15:39
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստան ասելով պետք է հասկանանք ոչ միայն Հայաստանն իր սահմաններով, այլ ողջ աշխարհում ապրող հայերին

2015-07-14 10:03

                                         «Դե Ֆակտո» N109 (2015թ.)


«Դե Ֆակտո»  ամսագրի զրուցակիցն է Կիևի հայկական համայնքի միության նախագահ, Արևմտյան Ուկրաինայի պատվո հյուպատոս  Նորիկ Գևորգյանը։

-Պարո՛ն  Գևորգյան, որքա՞ն ժամանակ է ինչ ղեկավարում եք Կիևի հայ համայնքը։  Ի՞նչ  կրթություն  ունեք,  ի՞նչ գործունեություն  էիք  մինչ այդ իրականացնում  և ինչպե՞ս  ընտրվեցիք Կիևի հայ համայնքի ղեկավար։

-Կիևի հայ համայնքի ղեկավար եմ արդեն մեկ տարի։ Ծնվել եմ Երևանում, ապրել Նորք Մարաշ թաղամասում, սովորել և  ավարտել եմ այնտեղի թիվ 124 դպրոցը։ 6 տարեկանից զբաղվել եմ հունահռոմեական ոճի ըմբշամարտով, սպորտի վարպետ եմ։ 16 տարեկանում որպես մարզիկ Ուկրաինայից առաջարկ ստացա ընդգրկվել իրենց ըմբշամարտի հավաքականի կազմում, որից հետո տեղափոխվեցի Տերնոպոլ քաղաք։

Մինչև 2000 թվականն ապրել եմ Արևմտյան Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում, սովորել և ավարտել եմ Տերնոպոլի Ազգային տնտեսագիտական համալսարանը։ Սկսած 2000 թվականից ապրում եմ Կիևում։ 2004 թվականից  հունահռոմեական ըմբշամարտի վաստակավոր մարզիչ եմ և մինչև  2012 թվականը ղեկավարել եմ Կիևի ըմբշամարտի ֆեդերացիան։

Այն աշխատանքները, որոնք իրականացնում եմ այժմ որպես Կիևի հայ համայնքի ղեկավար, իրականացնում էի նաև մինչև այդ  պաշտոնում ընտրվելս։ Այսինքն՝  հայ համայնքի նախագահի պաշտոնում ընտրվելը  չէր, որ պարտադրեց  ինձ  համայնքի համար աշխատանքներ իրականացնել և աջակցել նրանց։

Համայնքի բազմաթիվ անդամների առաջարկով և այն գիտակցությամբ, որ բազմաթիվ անելիքներ կան, որոնք ի զորու եմ իրականացնել, առաջադրվեցի և ընտրվեցի հայ համայնքի ղեկավարի պաշտոնում։

-Որպես համայնքի ղեկավար ի՞նչ խնդիրներ եք կարողանում լուծել հայ համայնքի շրջանում, ի՞նչ աշխատանքներ են Ձեր կողմից  իրականացվում։

-Այս ժամանակաշրջանում, երբ Ուկրաինայում քաղաքական լարված իրավիճակ է, էլ ավելի է կարևորվում համայնքի առկայությունը։ Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայում պատերազմական իրավիճակ է և ամեն փոքր քայլ կամ խոսք կարող է հայերի հանդեպ ագրեսիայի դրսևորումների բերել, ուստի մեր խնդիրն է համախմբել հայերին և ուկրաինացիների հետ ամրապնդել բարիդրացիական կապեր։

- Ինչպես հայտնի է՝ Հայաստանը, ի թիվս 11 երկրների, դեմ քվեարկեց ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում էր Ռուսաստանի կողմից  Ղրիմի բռնակցումը։ Ի՞նչ արձագանք ստացավ Ուկրաինայում Հայաստանի քայլը, արդյո՞ք դրանից հետո հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվեց։

