14:43
07/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գաբրիել Չեմբերջյան

2015-12-26 10:00

   Պետք է հպարտ լինենք, որ հայ ենք, քիչ ենք, բայց լավն ենք 
 

  «Դե Ֆակտո» N114 (2015թ.) 

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2008 թվականի դեկտեմբերին: Իր գործունեության ընթացքում հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել բոլոր առկա և հրատապ խնդիրներն ու բացթողումները: Անձնվիրաբար կազմակերպել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, հովանավորել շնորհալի հեղինակների հրատարակությունները, բացահայտել ու խրախուսել է սոցիալապես անապահով, ուսման մեջ առաջադիմող ուսանողների, իսկ առավել շնորհալիներին օգնություն է ցուցաբերել իրենց ուսումը շարունակելու արտերկրի առաջատար բուհերում, մի շարք ուսումնական հաստատությունների հատկացրել է լաբորատոր սարքավորումներ ու համակարգիչներ, ՀՀ մարզերում, Երևանում և Արցախում տեղադրել է մանկական շարժական խաղահրապարակներ, Ստեփանակերտի հիվանդանոցին ապահովել է բժշկական արդի սարքավորումներով:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին աջակցող ու հովանավորողների ցուցակում առաջիններից էր, նրա նախաձեռնությունների ցանկը մեծ է` Կոմիտասի թանգարանի կառուցման ֆինանսավորումից մինչև անմոռուկների արտադրություն, որոնք տարածվել են համայն հայության շրջանում:

Ինչպես ստեղծվեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, ինչ աշխատանքներ է իրականացվել, ինչ աշխատանքներ դեռ պետք է կատարվեն, կիմանանք «Դե ֆակտո» ամսագրի զրուցակից «Փյունիկ» բարեգործական կազմակերպության պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջյանից:

- Պարո՛ն Չեմբերջյան, բարեգործությունն առաքինի և նվիրյալ աշխատանք է. մի փոքր կներկայացնե՞ք Ձեր անցած ուղին:

- Ծնվել եմ Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում, ավարտել տեղի Կրթասիրաց վարժարանը, որը եղբորս մահից հետո վերանվանվեց կրթասիրաց Սարգիս Չեմբերջյանի անվան երկրորդական վարժարան, ապա մշտական բնակություն եմ հաստատել Դամասկոսում: 1998թ., երբ ծանոթացա դոկտոր Լևոն Սարգսյանի հետ, մտահղացում ունեցանք ստեղծել հիմնադրամ, մինչ այդ կատարվել էին մի շարք բարեգործություններ, նշեմ նաև, որ Լևոն Սարգսյանը հանդիսանում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հայաստանում հիմնադրամը պաշտոնապես գրանցվել է 2008 թ. դեկտեմբերին: Հիմնադրամը գործունեության ընթացքում իրականացրել է մեծածավալ ծրագրեր` ներառելով Հայաստանի և Սփյուռքի կրթության, գիտության, մամուլի, եկեղեցաշինության և բազմաթիվ ազգօգուտ ոլորտները:
Մենք աջակցում ենք կրթության նախարարությանը, մինչ այժմ տրամադրել ենք մոտ 1350 լաբորատոր սարքավորումներ, ավելի քան 6000 համակարգիչ Երևանի և մարզերի բոլոր դպրոցներին, կրթության նախարարությանը հայերեն լեզվով 10.000 գլոբուս ենք տրամադրել: 22 շտապ օգնության մեքենա տրամադրել ենք Հանրապետության հիվանդանոցներին: Երևանում և բոլոր հարակից մարզերում երեխաների համար կառուցել ենք մոտ 900 խաղահրապարակ:
«Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Մատենադարանին նվիրվեց միջնադարյան ձեռագրեր, բանաստեղծ Եղիշե Չարենցի ձեռագրերն ու Վարդգես Սուրենյանցի 23 գծանկար՚ ամփոփված մի տետրակի մեջ: Հիմնադրամի ջանքերով Մատենադարան են բերվել նոր սարքավորումներ: Նաև ցանկանում եմ նշել, որ Միհրան Մինասյանը Հալեպից, ով իր ողջ կյանքում հավաքել էր հին ձեռագրեր ու ժողովածուներ, իր հավաքածուն ամբողջությամբ նվիրեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին:

 

Մենք պետք է ոչ միայն հայրենասեր լինենք, այլ նաև հայրենատեր: Հայրենատերերը նրանք են, ովքեր չնայած դժվարություններին չեն լքում իրենց հայրենիքը:

 

- Ինչպես գիտենք, նոյեմբերի 21-ին Գանձասարում բացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան գիտամշակութային կենտրոնը, որի հովանավորը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն է, մի փոքր կմանրամասնե՛ք:


