19:24
07/30/2025
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սահակ Աբրահամյան

2014-05-31 10:58

                                          «Դե Ֆակտո» N 95 (2014թ.)

Ներկայացնում ենք “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը “Բարձրավոլտ էլեկտրացանցեր” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Աբրահամյանի հետ։


-Պարոն Աբրահամյան, խնդրում եմ պատմեք, թե ե՞րբ է հիմնադրվելԲարձրավոլտ էլեկտրացանցերՓԲԸ-ն և ի՞նչ գործունեություն է իրականացնում։

-”Բարձրավոլտ էլեկտրացանցեր” ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին։ Ընկերությունում որպես գլխավոր տնօրեն աշխատում եմ սկսած 2002 թվականից։  Ընկերությունը կատարում է ծառայություն՝ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի համար, որը պայմանագրային կողմ է համարվում. յուրաքանչյուր էլեկտրակայանում արտադրված էլեկտրաէներգիան տեղափոխելով համապատասխան բաշխիչ ցանցեր` ՀԷՑ-ի կողմից համապատասխանաբար վճարվելով բոլոր ծառայությունների համար։

Ընկերությունն ունի 9 մասնաճյուղ և վարչական ապարատ։ Մասնաճյուղերից 4-ը տեղակայված են Երևանում, մյուսները՝ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում։ Ընկերությունն ապահովում է 900 աշխատատեղ։ Մեր ընկերության կողմից 2005 թվականին կառուցվեցին Հայաստանում առաջին հողմակայանները, որոնք շահագործվում են մինչև օրս։ Հողմակայանները թվով չորսն են, որոնց հզորությունը  660 կիլովատտ է։ Դրանք տեղակայված են Լոռու մարզում և ըստ սեզոնային կտրվածքի համապատասխան էլեկտրաէներգիա են արտադրում, որը վաճառում ենք “Հայաստանի Էլեկտրական ցանցեր” ընկերությանը։ Ամբողջական վերակառուցվել են “Կամո”, “Վանաձոր-2”, “Ալավերդի-2” և “Գյումրի-2” 220կՎ ենթակայանները, իսկ մասնակի վերակառուցվել է “Վանաձոր-1” ենթակայանը։

Կառուցել ենք նաև Իրան-Հայաստան գազատարը, որը շահագործվում է “Գազպրոմ Արմենիա” ՓԲԸ-ի կողմից։  Ունենք մոտ 2000 կիլոմետրից ավել օդային գծեր, որոնք սպասարկվում են համապատասխան մասնագետների կողմից։ Բացի այդ, ընկերությանն են պատկանում մինչև 2800 մետր բարձրության վրա տեղակայված հենարաններ, որոնք  ցանկացած եղանակային պայմաններում համապատասխան անձնակազմի կողմից շահագործվում է, հայտնաբերում թերությունները և ժամանակին վերացնում դրանք։

-Ինչպե՞ս է տեղի ունենում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի դիմաց գազի փոխանակումը։

-Համապատասխան էլեկտրաէներգիայի քանակությունը տեղափոխում ենք մինչև Իրան-Հայաստան սահման, որի հաշվարկները կատարում է “Հաշվարկային կենտրոն” ՓԲԸ-ն։            1 խորանարդ մետր գազի դիմաց փոխանակվում է 3 կիլովատտ էլեկտրաէներգիա։

-Արդյո՞ք հնարավոր չէ ընդլայնել մեր երկրից դուրս գնացող էլեկտրաէներգայի ծավալները։

-Հնարավոր կլիներ, եթե ունենայինք համապատասխան օդային գծեր, որոնք հնարավորություն կտան ավելի շատ էլեկտրաէներգիա տեղափոխել։ Այսօր մենք կարողանում ենք տեղափոխել մինչև 300 մեգավատտ հզորությամբ էլեկտրաէներգիա։

-Արդյո՞ք Հայաստանն ունի էլեկտրաէներգիա մատակարարելու համապատասխան բազա։

-Բնականաբար, Հայաստանն ունի շատ հնարավորություններ, այլ խնդիր է, թե արդյո՞ք հարևան երկրներում կցանկանան տվյալ սակագներով էլեկտրաէներգիա ձեռք բերել, քանզի գործարքն իրականացնելու համար այն  պետք է տնտեսապես շահավետ լինի երկու կողմերին։