-Հայաստանի կողմից ՄԱԿ-ի բանաձևին դեմ քվեարկելուց հետո Ուկրաինայում հակահայկական տրամադրություններ սկսվեցին։ Ուկրաինացիների որոշ մասը մտածում էր, որ հայերը դավաճանել են իրենց, ուստի հայ համայնքի կողմից լայնածավալ աշխատանքներ իրականացվեցին՝  ճիշտ ներկայացնելու Հայաստանի քվեարկության պատճառները և հիշեցնելու, որ Ուկրաինայում բնակվող հայերը Ուկրաինայի քաղաքացիներ են և միշտ պաշտպանել են Ուկրաինայի շահերը։ Պարզ է, որ համայնքը մեկ ընդհանուր քաղաքական հայացքներ ունեցող կուսակցություն չէ և յուրաքանչյուրը կարող է ունենալ իր քաղաքական դիրքորոշումը։ Մենք չենք զբաղվում քաղաքականությամբ։ Հայերը դարեր շարունակ համերաշխորեն ապրում են Ուկրաինայում, նրանց հետ միասին նպաստում երկրի զարգացմանը։ Հայերն Ուկրաինայում միշտ էլ բարձր համբավ են ունեցել ու արժանացել հարգանքի։

-Որքա՞ն հայ է բնակվում Կիևում, որքանո՞վ են նրանք համախմբված։

-Կիևում և Կիևի մարզում բնակվում է մոտ 70 հազար հայ։ Հիմնականում բոլորն էլ հիմնովին բնակություն են հաստատել Կիևում և յուրաքանչյուրն իր աշխատանքն ունի։ Հայ համայնքը բավականին համախմբված է։

-Որո՞նք են հայ համայնքի հիմնական խնդիրները։

-Համայնքի առջև խնդիր է դրված հայ ժողովրդին ինտեգրել Ուկրաինայի հասարակությանը՝ միևնույն ժամանակ պահպանել հայոց լեզուն, մշակույթը, պատմությունը։ Պարզ է՝ կան մարդիկ, ովքեր երկար տարիներ բնակվելով այստեղ՝ չգիտեն հայերեն, ամուսնացել են ուկրաինացիների հետ և այլն։ Մենք փորձում ենք համախմբել հայերին, նրանց մեջ զարգացնել հայրենասիրությունն ու լուծել հայապահպանության հարցը։

Համայնքում ունենք 13-ից ավել կոմիտեներ, որոնք զբաղվում են տարբեր հարցերով, հայերի խնդիրների լուծմամբ։ Ուկրաինացիները շատ հանդուրժող  են, հայերին ընդունում և մեծ տեղ են տալիս։ Հայերի և ուկրաինացիների միջև երբևէ լուրջ խնդիրներ չեն եղել, երկու ժողովուրդների միջև հարաբերությունները շատ ջերմ են։

-Ինչպե՞ս  է լուծվում Կիևում բնակվող հայերի զբաղվածության հարցը։ Ինչո՞վ են նրանք հիմնականում զբաղվում։

-Այսօր Ուկրաինայում 500 հազարից ավել հայ է բնակվում։ Նրանք գործունեություն են իրականացնում տարբեր բնագավառներում՝ բիզնես, սպորտ, մշակույթ, ինչպես նաև  պետական ապարատ և այլն։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ազգությամբ հայ է։

-Որպես Կիևի հայ համայնքի ղեկավար ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությունը։ Արդյո՞ք հայ համայնքը համագործակցում է դեսպանի հետ։

