03:45
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բժշկի մասնագիտությունն ամենապատասխանատու, ամենավեհ և միևնույն ժամանակ երբեմն անշնորհակալ մասնագիտություն է։

2014-05-30 15:09

                                          «Դե Ֆակտո» N 95 (2014թ.)

Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն  Թագուհի Ստեփանյանն իր կյանքի 25 տարիները նվիրել է բժշկությանը, 1989-ից առողջապահության համակարգում է։ Մասնագիտությամբ բժիշկ-ռեանիմատոլոգ Թագուհի Ստեփանյանը իր բժշկական գործունեությունը սկսեց այդ ժամանակի համար Հայաստանում նորամուծություն համարվող հեմոդիալեզի բաժանմունքում, համապատասխան վերապատրաստում անցնելով ԲրյուսելիԷրազմբժշկական կենտրոնում, “Բժիշկներ առանց սահմաններիկազմակերպության հետ համատեղ սկսեց աշխատել  “Էրեբունիբժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում գրեթե 15 տարի։ Հետագայում համապատասխան վերապատրաստում անցնելով Մոսկվայի Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության ինստիտուտում, ինչպես նաև Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոնում սկսեց զբաղվել անոթային հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ դարձյալԷրեբունիԲԿ-ում։ 2010 թվականի փետրվարին տիկին Ստեփանյանն առաջարկություն ստացավ գլխավորելու մայրաքաղաքի շտապօգնության ծառայությունը։ Այսօր` արդեն գրեթե 4 տարի անց ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և առողջապահության նախարարության  աջակցությամբ և Թագուհի Ստեփանյանի գլխավորությամբ շտապօգնության ծառայությունը զգալի առաջընթաց և հաջողություններ է գրանցել։ Իսկ թե ինչպիսին էր կայացման ճանապարհը և ինչ խնդիրներ ու անելիքներ կան առաջիկայի համարԴե Ֆակտոամսագիրը պարզեց հենց տիկին Ստեփանյանի հետ զրույցում։

-2010-ին Երևանի շտապօգնության ծառայությունը ղեկավարելու առաջարկ ստացա և ընդունեցի այն։ Երբ ստանձնեցի այս գործունեությունը, պետք է  ասեմ, որ բավականին ծանր, նույնիսկ վախեցնող վիճակում էր շտապօգնության ծառայությունը։ Բայց քանի որ ես երբևէ չեմ վախեցել որևէ աշխատանքից` որքան էլ այն դժվար, ծանր կամ շատ ջանք ու էներգիա պահանջող աշխատանք լինի, չընկրկեցի, չնահանջեցի և փառք Աստծո, այսօր արդեն շուրջ 4 տարի անց մենք ունենք զգալի փոփոխություններ, հսկայական առաջընթաց և որ ամենակարևորն է` մեծացող վստահություն ազգաբնակչության շրջանում։ Գրեթե ոչ ոք, նույնիսկ հենց շտապօգնության ծառայության աշխատակիցները չէին պատկերացնում, որ այս հիմնարկը կկարողանա բարեփոխվել։ Իսկ ես իմ էությամբ լավատես եմ, երբեք չեմ դադարում հուսալ ու սպասել, և երբ սկսզբնական շրջանում ժողովների կամ հանդիպումների ժամանակ աշխատակիցների հետ խոսում էի այս կամ այն ծրագրերից, նրանց մոտ թերահավատություն էի նկատում, զգում էի, որ նրանք չեն պատկերացնում, թե իսկապես հնարավո՞ր է, որ ինչ-որ բան փոխվի։ Բայց բավականին արագ սկսեցինք վերանայել ու բարեփոխել ծառայության գործունեությունը` սկսած դեղորայքային բազայի թարմացումից մինչև ծառայությունում աշխատող կադրերի վերանայում։ Սկսեցինք ներգրավել քաղաքի տարբեր կլինիկաներում աշխատող երիտասարդ մասնագետների, ովքեր համատեղում էին աշխատանքը մեր ծառայությունում և տվյալ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում։ Սա էականորեն փոխեց ծառայության որակը, օպերատիվությունը և արդեն 2011-ի հունիսին, երբ ռազմավարական ծրագրով մեր ծառայությանը հատկացվեց մասնագիտացված 35 նորագույն մեքենա` համալրված առաջին բուժօգնության համար անհրաժեշտ ժամանակակից ողջ տեխնիկայով,  մեր գործունեությունը դրվեց բոլորովին նոր հունի վրա։ Ստեղծվեց մի նոր կարգավարական կենտրոն` համալրված  ժամանակակից համակարգչային տեխնիկայով։ Մեր բոլոր մեքենաներն ունեն նավիգացիոն JPS համակարգ, ինչը թույլ էր տալիս լիովին հսկել վարորդների և բժիշկների աշխատանքը։


Փորձառու
մասնագետներին կցելով երիտասարդ, ավյունով լի նոր կադրերի, մենք ունենում ենք տարիների փորձառության և երիտասարդների նորարարության հիանալի համադրություն


