10:09
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արտյոմ Հայրապետյան

2015-09-25 15:26

                        «Դե Ֆակտո» N111 (2015թ.)


Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը գտնվում է բարձր  լեռնային գոտում։ Մենակսար լեռան հյուսիսային կանաչապատ և ծաղկաշատ լանջին գտնվող Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828թ-ին, Երևան-Սևան մայրուղուց 3 կմ հեռավորության վրա։  Նախկինում կոչվել է Վերին Ախտա, hամայնքը վերանվանվել է Լեռնանիստ 1978 թ-ին։ Բնակիչները  Հայաստան ներգաղթածների ժառանգներն են, պատվախնդիր հայերի սերունդներ։ 2012թ-ից Լեռնանիստ համայնքը ղեկավարում է Արտյոմ Հայրապետյանը։ Ներկայացնում ենք “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը Արտյոմ Հայրապետյանի հետ։

-Պարո՛ն Հայրապետյան, արդեն 3 տարի է ինչ  հանդիսանում եք Լեռնանիստ   համայնքի ղեկավար։ Ի՞նչ առաջնային խնդիր էիք Ձեր առջև դրել համայնքապետ ընտրվելու դեպքում կատարելու համար։

-Հարցը մեր տանն ու մերձավորների միջավայրում հստակ էր դրված. Ընտրվելու դեպքում անմնացորդ աշխատել մեր հայրենի եզերքի ծաղկման և հզորացման, մարդուն հուզող խնդիրների լուծման ու աջակցության համար։

-Որքա՞ն բնակիչ   ունի Լեռնանիստ համայնքը և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը։

-Բնակչության թիվը կազմում է 3214 մարդ, ովքեր հիմնականում զբաղված են գյուղատնտեսական արտադրությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։ Մոտ 30 տնտեսություններ զբաղված են մեղվապահությամբ, որոնցից 3-ը հանդիսանում են խոշոր մեղվապահներ։

-Իսկ գյուղից արտագնա աշխատանքի մեկնողներ չկա՞ն։

-Ինչպես Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում, մեզ մոտ ևս կան բնակիչներ, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի։ Ուրախությամբ  պետք է նշեմ, որ մեզ մոտ հիմնական գնացողները մեծ տոկոս չեն կազմում, հիմնականում մեկնում են սեզոնային աշխատանքի և վերադառնում։

-Ի՞նչ աշխատանքներ եք կատարել համայնքում այս տարիների ընթացքում։

-Համայնքի ղեկավարման այս 3 տարիների ընթացքում բազմաթիվ գեղեցիկ ծրագրեր եմ կյանքի կոչել։ Բարեկարգվել են մինչհամայնքային ճանապարհները, այդ թվում կառուցվել է 3 կմ ճանապարհ, որը նախկինում անանցանելի էր։ Համայնքի բոլոր թաղամասերը գազաֆիկացված են, տարեցտարի կավելացվեն գիշերային լուսավորությամբ ապահովված փողոցները, մեր ջանքերով կարգավորվեց կենտրոնացված աղբահանությունը, գյուղն ապահովված է հեռախոսակապով և ինտերնետով։

-Պարո՛ն Հայրապետյան, համայնքում բուժամբուլատորիա կա՞ և ինչպիսի՞ վիճակում է գտնվում։

-Այո, մեր համայնքն ունի բուժամբուլատորիա։ ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի և համայնքի համաֆինանսավորմամբ կառուցվել է արտաքին և ներքին հարդարանքով, անհրաժեշտ բուժական սարքավորումներով հագեցած բուժամբուլատորիա՝ առողջության առաջնային պահպանման կենտրոն։

-Արդյո՞ք Լեռնանիստն ունի գործող մանկապարտեզ և որքա՞ն երեխա է հաճախում։

-Այո, հպարտորեն պետք է նշեմ, որ ունենք հիմնանորոգված մանկապարտեզ, որի խմբասենյակները 2013թ-ին ամբողջովին կահավորվել են նոր գույքով։ Նախակրթարան հաճախում են 120 երեխա։

-Պարո՛ն Հայրապետյան, գիտեմ, որ Ձեր համայնքում վերջին տարիներին կառուցվել են եկեղեցիներ, կխնդրեմ մի փոքր պատմեք այդ մասին։

-Սիրով, 2013-2015 թվականներին համայնքի բնակիչների ներդրումներով կառուցվել են Սուրբ Կարապետ, Սուրբ Խաչ, Սուրբ Աստվածածին  եկեղեցիները։  Վերանորոգվել  և  մեծ  ուխտատեղի  է  դարձել  Սուրբ  Հակոբ   եկեղեցին, որի  կողքին  է  գտնվում  բուժիչ` Սուրբ  Ավազան   աղբյուրը ։ 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված  Լեռնանիստ  համայնքում կատարվել  է      Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողություն։  

-Արդյո՞ք հագեցած է համայնքի մշակութային կյանքը։

-Լեռնանիստ համայնքում  մշակութային կյանքն իսկապես հագեցած է։ Համայնքն ունի գործող մշակույթի տուն՝ 1200քմ տարածքով։ Մշակույթի   տանը  գործում  է  ազգագրական  թանգարան, որի  բացման  արարողությունը  կատարվել  է  2015  թվականի  ապրիլի  22-ին։ Այն  նվիրված  է  Հայոց  Մեծ  եղեռնի  զոհերի  հիշատակին։  Մշակույթի տանը գործում են նկարչության, պարի, սպորտի ուսուցողական, սիրողական խմբակներ։  Մշակույթի տան շենքում է գտնվում նաև համայնքի գրադարանը, որտեղ կա 5000 կտոր գրականություն, ունի 200-ից   ավել ընթերցող։ Գրադարանում կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ։ Համայնքի Սպարտակ Նազարյանի անվան միջնակարգ դպրոցը ևս մշակույթի ասպարեզում ունի բարձր ցուցանիշներ։ Դպրոցում կազմակերպվում են տոնական ցերեկույթներ, մրցույթներ բարձր դասարանցիների միջև։

-Պարո՛ն Հայրապետյան, խոսենք նաև ապագա ծրագրերի ու գյուղում առկա խնդիրների մասին։

-Լեռնանիստ համայնքի գերխնդիրը խմելու և ոռոգման ջրերի ցանցի կառուցումն է, որը մեծ ներդրումներ է պահանջում։ Հուսանք, որ մոտ ապագայում այս խնդիրը կլուծվի։ Գործուն քայլեր են ձեռնարկվում նաև երիտասարդության ազատ ժամանակի և հանգստի կազմակերպման ուղղությամբ։ Գյուղը մեծ ընտանիք է։ Աշխատանքը մարդիկ տեսնում և գնահատում են։ Փոխադարձ վստահության մթնոլորտում արվում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է համայնքն ավելի գեղեցիկ, ծաղկուն և բարեկեցիկ դարձնելու համար։

Հարցազրույցը՝ Օվսաննա Մնացականյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...