03:46
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ոսկեգործությունը մեր մշակութային հարուստ ժառանգության անբաժանելի մասն է

2014-03-17 11:01

«Դե Ֆակտո» N92 (2014թ.)

Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանի աշխատանքային ողջ կենսագրությունը, կարելի է թվագրել ոսկեգործությամբ։ Ոսկե տառերով էլ կարելի ամրագրել նրա մեծ ներդրումը տնտեսական դժվարին տարիներին ոլորտի կենսունակությունը և զարգացումը ապահովելու հարցում։ Ստանալով պոլիտեխնիկական՝ ինժեներ-մեխանիկի կրթություն,1960 թվականից նա աշխատանքի է անցել Երևանի ոսկերչական գործարանում, առաջին 5 տարին աշխատելով որպես տեխնոլոգ-ինժեներ։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի արհեստական ալմաստների և ալմաստային գործիքների գործարան։ Աշխատել է որպես գլխավոր տեխնոլոգ, ապա գլխավոր ինժեներ և… նորից տեղափոխվել ոսկերչական գործարան։ Աշխատանքային գործունեության սկիզբը համընկել է աշխարհում արհեստական ալմաստի սինթեզի ժամանակաշրջանին.

- Առաջին արհեստական սինթեզը 56 թվականին ԱՄՆ-ում է արվել։ Բավականին պատասխանատու ժամանակահատված էր, նորարարությունների, նոր ոլորտի  յուրացման շրջան։ Սկզբնական շրջանում դրված էր նոր տեխնոլոգիաների, հատկապես նոր զարգացող էլեկտրոնիկայի, կիսահաղորդչային տեխնոլոգիաների ներդրման խնդիրը։ Երկու ուղղությունների՝ սինթեզի և ալմաստային գործիքների արտադրության համատեղումը ԽՍՀՄ նմանատիպ վեց գործարաններից միայն երկուսում էր իրականացվում, մյուսները կամ գործիք էին պատրաստում կամ՝ սինթեզ իրականացնում։ Ուշագրավ մի պատմություն այդ ամենի հետ կապված, կարելի է ասել,  բախտորոշ եղավ ինձ համար։ Մինչ այդ արհեստական ալմաստը ստանում էին 500տ մամլիչներով, հետո որոշում կայացվեց 2000 տոննա ճնշման մամլիչների կիրառմամբ իրականացնել գործընթացը, որը նախատեսված էր առաջին անգամ Երևանում գործարկել։ Այն օրերին, երբ նոր մամլիչների փորձարկողները Կիևից Երևան էին ժամանել, մեր տնօրենը Հայաստանից բացակայում էր։ Ի դեպ նորություն լինելով հանդերձ, բավականին մեծ խնդիր էր շուրջ 1 մլն ռուբլի արժողությամբ 20 մամլիչ գործարկելը, բայց մասնագետները չէին կարող սպասել և մենք ստիպված առանց տնօրենի այն փորձարկեցինք։ Եվ, պետք է ասել, բավականին հաջող։ Բայց երբ արդյունքների մասին հաղորդեցինք միութենական նախարարություն, շատ մեծ աղմուկ բարձրացավ, և ինձ Մոսկվայից հրահանգվեց ներկայանալ՝ ազատման դիմում գրելու. գլխադասային վարչության ղեկավարը դժգոհել էր, որ առանց իրեն զեկուցելու էինք ձեռնարկել գործընթացը։ Մեկ շաբաթ ինձ շարունակ տանում-բերում ու չէին ստորագրում դիմումս, և այդպես ձգձգելով, ի վերջո հարցը փակվեց։ Իրականում դա երկու գերատեսչությունների ներքին պայքար էր՝ հաջողության դափնիներին տիրելու համար, բայց քանի որ ամենակարևորը՝ գործընթացը շատ բարեհաջող էր ընթացել, ամեն ինչ հարթվեց։ Արդյունքում նույնիսկ մի խումբ մասնագետներով 1980 թվականին ալմաստների սինթեզի արդյունավետ տեխնոլոգիայի մշակման և ներդրման համար ՀՀ պետական մրցանակ ստացանք։

