01:08
12/04/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր նպատակն է՝ ապահովել որակյալ արտադրանք

2014-12-30 13:30

                        «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Դե ֆակտոամսագրի կողմիցՏարվա գործարարէ ճանաչվելՇահնազարյանգինու-կոնյակի տուն ՍՊԸ գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը։

Սամվել Շահնազարյանը արմատներով Տավուշի մարզից  է. ծնվել է 1951թ. Բերդ քաղաքում։ Դպրոցն ավարտել է Երևանում, որից հետո սովորել ու ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը, այնուհետև մեկնել Ուկրաինա, ուր ստացել է ֆինանսիստ-տնտեսագետի մասնագիտություն։

24 տարի Ուկրաինայում ապրելուց հետո Սամվել Շահնազարյանն իր ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան, որտեղ էլ հիմնել են “Շահնազարյան” գինու-կոնյակի տուն ընկերությունը, որի արտադրանքը շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է վայելել մեծ մասսայականություն և սիրվել ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա սպառողների կողմից։ Ի դեպ, ի թիվս այլ մրցանակների, ընկերությունը 2014 թվականին “Համազգային վստահություն”  խորհրդի կողմից արժանացավ “Գինու-կոնյակի շուկայի տարվա խոստումնալից և զարգացող ընկերություն” մրցանակին։

Իսկապես օրինակելի ընտանիք կարելի է համարել Շահնազարյաններին. նրանք ապրում են՝ կարևորելով հոգևորի դերը մարդու կյանքում։ Սամվել Շահնազարյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Կոտայքի թեմական խորհրդի անդամ է։

Շահնազարյանների ընտանիքն իր պատրաստակամությունն է հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն օգնելու ու աջակցելու հարցում՝ միևնույն ժամանակ այդ մասին չբարձրաձայնելով։

Մեզ հաջողվեց պարզել, որ  միայն վերջին շրջանում Շահնազարյանների ընտանիքը զանգեր է նվիրել մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես  և Նորքի զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցիներին, Սուրեն Խորենյանի կողմից վրձնված հինգ սրբապատկեր է նվիրել Կեչառիսի վանական համալիրին, ևս չորսը՝ առաջիկայում կհանձնեն, կնպաստեն տարածքի բարեկարգմանը։ Սկսել և ընթացքի մեջ են առաջնորդարանի նոր շենքի նախագծման աշխատանքները, Հովտաշենում Գագիկ Ավետիսյանի հետ միասին նոր եկեղեցու կառուցման աշխատանքները։ Բացի այդ, Շահնազարյանների ընտանիքը ցանկություն ունի նպաստ բերելՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Երուսաղեմի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգմանը։

Ներկայացնում ենք “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը “Շահնազարյան” գինու-կոնյակի տուն ՍՊԸ գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանի հետ։

-Պարո՛ն Շահնազարյան, երկար տարիներ ապրելով Ուկրաինայում՝ ինչպե՞ս կայացրիք Հայաստան վերադառնալու որոշումը։

-Նշեմ, որ ի սկզբանե, 1985 թվականին Ուկրաինա էի մեկնել մեկ տարով, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ստացվեց այնպես, որ այնտեղ ընտանիքիս հետ ապրեցի 24 տարի։  Ուկրաինայում բիզնես գործունեություն էի իրականացնում։ Ես շատ եմ սիրում իմ երկիրը։ Կարելի է ասել՝ հենց հայրենասիրությունից ելնելով էլ որոշեցինք գալ ու մշտական բնակություն հաստատել մեր երկրում, պիտանի լինել ու ծառայել հենց մեր երկրին, ինչի համար չեմ փոշմանում։

-Արդեն հինգ տարի է՝ Հայաստանում հիմնել  եքՇահնազարյանգինու-կոնյակի տուն ընկերությունը։ Ինչպե՞ս ծագեց հենց կոնյակի արտադրություն հիմնելու գաղափարը։

-Երբ վերադարձանք Հայաստան, խորն ուսումնասիրելով կոնյակի արտադրանքը՝ հասկացանք, որ այս ոլորտում կարող ենք հաջողություններ արձանագրել, ուստի որոշեցինք զբաղվել կոնյակի արտադրությամբ։

Դեպի Եղվարդ տանող ճանապարհին ընդամենը մեկ տարի չորս ամսում կառուցվեց  “Շահնազարյան” գինու-կոնյակի տուն գործարանը։ Մեր ընտանիքը պապերից ու տատերից սկսած՝ աշխատասեր է եղել։ Իհարկե այս ամենը մեզ հաջողվեց իրագործել Աստծո օգնությամբ։