-Բացի այն, որ ղեկավարում եմ Կիևի հայ համայնքը, հանդիսանում են նաև Արևմտյան Ուկրաինայում Հայաստանի պատվո հյուպատոս և քաջատեղյակ եմ դեսպանի կողմից իրականացվող աշխատանքներին։ Կիևի հայ համայնքը, ինչպես նաև ես բարձր ենք գնահատում դեսպանի գործունեությունը։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը մասնակցում է հայ համայնքի աշխատանքներին՝ չնայած դա կարող է ի պաշտոնե չանել։ Երբ Հայաստանը դեմ էր քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում էր Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, դեսպանը  օրեր շարունակ դուրս չէր գալիս Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից՝ նրանց ճիշտ ներկայացնելով Հայաստանի քվեարկության պատճառը, բացատրելով, որ Ուկրաինայում բնակվող հայերը Ուկրաինայի քաղաքացիներ են, որպեսզի հետագայում նրանք որևէ խնդրի առջև չկանգնեն։ 

-Ինչպիսի՞ն  է կապը Ուկրաինայի իշխանությունների հետ։ Ի՞նչ հույսեր եք  կապում Ուկրաինայի գործող  իշխանությունների  հետ։

-Մայդանի դեպքերի ժամանակ առաջին զոհը Սերգեյ Նիգոյանն էր, ով ստացել է Ուկրաինայի հերոսի կոչում։ Այս իշխանությունները միշտ հիշում են Սերգեյ Նիգոյանի մասին և նշում, որ նա ազգությամբ հայ Ուկրաինայի հերոս է, ուստի ի դեմս Նիգոյանի, հայերի հանդեպ հարգանքով են լցված։

Շուտով Ուկրաինայի տարբեր մարզերում և քաղաքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որտեղ առաջադրվել են շատ հայ թեկնածուներ, ուստի իշխանությունները դեռ շատ կփոխվեն։ Այսօր Ուկրաինայում, ցավոք, պատերազմական իրավիճակ է և ուկրաինացիների բարի կամքի շնորհիվ է, որ իրավիճակը համեմատաբար չի սրվում։ Ամեն դեպքում հայ համայնքը փորձում է զերծ լինել քաղաքականությունից։ Մեր խնդիրն է՝ բարիդրացիական հարաբերություններ ձևավորել ինչպես Ուկրաինայի իշխանությունների, այնպես էլ ժողովրդի հետ։

-Ուկրաինայի ՆԳ նախարար, ազգությամբ  հայ Արսեն Ավակովը որքանո՞վ է աջակցում հայերին։

-Արսեն Ավակովը շատ հայրենասեր է, նա օրենքի սահմաններում ամեն հարցով աջակում է հայերին։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ևս մեկ անգամ զգացինք իր աջակցությունը։ Շատ եմ հարգում և ընդունում Արսեն Ավակովի՝ հայերի հանդեպ ցուցաբերած գործունեությունը։

Եվրոինտեգրման հարցերով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Տիգրան Ավագյանը ևս ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հայ համայնքում տարվող աշխատանքներին։ Նախկինում նա եղել է Ուկրաինայում հայերի միության գործադիր տնօրենը և քաջատեղյակ է բոլոր խնդիրներին։

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ի՞նչ միջոցառումներ իրականացվեցին Կիևում։ Արդյո՞ք  Ուկրաինայի իշխանությունների կողմից խոչընդոտներ չառաջացան։ Ի՞նչ արձագանք ստացան իրականացվող միջոցառումները  Ուկրաինայում  բնակվող ադրբեջանցիների և թուրքերի կողմից։

