուկ բժշկական ծառայություն. ամեն տարի երկու շաբաթով բժիշկների խումբ է գալիս հայրենիք և անվճար ծառայություններ մատուցում մեր ժողովրդին:
Ընդհանրապես, մեր կողմից իրականացվող բոլոր ծառայությունները բարեգործական են, անվճար:
Մեր ուշադրության կենտրոնում է նաև բանակը և նրա կարիքները: Համագործակցում ենք պաշտպանության նախարարության հետ, որի շրջանակներում այս տարի ԱՄՆ-ից բերեցինք մահճակալներ հատուկ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի համար:
Զբաղվում ենք նաև հրատարակչությամբ: Ունենք հրատարակչություններ Միջին Արևելքում, ԱՄՆ-ում: Լիբանանում հրատարակում ենք «Ջանասեր» երկշաբաթաթերթը, Երևանում` «Զհաց մեր հանապազորդ» գրքույկը, որը հայերեն և անգլերեն լեզուներով հազարավոր օրինակներով բաժանվում է աշխարհասփյուռ հայությանը: Ունենք նաև այլ հրատարակություններ, որոնք ծառայում են մեր ժողովրդի լուսավորման առաքելությանը:


-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը, ի՞նչ եք զգում ամեն անգամ հայրենիք գալով:


-Հայրենիք գալու ամենաբնական զգացումը տուն վերադառնալու զգացումն է, որն ապրում է ցեղասպանությունից փրկված սերունդների զավակներից յուրաքանչյուրը: Մեր մեջ տնից հեռացած լինելու, հայրենազրկության զգացում կա, որը երբևէ չի լքել մեզ օտարության մեջ: Ճիշտ է, մենք ջերմ ընդունելության արժանացանք միջինարևելյան և արաբական երկրներում, վայելեցինք արաբական ասպնջական ընդունելությունը և հյուրընկալությունը, սակայն մենք միշտ փնտրել ենք մեր հայրենիքը: Հայրենիքի ծարավը հագեցրել ենք մեր գրականությամբ և ապրել հայրենադարձ լինելու բաղձանքով: Եվ երբ հայրենիք ենք գալիս, զգում ենք, որ վերադարձել ենք տուն և երազում ենք, որ այդ զգացումը հավետ ուղեկցի մեզ…Գալիս ենք, ներշնչվում, նաև մտահոգվում առկա խնդիրներով և ծրագրեր կազմում` հայրենիքին օժանդակելուն, տնտեսապես ավելի զարգացած լինելուն ուղղված:


-Հայաստանում ո՞ր վայրն է Ձեզ համար առավել հոգեհարազատ:


-Հայրենիքում ամեն վայր իր համն ու հոտն ունի, իր գեղեցկությունն ու բովանդակությունը և նաև պատգամը` ուղղված սերունդներին: Տարբեր վայրեր այցելելիս ես ձգտում եմ այդ ամենն ընկալել ու հասկանալ, ու ավելի ու ավելի մեծ կապվածություն եմ զգում հայրենի հողի հանդեպ: Վերջերս առիթ ունեցանք այցելելու Շիրակի մարզի Նորաշեն գյուղը, ուր զոհված զինծառայողի տուն ենք վերանորոգում, որտեղ ապրում է նրա այրի կինը` հինգ զավակների հետ միասին: Նրանց տունը շատ վատ վիճակում էր, որտեղ ապրելու համար պայմաններ չկային, սակայն, հատկապես հայրենիքի համար զոհվածների ընտանիքները, պետք է մեր հոգածությունը զգան ու ապրեն արդարորեն արժանավայել պայմաններում:
Այդ գյուղը մեզ բոլորովին այլ աշխարհ տարավ, այնպիսի մեծ տարբերություն նկատեցի` համեմատած Հայաստանի այլ վայրերի հետ: Նորաշենը հայրենիքում առկա սոցիալական անհավասարության հայելին է, որը կարծես մի քանի դար հետ լիներ 21-րդ դարի քաղաքակրթությունից: Դա նշանակում է, որ մենք ազգովի մեծ աշխատանք ունենք կատարելու, որպեսզի մեր հայրենիքն այլ պատկեր ունենա, զարգանա ու բարգավաճի, և յուրաքանչյուր հայ ապրի արժանավայել կյանքով: Մենք բոլորս պարտավոր ենք դա անելու մեր տեղում, մեր չափով:
Յուրահատուկ է Գյումրին իր մշակույթի պատմությամբ, հումորով, Դիլիջանի շրջանը` իր գեղեցկությամբ և դրախտային երանգներով:
Իսկ քաղաքամայր Երևանը մեր նորագույն պատմության ամենագեղեցիկ քաղաքն է, որը հատկապես յուրաքանչյուր սփյուռքահայի ազատության, ապահովության զգացում է պարգևում, շրջելով Երևանի փողոցներում` զգում ես քեզ տանը, քո տաքուկ անկյունում, որտեղ ամեն ինչ հարազատ է ու սիրելի:
Իմ սրտում հատուկ տեղ ունի Արցախը: Ես հիանում եմ Շուշիի բնության գեղեցկությամբ և արցախցիների ազատատենչ ոգով: Պետք է նկատեմ, որ արցախյան շարժումը ողջ հայ ժողովրդին` արցախցիներին, հայաստանցիներին և հայրենազուրկ զգացումներով ապրող սփյուռքահայությանը պարգևեց ճակատը բարձր պահելու, հպարտ զգալու հոգեվիճակը, որը, կարծես, ծագող արև լիներ ցեղասպանությանը զոհ դարձած, հայրենիքի սահմանները փոքրացրած, օտար իշխանությունների լծի տակ ապրելու երկար ու տխուր փորձ ունեցող հայ ժողովրդի համար: Հայի ազատատենչ և մարտունակ ոգին արթնացավ, որը կարողացավ հաղթանակով պսակել ազատագրական շարժման այդ պայքարը ոչ միայն հաղթանակելով, այլ նաև տարածելով իր ազգային սահմանները:
Գեղեցիկ է հայրենիքը իր տարբեր շրջաններով ու դրանց պատգամներով:


-Ի՞նչ գաղափարախոսությամբ եք առաջնորդվում կյանքում:


- Հրանտ Մաթրևոսյանը հրաշալի կերպով է նկարագրում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին` նրան նմանեցնելով արևի լույսին, որը ծագում է ամեն օր Աստծո ստեղծած աշխարհում և իր լույսը տարածելով աշխարհի վրա` բացահայտում Աստծո հրաշալիքները և դրանք հրամցնում աշխարհին: Այդ լույսի պատգամը, ես տեսել եմ նաև Քրիստոսի վարդապետության մեջ, երբ նա մարդ արարածին տվեց` Դուք եք աշխարհի լույսը, պատգամը:
Մենք, լինելով աշխարհի լույսը, Հովհաննես Թումանյանի նման պետք է տարածենք այն, արարենք բարին ու գեղեցիկը, բացահայտենք ճշմարտությունը, ճանաչենք և շոշափենք այն և հասկանանք, թե որն է մեր առաքելությունը երկրի վրա:
Արևի լույսը լինելու բաղձանքն ինձ մղում է առաջ, որ ես իմ ծառայությունը սիրով շարունակեմ առավել մեծ նվիրումով ու հայրենասիրությամբ:

-Պարո՛ն Խանջյան, կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:


-Կինս հալեպահայ է, մեր եկեղեցու անդամ, որի հետ ծանոթացել եմ ճամբարում: Նա հայրենասեր և եկեղեցասեր անձնավորություն է: Մենք ամուսնացել ենք 1970թ., ունենք երեք երեխա` մեկ աղջիկ և երկու տղա, հինգ թոռներ, հինգն էլ` տղա:


-Ձեր թոռները հայերե՞ն են խոսում:


-Նրանք, որոնք մեզ մոտ են ապրում, այո, իսկ մյուսները մի քիչ թերանում են, սակայն իմ նպատակն է անպայմանորեն բոլորին հայերեն սովորեցնել, որը մեր ազգապահպանման ամենակարևոր բաղադրիչներից է:

Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...