 Դա նոր գիտաարտադրական ուղղություն էր, որը կարծր նյութերի մշակման գործիքներում բնական ալմաստների փոխարինմամբ ապահովում էր շատ ավելի բարձրորակ արտադրանք։

- Պարոն Գրիգորյան, աշխատել եք երկու տարբեր տնտեսակարգերում, հետադարձ հայացքը Ձեր մասնագիտական գործունեության 53-ամյա ուղուն ինչպիսի՞ հուշեր է արթնացնում։ Ի՞նչ հետևություններ կարող եք անել։ 

-Խորհրդային իշխանության տարիներին շուկան պարտադրված էր, մրցակցություն գրեթե չկար։ Բայց հատկապես մեր գործարանի պարագայում բավականին ուշագրավ էր սփյուռքի գործոնը. հայրենադարձները, որոնք հիմնականում պահպանել էին արհեստի հմտությունները, մեծ թափով լծվեցին գործին և զարգացման մի նոր հնարավորություն, որակական մի նոր թափ հաղորդելով ոսկեգործությանը, բավականին առաջ մղեցին այն Հայաստանում։ Եվ, թերևս դա էր նաև պատճառը, որ այդ տարիներին մեր փոքր հանրապետությունը բավականի մեծ հեղինակություն ուներ և դիզայներական ինքնատիպ լուծումներով ԽՍՀՄ-ում  առաջին եռյակում էր։ Անկախության տարիներն ավելի մեծ հնարավորություններով հանդերձ բավականին լուրջ դժվարություններ երևան հանեցին, բայց մեզ հաջողվեց պահպանել արտադրությունը, անգամ հասնել նոր ձեռքբերումների, քանի որ կապը արտերկրի, ինչպես նաև սփյուռքի հետ, մեզ հնարավորություն էր տալիս արագ նոր տեխնոլոգիաներ յուրացնել, ներդնել։ Մենք կարողացանք պահպանել, ի մի բերել ոսկեգործության ամբողջական գործընթացի առանձին օղակներն իրականացնող խմբերը՝ մեր հատուկ բրիգադները, արտադրության անընդհատությունը պահպանելու համար։ Մյուս կողմից էլ անկախացումը հնարավորություն տվեց դուրս գալ արտաքին աշխարհ... Նշեմ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո գրեթե բոլոր ոսկերչական գործարանները փակվեցին, վերամասնագիտացան, բայց Երևանինը մնաց որպես այդպիսին։ Ես համարում եմ, որ մարդկային գործունեության որոշ ոլորտներ դարեդար, սերնդեսերունդ փոխանցվելով, գենետիկորեն ամրագրվում, ապա՝ զարգանալով, վերածվում են ազգային արժեքի։ Ոսկերչությունը հայկական լեռնաշխարհում տարածված է հնուց. վաղնջական ժամանակներից հայկական ոսկեգործության մեջ  թանկարժեք մետաղներն ու քարերը նյութականից զատ հոգևոր բարձրագույն արժեքների խորհրդանիշ են համարվում։ Այս առումով, աստիճանաբար զարգանալով, արդեն հասել ենք մի իրողության, մի սահմանի, երբ զուտ արհեստից վերածվել է ազգային, ժողովրդական արվեստի կայուն ճյուղի, ոսկեգործությունը դարձել է մեր մշակութային հարուստ ժառանգության անբաժանելի մասը։ Նույնը կարելի է ասել մանրանկարչության, քարի մշակման ուղղությունների մասին։ Նշեմ, որ ոսկերիչի գործը հիմնականում ձեռքի աշխատանք է, երբ ոսկերիչի մասին ասում են լավ վարպետ է, գնահատականը ինժեներական մտածելակերպի համար է տրվում, որ կարողանում է տեսնել ծավալը, սիմետրիան, կարողանում է տեսնել դետալների փոխադարձ կապը, նրանց շարժումը, և ապահովում է դրանց համադրությունը, մեխանիզմների գոյակցումը, որպեսզի փականը լավ աշխատի, քարը լավ ամրացվի և, իհարկե, որակն ապահովվի...