-
Նոր մեքենաներ, նոր տեխնիկա, որոնք նոր մոտեցումներ ու մասնագիտական հմտություններ են պահանջում։ Ինչպե՞ս է լուծվում կադրերի վերաապատրաստման հարցը։

-Ճիշտ եք, անհրաժեշտություն առաջացավ ծանոթացնելու մեր աշխատակիցներին նոր տեխնիկայով աշխատանքի նրբություններին ու հմտություններին։ Բոլոր աշխատակիցներն անցան համապատասխան վերապատրաստում, կատարվեց ինչպես անհատական- մասնագիտական, այնպես էլ բրիգադային` բժիշկ-բուժքույր-վարորդ, մեթոդով համատեղ վերապատրաստում։ Այս ամենն, անշուշտ, էականորեն բարձրացրեց մեր աշխատակիցների մասնագիտական որակն ու ավելի օպերատիվ ու փոխգործակցված աշխատելու կարողությունները։ Վերապատրաստման այս ծրագրերն իրականացվում են ինչպես մեր բժշկական համալսարանի համապատասխան ամբիոնում, այնպես էլ արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից։ Այսօր մեր ծառայությունն ունի 650 աշխատակից` կազմակերպված, բանիմաց, միմյանց նկատմամբ բարձր պատասխանատվություն ունեցող և միաժամանակ վստահություն վայելող կոլեկտիվ։ Պետք է ասեմ, որ կադրային հարցը մեզ մոտ բավականին լուրջ և բարդ հարց էր։ Գիտեք` նախկինում կարծրատիպ կար, որ շտապօգնությունում աշխատում են ոչ այնքան բանիմաց, մասնագիտական հաջողություններ չունեցող, տարբեր բուժհիմնարկներից հեռացված մասնագետներ։ Ես իմ առջև խնդիր դրեցի փոխելու այս մտածելակերպը, քանի որ դա ամենևին էլ այդպես չէ. մենք ունենք ծառայությունում երկարամյա փորձ ունեցող հիանալի մասնագետներ։ Պարզապես անհրաժեշտ է երիտասարդ կադրերի ակտիվ ներգրավում շտապօգնության ծառայությունում։ Փորձառու մասնագետներին կցելով երիտասարդ, ավյունով լի նոր կադրերի, մենք ունենում ենք տարիների փորձառության և երիտասարդների նորարարության հիանալի համադրություն։ Քանի որ երիտասարդ կադրերն աշխատում են նոր ոճով, ժամանակակից մեթոդներով, ավելի արագաշարժ են, ավելի օպերատիվ։ Հենց այդ պատրաստակամ, երիտասարդ բժիշկներ են, որ փոխում են շտապօգնության դեմքը։

-Միջինը օրական քանի՞ կանչ է սպասարկում Երևան քաղաքի շտապօգնության ծառայությունը։

-Միջինում օրական սպասարկում ենք 600 կանչ։ Սեզոնային փոփոխություններով պայմանավորված` այս թիվը հասնում է մինչև օրական 600-800 կանչի։ Գոյություն ունի նաև օրվա մեջ  պիկ-ժամի հասկացությունը, որի ընթացքում ծառայությունն ամենաշատ թվով զանգերն է ստանում։ Այսօր մենք խնդիր ունենք նաև աշխատելու մեր ազգաբնակչության հետ, որպեսզի վերջիններս էլ պատկերացնեն, թե որ դեպքում է անհրաժեշտ զանգահարել շտապօգնություն։ Հաճախ, երբ կարող են պարզապես զանգահարել իրենց տեղամասային բժշկին, նրանք նախընտրում են կանչ տալ, և ողջ ծանրությունն ընկնում է մեր ծառայության վրա։ Սա մի կողմից խոսում է բնակչության շրջանում վստահության բարձրացման մասին, մյուս կողմից մարդիկ չեն պատկերացնում, որ թեթև գանգատից կանչ տալու դեպքում կարող է տուժել մեկ այլ անհետաձգելի բուժօգնություն։

-Խոսեցիք վստահության մասին։ Ձեր կարծիքով, այսօր ինչպիսի՞ն է քաղաքացիների   վերաբերմունքն ու կարծիքը բուժօգնության ծառայության գործունեության վերաբերյալ։

-Միանշանակ կարող եմ ասել, որ այս բոլոր բարեփոխումներն էականորեն բարելավել  են մեր ծառայության որակը, ինչն էապես բարձրացրել է բնակչության վստահությունը մեր նկատմամբ։ Մենք համալրված ենք ժամանակակից տեխնիկայով և դեղամիջոցներով, ինտուբացիոն սարքավորումներով, որոնք նախկինում չունեինք և մեր մասնագետներն էլ չէին տիրապետում այդ հմտությանը։  Մեր բժիշկները շատ-շատ կյանքեր են փրկում։ Ես շատ գոհ և շնորհակալ եմ իմ աշխատակիցներին` այսքան նվիրված և օպերատիվ աշխատելու համար։ Իհարկե կան նաև բողոքներ և գանգատներ, ինչն անխուսափելի է։ Ես չեմ խուսափում օբյեկտիվ բողոքներից, առողջ քննադատություններից, չէ՞ որ դրանք օգնում են մեզ տեսնելու մեր թերի կողմերը և աշխատելու դրանք շտկելու ուղղությամբ։ Սակայն երբեմն լինում են և անհիմն բողոքներ։

