10:20
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մովսես Վարդանյան

2015-10-21 10:45

                                          «Դե Ֆակտո» N112 (2015թ.)

-Պարո՛ն Վարդանյան, Դուք գրեթե Ձեր ողջ կյանքն անցկացրել եք այս պատերի ներքո, աշխատել հանուն ատոմակայանի զարգացման և հզորացման: Կխնդրեմ համառոտ ներկայացնեք` աշխատանքային ի՞նչ ուղի եք անցել:


-Ծնվել եմ 1963թ. օգոստոսի 20-ին Թալինի շրջանի Աշնակ գյուղում: Մինչև ութերորդ դասարանը սովորել եմ Աշնակի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել եմ Երևանի թիվ 125 դպրոց և ավարտել ֆիզիկամաթեմատիկական թեքումով դասարանը: Նույն տարի` 1980թ., ընդունվել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետը, սովորել էլեկտրական կայաններ բաժնում: 1985թ. ավարտել եմ ինստիտուտը և գործուղվել Մեծամորի ատոմակայան` որպես երիտասարդ մասնագետ, և արդեն 30 տարի աշխատում եմ այստեղ:
Սկսել եմ տուրբինային արտադրամասի ամենացածր պաշտոնից` շրջիկ մեքենավարի հերթափոխային աշխատանքից, այնուհետև աստիճանաբար պաշտոնս բարձրացել է` տուրբինային արտադրամասի տուրբինային սարքավորումների մեքենավար, ղեկավարման վահանակի մեքենավար, 24 տարեկանում` հերթափոխի պետ:
1989թ.` երկրաշարժից հետո, հայկական ատոմակայանի աշխատանքը դադարեցվեց, առաջին և երկրորդ էներգաբլոկների աշխատանքը հերթականությամբ կանգնեցվեց, սակայն մենք շարունակեցինք մնալ ատոմակայանում, քանի որ միջուկային վառելիքը բլոկում էր և պետք էր ապահովել դրա հովացումը: Իհարկե, աշխատակիցների մեծ մասը հեռացավ, սակայն մի մասը մնաց և շարունակեց աշխատել, որոնց թվում նաև ես էի:
Երբ 1993թ. որոշվեց վերաթողարկել ատոմակայանը, ինձ առաջարկվեց պատրաստվել աշխատանքի կայանի հերթափոխի պետի պաշտոնում, որի համար անհրաժեշտ էր քննություն հանձնել, տիրապետել ատոմակայանի բոլոր բաժինների աշխատանքներին: Ես հանձնեցի բոլոր քննությունները և 1995թ. ստանձնեցի ատոմակայանի հերթափոխի պետի պաշտոնը ու մինչև 2002թ. աշխատեցի այդ պաշտունում:
2002թ. նշանակվել եմ ատոմակայանի գլխավոր ճարտարագետ: 2014թ. ստանձնել եմ Մեծամորի ատոմակայանի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները, որին զուգահեռ` նաև ատոմակայանի գլխավոր ճարտարագետն եմ:
Ես սիրով եմ աշխատում, սիրում եմ իմ մասնագիտությունը: Գուցե գեներն էլ մեծ դեր են խաղացել իմ մասնագիտության ընտրության և նվիրումով աշխատելու հարցում, քանի որ իմ ազգականների մեջ եղել է Հայաստանի վաստակավոր էներգետիկ` Միհրան Տիգրանի Վարդանյանը:


-2016թ. լրանում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, ի՞նչ է սպասվում դրանից հետո:


-Նախ նշեմ, որ Մեծամորի ատոմակայանը բաղկացած է երկու էներգաբլոկներից, որոնցից աշխատում է միայն երկրորդը: Առաջինը մինչև այսօր չի աշխատել և, թերևս, չի էլ աշխատի: Երկրորդ էներգաբլոկը թողարկվել է 1980թ., աշխատել է մինչև 1989թ., 1995թ. նորից վերաթողարկվել է և մինչև այսօր շարունակում է աշխատել: Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում է 2016թ. սեպտեմբերի 1-ին:
Նման էներգաբլոկների կյանքի տևողությունը 30 տարի է, սակայն այսօր հնարավորություն կա հատուկ ծրագրերի իրականացման միջոցով երկարացնել դրանց կյանքի տևողությունը: Այդպիսի էներգաբլոկներ գործում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Չեխիայում, որոնց կյանքի տևողությունը երկարաձգվել է տասը տարով, այժմ այդ երկրները պատրաստվում են էներգաբլոկների կյանքի տևողությունը երկարաձգել ևս 5-10 տարով:
ՀՀ կառավարության որոշմամբ` Մեծամորի ատոմակայանի կյանքի տևողությունը ևս կերկարացվի:


-Մի փոքր պատմեք ծրագրի իրականացման առնչությամբ ռուսական կողմի հետ տարվող աշխատանքների մասին և հետաքրքիր է, արդյո՞ք դադարեցվելու է ատոմակայանի աշխատանքը:


-Մշակվել և կառավարության կողմից հաստատվել է ԱԷԿ-ի կյանքը տասը տարով երկարաձգման ծրագիրը: Ծրագրի իրականացման համար Ռուսաստանի կառավարությունը վարկ է տրամադրել Հայաստանի կառավարությանը 270 մլն ԱՄՆ դոլարի չափով և 30 մլն դոլարի չափով` օգնություն:
Պետք է նշեմ, որ մեր ատոմային էլեկտրակայանը կառուցված է նախկին Խորհրդային Միության նախագծով: Ռուսաստանում կան երկու նմանատիպ ատոմակայաններ, որոնք ևս այդ նախագծով են կառուցված ու երկարացրել են իրենց շահագործման ժամկետի տևողությունը: Եվ քանի որ բոլոր գիտահետազոտական ինստիտուտներն ու արտադրող գործարանները ռուսական են, մենք համագործակցում ենք ռուսական բոլոր այդ կազմակերպությունների հետ: Անհրաժեշտ է ձեռք բերել երկակի կարևորության սարքավորումներ, որոնք միանշանակ երկրից երկիր չեն վաճառվում կամ տեղափոխվում, այլ տրվում են միմիայն հատուկ թույլտվության առկայության դեպքում: Մենք ռուսական կողմի հետ ունենք ստորագրված միջկառավարական պայմանագրեր, որոնց համաձայն ռուսական կողմը մեզ կտրամադրի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները:
Ընդհանուր առմամբ, մեծ ծավալի աշխատանքներ են սպասվում, որոնք պետք է երեք տարում իրականացնենք: Իհարկե, մեզ համար ամենահեշտ տարբերակն այն կլիներ, որ 2016թ. կանգնեցնեինք ատոմակայանի աշխատանքը 7-9 ամիս ժամկետով, բայց դա մեծ հարված կլիներ ՀՀ էներգոհամակարգին և ազգաբնակչությանը: Այդ պատճառով, նախարարի ցուցումով, մենք ռուսական կողմի հետ համաձայնության եկանք, որ ծրագիրն իրականացնենք` մեղմելով հնարավոր կանգառների տևողությունը և հնարավորինս շատ էլեկտրաէներգիա արտադրել, քանի որ այն մեր էներգոհամակարգի ամենաէժան էլեկտրաէներգիան է:
Մեր աշխատանքային գրաֆիկը հետևյալն է` 2016թ. աշնանը կդադարեցվի ԱԷԿ-ի աշխատանքը 60 օրով, 2017թ. գարնանը` 3 ամսով, 2018 թ.` 4 ամսով:
Մենք այժմ ԱԷԿ-ում համապատասխան արտադրող գործարանների ներկայացուցիչների, փորձագետների հետ կատարում ենք համալիր հետազոտություն, որի արդյունքում կկազմվի հաշվետվություն ԱԷԿ-ի տեխնիկական հզորությունների աշխատունակության վերաբերյալ, կորոշվի, թե ինչ նոր սարքավորումներ պետք է տեղադրվեն, որոնք` փոխարինվեն նորերով և այլն:
ԱԷԿ-ի կյանքի տևողության երկարացման ծրագրով նախատեսում ենք տուրբինների արդիականացում, և 2019թ.մոտ 400-500մլն կՎտ/ժ ավել էլեկտրաէներգիայի արտադրություն: Դա շատ կարևոր նշանակություն կունենա մեր երկրի համար, ավել էլեկտրաէներգիան վաճառելով` կկարողանանք ավելի վաղ ժամկետներում վերադարձնել մեզ տրամադրված վարկային միջոցները, իսկ որից հետո արդեն կկարողանանք մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:


-Որքանո՞վ է ԱԷԿ-ի աշխատանքը վտանգավոր շրջակա միջավայրի և ազգաբնակչության համար:


-Ատոմային կայանները էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտների մեջ ամենամաքուրներից մեկն են համարվում: Դրանք վտանգավոր են դառնում վթարային իրավիճակներում, իսկ անխափան աշխատանքի դեպքում իրենցից վտանգ չեն ներկայացնում: Կա հավանականության տեսություն, որ 10 հազար տարին մեկ անգամ հնարավոր է վթար տեղի ունենա, սակայն ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ կպատահի:
Ամեն դեպքում, ոչինչ բացառել հնարավոր չէ, մենք գնահատում ենք մարդկային գործոնը, հնարավոր ռիսկերը, խափանումների հավանականությունը, որն իրականում շատ բարդ գործընթաց է: Մենք ամերիկացի մասնագետների օգնությամբ հաշվարկել ենք մեր ռիսկերը, որի արդյունքում հայկական ԱԷԿ-ը` որպես գործող կայան, դասվել է անվտանգ ատոմային կայանների շարքին:


-Միջազգային համագործակցության ինչպիսի՞ ծրագրեր ունեք:


-Մենք համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ` ԱԷՄԳ-ի, որը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում միջազգային միջկառավարական կազմակերպություն է: Մեր գործունեությունն իրականացվում է այդ կազմակերպության հովանու ներքո, ունենք համագործակցության շրջանակ յուրաքանչյուր հարցի շուրջ, ավելին` միջուկային վառելիքի հետ կապված ցանկացած տեղաշարժ, առանց ԱԷՄԳ-ի փորձագետների գնահատման` տեղի չի ունենում:
ՀՀ հետ միջկառավարական համաձայնագիր է ստորագրված, ըստ որի` ԱԷՄԳ-ի փորձագետները 24 ժամ առաջ մեզ տեղյակ պահելուց հետո կարող են մտնել ԱԷԿ և ստուգումներ կատարել: ԱԷՄԳ-ի կողմից 2003թ. ԱԷԿ-ում անցկացվել է նախագծային անվտանգության ստուգում, որից 2 տարի հետո` վերստուգում, 2007թ. անցկացվել է հավանականության տեսության ստուգում, 2011թ. ամենակարևոր ստուգումն էր, որի համար մոտ 23 փորձագետներ 3 շաբաթ ստուգումներ էին անցկացնում ամբողջ կայանում, ինչպես նաև հարցազրույցներ աշխատողների հետ` անվտանգության կուլտուրայի հետ կապված: Այդ ամենի նպատակն էր պարզել, թե մեր երկիրը որքանով է պահպանում միջուկային էներգետիկայի շահագործման, պահպանման, անվտանգության նորմերը և այլն: Մի քանի տարի պատրաստվում էինք այդ քննությանը, վախ ունեի, որ դժվար կլինի, սակայն արդյունքները գոհացուցիչ էին: Մենք ունեցանք 14 առաջարկություն՝ ուղղությունները բարելավելու առումով և միջազգային ստանդարտների համաձայն` ԱԷԿ-ը գնահատվեց միջինից բարձր կայան, որը վատ ցուցանիշ չէ:
Բրյուսելում Եվրամիությունն ունի համապատասխան կառույց, որը օժանդակում է մեր ատոմակայանին: Մենք համագործակցում ենք նաև այդ կառույցի հովանու ներքո գործող «Ռիսկաուդիտ» ընկերության հետ, որը հետևում է ԱԷԿ-ում միջուկային, ռադիացիոն անվտանգության պահանջների կատարմանը:
Ունենք համագործակցություն ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի հետ` անվտանգության բարձրացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում: Այժմ մեր օպերատիվ անձնակազմը ՀԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնում վարժանքներ է անցնում դեպարտամենտի օժանդակությամբ կառուցված և կահավորված շենքում :
Միջազգային բոլոր ատոմակայանները միասին ստեղծել են օպերատորների ընդհանուր ասոցիացիա, որոնցում ներգրավված են բոլոր ատոմակայանները, որոնք բաժանված են 4 խմբերի: Այդ ասոցիացիաները 4 խմբերին կարողանում են տեխնիկական օժանդակություն ցուցաբերել: Գոյություն ունի Մոսկովյան կենտրոն, որի մեջ ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Հնդկաստանը, Իրանը և Չինաստանը: Մենք այս խմբի հետ սերտորեն համագործակցում ենք, հաճախակի են լինում ընկերական ստուգումներ, ինֆորմացիայի, փորձի փոխանակում, միմյանց աջակցություն:


-Հետաքրքիր է` հարևան պետությունները ատոմակայան կառուցելու ծրագրեր ունե՞ն և արդյո՞ք ՀՀ-ն մոտակա տարիներին նոր էներգաբլոկ կկառուցի:


-Կովկասյան տարածաշրջանում Հայաստանը մշտապես առանձնացել է իր ատոմակայանով, սակայն այսօր Թուրքիան պատրաստվում է ռուսական նախագծով էներգաբլոկներ կառուցել Միջերկրական ծովի ափին, ցանկանում է միջուկային պետություն դառնալ: Նման ցանկություն ունեն նաև հարևան Ադրբեջանը և Իրանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա եթե մենք չունենայինք ատոմային կայան և ցանկանայինք նորը կառուցել, ապա շատ դժվար կլիներ, քանի որ մեր տնտեսության հզորությունները թույլ չէին տա նման թանկարժեք նախագիծ իրականացնել: Մենք այսօր պետք է կարողանանք փայփայել ժառանգություն ստացած մեր ատոմակայանը:


-Ի՞նչ խնդիրներ ունի ԱԷԿ-ը:


-Այսօր ԱԷԿ-ի հիմնական խնդիրը կյանքի տևողության երկարաձգման ծրագրի իրականացումն է, որը ենթադրում է մեծ ծավալի աշխատանքներ, որոնք ատոմակայանում առաջին անգամ են կատարվում: Շատ պատասխանատու ձեռնարկ է, որը պետք է պատվով կատարենք:
Մյուսը՝ կադրերի սերնդափոխության խնդիրն է, պետք է ԱԷԿ-ը համալրենք նոր կադրերով, քանի որ մեր հիմնական կադրերը այստեղ աշխատել են 25 տարեկանից և հիմա արդեն թոշակառուներ են, բայց, օրինակ, հերթափոխով և այլ աշխատանքների համար երիտասարդ կադրեր են անհրաժեշտ: Մենք աշխատանքներ տանում ենք այդ ուղղությամբ:


-Ինչպիսի՞ համագործակցություն կա ԱԷԿ-ի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև:


-Նախարարը հստակություն մտցրեց ՀՀ էներգոհամակարգի աշխատանքներում արդյունավետ կառավարման շնորհիվ: Այսօր համակարգի բոլոր օղակների աշխատանքային պարտականությունները շատ հստակ են, նախարարության պահանջները յուրաքանչյուր կառույց գիտի և փորձում է հնարավորինս լավ ցուցանիշներով կատարել:
Երբ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ, նախարարը մեզանից պահանջեց, որ հնգամյա ծրագիր կազմենք, թե ինչ աշխատանքներ ենք իրականացնելու 5 տարիների ընթացքում: Սա շատ ճիշտ որոշում էր, հատկապես մեր ոլորտի համար: Այդպիսով, մեր աշխատանքը կանխատեսելի և պարզ է թե՛ մեզ, թե՛ նախարարության և թե՛ ազգաբնակչության համար: Նաև շատ հարցեր լուծում կստանան, հասկանալի կլինի, թե ողջ էներգոհամակարգը ինչ ճանապարհով է ընթանում առաջ, զարգացման ինչպիսի հեռանկար ունի:
Շատ բարձր եմ գնահատում նաև նախարարի հետևողական վերաբերմունքը մեր աշխատանքի վերաբերյալ: Նա հաճախակի այցելում է ՀԱԷԿ, ես մասնակցում եմ նախարարության խորհրդակցություններին, ստանում հանձնարարականներ և քայլեր ձեռնարկում դրանց կատարման ուղղությամբ: Ֆինանսական վերահսկողությունը նույնպես շատ խիստ է ԱԷԿ-ի հանդեպ: Պետք է նկատեմ նաև, որ նախարարը բավականին խստապահանջ է:


-Ո՞րն է, ըստ Ձեզ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կառավարման մոդելի հաջողության գրավականը:


-Կարծում եմ` նրա աշխատանքի հաջողության գրավականը ղեկավարի բազմամյա փորձն է ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում, որը նա արդյունավետորեն կիրառում է իր այսօրվա աշխատանքում: Նրա հետ յուրաքանչյուր շփման ժամանակ ես փորձում եմ ինչ-որ բաներ սովորել իրենից:


-Ո՞րն է Ձեր աշխատանքային սկզբունքը:


-Իմ պապերը սասունցիներ են եղել, հայրենասիրությունն իմ արյան մեջ է, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, որը սկսվում է իմ ընտանիքից, աշխատանքից, որտեղ ես ջանք ու եռանդ չեմ խնայում առավելագույն հաջողության հասնելու համար: Ես կարծում եմ, եթե Հայկական ատոմակայանը անվտանգ աշխատի, ես հայրենիքիս նկատմամբ իմ պարտքը կատարած կլինեմ: Այդ պատճառով ընտանիքս խանդով է վերաբերվում իմ աշխատանքին:
Եվ որքան էլ վատ տրամադրություն ունենամ, երբ երեկոյան ուշ աշխատանքից տուն եմ վերադառնում, տեսնում եմ լուսավոր Երևանը, տրամադրությունս փոխվում է , քանի որ իմ փոքր լուման եմ տեսնում դրանում:
                     


                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...