-Այո, մեր կողմից Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին և առաջին  հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուկրաինայի ժողովրդին, ովքեր դեմ չարտահայտվեցին այդ միջոցառումներին։ Կարելի է ասել՝ ժողովուրդն է թույլ տվել, որպեսզի իրականացնենք այդ միջոցառումները՝ հատկապես հաշվի առնելով Ուկրաինայի քաղաքական լարված իրավիճակը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած Ուկրաինայի սերտ հարաբերությունները և այլն։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն ի սկզբանե լավ չէր տրամադրված մեր կողմից իրականացվող միջոցառումներին՝  հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի գործոնը, իսկ ժողովուրդը միահամուռ աջակցում էր մեզ։  Ինչպես և սպասվում էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից եղան խոչընդոտներ, մասնավորապես, երբ Կիևի կենտրոնական օպերայում դեսպանատան և հայերի միության հետ իրականացնում էինք ռեքվիեմ երեկո, նրանք փորձում էին թույլ չտալ միջոցառման անցկացումը, բացի այդ փորձում էին հանել Կիևի տարբեր հատվածներում փակցված Հայոց ցեղասպանությանը նվիրված վահանակները, ինչը ևս ուկրաինացի ժողովրդի շնորհիվ նրանց չհաջողվեց։ Ուկրաինայի անվտանգության կոմիտեն 40 րոպեից ավել քննարկում էր՝ թույլ տալ հայերին անցկացնել միջոցառումներ, թե ոչ։ Չինովնիկներից մեկի հարցին՝ հայերին թույլատրելով ինչպես ենք նայելու մեր ստրատեգիական գործընկեր թուրքերի աչքերին, մեկ այլ ուկրաինացի պաշտոնյա արձագանքել է, որ իրենց ստրատեգիական գործընկերները ոչ միայն Թուրքիան  և Ադրբեջանն են, այլ իրենց երկրում բնակվող կես միլիոնից ավել հայերը, ովքեր հիմնականում 1915 թվականին կոտորվածների սերունդներն են։

Միջոցառումներից շատ հուզիչ էր նաև Կիևի երիտասարդների կողմից քաղաքի կենտրոնում կազմակերպված ֆլեշ-մոբը, որը ուղիղ եթերով լուսաբանվեց նաև թուրքական հեռուստաընկերության կողմից։

-Տեղյակ եմ, որ այժմ Կիևում կառուցվում է հսկայական հայկական եկեղեցի։ Կպատմե՞ք  եկեղեցու կառուցման մասին։

- Այո, այժմ ընթանում է հայկական խոշոր եկեղեցական համալիրի շինարարությունը, որի կառուցումը ֆինանսավորում է Ուկրաինայի հայերի միությունը՝  նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ։ Այն շատ մեծ շինություն է լինելու, որի շինարարությունն ավարտին կհասնի 2-3 տարուց։ Որպեսզի այդ տարիների ընթացքում հայերը  հնարավորություն ունենան այցելել հայկական եկեղեցի, Կիևի հայ համայնքը նույն տարածքում նախաձեռնեց ավելի փոքր եկեղեցու շինարարությունը, որի կառուցումը ավարտին կհասնի մեկ ամսից։

-Արդյո՞ք Կիևում բնակվող հայերը հնարավորություն ունեն սովորել հայերեն։ Ինչպե՞ս է կազմակերպվում հայերենի ուսուցումը Կիևում։

-Այժմ Կիևի հինգ դպրոցներում շաբաթական երկու անգամ հայ մանկավարժները դասավանդում են հայերեն։ Բացի այդ, գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, որտեղ  հաճախում են ոչ միայն Ուկրաինայում ապրող հայերը, այլ նաև ուկրաինացիները։ Նախատեսում ենք մինչև սեպտեմբեր ևս երեք դպրոցներում կազմակերպել հայերենի ֆակուլտատիվ դասընթացներ և Կիևի երկու բուհերում բացել հայերենի ամբիոններ։

-Ինչպե՞ս եք պահպանում Հայաստանի հետ կապը։

- Իմ կարծիքով Հայաստան ասելով պետք է հասկանանք ոչ միայն Հայաստանն իր սահմաններով, այլ ողջ աշխարհում ապրող հայերին։ Նշեմ, որ Ուկրաինայում հայկական սփյուռքն իր մեծությամբ աշխարհում 4-րդն է՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո։ Դա պետք է գիտակցեն Հայաստանի իշխանությունները և առավել մեծ ուշադրություն դարձնեն Ուկրաինայի հայ համայնքին։ Այսօր, չգիտես ինչու, Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքը, իմ կարծիքով, շատ ավելի փոքր ուշադրության է արժանանում Հայաստանի իշխանությունների կողմից։ Ըստ իս, Սփյուռքը պետք է մասնակցի անգամ Հայաստանի քաղաքական գործընթացներին։ 

