03:38
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայ զինվորի անկոտրում ոգին ու անձնազոհությունն են մեր հաղթանակի վառ գրավականը

2014-03-24 11:30

«Դե Ֆակտո» N 93 (2014թ.)

Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ,

ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյան

Հայկական բանակը 22 տարեկան է, բայց նրա հիմքերն ու արմատներն ավելի հասուն են ու խորը։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից տարբեր կամավորական ջոկատների շարքերում էին արդեն կռվի փորձ ունեցող, իրական մարտադաշտում թրծված վետերաններ, մարտիկներ, ովքեր մեկ-երկու տարի առաջ էին վերադարձել Աֆղանստանից, ուր մեկնել էին Խորհրդային Միության զորքերի կազմում խաղաղապահ առաքելությամբ։ Նրանք մեծամասամբ երիտասարդներ էին, ովքեր արդեն  բավականաչափ փորձ ունեին, անցել էին իրական ռազմի արհավիրքների միջով ու հասցրել դառնալ վետերաններ։ Նրանք առանց հապաղելու կրկին զենք վերցրեցին ու գնացին հաղթանակի ճանապարհով։

Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի և Խորհրդային Միության զորքերի` Աֆղանստանից դուրս բերելու 25-րդ տարեդարձի կապակցությամբԴե Ֆակտոամսագիրը զրուցեց Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանի հետ։

-Պարոն Մխիթարյան, ռազմական ծառայության մեծ փորձ ունեք, ծառայել եք և՛ խորհրդային բանակում, և՛ անկախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Իբրև անկախության տարիների ընթացքում խաղաղության ապահովման հայրենանվեր գործի մասնակից` ինչպիսի՞ն էիք տեսնում մեր բանակի ու երկրի ապագան։ Արդյո՞ք այսօր Ձեր սպասումներն արդարացված են։

-Հայոց բանակի գաղափարը դարավոր երազանք էր, որ ունեցել են մեր պապերը։ Մեր սերունդն այն երջանիկների սերունդն է, որ կյանքի կոչեց այս երազանքը։ Հայոց բանակը ստեղծվեց մեր ժողովրդի համար բավականին դժվար ժամանակաշրջանում։ Երկրաշարժից շատ չէր անցել, հայ ադրբեջանական կոնֆլիկտ, Խորհրդային Միության փլուզում։ Ու երևի թե նման ժամանակաշրջանում տարած հաղթանակներն են խոսում ժողովրդի խոհեմության, տոկունության ու խիզախության մասին։ Այժմ, երբ մեր երազանքն իրականություն է դարձել, մենք մեր բանակն էլ ավելի մարտունակ, հզոր ու կարգապահ դարձնելու նպատակ ու խնդիր ունենք մեր առջև։ Չնայած երիտասարդ տարիքին` մեր բանակը հիմա էլ պատրաստ է պաշտպանելու մեր ժողովրդին, մեր պետության սահմանների անվտանգությունը։ Լավ բանակ ունենալը և բանակ պահելը կարևորագույն  հարցերից մեկն է պետության համար, որը նաև դժվարին ու անդադրում աշխատանք է պահանջում։ Ընդհանապես բանակաշինությունը, բարձր մարտունակությունը, կարգապահության ամրապնդումը, սպայական ու ենթասպայական, նաև պայմանագրային անձնակազմի վերապատրաստումը, բանակ-հասարակություն հարաբերությունները կարևոր օղակներ են ամուր ու վստահելի մի շղթայի։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում առավել պրոֆեսիոնալ ու հոգատար աշխատանքը մեր բանակը, զինվորին ու սպային կդարձնի անկոտրում և օրինակելի։

-Պարոն Մխիթարյան, փետրվարի 15-ին լրացավ նաև Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 25-ամյակը։ Իբրև ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ` Ձեր խոսքը ծառայակից ընկերներին։

-Նախ, ես շնորհավորում եմ իմ մարտական ընկերներին Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 25-ամյակի կապակցությամբ։ 1989թ ավարտվեց պատերազմը խորհրդային զինվորի համար՝ թողնելով անջնջելի հետք պատերազմի արհավիրքը տեսած հայ երիտասարդի վրա, որը մի քանի տարի հետո զենք վերցրեց ու պայքարեց իր հայրերի պապենական հողի համար։ Փետրվարի 15-ը հիշատակի օր է այն տղաների համար, ովքեր պատվով են կատարել իրենց պարտքը հայրենիքի` այն ժամանակ Խորհրդային Միության հանդեպ։ Այն մեզ համար դարձել է քաջության ու հայրենասիրության մի տոն, որը միավորում է սերը երկրի հանդեպ, պատիվն ու հավատարմությունը։ Մեր մարտական ընկերների անցած ճանապարհը հայրենասիրության դաս է սերունդների համար։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր համագործակցությունը նմանատիպ կազմակերպությունների հետ նաև մեր զոհված ընկերների հիշատակի շնորհիվ է։ Մենք խոնարհվում ենք մեր զոհված ընկերների շիրիմների առջև և մեր երախտագիրտությունն ենք հայտնում նրանց մայրերին, որոնք իսկական մարտիկ են դաստիարակել, նաև նրանց կանանց, ովքեր դաստիարակում են հայրենիքին արժանի քաղաքացիներ։ Մաղթում եմ իմ բոլոր մարտական ընկերներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ՝ ի փառս մեր հայրենիքի։