Մեր նպատակը դրված էր որակյալ արտադրանքի վրա, իսկ մենք այդ հնարավորություններն ունեինք։ Գործարանը հիմնադրելուց ներգրավեցինք շատ լավ ու որակյալ մասնագետների։ Այժմ ընկերությունն ունի շուրջ 90 աշխատակից։ Մեզ մոտ միջին աշխատավարձը 250 հազար դրամ է, գործում է նաև 13-րդ աշխատավարձ հասկացությունը։ Իմ կոլեկտիվն իմ տան շարունակությունն է, նրանց հոգսն իմն է, ուրախությունը՝ իմ ուրախությունը։

Մեր և աշխատակիցների միջև հարաբերությունը ընտանեկան մթնոլորտում է։ Այստեղ աշխատողներից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ արժեք ունի, ուստի  ավելի մեծ պատասխանատվություն է իր վրա վերցնում ու բարեխղճորեն է աշխատում։

-Խոսենք նաև ընկերության արտադրանքի մասին։ Քանի՞ տեսակի կոնյակ է արտադրվում և արդյո՞ք արտահանվում է այլ երկրներ։

-Ներկայումս այստեղ արտադրվում է 8 տեսակի կոնյակ՝ 3, 5, 7, 10, 12, 15, 20 տարեկան, որոնք կրում են հետաքրքիր անվանումներ՝  “Հայաստանի մարգարիտ”, “Հայկական խճանկար”, “Հայկական հրաշք”, “Հայկական կոնյակ” և այլն։

Արդեն երկու տարի է՝ շուրջ 12 հազար տոննա խաղող ենք մթերում՝ ուղղակի աշխատելով ավելի քան 800 գյուղացիական տնտեսությունների հետ։ Կոնյակի սպիրտը գնել ենք Երևանի կոնյակի գործարանից։ Դրանք հատուկ ընտրված սպիրտներ են, որոնցից ստանում ենք որակյալ կոնյակ։ Հիմնադրման առաջին տարում արտադրում էինք 100 հազար, երկրորդ տարում՝ 500 հազար, երրորդ տարում՝ մոտ 700 հազար շիշ կոնյակ, իսկ այս տարի անցել ենք 1 միլիոնի սահմանը։ Մեր արտադրանքի ավելի մեծ պահանջարկ կա, ուստի նախատեսում ենք արտադրման ծավալները հասցնել 2 միլիոնի։

“Շահնազարյան” ապրանքանիշն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Սլովակիա, Ռումինիա, Բուլղարիա, իսկ առաջիկայում նաև Գերմանիա, Լեհաստան։

-Տեղյակ եմ, որ բոլորովին վերջերս շուկայում ներկայացրիք նոր արտադրանք՝Բարի լույսանվանումով խաղողի օղի։

-Այո, նման գաղափար ծագեց այն բանից հետո, երբ ուսումնասիրելով շուկան՝ հասկացանք, որ մրգային օղիները հետաքրքրություն կառաջացնեն շուկայում։ Հիմնական հումքը խաղողի սպիրտն է։ Մեր գինեգործը ստացավ այս, կարելի է ասել, գլուխգործոցը, որն այժմ  շատ արագ սպառվում է։

-Ինչու՞մն է կայանումՇահնազարյանգինու-կոնյակի տուն ընկերության առավելությունը։

-Մենք մեզ ոչ ոքից առավել չենք դասում, պարզապես իրենց նման արտադրանք ենք տալիս մեր ձևով ու մեր որակով։ Մենք կառուցել ենք գործարան, որտեղ ապահովում ենք լավ արտադրանք, ինչի մասին կարող է դատել սպառողը։

-Պարո՛ն Շահնազարյան, տեղյակ եմ, որ երկրի նախագահն ու վարչապետը ևս այցելել ենՇահնազարյանգինու-կոնյակի տուն ընկերություն և ծանոթացել արտադրանքի հնարավորություններին և ներդրումային ծրագրերին։ Ձեր կարծիքով, պետությունը տեղական արտադրողի համար ի՞նչ նախադրյալներ է ստեղծել։

-Տեղական արտադրողի հանդեպ պետության կողմից որևէ խոչընդոտ չեմ տեսնում։ Ինքս նկատել եմ, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը ցանկություն ունի զարգացնել տեղական արտադրանքը, ուստի իր աջակցությունն է հայտնում տեղական արտադրողին։ Այդ ուղղությամբ մեծ ջանքեր են տարվում, ինչը տարեց տարի ավելի նկատելի է դառնում։

Կարող եմ ասել, որ Հայաստանի հարկային դաշտը, ընդհանուր առմամբ, բավականին լավն է և բավարար պայմաններ է ստեղծում տեղական արտադրողի համար։