-Որո՞նք  են  այն  հիմնական  ծրագրերըոր նախատեսում եք իրականացնել առաջիկայում։  Ի՞նչ խնդիր եք Ձեր առջև դրել։

-Այժմ փորձում ենք ավելի ճիշտ համակարգել համայնքի աշխատանքները, ժողովրդին ներգրավել  դրանցում։ Մեր նպատակներից է ավարտին հասցնել Կիևում ընթացող հայկական եկեղեցիների կառուցումը։  Այս տարի սեպտեմբերին լրանում է Կիևի հայ համայնքի 25-ամյակը, ուստի այդ օրերին կազմակերպվելու են լայնամասշտաբ մշակութային միջոցառումներ, տեղի կունենա նաև փոքր հայկական եկեղեցու բացման արարողությունը։ Մտադիր ենք այդ օրերին Հայաստանից պատվիրակություն հրավիրել, որոնց թվում կլինեն նաև լրագրողներ, ովքեր հնարավորություն կունենան Հայաստանում ճիշտ ներկայացնել Ուկրաինայում հայկական սփյուռքը և նրա կողմից տարվող աշխատանքները։

 -Կպատմե՞ք  Ձեր  ընտանիքի  մասին։  Արդյո՞ք  դժվար  չէ  զավակներին  դաստիարակել հայրենիքից հեռու։  Արդյո՞ք  ապրելով  այլ  երկրում՝ զավակների դաստիարակության  հարցում  պահպանում եք հայկական ավանդույթները։

-Ամուսնացած եմ, կինս հայուհի է, ունեմ երկու երեխա,  դուստրս՝  Կարինեն 12 տարեկան է, որդիս՝ Կարենը՝ 6։ Կիևում են բնակվում նաև ծնողներս, քույրս և եղբայրս իրենց ընտանիքներով։ Բոլորս խոսում ենք հայերեն։ Զավակներիս դաստիարակում եմ հայկական ավանդույթներով։ Դպրոցում բոլոր մշակութային միջոցառումներին մեր զավակները մասնակցում են հայկական տարազով՝ ներկայացնելով մեր մշակույթը։ Զավակներս ևս զբաղվում են սպորտով. Կարինեն 6 տարեկանից զբաղվում է թենիսով, Կարենը՝ ըմբշամարտով և ֆուտբոլով։ Եղբայրս 10 տարի եղել է Ուկրաինայի ըմբշամարտի հավաքականի թիմի ավագը, նա Եվրոպայի բազմակի մրցանակակիր է, այժմ էլ մարզում է Ուկրաինայի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը։

Ինձ համար ընտանիքը հայրենիքի ակունքն է և հենց ընտանիքից է սկսվում հայրենասիրությունը։ Բարձր եմ գնահատում այն մարդկանց, ովքեր կյանքում առաջնահերթ կարևորում են ընտանեկան արժեքները։

-Ինչի՞  եք  ձգտումո՞րն  է  Ձեր  նպատակը։

-Փորձում եմ բարենպաստ պայմաններ ստեղծել ինչպես իմ անձնական ընտանիքի, այնպես էլ իմ մեծ ընտանիքի՝ հայկական համայնքի և Հայաստանի համար։

-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Հայաստանը։

-Երազանքս  է  Հայաստանը տեսնել էլ ավելի զարգացած, որտեղ ստեղծված կլինեն այնպիսի պայմաններ, որ Սփյուռքում բնակվող հայերը հաճույքով կվերադառնան ու բնակություն կհաստատեն իրենց հայրենիքում։

Բոլորը պետք է գիտակցեն, որ Սփյուռքը մեծ հարստություն է, որի հետ համագործակցելու ու ռեսուրսները  ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ ամենահարուստ երկրներից մեկը։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի  



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...