-Իսկ առաջիկայի համար ի՞նչ անելիքներ և խնդիրներ ունի ծառայությունը։

-Առաջիկայում պլանավորում ենք մեր ենթակայաններին կից ստեղծել նոր հենակետեր` շտապօգնության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ և օպերատիվ դարձնելու նպատակով։ Կենտրոնում ստանալով զանգեր` ըստ հասցեի մենք կապվում ենք համապատասխան ենթակայանի հետ և այդտեղից ուղարկում մեքենան։ Մայրաքաղաքի տարբեր համայնքներում մենք ունենք 7 ենթակայան, որոնք գտնվում են Կենտրոն համայնքում, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի համայնքներում։ Երկու տարի առաջ մենք ստեղծեցին երկու հենակետ Ավանում և Նուբարաշենում, որովհետև Մասիվի ենթակայանից Ավան և Էրեբունու ենթակայանից Նուբարաշեն հասնելը հավելյալ ժամանակ է պահանջում, ինչը մեր պարագայում անթույլատրելի է, չէ որ մի քանի րոպեն անգամ կարող է մարդկային կյանք արժենալ։ Այսօր մենք խնդիր ունենք ավելացնելու մեր հենակետային բազաները  մայրաքաղաքի այն հատվածներում, որոնք որոշ չափով հեռու են։ Քաղաքը մեծանում է, բնակչությունն` ավելանում, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդլայնելու շտապօգնության ծառայության գործունեության աշխարհագրությունը ևս։ Սա, անշուշտ, ենթադրում է նաև մեքենաների թվի ավելացում ևս։ Ըստ սահմանված չափորոշիչների` 30.000 բնակչի հաշվարկով անհրաժեշտ է ունենալ 1 մեքենա, սակայն մենք ձգտում ենք նրան, որ այս թիվը հասցնենք 20.000-ին մեկ մեքենա հարաբերակցության։

-Դժվար չէ արդյո՞ք կնոջ համար ղեկավարել նման բարդ և պատասխանատու կառույցը։

-Ընդհանրապես, ես կարծում եմ, որ հեշտ աշխատանք գոյություն չունի։ Յուրաքանաչյուր աշխատանք ունի իր նրբություններն ու բարդությունները։ Յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի բարեխղճորեն, հաճախ անձնազոհությունների գնով, ինչը բժշկի պարագայում, առավել ևս անխուսափելի է։ Ինչպես զրույցի սկզբում ասացի, ես չեմ վախենում ու չեմ ընկրկում դժվարությունների առջև։ Անշուշտ ղեկավարել մայրաքաղաքի շտապօգնության ծառայությունը բարդ ու անչափ պատասխանատու աշխատանք է, դու աշխատում ես ոչ միայն նախատեսված աշխատանքային ժամերին, այլև 24 ժամ ցանկացած պահի պետք է հասանելի լինես, պատրաստ լինես ամենաանկանխատեսելի իրավիճակների։ Հարազատներս ու ընկերներս արդեն սովորել են, որ ես կարող եմ ցանկացած վայրկյանի թողնել ամեն ինչ ու շտապել աշխատանքի։

-ՎերջերսՀամազգային վստահությանխորհրդի կողմից  արժանացաքՀայուհի 2014”    մրցանակի ` “Շտապ բուժօգնության կին կազմակերպիչանվանակարգում։ Ինչ նշանակություն ունի այս մրցանակը Ձեզ համար։

-Իհարկե,  նման մրցանակի արժանանալը մեծ պատիվ է։ Սակայն ես չեմ ձգտում մեծարման ու մրցանակների, չեմ սիրում աչքի ընկնել։ Սա երևի նաև դաստիարակության հարց է։ Ծնողներս, հատկապես հայրս, միշտ ասում է, որ երբեք պետք չէ բարձրաձայնել սեփական հաջողությունների մասին, առաջընթացով, պետք է լինել զուսպ և համեստ։ Նույն կերպ փորձել եմ դաստիարակել որդուս, ով արդեն 26 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան։


Հ.Գ.

Իսկ Թագուհի Ստեփանյանը արժանի զավակն է իր մեծանուն հոր` Սաբիր Ստեփանյանի` անվանի երկրաբան, երկրի տնտեսության հաշվեկշռում առաջատար դեր ունեցող մի շարք ձեռնարկությունների երկարամյա ղեկավար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահության անդամ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով պարգևատրված անհատ, ով լավագույն մասնագետի, լավագույն քաղաքացու և հոր օրինակ է բոլորի համար։

 

Հարցազրույցը`  Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...