





2015-06-10 14:14
«Դե Ֆակտո» N108 (2015թ.)
Ծաղիկներ ստանալը միշտ հաճելի է։ Ավելի հաճախ մենք վարդեր ենք նվեր ստանում, քանի որ գոյություն ունի չգրված օրենք` եթե չգիտես ինչ ծաղիկ նվիրել աղջկան, ապա գնիր հենց վարդեր։ Իզուր չէ, որ վարդը համարվում է ծաղիկների թագուհին, որին սիրում, երկրպագում, երգեր ձոնում ու փառաբանում էին դեռ անհիշելի ժամանակներից։ Այս չքնաղ ծաղկի գեղեցկությունը, բույրը, քնքշությունը, նրբագեղությունն ու մոգական հրապույրները անտարբեր չեն թողնի ոչ մեկին։ Օրեր առաջ “Դե Ֆակտո” ամսագրի ստեղծագործական խումբը հայտնվել էր վարդերի աշխարհում, վարդերի գլխապտույտ գեղեցկությունն ու անսահման հաճելի բույրն ագահորեն շնչելուց հետո զրուցեցիք “Էկոտոմատո” ընկերության տնօրեն Արսեն Սանդոյանի հետ։
-Պարո՛ն Սանդոյան, ինչպե՞ս ծնվեց գաղափարը զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ։ Ինչու՞ հենց վարդեր։
-”Էկոտոմատո” ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի մայիս ամսին, հիմնադրման նպատակն է եղել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր տեխնոլոգիաներով զինված ջերմոցային տնտեսություն հիմնել՝ գյուղմթերքների ու բույսերի աճեցման նպատակով։ Ու քանի որ մեր նպատակը լոլիկի արտադրությունն էր, այդ իսկ պատճառով անունն ի սկզբանե արդեն դրվել էր “Էկոտոմատո” և մենք արդեն բացել էինք այդ կազմակերպությունը ու հենց այդ նպատակով մենք հրավիրեցինք Յան Պիտեր Դալսեմին, ով հանդիսանում է “Դալսեմ” ընկերության հիմնադիրը։ Երբ նա այցեցեց մեզ, ծանոթացավ տեղանքին, բնակլիմայական պայմաններին, խոսակցության ընթացքում առաջարկեց գործը սկսել ծաղիկներից, քանզի այսպիսի բնակլիմայական պայմաններում ծաղկի աճեցման արդյունավետությունը շատ ավելի բարձր կլինի քան լոլիկինը։ Այդ որոշումը կայացվել է ընդամենը 15 րոպեում։ 2011թ. դեկտեմբերին ավարտեցինք շինարարական աշխատանքները։ Այդ ժամանակ աճեցնում էինք ընդամենը 8 տեսակի հոլանդական վարդեր։
-Տեսակներն ինչպե՞ս որոշեցիք։
-Տեսակներն էլ են որոշվել խորհրդի կարգով, քանի որ Հայաստանում դժվար գտնվեր մեկը, ով ծանոթ լիներ այս բիզնեսի հետ, հասկանար՝ ինչ է իրենից ներկայացնում ջերմոց հասկացությունը։ Այն ջերմատները, որը մենք նախկինում՝ խորհրդային տարիներին, տեսել էինք, ամբողջովին տարբերվում է այսօրվա տեսածից։ Մեր ջերմատունն իրենից ներկայացնում է ամբողջովին նոր տեխնոլոգիա, ամբողջովին ավտոմատացված, մարդկային գործոնը հասցված նվազագույնի։ Մարդիկ միայն քաղում են, մշակում ու դասավորում։
-Իսկ ինչպե՞ս են կառավարվում այդ տեխնիկաները։
-Կառավարման տեխնիկանները ունեն իրենց հիմնական ֆունկցիաները. ոռոգման համակարգ, միկրոկլիման ապահովող համակարգ, իսկ յուրաքանչյուր այդ համակարգն ունի ենթահամակարգեր, յուրաքանչյուր ենթահամակարգ կառավարվում է իր սեփական համակարգչով, բայց միևնույն ժամանակ բոլորը կենտրոնացված են մեկ համակարգչին, որը հնարավորություն է տալիս ջերմոցը կառավարել դիստանցիոն՝ ինտերնետի միջոցով, աշխարհի ցանկացած կետից։ Երբ, օրինակ, մեր տեխնոլոգը բացակայում է Հայաստանից, նա կառավարում է համակարգը ինտերնետի միջոցով։
-Շինարարական աշխատանքները որքա՞ն ժամանակ են տևել ու որքա՞ն ներդրում է կատարվել։
