15:16
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռուզաննա Խաչատրյան

2015-12-17 17:55

     «Դե Ֆակտո» N114 (2015թ.)

   Ինձ համար բարձրագույն արժեք են հայրենիքն ու ընտանիքը


Կինն անվերծանելի, առեղծվածային էություն է, որը զարդարում է մարդկությունն իր գեղեցիկ ներկայությամբ, ոգեշնչող ուժով ու սեր ճառագելու հզոր ունակությամբ: Կնոջ գեղեցկությունը կարծես դասական երաժշտություն լինի` հոգեպարար, նուրբ, սիրառատ ու վեհ: Անհնար է չտարվել նրա երաժշտությամբ ու չմիանալ նրան նվաճելու հավերժական պայքարին: Պայքարը հավերժական է, քանզի կնոջ անսահմանությունն անառիկ է:
Աստծո ստեղծած աշխարհում իր յուրահատուկ հմայքով, գեղեցկությամբ, գերող ժպիտով, եզակի հարուստ ու նուրբ ներաշխարհով առանձնանում է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանը, ով նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինն է:


«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում փորձեցինք նվաճել Ռուզաննա Խաչատրյանի ժամանակը և բացահայտել նրան` որպես կնոջ և հասարակական գործչի:


-Տիկի՛ն Ռուզաննա, քիչ է պատահում, որ լրագրողը բացի իր գաղտնիքը, բայց ես այսօր եկել եմ Ձեզ ճանաչելու, ունենալու անկեղծ հարցազրույց: Թեև չեմ կասկածում Ձեր անկեղծությանը, բայց ուզում եմ հարցնել` համաձա՞յն եք:
-Շնորհակալ եմ, իհարկե:


-Կյանքում կնոջ դերերը տարբեր են և պատասխանատու, որոնցում կինը ձգտում է հասնել կատարելության՝ բժիշկ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, հասարակական գործիչ և ամենակարևորը` ՀՀ պաշտպանության նախարարի կին: Հետաքրքիր է` ի՞նչ է կին հասկացությունը Ձեզ համար և ո՞րն է Ձեր ամենանախընտրելի դերը:


-21-րդ դարը նոր մարտահրավերներ բերեց մարդկությանը. գիտության, կրթության, արվեստի նվաճումներին համընթաց սրվեց պայքարը նոր և հին արժեհամակարգերի միջև: Սկսեցին քննարկել, վերանայել, վերլուծել, վերաիմաստավորել շատ ու շատ հայտնի համամարդկային ճշմարտություններ: Մարդկությունը փորձեց իր առջև ծառացած խնդիրները լուծել` դրսևորելով պրագմատիկ, կիրառական մոտեցումներ: Հասկանում եմ ժամանակաշրջանի դժվար ու հարափոփոխ լինելը, գոյության պայքարում շատ կարևոր է նաև հարմարվելու ընդունակությունը, բայց ապրելու համար իմ բանաձևը միշտ նույնն է. «Մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ՝ և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ հոգին, և՛ մտքերը» (Ա. Պ. Չեխով):
Դա ինքնակատարելագործման հավերժ ճանապարհ է, դժվար ճանապարհ…Դա ճշմարիտ լինելու մշտական ձգտում է, դա վեհ ու բարձր գաղափարների զինվոր դառնալ է: Կինը պետք է գնահատի, հասկանա գեղեցիկը: «Եթե դու ունակ ես տեսնել գեղեցիկը, ապա միայն այն պատճառով, որ գեղեցիկը կրում ես քո մեջ: Քանզի աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլանքը» (Պաոլո Կոելիո):
Չեմ կարող առանձնապես տարանջատել իմ դերերը` հասարակություն, ընտանիք, աշխատանք, քանի որ դրանցից յուրաքանչյուրում ես անկեղծ եմ ու ազնիվ՝ բարձրագույն արժեք համարելով հայրենիքն ու ընտանիքը:
Իսկ ինձ համար չկա ավելի մեծ պատիվ, քան Արցախի հերոս Սեյրան Օհանյանի կինը լինելը, մարդու, որի ամբողջ կյանքը մաքառում ու սխրանք է հանուն հայրենիքի: Քաղաքական պայքարի այս թոհուբոհում պատրաստ եմ նրա հետ պատվով կրելու մեզ բաժին հասած բոլոր փորձությունները, քանզի մեզ միացնում է անմնացորդ սերն առ հայրենիք և ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան հանուն հայրենիքի մղվող պայքարը:


-Ձեր բոլոր լուսանկարներում ծաղիկները, հատկապես վարդերը, լրացնում են Ձեր կերպարը: Դա Ձեր շուրջ ներդաշնակություն ստեղծելու համա՞ր է:

-Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից: Լինելով շատ ներշնչվող և զգայական` միշտ փորձել եմ իմ ներսում և շրջապատող աշխարհում ներդաշնակություն ստեղծել: Իսկ ծաղիկներն օգնում են. դրանք դրախտից պոկված մի պատառիկ են երկրի վրա՝ բազմերանգ, բազմաբույր, յուրաքանչյուրն անկրկնելի, խորհրդավոր... շատ նման կանանց: Աշխարհում կա՞ արդյոք մի կին, չեմ պատկերացնում, որ ծաղիկներ չսիրի: Դրանք ուղեկցում են մարդկանց թե՛ ուրախության և թե՛ տխրության ժամանակ` արտահայտելով նրանց հույզերն ու զգացմունքները: Վարդն ինձ համար հաղթանակի, սիրո և վեհության խորհրդանիշ է: Վարդերով շրջապատվելը գեղեցիկով հաղթելու իմ մարտավարությունն:


-Դուք կանացի, ուժեղ և պայքարող տեսակ եք. հետաքրքիր է՝ գենե՞րն են Ձեզ այդքան ուժ, նպատակասլացություն և բարձր պատասխանատվություն հաղորդել, թե՞ անցած ճանապարհը:


-Որքան էլ տարբեր լինենք ես և Դուք, յուրաքանչյուրս, միևնույնն է, մասնիկն ենք մի մեծ ժողովրդի, որ հայ ժողովուրդ է կոչվում` պայքարող, մաքառող, չընկճվող, քարից հաց քամող, հավատքով ու ստեղծագործ: Այդպիսին էին մեր նախնիները: Այդպես մաքառել ենք դարերի քառուղիներում՝ զրկանքներով պահելով հայի ինքնությունը: Դարավերջին կերտել ենք Արցախյան հաղթանակը և սրբադասված Նարեկացիով ձուլվել տիեզերական անսահմանությանը:
Ես հպարտանում եմ, որ հայ եմ: Հայրական կողմի նախնիներս հոգևորականներ են եղել, գիր ու գրականության մարդիկ: Մայրական կողմս սերում է Շուշիի Մելիքների ազնվական տոհմից, որը հայտնի է իր ըմբոստությամբ ու պայքարի ոգեղեն ուժով: Հայրս մասնագիտությամբ ֆիզիկոս, մաթեմատիկոս էր, մայրս` տնտեսագետ:


Մեծ է եղել ծնողներիս ազդեցությունն իմ կյանքի ճշմարտության ձևավորման հարցում. այն է` ապրել ճշմարիտ և ազնիվ կյանքով, լինել սկզբունքային ու պայքարող` ապավինելով Աստծուն և սեփական ուժերին: Այդպիսին էր ծնողներիս անցած ճանապարհը, որի ընթացքում իրենց ուսերին կրելով մարդկային բազում չարչարանքներ` մեր ընտանիքում կրթեցին և դաստիարակեցին երեք բժիշկների` ինձ և երկու քույրերիս:
Ես չեմ ուզում ինձ տարանջատել հայ ժողովրդից և խոսել մաքառման իմ ճանապարհի մասին. կարծում եմ` այդ մասին արժե խոսել այն ժամանակ, երբ գնում ես վաստակած հանգստի, երբ պայքարի ճանապարհն ինչ-որ առումով ավարտին է հասել, և կարելի է գնահատել, վերարժևորել անցածը: Ես այսօր ապրում եմ ժողովրդիս կյանքով, հոգսերով ազնիվ ու անձնվեր աշխատանքով փորձում եմ իմ դերակատարումն ունենալ այս բարդ ու դժվարին մարտահրավերների ժամանակաշրջանում:


-Տիկի՛ն Ռուզաննա, կպատմե՞ք Ձեր ուսումնառության տարիների մասին:


-Ես փոքրուց կենսուրախ մարդ եմ եղել, սովորել ու գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ ֆրանսիական թեքումով, հետո ֆիզմաթ, երաժշտական դպրոցները:
Բուհում իմ ուսանողության տարիները համընկան Խորհրդային Միության փլուզման, Արցախյան պատերազմի հետ, և ես դարձա այդ պայքարի մի մասնիկը: Փոխվեց ժամանակաշրջանը, փոխվեցին մարտահրավերները, որոնք յուրաքանչյուրիս կյանքում դժվարություններ ստեղծեցին:
Ես բժշկական ինստիտուտի /այն ժամանակ ԵՊԲՀ-ն այդպես էր կոչվում 3-րդ կուրսում էի սովորում, երբ սկսվեց Արցախյան շարժումը, որի ջահակիրը դարձավ ողջ երիտասարդությունը: …Գնում էինք դեպի Ազատության հրապարակ, հավաքվում և փորձում տեղեկություններ իմանալ, մասնակիցը լինել անկախության համար մղվող պայքարի: Բոլորս կարծես ներաճած լինեինք մեկմեկու մեջ, ձևավորվել էր մի մեծ Մենք, որը պատրաստ էր պայքարելու իր հայրենիքի անկախության համար: Եվ ես հպարտ եմ, որ մենք մեր հայրենասիրությամբ, պայքարելու վճռականությամբ չզիջեցինք մեր ծնողներին:
Այդ խառը ժամանակներում ազնիվ ձգտումներ ունեցող մարդը, իհարկե, դժվարությամբ, բայց կարող էր գտնել իր ճանապարհը:
Ամբողջ աշխարհում շատ դժվար է նվաճել բժշկի դիպլոմը, դա հնարավոր է միայն անքուն գիշերների, անդադար պարապմունքների, մեծ աշխատասիրության շնորհիվ: Ես երբեք չեմ ընտրել հեշտ ճանապարհը. կարծում եմ` դժվարությունները թրծում, ամրացնում են մարդու հոգին, կամքը և նվաճումը դարձնում առավել արժեքավոր ու մնայուն:
Չորրորդ կուրսից սկսել եմ աշխատել: Այդ ժամանակվանից արդեն ես կարողանում էի գումար վաստակել և հոգալ իմ ծախսերը, ունենալ ֆինանսական անկախություն: Ինձ համար սկզբունք է եղել ազատամարտիկներին, երեխաներին ու հղիներին անվճար սպասարկելը:
Գերազանցիկի հոգեբանությունն ինձ ուղեկցել է ամենուր, նաև ուսումնառության տարիներին Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Փորձել եմ հասնել առավելագույնին: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ Փարիզ VII համալսարանում բժշկության քննությունը 20 հնարավորից 20 եմ ստացել: Հայրենիքից հեռու ուսանելու տարիներին, կարողանալով հաղթահարել դժվարությունները, պահպանել եմ հայուհու արժանապատիվ, հպարտ ու կանացի կերպարը, ինչն ինձ համար անչափ կարևոր է: Ես մասնագիտացա իմպլանտոլոգիայի ոլորտում, որը էսթետիկ բժշկություն է` բավականին թանկարժեք ու այն ժամանակ դեռ նոր զարգացող:
Երկար տարիներ Ֆրանսիայի դեսպանատան ատամնաբույժը լինելով՝ բուժել եմ ոչ միայն հայրենակիցներիս, այլև շատ դիվանագետների, տարբեր առաքելությամբ Հայաստանում գտնվող օտարերկրացիների, որոնք ցայսօր իմ լավագույն ընկերներն են: 2003թ.-ից Ֆրանսիայի իմպլանտոլոգների ասոցիացիայի անդամ եմ, շատ հաճախ մեկնում եմ գիտական կոնֆերանսների, քննարկումների, հանդիպումների:


-Տիկի՛ն Ռուզաննա, Ձեր կերպարն այնքան կանացի, դրամատիկ ու գունեղ է, իսկ բժշկությունն այնքան պրագմատիկ, չոր, ինչպե՞ս եք ներդաշնակություն գտնում մասնագիտության հետ:


-Մենք` երեք քույրերով, իրականացնելով մորս երազանքը, ընտրեցինք բժշկի մասնագիտությունը:
Իմ հուզական հոգեկերտվածքին ծանոթ մարդիկ, ուսանողության տարիներին նաև դասախոսներս, հաճախ էին ինձ հարցնում, թե ինչու ընտրեցի հատկապես բժշկի մասնագիտությունը, այլ ոչ թե գրականություն, արվեստ կամ որևէ այլ բնագավառ: Ես կարծում եմ` աշխարհում չկա ավելի հուզական ու վեհ պահեր պարգևող մասնագիտություն, քան բժշկությունը, իսկ բժիշկներն, ընդհանրապես, յուրահատուկ խոհափիլիսոփայական աշխարհով մարդիկ են, որոնք պարտավոր են մասնագիտական պրագմատիզմի մեջ չկորցնել գեղեցիկը զգալու և այն մարդկանց փոխանցելու կարողությունը, բժշկությունը մարդակենտրոն և մարդասիրական մասնագիտություն է, եթե չես կրում մարդուն ծառայելու կոչումը քո մեջ, ապա բժիշկ չես կարող դառնալ:
Սերն ու նվիրումը աշխատանքին գեղեցկացնում է յուրաքանչյուր ոլորտի մասնագետի, իսկ նրա հոգուն պարգևում ներդաշնակություն և խաղաղություն:


-Յուրաքանչյուր կնոջ կյանքում կա ճակատագրական տղամարդ, որը կամ գեղեցկացնում և զարդարում է նրա կյանքը կամ` ընդհակառակը: Ըստ Ձեզ` ո՞րն է տղամարդու դերը կնոջ կյանքում, ի՞նչ դեր ունի Ձեր տղամարդը Ձեր կյանքում, ով հերոսական անցյալ ու ներկա ունի:


-Իմ կարծիքով` Սեյրան Օհանյանը ճակատագրական դեր ունի ոչ միայն իմ, այլ նաև հայ ժողովրդի կյանքում, և նրա հետ միասին այն բոլոր նվիրյալները, որոնք կերտել են Արցախյան հերոսամարտը, կրելով իրենց մեջ կորցրած հայրենիքի ցավը՝ ազատագրել հայրենին և այսօր հպարտորեն ու բաց ճակատով կերտում են մեր ապագան: Ես նրան չեմ կարող վերաբերվել որպես սովորական մարդու, պարզապես ամուսնու, իմ խոնարհումը նրան հասցեագրված է որպես ճշմարիտ հայրենասերի, հայրենիքի համար մշտարթուն պայքարի պատրաստ անձնազոհ հերոսի: Մարդկային փոխհարաբերություններում նա պարկեշտ է, ազնիվ, հարգալից և, միևնույն ժամանակ, առեղծվածային: Սեյրան Օհանյանը շատ ուժեղ էներգետիկ դաշտ ունի, անհնար է հանդիպել նրան ու չդառնալ նրա արբանյակը: Լինելով սկզբունքային մարդ՝ նա ապրում է այն գաղափարով, թե որքան էլ հիանաս, պաշտամունք ունենաս անցյալիդ հանդեպ, միևնույնն է, պետք է գերազանցես անցյալի հաղթանակները: Նա իր առջև դրված դժվարին, պատասխանատու խնդիրները միշտ պատվով է կատարել: Սեյրան Օհանյանի գաղափարական դաշտը տարածվում է նաև իր շրջապատի մարդկանց վրա, որոնք կրողն են այդ արժեքների, այլապես չեն կարող իր կողքին լինել: Նրան առաջ է մղում իր հայրենասիրությունը, նրա խոհերն ու մտածումները շատ ավելի բարձր ու վեհ հարթության մեջ են:
Ես, ապրելով նրա կողքին, չեմ դադարում հիանալ ու զարմանալ նրա ընդգծված համբերությամբ, չափի զգացողությամբ և լռելու ընդունակությամբ: Նա այդ եռամիասնությունը կրում է իր մեջ և շեշտակի առանձնանում դրանով: Սեյրան Օհանյանից շատ բան կա սովորելու: Նա տղամարդու պայքարող ու հաղթող տեսակ է, իսկ ինձ համար՝ պայքարի ու հաղթության խորհրդանիշ:

-Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս կյանքում, ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:


-Իմ ներշնչանքի աղբյուրը սերն է: Ասում են՝ սերն ավելի հին է, քան մարդկությունը, իսկ մարդկությունը սիրուց ստեղծվեց: Սերն աստվածային զգացմունք է, որն Աստված պարգևեց մարդուն, որ նա բարին արարի: Սիրել` նշանակում է Աստծուն կրել քո մեջ: Սերը նվիրում է` անմնացորդ, անշահախնդիր, հանուն հայրենիքի, սիրած մարդու, զավակների, ընկերոջ: Առանց սիրո կյանք չկա: Բարի, գեղեցիկ են սիրով ապրող, արարող մարդիկ: Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց. դա մեր ժողովուրդն է՝ ստեղծագործ, բազմաչարչար, պայքարող հայ ժողովուրդը:

-Տիկի՛ն Ռուզաննա, սիրով շնորհավորում ենք Ձեզ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան ստանալու, ինչպես նաև նոյեմբերի 17-ի` զինվորական բժշկի օրվա առթիվ: Որքանո՞վ է գիտությունը հոգեհարազատ Ձեզ, ե՞րբ սկսեցիք զբաղվել զինվորական առողջապահությամբ և ի՞նչ նորություն բերեցիք այդ աշխարհ:


-Ընտրելով բժշկի մասնագիտությունը` ես արդեն ընտրել էի գիտությամբ զբաղվելու ճանապարհը, որովհետև չկա բժշկություն առանց գիտության: Բժշկի ուղին հավերժ ինքնակատարելագործվելու ճանապարհ է: Այդ ճանապարհը ես շարունակել եմ նաև Եվրոպայի սրտում` Փարիզում` անվերջ բարձրացնելով իմ գիտակրթական մակարդակը:
Լինելով պաշտպանության նախարարի կինը` ես՝ որպես բժիշկ, չէի կարող չհետաքրքրվել, չանհանգստանալ զինվորի առողջության խնդիրներով: Որպեսզի լուծում գտնեմ ինձ հուզող և անհանգստացնող հարցերին, համախմբելով լավագույն բժիշկ-գիտնականների` սկսեցի ուսումնասիրել բուժկազմակերպչական, զորային օղակի բուժսպասարկման, հիվանդների տեղափոխման, հոսպիտալային օղակում բուժական գործի, ռազմաբժշկական կրթության հարցերը: Իմ ջանքերն ուղղված էին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության որակական զարգացման նոր, ժամանակակից ուղիներ փնտրելուն: Գիտական աշխատանքը ղեկավարում էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը: Թեման իր ծավալով շատ բովանդակային ու ծավալուն էր, համարվում էր դոկտորական հետազոտության թեմա. ես այն պաշտպանեցի փուլային տարբերակով:
Առաջին հատվածը պաշտպանել եմ իբրև թեկնածուական թեզ, իսկ երկրորդ մասը` որպես շարունակություն՝ դոկտորական: Իմ կատարած ուսումնասիրությունն իր տեսակով և բովանդակությամբ եզակի է, որը դեռևս չի իրականացվել հայկական ռազմաբժշկական ասպարեզի որևէ հետազոտողի կողմից: Գիտական խորհուրդը բարձր գնահատեց կատարված աշխատանքը` հույս ունենալով, որ իմ ուսումնասիրության արդյունքները կծառայեն մեր զինված ուժերի առողջապահական համակարգի բարելավմանը, թերությունների շտկմանը:
Հեղինակ եմ 25-ից ավելի հոդվածների, որոնք վերաբերում են ռազմական առողջապահությանը: Դրանցից 6-ը տպագրվել են արտերկրի հեղինակավոր պարբերականներում, ինչպես նաև ունեմ մենագրություն` նվիրված զինված ուժերի առողջապահական համակարգին: Գիտահետազոտական աշխատանքներս շարունակում եմ:


-«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն արդեն շուրջ մեկ տարի է գործում է. ո՞րն է ՀԿ-ի գործունեության գլխավոր նպատակը:


-«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա»-ն, որն իր մեջ ներառում է 600-ից ավել անդամներ, ոչ միայն դարձել է բանակը սատարող հասարակական կազմակերպություններից մեկը, այլ նաև յուրօրինակ հարթակ` ներկայացնելու զինվորական բժշկի գործունեությունը, համախմբելու և համատեղ ուժերով իրականացնելու այն ծրագրերն ու մտահղացումները, որոնք ուղղված են բանակն ավելի մարտունակ, զինվորին ավելի առողջ տեսնելուն: Մենք կարողացանք աշխատել մեծ արդյունավետությամբ՝ լուծելով մի շարք խնդիրներ: Սկսեցինք «Հանուն զինվորի առողջության» մի ծրագիր, որի շրջանակում ձևավորվեց համախոհների ու աջակիցների հզոր թիմ՝ իր մեջ ներառելով նաև սփյուռքի ուժերը, որը հնարավորություն կտա կյանքի կոչելու ամենահավակնոտ ծրագրերն անգամ: Զինվորը պետք է առողջ զորակոչվի բանակ և առողջ վերադառնա տուն, իսկ հիվանդանալու դեպքում ստանա պատշաճ բուժօգնություն: Այս պարագայում կարևորում եմ բուժկանխարգելիչ միջոցառումները, որոնք բուժծառայության առաջնահերթ խնդիրներից են:
Մենք դատապարտված ենք հասնելու բժշկության համաշխարհային զարգացման տեմպին, պարտավոր ենք ունենալու միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժծառայություն, պիտի առավելագույնս օգտագործենք մեր գիտական մտքի ներուժը, որպեսզի կարողանանք դիմակայել ժամանակի մարտահրավերներին ու պատվով կատարել առողջ բանակ ունենալու հույժ կարևոր առաքելությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը իր պայծառ ու սատարող ներկայությամբ օգնում է մեզ. չէ՞ որ առողջ զինվորը մարտունակ բանակի գլխավոր գրավականն է: Նա հատկացրեց այս գրասենյակը, որտեղ ընդունելություն է կազմակերպվում զինվորների ծնողների հետ: Ասոցիացիան ստեղծեց կայք, ինտերնետային հասցե, թեժ գիծ, որոնցով փորձում է արագորեն արձագանքել բարձրացվող հարցերին: Մեր գրասենյակում զինվորների մայրերը հնարավորություն ունեն անմիջական զրույց ունենալ ՀՀ պաշտպանության նախարարի հետ, եթե դրա կարիքը կա: Այստեղ եկած յուրաքանչյուր զինվորի մայր ստույգ տեղեկատվություն է ստանում, փորձում ենք լուծում տալ առկա խնդիրներին` թույլ չտալով, որ ապատեղեկատվությունը դառնա հույզերի, բուռն ապրումների թատերաբեմ:


-Ի՞նչ ծրագրեր ունեք ՀԿ-ի շրջանակներում:


-Չեմ ուզում խոսել ծրագրերից, նախընտրում եմ դրանք իրականացնելուց հետո խոսել արդյունքներից: Միայն կարող եմ ասել, որ բոլորիս երազանքն է ունենալ ժամանակակից զինվորական հիվանդանոց` կենտրոնական կառավարման մեխանիզմներով, սեփական օդային փոխադրամիջոցներով, առողջությունն ապահովագրած զինվորով, վերականգնողական կենտրոնով...

 

-Դուք հաճախ եք այցելում սահմանային զորամասեր, ունենում տարբեր հանդիպում-քննարկումներ…


-Այո, ես բավականին հաճախ եմ այցելում զորամասեր, անձամբ ծանոթանում առկա խնդիրներին, խորությամբ ուսումնասիրում դրանք: Հաճախ տեղում հարցեր են բարձրացվում: Վերջին մեկ տարում առավել շատ հանդիպումներ ենք ունենում թշնամու դիվերսիոն գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած զինվորների և նրանց մայրերի հետ, փորձում ենք սատարել նրանց և արագ լուծումներ գտնել: Ես գերագույն խոնարհումով եմ վերաբերվում զինվորի մորը, լսում նրան և ինձ փոխանցված մտահոգությունները հաղորդում նախարարին, ով միշտ ժամանակ է գտնում՝ անգամ աշխատանքից դուրս հաղորդակցվելու զինվորի ծնողների հետ, անպայման ընդառաջելով և լուծելով նրանց հուզող խնդիրները:

-Տիկի՛ն Ռուզաննա, ինչպես նկատել եմ, գրականությունը Ձեր կյանքում կարևոր նշանակություն ունի, ո՞րն է Ձեր կարդացած ամենախորիմաստ և տպավորիչ գիրքը, որն առանձնանում է Ձեր գրադարանում:


-Կյանքի յուրաքանչյուր փուլում տարված եմ եղել որոշակի գրական ստեղծագործություններով: Գրականությունն իմ տարերքն է, ես ապրում եմ դրանով:
Կարող եմ ասել, որ տատիս, պապիս խրատներից սկսած, մեր ժողովրդական բառուբանից մինչև հայ, արևմտահայ և համաշխարհային գրականություն` հոգեհարազատ են ինձ, սակայն միշտ գերադասելի է եղել պոեզիան, որն ինձ համար նման է աղոթքի, տիեզերական երաժշտության:
Պետք է խոստովանեմ, որ պոեզիայի հանդեպ սերը մորիցս է փոխանցվել, ով ինձ 5-6 տարեկան հասակում նստեցնում էր իր գիրկն ու կարդում Պ. Սևակի բանաստեղծությունները: «Մարդը ափի մեջ» ժողովածուն ես այդ փոքր տարիքում անգիր գիտեի, իսկ «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը միշտ արտասանում էի մորս համար, տարբեր միջոցառումների ժամանակ ու տեսնում էի, թե ինչպես են հուզվում մայրերը: Եղ. Չարենցին, չիմանալով` ով է նա, ես ինձ համար հայտնաբերել եմ, երբ 9 տարեկան էի: Քույրս «Պիոներ կանչ» թերթն էր ստացել, որի առաջին էջին կարդացի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, հիացա, արագ անգիր սովորեցի, և բոլորին պարտադրում էի, որ լսեն այն: Հետո պետք է մոտենայի հանճարին, զգայի նրա սրտի խենթ զարկերը, սիրեի ու «մնաս բարով» ասեի նրա Կարինե Քոթանջյանին, երգս պիտի դառնար «Կուզեմ հիմի փչե զուռնեն» ու պիտ խելագարվեի դեպի արևը սլացող ամբոխների հետ:
Համաշխարհային պոեզիա, գրականություն… Շեքսպիր… Ես հանճարներ եմ սիրում... Նրանց պոեզիան սովորական հանգավորված խոսք չէ, դա երաժշտություն է անեզր, ոչ սկիզբ, ոչ էլ վերջ… Մարդկությունն իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները կարող է գտնել այնտեղ:
Հասուն տարիքում խոհափիլիսոփայական գրքեր եմ շատ կարդացել, բարձր եմ գնահատում մեծ մտածողների, փիլիսոփաների, հոգեբանների մտքերը կյանքի, մահվան, սիրո, ատելության մասին: Հետաքրքրությամբ կարդացել եմ նաև մեծ զորավարների, մարշալների կյանքը: Այժմ ուսումնասիրում եմ անձի հոգեբանությունը, նրան հուզող խնդիրները և տարբեր հոգեվիճակներին վերաբերվող մասնագիտական վերլուծություններ:
Այսօրվա իմ սեղանի գիրքը Գր. Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ն է: Նարեկացին, հիրավի, տիեզերական հանճար է և ինձ համար ներշնչանքի անսպառ աղբյուր...


-Դուք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում էջ ունեք, որը բավականին մեծ արձագանք է գտել համացանցում, և դատելով Ձեզ ուղղված ջերմ խոսքերից` հասարակությունը սիրում է Ձեզ:


-Ֆեյսբուքյան իմ էջը ստեղծվեց իմ հասարակական գործունեության մեկնարկին ընդառաջ: Այսինքն, ՀԿ-ի կայքին զուգահեռ` սա ևս մի հարթակ է, որպեսզի հանրությունը ճանաչի ինձ, տեղեկացված լինի իմ գործունեության մասին, ուղղի իր հարցերն ու մտահոգությունները: Դատելով հասարակական ակտիվությունից և արձագանքներից` ես այսօր զգում եմ, որ իսկապես ճիշտ էր սոցիալական ցանցում ներկայացված լինելը: Խորապես շնորհակալ եմ հայրենակիցներիցս ինձ սատարելու, հարգանքի, սիրո, ջերմ խոսքեր ուղղելու և վստահության համար, որն ինձ ավելի է պարտավորեցնում:


-Տիկի՛ն Ռուզաննա, հանրային դեմքերը չեն կարող զերծ մնալ քննադատություններից, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:


-Թե՛ գովասանքը, թե՛ քննադատությունը պետք է օբյեկտիվ լինեն` զերծ կեղծիքից: Անտեղի գովասանքը կվերածվի շողոքորթության և քծնանքի, իսկ քննադատությունը պետք է նպատակ ունենա, հիմնավորված լինի` զերծ հայհոյախոսությունից, և, որ պակաս կարևոր չէ, քննադատողը պետք է հարգանք ներշնչի:
Ես սիրում եմ հասարակության մեջ զուսպ, հավասարակշռված, ադեկվատ պահվածքով մարդկանց: Քննադատությունը նույնպես շփման բարձր մշակույթ է պահանջում:

 

-Դուք այնքան դրական տրամադրվածությամբ եք խոսում անգամ ամենավատ երևույթի մասին, ինչպե՞ս եք կարողանում չչարանալ:


-Կյանքի ճանապարհը լի է բացասական ազդակներով, մարդկանցով, որոնք, անշուշտ, նպատակ ունեն վնասելու և ընկճելու մարդուն, նսեմացնելու նրա առաքելությունը: Կյանքը պայքար է, գոյության կռիվ, որը ցածր արժեհամակարգով հասարակություններում վերածվում է բնազդային պատերազմի, իսկ բարձր քաղաքակրթական մակարդակի վրա ունենում ավելի խելամիտ դրսևորումներ: Եվ եթե մարդն իր էությամբ պատրաստ չէ պայքարելու, ուրեմն` պատրաստ չէ ապրելու ընդհանրապես: Կարծում եմ` ուժեղ, ինքնավստահ մարդու ֆենոմենն է պայքարի թոհուբոհի մեջ անգամ չենթարկվել սադրանքների, հավասարակշռված կեցվածքով կռել հաղթանակը՝ բարձր պահելով սեփական արժանապատվությունը: Դա իմ և Սեյրան Օհանյանի կյանքի սկզբունքն է, և ես այդպես եմ փորձում դաստիարակել իմ զավակներին:
Ի վերջո, մարդու մեջ մարդասիրության, վեհության առկայությունը օգնում է ուժ գտնել չչարանալու և չփոխադարձելու: Կարծում եմ, որ միշտ կարելի է հարգալից երկխոսությամբ, հանդուրժողականությամբ հարթել սուր անկյունները: Սակայն մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ և անհատը, և անգամ ամենապաշտպանված պետությունները կարող են ենթարկվել կործանիչ նպատակ ունեցող հարձակումների, որտեղ առճակատումը դառնում է անխուսափելի: Պետք է պատվով ընդունել մարտահրավերը, չերկնչել նույնիսկ ուժերի անհավասարության պայմաններում դիմակայել հերոսաբար՝


«Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չհանձնվել» (Ուինսթոն Չերչիլ):

-Մայր, Մայր հայրենիք, Մայրենի լեզու, Մայր եկեղեցի. ի՞նչ դեր և նշանակություն ունեն այս բարձրագույն արժեքները Ձեր կյանքում:


-Մայր, Մայր հայրենիք, Մայրենի լեզու և Մայր եկեղեցի. սրանք մեր սրբություններն են, անփոխարինելի արժեքները, որոնցով մենք կոչվում ենք հայ, իսկ մեր հայրենիքը` Հայաստան: Մայրենի լեզվի մասին ավելի հանճարեղ չեմ կարող ասել, քան Բայրոնն է ասել. «Ես սովորեցի հայերի լեզուն, որպեսզի հասկանամ` ինչպես և ինչ լեզվով էին խոսում աստվածները: Եվ քանի որ հայերենը աստվածների լեզուն է… և Հայաստանը՝ աստվածների հայրենիքը, աստվածները սերում են Արարատյան դաշտավայրից»:
Ես կարծում եմ` երեխայի դաստիարակության առաջին քայլերից մեկը պետք է լինի սեր արթնացնելը և փոխանցելը այս արժեքների հանդեպ: Դեռևս թոթովախոս տարիքից երեխաներիս մեջ սերմանել եմ, որ իրենք հայ են, իրենց հայրենիքը Հայաստանն է, լեզուն հայերենն է և եկեղեցին` Հայ Առաքելական եկեղեցին: Մուշեղը և Լաուրան գիտեն Տերունական աղոթքը և ամեն օր քնելուց առաջ մենք աղոթում ենք: Ես հպարտանում եմ, որ իմ երեխաները շատ լավ տիրապետում են հայոց լեզվին, կիրթ են խոսում: Վստահ եմ, որ այս արժեքներով մեծացող երեխաները չեն կարող եսասեր լինել, քանի որ կհասկանան, որ հայրենիքն իրենց մեծ ընտանիքն է, որը պետք է սիրել, փայփայել ու համերաշխ ապրել:


-Ի՞նչ է Ձեզ համար մայրության բերկրանքը:


-Մայրությունը բնության հրաշքներից է: Աստծո կամոք հանդիպելով Սեյրան Օհանյանին՝ շատ մեծ պատասխանատվություն վերցրի` կանգնել հայրենիքի համար զոհաբերվելու պատրաստ մարդու կողքին: Որպես կին, որպես նրա զավակների մայր պարտավորված եմ հայրենիքին նվիրված և ազնիվ սերունդ դաստիարակել, քանզի «մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը»:

-Կինը Աստծո ստեղծած աշխարհում այն լուսավոր էակն է, որը մշտապես հետաքրքիր է ու չբացահայտված: Հետաքրքիր է, կա՞ խորհրդանշական իր, որ միշտ Ձեզ հետ է:


-Այո, խաչը` իբրև հավատի հույսի, սիրո, հաղթանակի և փրկության նշան, որով Աստվածորդին պարտության մատնեց սատանային:
Ապավինելով խաչի զորությանը` մենք կխափանենք չարը: Նրանով զարդարված են մեր եկեղեցիները, կնքվում են մեր զավակները, պսակվում ենք... և մեր ննջեցյալներն էլ գերեզման են իջնում հավիտենական կյանքի հույսով, քանզի քրիստոնյայի համար այս ժամանակավոր կյանքը խաչի ճանապարհ է: Կուզեի պատվով ու փառքով կրել իմ խաչը:


-Տիկի՛ն Ռուզաննա, Դուք գեղեցիկ, հմայիչ, առեղծվածային լինելուց բացի, նաև շատ նորաձև ու նրբաճաշակ եք: Հետաքրքիր է, ի՞նչ դեր ունի զգեստապահարանը Ձեր կյանքում և արդյոք հաճա՞խ եք թարմացնում այն, ոճային փոփոխություններ կատարում: Ո՞ր բրենդի զգեստներն եք նախընտրում:


-Ես կարևորում եմ կնոջ արտաքին հագուկապը: Աշխարհի նորաձևությանը, ըստ իս, բոլոր կանայք են հետևում, և ես էլ բացառություն չեմ: Ներկայանալի լինելու մեջ, չեմ կարծում, որ բրենդները շատ մեծ նշանակություն ունեն:
Կանացի հագուկապի մեջ նախընտրում եմ դասական ոճը` ժամանակակից համադրություններով: Սիրում եմ հայ ոճաբանների հետ համատեղ ստեղծագործական աշխատանքով գտնել գեղեցիկ ոճային լուծումներ: Իսկ իմ ճաշակի ձևավորման հարցում մեծ դեր է խաղացել ֆրանսիական մշակույթը:


-Ի՞նչ դեր ունի հայկական տոնացույցը Ձեր ընտանիքում:


-Կարևորում եմ ընտանեկան բոլոր տոնակատարությունները: Անգամ ամենօրյա ընթրիքի սեղանը հատուկ պատշաճությամբ եմ պատրաստում, իսկ եթե Սեյրան Օհանյանը ընթրիքին հրավիրում է ընկերների, երեկոն վերածվում է իսկական տոնախմբության, ու սեղանի շուրջ սկսում է թևածել անկաշկանդ մթնոլորտը, ծափն ու ծիծաղը, երգն ու երաժշտությունը:
Տոներից ամենասպասվածը, թերևս, Ամանորն է, Սուրբ Ծնունդը: Նոր տարին պաշտպանության նախարարը, սովորության համաձայն, խրամատում զինվորին շնորհավորելուց է սկսում: Հիշում եմ, երբ Արցախում էինք ապրում, որդիս՝ Մուշեղը, 9-ը ամսական էր, երբ հայրն իր հետ տարավ առաջնագիծ, ես էլ` նրանց հետ` սահմանին կանգնած զինվորին շնորհավորելու: Կատակով միշտ նշում ենք ու հպարտանում, որ Մուշեղը առաջին անգամ ինը ամսականում է գնացել սահման:
Վստահ եմ, որ իմ որդին վաղը հերոսաբար պաշտպանելու է հայրենի եզերքը:
Դժվար ու պատասխանատու է պաշտպանության նախարարի առօրյան և կյանքը: Եվ նրա ընտանիքը կրում է պատերազմող երկրի տագնապն ու անհանգստությունը: Ես փորձում եմ ամեն փոքր առիթից ուրախություն ստեղծել և նվիրել ամուսնուս ու զավակներիս: Առաջնորդվում եմ այն գաղափարով, որ տանը ծաղիկները պետք է լինեն առանց առիթի, տունը՝ ջերմ, սերը՝ փոխադարձ, երջանկությունը՝ իրական...

-Բախտ, ճակատագիր, Աստված…ո՞րն է ավելի շատ ուղեկցել Ձեզ կյանքում:


-Անկասկած Աստված: Աստված հոգի է, լույս, սեր: Մարդը պետք է ապավինի միմիայն Աստծուն և կերտի իր «ճակատագիրը»` դիմակայելով բոլոր դժվարություններին:
Իսկ բախտի համար Պարույր Սևակն ասել է.
«Եվ մի՛ կարծիր իզուր,
Թե չբերեց բախտըդ:
Բախտ բերելըս ո˜րն է,
Նրան ձե՛ռք են բերում»:


-Տիկի՛ն Ռուզաննա, անչափ հաճելի է լսել Ձեր անկեղծ պատասխանները, ուղղեմ իմ վերջին հարցը` երջանի՞կ եք:


-Երջանկությունը դժբախտության բացակայությունը չէ: Թերևս մենք բոլորս երջանիկ ենք այնքան, ինչքան ուզում ենք և դժբախտ` այնքանով, որքան զգում ենք:
Իմ երջանկության բանաձևը մարդկանց երջանկացնելու մեջ է, սեր, ազնվություն տալու մեջ: Աշխարհում, հիրավի, ավելի շատ սիրո ու կարեկցանքի կարիք կա, քան հացի: Երջանկությունը նաև երազանքներն իրականացնելու պայքարի մեջ է: Եկե՛ք երազենք ազգային միասնականության, համախմբման և ամենակարևորը` մեր ժողովրդի խաղաղ արարման մասին, և թող միայն երջանկության արցունքներ հոսեն մեր մայրերի աչքերից:

Հ.Գ. Եզակի են այն դեպքերը, երբ չես զգում` ինչպես է թռչում ժամանակը, երբ դրականով ներշնչվում ես այնչափ, որ ուզում ես էլի հարցեր հորինել միայն թե չընդհատվի հաճելի հույզերով հարուստ հաղորդակցությունը: Նրա խոսքն ասես երաժշտություն լինի, որը երբեմն դանդաղում է, լռում, հետո պայքար հիշեցնող ուժգնությամբ արագանում` փորձելով լիարժեքորեն արտահայտել այն սերն ու կարոտը, ներդաշնակությունն ու գեղեցիկի համար պայքարը, որ ապրում են իր մեջ:
Լրագրողական աշխատանքիս տասը տարիների ընթացքում եզակի են եղել նման հանդիպումները:

Հարցազրույցը`

Սուսաննա Թամազյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...