- Ինչպե՞ս է հաջողվում արտադրության մեջ ապահովել հնի ու նորի համադրումը։

- Բոլոր դեպքերում պահպանողականությունը, դասականը ոսկերչության մեջ շատ ավելի գերակշռելի է, իհարկե, մոդեռնիզմի հնարավոր համակցման պայմաններում։ Այն նման է դասական երաժշտության՝ արժեհամակարգային հենքով պայմանավորված՝ մնայուն, ենթակա քիչ փոփոխությունների, հասանելի ոչ բոլորին։ Բացի դրանից, ադամանդագործության, քարի մշակման բնագավառում արդեն իսկ գտնված է վերջնական մշակման, տաշման լավագույն ձևը, որն արտահայտում է շլացուցիչ փայլ, անկրկնելի, դասական միտք։

- Երկրի արդյունաբերական ներուժի, զարգացման մասին խոսելիս մշտապես մատնանշվում են ոսկերչությունն ու ադամանդագործությունը

- Ես վստահաբար կրկնում եմ, որ կարևոր է մեր ազգային հատկանիշը՝ գործի գիտակը լինելու հանգամանքը, և, իհարկե, պահպանողականությունն այս հարցում։ Մենք կարողացանք պահպանել ոսկերչության հիմքերը, նույնիսկ արտադրության տեմպերի խիստ անկման՝  90-93 թվականներին։ Մինչ այդ մենք գործարանում ունեինք 1700 աշխատող, հիմա այդ թիվը հասել է 250-ի։  Բայց պետք է ասեմ, որ ողջ ներուժը, այդ 1450-ին էլ հաշված, գործի մեջ են, նրանք հիմա էլ գործում են հայաստանյան կամ արտաքին շուկայում։ Տեսեք, գործի բերումով Լոս Անջելեսում էի, և մասնագիտական շրջանակների հետ շփվելով, մի պահ ինձ թվաց, թե ես Հայաստանում եմ։ Ոսկերիչ մի հրեա մտերմիկ զրույցի ժամանակ ինձ խոստովանեց, որ եթե ինքը ադամանդի քար է պատվիրում, ապա հայ մասնագետը պատվերն ամենաարագն է կատարում։ Վերակառուցումից հետո մեր կապը հիմնականում բոլորի հետ փորձում ենք պահպանել, ստեղծել ենք նաև “Հայ ոսկեգործների և ադամանդագործների միություն” ՀԿ-ն, որի նպատակն է համախմբել ոսկերչական փոքր ու միջին ձեռնարկություններին, ոլորտի մասնագետներին, տեղեկանալ մասնագիտական նորություններին, նպաստել փորձի փոխանակմանը, հարկ եղած դեպքում սատար լինել միմյանց։ Կազմակերպության ջանքերի շնորհիվ ընդունվեց  “Թանկարժեք մետաղների և քարերի շրջանառության մասին” ՀՀ օրենքը։ Մենք մշտապես սերտ կապ ենք պահպանում գիտահետազոտական և ուսումնական հաստատությունների հետ՝ վերջիններիս պատվիրելով մեր արտադրական գործընթացի չլուծված տեխնոլոգիական տարբեր խնդիրները, այն է՝ տեխնոլոգիաների մշակում, համապատասխան հաստոցների և սարքավորումների պատրաստում և դրանց ներդրումը արտադրության մեջ։ Մասնավորապես ԳԱԱ անօրգանական քիմիայի ինստիտուտը մշակեց և ներդրեց ոսկերչական ձուլման պրոցեսում օգտագործվող գիպսի հայկական տարբերակ։ 1999 թվականին Պարիս Հերունու ղեկավարած ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կողմից մշակվեցին և մեր գործարանում ներդրվեցին մի շարք տեխնոլոգիաներ, այդ թվում՝ հարգադրոշման էլեկտրակայծային սարքավորումը, ոսկերչական իրերի պիտակավորման մեքենայացումը տպիչ սարքերի և համակարգիչների միջոցով։ Պոլիտեխնիկական ինստիտուտը մշակեց գերձայնային տեխնոլոգիայի կիրառմամբ ոսկերչական թելերի գրտնակման հաստոցներ և տեխնոլոգիաներ։ Հաճախ ուսումնական հաստատությունների մագիստրոսների դիպլոմային աշխատանքները մեր առաջնահերթ խնդիրների լուծման թեմաներով առաջադրելով, նրանց աշխատանքի ենք վերցնում գործարանում, այդպիսով նպաստելով գիտություն-արտադրություն այնքան շատ կարևորվող համագործակցությանը։ Եվ կարելի է ասել, որ մենք հիմա հասել ենք այնպիսի վիճակի, որ արտադրական պրոցեսի բոլոր փոխկապակցված օղակները իրականացվում են տեղում. ունենք դպրոց, դիզայներական խումբ, քարերի մշակման, գործիքաշինական արտադրամաս. սա մի համալիր է, ինքնաբավ տնտեսություն՝ այսպես ասած՝ մանուֆակտուրա, որտեղ սկզբնական օղակում  ցանկացած միտք, գաղափար դրվում և ավարտուն տեսքով նյութականացվում է վերջնարդյունքում։ Այդ ամենն, իհարկե, կազմակերպչական մեծ ջանք ու եռանդ է պահանջում։ 

- Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի վերահսկողության հարց։

- Պետք է փաստել, որ վերահսկողության առումով կաղում ենք։ Ներկայում կառավարության հետ համատեղ մշակվում է ծրագիր ոլորտում վերահսկողական մեխանիզմների ներդրման, որակի ապահովման և վերահսկման նպատակով։ Չէ, որ դա բոլորիս է պետք, ի վերջո, խոսքը մեր երկրի, մեր ազգային հարստության մասին է։  Նման հարց ժամանակին եղել է Հարավային Կորեայում, երբ երկիրը տնտեսական մեծ ճգանաժամից դուրս բերելու համար ազգաբնակչությունից շուրջ 288տ ոսկի հավաքվեց, Շվեյցարիայում մշակվեց, վերականգնողական վարկ վերցվեց, ապա ներդրվեց տնտեսության մեջ։ Այդ կերպ հնարավոր եղավ երկիրը ոտքի կանգնեցնել։ Այսօր Հարավային Կորեան տնտեսական մեծ վերելք ապրող, զարգացած երկիր է։

- Պարոն Գրիգորյան, Ձեր կյանքի և գործունեության պատկառելի ժամանակահատված նվիրել եք ոսկեգործությանը, այսպես ասած՝ հարաբերվել եք մի նյութի հետ, որը մաքրության, ազնվության և գեղեցկության խորհրդանիշ լինելու հետ մեկտեղ հարստություն, ընչաքաղցություն է խորհրդանշում     

- Ես ոսկին դիտում որպես ստեղծագործական մտահղացումների, գաղափարների սքանչելի մարմնացում, այլ ոչ թե հարստության աղբյուր։ Դա իմ կյանքն է, իմ աշխատանքը։ Փոխադարձաբար լրացնում ենք միմյանց. ոսկին ինձ ազնվացնում է, հնարավորություն է ընձեռում հաղորդակցվել գեղեցիկին, մաքրությանը, ինչու չէ՝ նաև հարստացնում է հոգեպես։ Առավել պատկերավոր՝ նշեմ մի հետաքրքիր միջադեպ։ Տարիներ առաջ մեր ստեղծագործական խումբը գրքի մետաղյա կազմ ստեղծելու պատվեր էր ստացել, սակայն ինչպես էլ փորձում էինք, արդյունքը չէր գոհացնում մեզ։ Մեզ առաջարկեցին վերարտադրել Էջմիածնի գրադարանում պահվող ավետարանի ոսկյա կազմի օրինակով։ Մենք հիացած էինք այն տեխնիկական լուծումներով, որ 15-րդ դարում ոսկերիչները կարողացել էին ստանալ։ Երկու ամսվա տքնաջան աշխատանքից հետո մեր թիմը կարողացավ վերականգնել և ստանալ արդեն 21-րդ դարի ինժեներական լուծումներով նորացված արդյունք։ Այդ ողջ ընթացքը ստեղծագործական փնտրտուքի, որոնումների և ցանկալի արդյունքի հասնելու երանելի ժամանակաշրջան էր։ Մյուս կողմից էլ՝ համարում եմ, որ որպես հարստություն ոսկին վաղվա օրվա ապահովության, հուսալիության երաշխիք է, և որպես այդպիսին՝ նաև ազգային հարստություն է։ 

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...