- Մատենադարանը հայ ժողովրդի հոգևոր արժեքների կենտրոնն է:
«Փյունիկ» հիմնադրամն իր առջև նպատակ է դրել հնարավորության սահմաններում հայ ժողովրդին վերադարձնել հայ հոգևոր արժեքները:
Գանձասարի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան գիտամշակութային կենտրոն բացելու մեր ծրագիրը, բացի իր մշակութային արժեքից, կրում է նաև քաղաքական բնույթ, ռազմական նշանակություն ունեցող այս վայրում սա յուրահատուկ քայլ է ներկայացնելու աշխարհին մի ամբողջ մշակույթ, որը ստեղծվել ու զարգացել է Արցախում, այն մշակույթը, որն իր վանական համալիրներով, գրչության ու դպրության կենտրոններով, գիր ու գրականությունով, փաստում է Արցախի հայկական ինքնությունը: Դա ստրատեգիական ձեռքբերում Է և մեր փաստաթուղթը, որ այդ հողը մեր հողն Է: Արտերկրից ժամանող հյուրերը այցելելով Գանձասար, կտեսնեն, որ այստեղ ադրբեջանական որևէ բան չկա, մզկիթներ չկան, միայն եկեղեցիներ են և սա մեծ նվաճում կլինի հողատիրության համար: Մեր մշակութային ծրագրերը, ուղղված են մեր դարավոր մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: Մենք պետք է հպարտ լինենք, որ հայ ենք, քիչ ենք, բայց լավն ենք:

Գանձասարի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան գիտամշակութային կենտրոն բացելու մեր ծրագիրը, բացի իր մշակութային արժեքից, կրում է նաև քաղաքական բնույթ, ռազմական նշանակություն ունեցող այս վայրում սա յուրահատուկ քայլ է ներկայացնելու աշխարհին մի ամբողջ մշակույթ, որը ստեղծվել ու զարգացել է Արցախում, այն մշակույթը, որն իր վանական համալիրներով, գրչության ու դպրության կենտրոններով, գիր ու գրականությունով փաստում է Արցախի հայկական ինքնությունը:


Գանձասարի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան գիտամշակութային կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, գիտաժողովների, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից: Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են Արցախում վաղ միջնադարից մինչև նոր ժամանակները ստեղծված 100-ից ավելի ձեռագրեր, Արցախի պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, ինչպես նաև հնատիպ գրքեր: Ցուցանմուշների ստեղծման աշխատանքները մեկնարկել են յոթ տարի առաջ և պատասխանատուների հավաստմամբ ունենալու են շարունակական բնույթ: Բացման արարողության կապակցությամբ տեղի է ունեցել Մատենադարանի գիտաշխատողների «Արցախի մանրանկարչական արվեստը» և «Արցախի գրչության կենտրոնները» գրքերի շնորհանդեսը: Գանձասարի գիտամշակութային կենտրոնի բացման առիթով նախագահ Սերժ Սարգսյանը կենտրոնին նվիրաբերել է 12-13-րդ դարերի Գյուլիստանի Ավետարանը:

 

-Պարո՛ն Չեմբերջյան, ինչո՞ւ հենց «Փյունիկ» անվանակոչվեց հիմնադրամը:
- Ինչպես գիտեք, փյունիկը մոխիրներից վերածնվող թռչուն է, դա հենց մեր ժողովուրդն է, որ դարեր շարունակ տեսել է բազում չարչարանքներ և հալածանքներ, սակայն մնացել է անկոտրում և երբեք չի կորցրել իր ազգային արժեքները:

- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ շատ մեծ ավանդ ունեցավ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:
- Մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող պետական հանձնաժողովի անդամ էինք: Այս տարի մեր հովանավորությամբ Հանրապետության տարածքում և դրանից դուրս բաժանվեցին անմոռուկներ: Ամենամեծ աշխատանքը այն էր, որ այս տարվա հունվարի 29-ին բացվեց Կոմիտասի թանգարան- ինստիտուտը:
Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող թանգարանի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին,«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:
Թանգարանը գտնվում է նախկին մշակույթի պալատի տեղում: Կառուցապատման ծախսը հոգացել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

 

Յուրաքանչյուր ծրագիր ուղղված է պահպանելու մեր երկիրը, մեր մայրենի լեզուն և մեր մշակույթը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:

-Պարո՛ն Չեմբերջյան, բարեգործություն կատարելիս, ինչպիսի՞ զգացումներ եք ունենում:
-Երբ բարի գործ ես կատարում, պետք է լիաթոք ուրախանաս կատարածիդ համար: Ուրախություն պատճառելով մարդկանց, ես նույնպես շատ եմ ուրախանում: Շատ լավ եմ զգում, երբ գիտեմ, որ իմ կատարած աշխատանքը դրական արդյունք է ունենում: Յուրաքանչյուր ծրագիր ուղղված է պահպանելու, մեր երկիրը, մեր մայրենի լեզուն, մեր մշակույթը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:
Մենք պետք է ոչ միայն հայրենասեր լինենք, այլ նաև հայրենատեր: Հայրենատերերը նրանք են, ովքեր չնայած դժվարություններին, չեն լքում իրենց հայրենիքը:

- Պարո՛ն Չեմբերջյան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել առաջիկայում:
- Ցանկանում ենք վերակառուցել Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում, գտնվող Սամվելյան գրատունը, որը կառուցվել է դեռ 1930 թվականին և այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Պետք է պահպանենք գրատունը և հարստացնենք այն ինչպես Ցեղասպանությանը վերաբերող, այնպես էլ մի շարք այլ օգտակար գրքերով:

- Եվ վերջում, ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանը հինգ տարի անց:
-Հայաստանը օրեցօր ծաղկող երկիր է:
Պետք է համախմբվենք, որպեսզի ամեն ինչ լինի ավելի պայծառ և լուսավոր:

Հարցազրույցը`

Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...