10:10
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հրաչյա Պողոսյան

2015-11-26 10:10

Հայրենիքից հեռու, հայրենիքի սրտում

 «Դե Ֆակտո» N113 (2015թ.)
 

Հրաչյա Պողոսյան, մարդ, ում սերը դեպի մարդկություն անսահման է, մարդ, ով գիտի գնահատել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, մարդ, ում գործերն ու արարքները կատարվում են Աստծո օրհնությամբ:
Նրա շնորհիվ թե՛ հայրենիքում և թե՛ հայրենիքից դուրս կառուցվել ու վերակառուցվել են հուշարձաններ, եկեղեցիներ և այլ շինություններ:
Հրաչյա Պողոսյանը ծնվել 1970 թվականի օգոստոսի 11-ին Հոկտեմբերյանում (Արմավիրի մարզ): Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: 1988 թվականին ավարտել է Երևանի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ. Բաբաջանյանի անվան հատուկ ռազմական դպրոցը: 1992 թվականին ավարտել է ՌԴ Չելյաբինսկի ավտոմոբիլային ինժեներական բարձրագույն ռազմական ուսումնարանը: Լեյտենանտի կոչումով զինվորական ծառայության է անցել Լենինգրադի մարզում: 1999 թվականին կազմհաստիքային միջոցառումներով զորացրվել է պահեստազոր:
2008 թվականից աշխատում է «ՀՏրԹՏպվհՑՐՏռ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն, ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով:
2013 թվականից նշանակվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական:
Հրաչյա Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 45 և ավելի մշակույթի, հոգևոր և պատմական նշանակության կառույցներ և հուշակոթողներ: Իր վեհ և անձնուրաց աշխատանքի համար նա պարգևատրվել է բազմաթիվ և տարբեր մրցանակներով՝ Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, Ռուս ուղղափառ եկեղեցու «Փառք ու Պատիվ» 3 աստիճանի շքանշանով, Ալեքսանդր Նևսկու երկրորդ կարգի շքանշանով, Ռուս ուղղափառ եկեղեցու պատվավոր մեդալով՝ նվիրված սուրբ իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գեներալ Կամարովսկու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: Այս տարվա սեպտեմբեր ամսին հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան՝ Իվան Վոլինիկինի ձեռքով պարգևատրվեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով: Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվեց պետական բարձրագույն պարգև՝ «Մովսես Խորենացի» մեդալ:
Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ հրապարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք առանձնանում են իրենց ռազմական թեմաներով: Դրանցից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալները, ծովակալները, գեներալները ծավալուն ժողովածուն: Այն կենսագրական տեղեկատու է, որը ներկայացնում է պետերբուրգցի ծագումով հայ 600 ռազմական գործիչներին:
Այսքան երիտասարդ և այսքան շատ բարի գործեր ու պարգևներ: Միայն հպարտանալ կարելի է նման նվիրյալ հայորդիներով:


 

  «Դե Ֆակտո» ամսագիրը Ձեզ է ներկայացնում հայ բարերար, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանի հետ հարցազրույցը:


-Պարո՛ն Պողոսյան, Ձեր կատարած աշխատանքներն ու բարեգործություններն անուրանալի են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ռուս ազգի համար, Ձեզ հաջողվել է հասնել այն նպատակներին, որոնց ձգտել եք:


-Նախ՝ որպես սրտիս պարտք, ամրագրեցի ինձ համար մի պատգամ, որ երբ ունենամ ֆինանսական հաջողություններ կկատարեմ մի շարք բարի գործեր և սկսած 2004 թվականից, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» և «Մեծ Հայրենական պատերազմի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունների անդամների աջակցությամբ, որոնցից ես շատ շնորհակալ եմ, իրագործում եմ իմ բարեգործական առաքելությունը:
2004 թվականին իմ առաջին բարեգործությունը, հայրենի գյուղում՝ Ագարակում էր: Կառուցվեց մի կանգառ, որը նպաստեց, որպեսզի քաղաք մեկնող երեխաներն և ուսանողները պաշտպանվեն անձրևից, քամուց և ձնից: Երեխաներն իմ կյանքի գունավոր էջերից են, այդ իսկ պատճՖառով Ագարակ գյուղում իմ հովանավորությամբ կառուցվեց խաղահրապարակ, որտեղ երեխաներն անցկացնում են իրենց անհոգ մանկությունը: Ագարակ գյուղը չուներ որևէ հոգևոր կենտրոն: Իմ նախաձեռնությամբ 2008 թվականին կառուցվեց եկեղեցի, որն անվանվեց Սուրբ Մարիամ Աստվածածին: Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Գարեգին երկրորդի ձեռնադրմամբ և Սրբալույս մեռոնով օծվեց եկեղեցին և զանգակատունը: Այդ օրվանից ագարակցիների կյանքը փոխվեց դեպի վեհն ու լուսավորը:
Շատ մեծ ցավ էի զգում, որ Ագարակ գյուղում չկար որևէ հուշահամալիր նվիրված Հայրենական պատերազմում զոհվածների վառ հիշատակին. կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված է մեր անկոտրում հերոսներին:
Ցանկանալով ամրացնել հոգևոր-կրթական համագործակցությունը Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու անվան ուղղափառ ակադեմիայի և Վազգենյան դպրանոցի միջև, 2010 թվականին, եպիսկոպոս Գևորգ Սարոյանի աջակցությամբ Սևանի թերակղզում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն 1-ի անունը կրող հոգևոր ճեմարանի 20-ամյակի առթիվ, բացվեց ռուսաց լեզվի կատարելագործված բազմաֆունկցիոնալ մասնագիտացված լենգաֆոնիային լսարանը:

Ինձ ուժ եւ եռանդ է տալիս իմ կառուցած յուրաքանչյուր հուշարձան:


-Դուք ապրում եք Ռուսաստանի Դաշնությունում, սակայն Ձեր կապը հայրենիքի հետ շատ ամուր է: 2013 թվականին «Արարատ-73»-ին նվիրված հուշարձան եք կառուցել Ձեր հայրենի Ագարակ գյուղում:


-Այդ միտքը ունի խորը հոգևոր կապ «Արարատ-73» թիմի ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանի կենսագրության հետ, որը սկիզբ առավ մեր ծանոթության առաջին օրվանից: Այդ պատմությունը շատ երկար է և շատ ժամանակ կխլի ձեր և ձեր ընթերցողներից, հեշտ կլինի դիտել մի վավերագրական տեսաֆիլմ իմ պաշտոնական կայքում, որի անունն է «Մի նամակի պատմություն կամ խորհուրդ հավատքի» և ամեն ինչ պարզ կլինի: Այդ միջոցառումները համընկան նաև Ագարակի վերածննդի 5-ամյակի տարեդարձի հետ, այդ ժամանակ որոշեցի, որ Ագարակում կարելի է կառուցել հուշարձան նվիրված «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակին: Հոկտեմբերի 4-ից 6-ը անցկացվեցին մի շարք մեծ միջոցառումներ: Ֆուտբոլի վետերաններն այցելեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին, որը տվեց իր օրհնությունը և պարգևատրեց բոլորին, այցելեցին Խոր-Վիրապ, որտեղ բացվեց խաչքար նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչին, այնուհետև մեծ շուքով Ագարակում բացվեց հուշարձանը՝ նվիրված իրենց հաղթանակներին, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպորտի երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը, Աժ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Գալուստ Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և այլ պատվավոր և պաշտոնավոր անձինք, ու, իհարկե, լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները:

Հուշարձանը դա քարե շինություն չէ, դրա մեջ կա մարդկային հոգի, շունչ, կյանք:


-Յուրաքանչյուր հուշարձան տարբերվում է իր ոճով և նշանակությամբ, կխնդրեի մի փոքր ներկայացնեիք դրանք:


-Ես շատ բարձր եմ գնահատում այն մարդկանց, ովքեր իրենց ազգի, ընտանիքի նվիրյալ զավակներն են: Հայրենական պատերազմն ինձ համար շատ կարևոր և ցավոտ թեմա է: Իմ նպատակն այն էր, որ յուրաքանչյուր գիտակից անհատ կարողանա հասկանալ հերոսների անձնուրաց նվիրումը:
2011 թվականին կառուցվեց «Ուղղափառ խաչը անմար ճրագով», որը նվիրվեց Լենինգրադի պաշարման ճեղքումն իրականացնողների հիշատակին:
Սանկտ-Պետերբուրգի պատմության կարևորաույն դրվագներից մեկը՝ Լենինգրադի պաշարման ճեղքումն է: Այս փաստի կողքով ես չէի կարող անտարբեր անցնել:
Իմ երազանքներից մեկն այն էր, որ մեր հայկական խորհրդանիշ խաչքարը տեղադրվեր ռուսական հողում և ես դա իրագործեցի: Սինյավյան բարձունքում տեղադրված խաչքարը, որպես հարգանք ու շնորհակալություն է Հայրենական պատերազմում ընկածների հիշատակին, և հենց այս խաչքարով էլ սկիզբ դրվեց Փառքի համազգային եղբայրական ծառուղուն: Ասեմ, որ սա իմ առաջին տեղադրած խաչքարն էր Սանկտ-Պետերբուրգում, որին հաջորդեցին ևս չորս խաչքարեր: Այս խաչքարերն ամփոփում են գիտակցությունն ու հարգանքը դեպի մեր նվիրյալ հերոսները:

Շատ հաճելի է, երբ զգում ես, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս (Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա) քո ստեղծածը ընդունվում եւ գնահատվում է


Նևվսկի Պիտաչոկ անունը կրող տարածքում կանգնեցված հուշակոթողը Հայաստանի Հանրապետության նվերն է Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին: Ես գիտեմ, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են նաև մեծ թվով հայեր, պաշարված քաղաքում իր գործունեությունն է ծավալել մեծանուն Վահրամ Փափազյանը՝ հանդես գալով նաև ռազմաճակատային գծում:
Իմ հովանավորությամբ 2013 թվականի հունիսի 9-ին՝ Պյոտր Առաջինի ծննդյան օրը, Կիրովսկ քաղաքում բացվել է նրա պահպանված մասունքներով վերաքանդակած հուշարձանը՝ կառուցված 1845 թվականին, որը 1943 թվականին ոչնչացվել էր ֆաշիստների կողմից: Դա իմ երախտագիտությունն էր հայերի հանդեպ կայսրի ջերմ վերաբերմունքի համար:

 

Պետք է սիրենք եւ հարգենք մեր երկիրը, ընտանիքը, միշտ հավատարիմ մնանք մեր ազգային արժեքներին, եկեղեցուն՝ հենց դա է կյանքի գլխավոր պատգամը:


Էջմիածնի Մայր տաճարում դրված երեք հուշակոթող-խաչքարերն իմ շնորհակալությունն է Հայրենական պատերազմի և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի հերոսներին: Էջմիածնում Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ եպիսկոպոս Գևորգ Սարոյանի աջակցությամբ տեղադրված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանը, նույնպես իմ շնորհակալությունն է իրենց կատարած նվիրական գործերի համար, որը նվիրվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյակին:
Թբիլիսիում, Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում, Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի առաջարկությամբ և աջակցությամբ, տեղադրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որը առաջին հուշակոթողն է Վրաստանում:


-Պարո՛ն Պողոսյան, ինչպես գիտենք 2008 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի կողմից ընտրվել եք Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Ջրօրհնեքի խաչքավոր, նոր մեռոնով:


-Իմ կյանքում առաջին անգամ բարձրացա Սուրբ սեղան, վստահաբար կարող եմ ասել, որ այս իրադարձությունը իմ կյանքի երջանիկ օրերից մեկն էր: Ցանկանում եմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին իմ խորին շնորհակալությունը հայտնել նման վեհ պարգև ինձ շնորհելու համար: Այս տարի նույնպես ներկա եմ գտնվել Մյուռոնօրհնեքի արարողությանը:
Արդեն 7 տարի անց՝ 2015 թ-ի հոկտեմբերի 4-ին, ստանձնեցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Ջրօրհնեքի խաչքավորի պարտականությունը:
Յոթ տարի է անընդմեջ, ամեն տոնակատարության ժամանակ, լուսահոգի վեհափառ հայրապետների գերեզմանները զարդարում եմ թարմ ծաղիկներով, ի շնորհակալություն այն վեհ արժեքների, որոնք փոխանցել են մեզ:
Ցանկանում եմ մի պատմություն պատմել, ասեմ որ յուրաքանչյուր տարի մի քանի անգամ լինում եմ Հայաստանում, այս տարի կատարած այցիս ժամանակ ստացա մի նամակ Նորք-Մարաշի թիվ 2 հատուկ դպրոցի տնօրենից: Մենք այցելեցինք դպրոց, ամբողջությամբ վերանորոգեցինք մեկ դասասենյակ, երեխաներին հանձնեցինք տարբեր նվերներ, իսկ վերջում դպրոցին նվիրեցի մի կտավ, որը գնել էի Մայր Աթոռի և նկարիչների միության կազմակերպած «Սրբալույս Մյուռոն» խորագրով կերպարվեստի ցուցահանդեսից, 40 կտավներից ընտրեցի Արևիկ Մկրտչյանի «Ավետում» կտավը, որպեսզի հրեշտակների բարեխոսությունը մշտապես դպրոցի սաներին ուղեկից լինի: Ես կարող եմ վստահաբար ասել, որ նրանց փայլող աչքերն ինձ երջանկություն պարգևեցին:

Պետք է ապրենք սիրով եւ շնորհակալ լինենք Աստծուն արեւածագի համար:


-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչն է կյանքում Ձեզ ուժ տալիս:


-Ինձ ուժ և եռանդ է տալիս իմ կառուցած յուրաքանչյուր հուշարձան: Հուշարձանը դա քարե շինություն չէ, դրա մեջ կա մարդկային հոգի, շունչ, կյանք: Պետք է միշտ բարի գործեր կատարել, չսահմանափակվել միայն քո ընտանիքի մասին հոգ տանելուց, եթե յուրաքանչյուրս մի փոքր մտածենք մեր քաղաքի, գյուղի մասին, արդյունքում կունենանք բարեկարգ քաղաք: Շատ հաճելի է, երբ զգում ես, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս քո ստեղծածը ընդունվում և գնահատվում է, այդ ժամանակ հասկանում ես, որ կյանքդ իզուր չի անցել:

 

Հավատը մարդուն ուժ է տալիս դիմակայելու կյանքի դժվարություններին:


-Ընտանիքն ազգի հենասյունն է: Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

-Իհարկե, սիրով, ամուսնացած եմ, ունեմ 4 զավակ՝ երկու տղա, երկու աղջիկ:
Չգիտեմ պատահականություն է, թե ոչ, բայց իմ երեխաները ծնվել են հոգևորական տոներին: Ցանկանում եմ մի պատմություն պատմել. իմ տղան և աղջիկը սովորում էին առաջին դասարանում, ուսուցչուհին նրանց հանձնարարել էր նկարել, թե ինչպես են պատկերացնում Հայրենական պատերազմը, նրանք նկարել էին իմ կառուցած հուշարձանը, որտեղ նրանք ծաղիկներ են դնում: Դա ինձ համար մեծ հպարտություն էր, որ երեխաներս հասկանում են իմ կատարած աշխատանքի կարևորությունը:


-Ո՞րն է Ձեր պատգամը, որ փոխանցում եք Ձեր ընտանիքին, ժողովրդին:


-Յուրաքանչյուրս պետք է ապրենք սիրով և շնորհակալ լինենք Աստծուն արևածագի համար: Պետք է սիրենք և հարգենք մեր երկիրը, ընտանիքը, միշտ հավատարիմ մնանք մեր ազգային արժեքներին, եկեղեցուն, հենց դա է կյանքի գլխավոր պատգամը: Հավատը մարդուն ուժ է տալիս դիմակայելու կյանքի դժվարություններին:

 

Հարցազրույցը՝

Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...