-Որպես գործարար՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

-Ես միանշանակ կողմ եմ ԵՏՄ-ին, որովհետև այսօր մեր արտադրանքը պետք չէ Եվրոպային։ Մենք պետք է գիտակցենք, որ ամենամեծ շուկան մեզ համար Ռուսաստանն է։ Մենք մեր արժեքներով ևս չենք կարող գնալ դեպի Եվրոպա։ ԵՏՄ անդամակցություը մեզ չի խանգարում պահպանել Եվրոպայի հետ հարաբերությունները։

-Ի՞նչ նպատակներ ու ծրագրեր եք Ձեր առջև դրել առաջիկայում։

-Նախալեռնային շրջաններում ցանկանում ենք մեր ֆինանսավորմամբ վերականգնել խաղողի  ցանքատարածությունները, որպեսզի գյուղացիներն ավելացնեն խաղողի արտադրանքը։ Այսօր մենք խաղող ենք մթերում Արմավիրի մարզից, սակայն ցանկանում ենք գյուղացիներին աջակցել, որպեսզի այս տարածքում զբաղվեն խաղողագործությամբ։

-Խոսենք նաև Ձեր ընտանիքի մասին։ Ի՞նչ ընտանիքից եք սերում և ի՞նչ արժեք ունի Ձեզ համար ընտանիքը։

-Հայրս պատերազմի հրդեհների միջով էր անցել, մայրս մանկավարժ էր, հայոց լեզու և գրականություն էր դասավանդում։ Նրանք չորս զավակ են մեծացրել՝ երկու տղա և երկու աղջիկ։ Հայրս պատերազմի մասին չէր խոսում, լուռ տառապում էր։ Վիրավոր վիճակում նրան տարել են, որ հուղարկավորեն, երբ հանկարծ տեսել են, որ շարժվել է։ Այդպես է նա փրկվել։ Չնայած այդ ամենին՝ հայրս երբեք աշխարհի դեմ չի չարացել, ճիշտ հակառակը՝ միշտ հուշել է, որ դիմացինին սեր պիտի տալ, ոչ թե թույն։

Մեր ծնողներին նայելով սովորեցինք, նրանց օրինակով հետագայում կարևորեցինք մարդկանց օգնելը, աշխատանքը, դիմացինին չնախանձելը, մարդասիրությունը։

Կնոջս՝ Սոնայի հետ 1974 թվականին ծանոթացանք Ապարանում։ Այդ ժամանակ նա սովորում էր Երևանի Բրյուսովի անվան ինստիտուտում։ Արդեն 40 տարի է՝ մի շնչով ապրում ենք։ Նա ոչ միայն հրաշալի ծնողների հրաշալի զավակ է, այլև լավ կին, մայր, քույր, ու պարզապես անփոխարինելի մարդ, և հենց այն միակը, ով օգնեց, որպեսզի վերստին ծիլ տա լույսը։ Հոգևոր աշխարհի հետ կապի սկիզբը նաև դրվեց։ Ունենք երկու որդի՝ Հայկ և Արմեն, 6 թոռ։ Յուրաքանչյուր որդիս ունի երեք զավակ՝ երկու աղջիկ և մեկ տղա։

Ընտանիքս Աստծո նվերն եմ համարում։ Ես երջանիկ եմ հենց նրանով, որ Աստված օգնեց, որպեսզի լավ ու ճիշտ ընտանիք ունենամ, որ իմ ու տիկնոջս հարաբերությունները ամուսնության օրից մինչև հիմա բացարձակապես չփոխվեն։  Զավակներս իմ ընկերներն են։ Նրանց, որպես հայր, իմ պատգամն է՝  միշտ ճշմարիտ լինեն։

-Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում։

-Ամեն ինչի մեջ պիտի լինի ճշմարտությունը։ Մարդ, երբ գործը սկսում է, պետք է սկսի իրենից։ Գործը սկսելուց պետք է ասի՝ կարո՞ղ եմ ես դա անել, թե ոչ, ոչ թե տեսնի՝ դիմացինն անում է, ինքն էլ անի, քանի որ դա արդեն նախանձ է։ Երբեք Աստծո առջև պատիվը չպիտի կորցնել։ Ես այն կարծիքին եմ, որ ինչքան շատ լինեն եկեղեցիները, այնքան մեր ազգի հոգևոր աշխարհը բարվոք վիճակում կլինի, ինչը ազգի հարատևության գլխավոր գործոններից մեկն է։  Մարդու ամենամեծ ձեռքբերումը հավատն եմ համարում։

-Ինչի՞ մասին եք երազում։

-Երազանքս է մեր ազգն ամուր, ընտանիքները՝ ապահով տեսնելը։ Հենց այս սկզբունքով եմ կազմակերպում աշխատանքները նաև մեր արտադրությունում և միշտ հորդորում եմ իմ շրջապատին՝ ով ինչ ունի՝ տուն, ընտանիք, Աստծո նվեր համարի։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...