- Հենց Աֆղանստանում ծառայած այդ զինվորներն էին նաև, որ իրական պատերազմելու փորձ ունեին։ Կխնդրեի խոսել արցախյան ազատամարտում ունեցած նրանց դերի մասին։

- Մեր պատմությունը լի է ողբերգական դեպքերով, բազմաթիվ թշնամիները, աշխարհագրական դիրքը /շրջապատված լինելը իսլամական աշխարհով/, անցած դարասկզբի սահմռկեցուցիչ կոտորածը... Բայց մեզ հաջողվել է հասնել հաղթանակների ու ունենալ անկախ պետություն ու բանակ։ Մեր այսօրվա բանակի ու հայրենիքի հաջողությունների մասնակիցն ու աջակիցը  անկասկած նաև Աֆղանստանի պատերազմի թոհուբոհով անցած զինվորն է։ Աֆղանստանի պատերազմի վետերան մեր տղաների մեծ մասը մի քանի տարի հետո զենք վերցրեցին ու պայքարեցին մեր հայրերի պապենական հողի համար։ Անկասկած է, որ Աֆղանստանում իր պարտքը կատարած հայ զինվորն է նաև մեր այսօրվա բանակի, որի մասին երազել են մեր նախնիները, ու անկախ հայրենիքի հաջողությունների մասնակիցը և աջակիցը։ Բանակաշինության գործում  հայրենիքի պաշտպանությունը միշտ եղել և լինելու է հայ զինվորի սուրբ պատքը։

-Լրացավ նաև Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը։ Ձեր բարեմաղթանքը այս  կապակցությամբ։

-Մենք ունենք տոներ, որ փառքով են լցնում հոգիդ։ Ինձ համար հունվարի 28-ը իսկապես այդ փառավոր օրերից է։ Այն ինձ համար քաջության ու հայրենասիրության տոն է։ Տոն, որ արմատավորում է հայրենասիրությունն ու պետականության զգացումը։ Մենք պետք է հասնենք նրան, որ քաղաքացին հարգի զինվորի համազգեստը, երդման արարողությունը լինի իսկապես պարտավորեցնող, ակնածանքով պիտի նայենք սպային։ Արցախյան պատերազմի ժամանակ մենք այդպիսին էինք, հավատացեք` դա էլ հաղթանակ բերեց մեզ։  Մեր անցած ուղին, մեր մարտական ընկերների սխրանքները, հայրենասիրության դաս է սերունդների համար։ Հայրենիքի պաշտպանությունը միշտ եղել և լինելու է հայ զինվորի սուրբ պարտքը։ Մեր հերոսների պայքարը Արցախի ազատագրման և Հայաստանի սահմանների պաշտպանության գործում  հայրենասիրության դաս  են եկող սերունդների համար։ Նահատակված մեր ընկերների հիշատակը երբեք չի մոռացվի։ Հայ զինվորը և մեր ժողովուրդը իրենց ջանքերը մեկտեղեցին Հայոց բանակը կազմավորելու ու զորացնելու համար։ Չնայած երիտասարդ տարիքին, այսօր մեր բանակը հզոր է, մարտունակ` պատրաստ պաշտպանելու հայ ժողովրդի, մեր պետության ու սահմանների անվտանգությունը։

ՀՀ բանակի ստեղծման գործում իրենց մեծ ավանդն են ունեցել աֆղանական ծառայության բովով անցած մեր մարտական ընկերները` I գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ Անատոլի Զինևիչը, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, գեներալներ Արտյուշա Հարությունյանը, Բասենցի Ազոյանը, Արթուր Փափազյանը, Կամո Քոչունցը, Վալերի Գրիգորյանը, Արթուր Սիմոնյանը, գեներալ-լեյտենանտ Ստյոպա Միրզոյանը, գեներալ-մայոր Սիմեոն Հակոբյանը, ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, ազատամարտիկ Դուշման Վարդանը /Վարդան Ստեփանյան/,  I աստիճանի խաչի ասպետ Էդուարդ Ավետիսյանը և 100-ավոր տղաներ, ովքեր իրենց կյանքը զոհեցին Արցախի և Հայաստանի սահմանների ազատագրման ընթացքում։

-Արցախյան ազատամարտում մենք հաղթեցինք անհավասար պայքարում, մեր թշնամու զորքը գերազանցում էր մեզ թե՛ թվով, թե՛ ռազմական տեխնիկայով։ Ո՞րն էր մեր հաղթանակի գաղտնիքը, կամ բանալին։

-Հայ զինվորի անկոտրում ոգին ու անձնազոհությունն են մեր հաղթանակի վառ գրավականը։ Հաղթանակ, որ արձանագրվեց մեր մարտընկերների արյան գնով։ Հաղթանակ, որ արձանագրեց  նորանոր ձեռքբերումներ` միասնական ժողովուրդ, զարգացող պետություն,  հզոր բանակ։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում` Մեծ hայրենական պատերազմի տարիներին մեր հայրերին ու պապերին, իսկ արցախյան ազատագրական պայքարի ժամանակ մեզ բաժին է ընկել դաժան ճակատագիր` լի ողբերգական դեպքերով և անթիվ զոհերով։ Միայն հերոսության շնորհիվ հաջողվեց հասնել հաղթանակի, ազատության ու hայրենիքի անկախության։ Մեր նահատակված հայրերի և ընկերների անունները միշտ վառ կմնան մեր պատմության էջերում, նրանք եղել ու մնում են hայրենիքին ծառայելու և զինվորական երդմանը հավատարիմ լինելու արժանի օրինակներ։

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...