-Շինարարական աշխատանքներն իրականացրել ենք մենք, շատ կարճ ժամկետներում։ 2011թ-ին 2 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսություն էր, որի ներդրումային ծրագիրը կազմել է շուրջ 1.9 մլրդ դրամ, որից հետո ընկերությունը մեծացրել է արտադրական ծավալները և 2012-ին ջերմատան մակերեսը ընդլայնվել է՝ հասնելով 5 հեկտարի, իսկ 2014թ-ին՝ 8 հա-ի։ Այսպիսով՝ ութ հեկտար ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիրի կառուցման համար ներդրվել է 7.7 մլն դրամ։
-Այսօր արդեն քանի՞տեսակի վարդեր եք աճեցնում։
-Ինչպես նշեցի, ջերմատների ընդհանուր մակերեսը 8 հա է, աճեցնում ենք 24 տեսակի վարդեր, որոնցից 18 տեսակը մեկ գլխանի, իսկ 6 տեսակը փնջավոր վարդեր են։ Բոլոր վարդերն ունեն իրենց անունները՝ ՌեդՆաոմի՝ Նաոմի Քեմբելի անունով, Դոլոմիտի, Անջելինա, Ապրեսկի, Աննա Կարինա և այլն։ Այս տեսակի վարդեր Հայաստանում երբևէ չեն եղել։
-Սածիլները ներմուծվում են Հոլանդիայի՞ց։
-Այո, սածիլները ներկրվում են Հոլանդիայից, որոնք նախատեսված են 5 տարվա համար, յուրաքանչյուր սածիլից քաղվում է տարվա կրտվածքով 7,5 անգամ, յոթ շաբաթը մեկ, նույն տեղից վարդ է աճում։
-Ձեզ մոտ միայն մեծածախ վաճառք է՞ իրականացվում։
-Ոչ, և՛մանրածախ, և՛մեծածախ։
-Նմանօրինակ ջերմատներ, ինչպիսին Ձերն է, տարածաշրջանում շա՞տ կան։
-Տարածաշրջանում ծաղկի այսպիսի ջերմատներ միայն մենք ունեք։
-Կարելի՞ է ենթադրել, որ այդ հանգամանքը նպաստում է արտահանման ծավալների ընդլայմանը, հատկապես հարևան երկրներ։ Եվ ո՞ր երկրներ եք հիմնականում արտահանում։
-Այո, իհարկե նպաստում է։ Մեր հիմնական շուկան Ռուսաստանն է։ Այս տեսակի վարդեր, որը որ աճեցվում է մեզ մոտ, այսօրվա դրությամբ որևէ տեղ չի աճեցվում, ու առավելություն ունի. մենք ավելի թարմ ենք տեղ հասցնում ծաղիկը։ Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է ՌԴ, Բելառուս, Վրաստան։
-Վարդերի ո՞ր գույներն են Հայաստանում առավել պահանջված։
-Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ամենապահանջվածը մուգ կարմիր գույնի վարդերն են, երկրորդ տեղում սպիտակն է։
-Պարո՛ն Սանդոյան, խոսենք նաև ընկերությունում աշխատողների քանակից և միջին աշխատավարձից։
-Այս պահին ունենք մոտ 120 աշխատող, իսկ միջին աշխատավարձը 140.000 դրամ է։ Նշեմ նաև, որ աշխատակիցների տեղափոխումը իրականացնում ենք մենք։
-Ասում են՝ բույսերը լսում են, հասկանում, նույնիսկ, նեղանում։ Արդյո՞ք Ձեր մասնագետները քնքշորեն ու սիրով են վերաբերում նրանց։
-Երբ մեր տեխնոլոգը ժամանեց, առաջին նախադասությունը, որ ասաց, հետևյալն էր. “Եթե դուք ուզում եք, որ ես այստեղ աշխատեմ, ուրեմն ջերմատներում հեռախոսով չեք խոսում, չեք բղավում, բուտերբրոդ չեք ուտում և չեք ծխում”։ Չի թույլատրվում նաև ներսում անպատիվ խոսքեր օգտագործել։
-Օրեր առաջ Ձեր ընկերություն էր այցելել ՀՀ նախագահը, ով շրջեց ջերմատներում, ի դեպ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ էր այցելում Ձեզ։
-Այո, երկրորդ անգամն էր, մենք նախագահից շնորհակալություն հայտնեցինք այն բանի համար, որ նա ուշի ուշով հետևում է մեր իրականացրած գործունեությանը։ Մեր գյուղտնտեսության այս ոլորտը նախագահի ուշադրության կենտրոնում է և դա շատ ոգևորիչ է մեր համար։
-Ձեր կինն այն երջանիկ կանանցից է, որ վարդերի պակաս չի ունենա, արդյո՞ք ամենացանկալի նվերը վարդերն են նրա համար։
-Ես եմ նրա ամենացանկալի նվերը (ծիծաղում է)։ Ճիշտն ասած, նա վարդերի նկատմամբ շատ սեր չունի, ավելի շատ դաշտային ծաղիկներ է նախընտրում, ես էլ առիթի դեպքում նրան սիրով այդպիսի ծաղիկներ եմ նվիրում։
Հարցազրույցը՝ Օվսաննա Մնացականյանի
Վերադառնալ