-Իսկ ընդհանրապես, ինչպե՞ս է ձևավորվում էլեկտրաէներգիայի սակագինը։

-Սակագնի մեջ հաշվարկվում են ընկերության բոլոր ծախսերը՝ աշխատավարձ, նյութական ծախսեր, վարկային միջոցների մարման ծախսեր։

-Հայաստանի կողմից առաջարկվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողի համար  շահավե՞տ է։

-Քանի որ մեր ընկերությունը պետական մարմին է, լինում են դեպքեր, երբ բացառություններ ենք անում և հաշվի առնելով բնակիչների շահը՝ ավելի փոքր սակագին ենք սահմանում։ Այս պահին բավարարված ենք մեր եղած սակագնով, քանզի կարողանում ենք մեր տարեկան բոլոր վարկային պարտավորությունները ժամանակին կատարել, վճարել աշխատակիցների աշխատավարձերը  և մնացյալ ծախսերը։

-Առաջիկայում սպասվու՞մ է էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն։

-Յուրաքանչյուր տարի կարգավորող հանձաժողովին պարտավոր ենք ներկայացնել համապատասխան տեղեկանք մեր ընկերության ծախսերի մասով և հանձնաժողովը քննարկումներից հետո որոշում է կայացնում, թե ինչ սակագին պետք է ձևավորվի։

-Գիտեմ, որ ատոմակայանի շնորհիվ ստանում ենք բավականին մատչելի էլեկտրաէներգիա, սակայն սպառողին այն մատակարարվում է ավելի թանկ սակագնով։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Բնականաբար ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի քանակը չի կարող բավարարել բնակիչների ողջ պահանջարկը։ Դրա համար որոշվում է ջերմային կայանների, ատոմակայանի և ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի  ընդհանուր քանակը, որից հետո  ձևավորվում է միջինացված սակագինը։ Բոլոր հաշվարկներից հետո հանձնաժողովը յուրաքանչյուր ընկերության համար սահմանում է սակագին։ Կարելի է ասել, որ այնտեղ իրականացվում է արդարացի որոշում։

-Արդյո՞ք Հայաստանը ռեսուրսներ ունի էլեկտրաէներգան վաճառել հարևան պետություններին։

-Հնարավոր է ընդլայնել էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները, եթե բավարարի օդային գծերի թողունակությունը, սակայն չկան համապատասխան կազմակերպություններ, որոնք կցանկանան գնել մեր էլեկտրաէներգիան։ Էլեկտրաէներգիայի փոխանակումն այս պահի դրությամբ իրականացվում է մաքսիմալ կերպով։ Այս պահին իրականացնում ենք 400 կիլովոլտ օդային գծի կառուցում՝ Հրազդանից Մեղրի, որի կառուցումից հետո դեպի Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորությունը կավելանա երեք անգամ։

-Ասացիք, որ ընկերությունը գործում է 1998 թվականից։ Որո՞նք եք համարում ընկերության գլխավոր ձեռքբերումները։

-Ընկերությունն առանց խնդիրների իրականացնում է իր առջև դրված բոլոր ծառայությունները և մինչ օրս որևէ տուգանքների չի ենթարկվել։

-Ի՞նչ ծրագրեր և հեռանկարներ ունի ընկերությունը մոտ ապագայում։

-Ապագայում Համաշխարհային բանկի և Ասիական Զարգացման բանկի վարկային միջոցներով կիրականացվի ենթակայանների վերազինում և  օդային գծերի նորացում։ Ծրագրում ենք  Գերմանիայի Զարգացման բանկի կողմից տրամադրված վարկի միջոցով  ուժեղացնել Հայաստան-Վրաստան միջհամակարգային օդային գծերի կապը։

Սովորաբար լինում են դեպքեր, երբ մեր օդային գծերի հենարանները բնակչության կողմից համապատասխան կոնստրուկցիաներից կտրվում են և համակարգին վնաս է հասցվում։ Եթե չունենանք օդային գծեր, յուրաքանչյուր կայանի արտադրած էլեկտրաէներգիայի քանակությունը չենք կարող  տեղափոխել համապատասխան բաշխիչ ցանցեր և հանրապետությունը կզրկվի էլեկտրաէներգիայից։ Բնակչությանը կոչ եմ անում թույլ չտալ, որպեսզի դա իրականանա՝ հաշվի առնելով, որ մեր էներգետիկ անվտանգությունը կախված է հենց դրանից։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...