03:46
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կոմպոզիտորն առաջին հերթին փիլիսոփա է, նա իր ստեղծագործության մեջ պետք է կարողանա ամփոփել ժամանակը, արտացոլել ժամանակի ոգին

2014-03-26 11:00

«Դե Ֆակտո» N92 (2014թ.)

Արամ Սաթյան

Սաթյանների կոմպոզիտորական գերդաստան - երեք սերունդ, ստեղծագործական հարուստ ժառանգություն, անգնահատելի ներդրում հայ երաժշտարվեստի զարգացման ժամանակակից փուլում… Երաժշտություն արարելու ստեղծագործ տաղանդը Սաթյանների գեներում է, կարծես արյամբ է փոխանցվում հաջորդ սերնդին։

Ժամանակակից հայ դասական երաժշտարվեստի պատմության մեջ իրենց արժանի տեղն ունեն Սաթյան ազգանունը կրող կոմպոզիտորներից յուրաքանչյուրը.

Աշոտ Սաթյան` 1906–1958

Արամ Սաթունց (Սաթյան)` 1913–1990

Արամ Սաթյան` 1947

Աշոտ Սաթյան` (կրտսեր) 1965

Արթուր Սաթյան` 1973

Դավիթ Սաթյան` 1979

Ռուբեն Սաթյան` 1982

“Դե Ֆակտո” ամսագրի զրուցակիցն է Սաթյան ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցիչ`  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։

Արամ Սաթյանը  “Լիլիթ” և “Փոքրիկ Ցախես” օպերաների հեղինակն է։ Ի դեպ “Լիլիթը” համարվում է այդ ժանրում գրված առաջին հայկական փոփ-օպերան։ Մաեստրոն հեղինակ է 3 սիմֆոնիայի, կոնցերտներ` ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների, 300-ից ավելի երգերի, կինոերաժշտությունների և թատերական երգերի, 2013թ  մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը “Լավագույն երաժշտության հեղինակ” անվանակարգում արժանացել է “Արտավազդ” մրցանակին` Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի “Մորգանի խնամին” ներկայացման մյուզիքլի  համար։ Ի դեպ, կոմպոզիտոր Սաթյանի գրչին է պատկանում նաև ՀՀ ԳԱԱ օրհներգը, որը մաեստրոն գրել է նախորդ տարի` ակադեմիայի  70-ամյակի առթիվ։

Եղել է Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության բաժնի վարիչ, կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի պրոֆեսոր, Երևանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, “Հայաստանի հեռուստառադիո” պետվարչության երաժշտական ծրագրերի և երաժշտական խմբերի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար։

Մաեստրոյի հետ առաջին անգամ հանդիպեցինք այն ժամանակ, երբ նա դեռևս կոմպոզիտորների միության անդամ էր, ոչ նախագահ, երբ ՀՀ կոմպոզիտորների միությունը դժվարին շրջան էր ապրում, անդամները դժգոհ էին միության գործունեությունից, տևական անգործությունը ստեղծագործ անհատների կողմից անընդունելի էր և դժգոհության մթնոլորտ էր ստեղծել։ Որպես լրագրող` առաջին հարցս հենց միության նախագահի գործունեությանը գնահատական տալու մասին էր։ Պարոն Սաթյանը հրաժարվեց գնահատական տալուց, հայտնելով պարզապես իր դժգոհությունն առ այն, որ կոմպոզիտորների միությունը չպետք է լինի գորշ բյուրոկրատական գործընթացներում խեղդվող մի միություն, այստեղ պետք է  տիրի ստեղծագործ մթնոլորտ, հայ երաժշտարվեստի զարգացման համար պարարտ  ու առողջ միջավայր։

Երբ պարոն Սաթյանի հետ զրուցեցինք երկրորդ անգամ, նա արդեն ընտրվել էր  միության նախագահ։ Նախքան բուն հարցազրույցին անցնելը հարցս այս անգամ հետևյալն էր` ի՞նչ խնդիրներ ունի միությունը և պարոն Սաթյանը` իբրև այդ միության նախագահ առաջիկայի համար.

“Ես խոստումներ տալ չեմ սիրում և նման պատասխանատվություն էլ չեմ կարող վերցնել իմ ուսերին։ Միությունում բազմաթիվ անելիքներ կան, ըստ առաջնահերթության պետք է անդրադառնալ բոլոր խնդիրներին, հնարավորինս արագ և արդյունավետ լուծում տալ դրանց և միության գործունեությունը դնել բնականոն հունի մեջ։ Իսկ թե ինչ կստացվի արդյունքում, կհաջողենք արդյոք, կերևա որոշ ժամանակ անց։ Սպասենք”։ (Ժպտում է)

-Սաթյան երաժշտական գործիչների երեք սերունդՀնարավո՞ր է արդյոք Սաթյանների ընտանիքումչծնվելերաժիշտ։

-Գուցե հնարավոր է, սակայն երբ բնակարանում մշտապես հնչում է դասական երաժշտություն, երբ հարազատներդ զբաղվում են երաժշտությամբ, խոսում և անգամ վիճում են երաժշտական թեմաների շուրջ, երբ մթնոլորտն ամբողջովին ողողված է նոտաներով ու ելևէջներով, կարծում եմ` դժվար է այլ ուղղությամբ գնալը, ուստի և պատահական չէ, որ մեր գերդաստանում 7 կոմպոզիտոր ենք և բազմաթիվ երաժիշտներ։ Հայրս երբեք չի ուղղորդել ինձ, նույնիսկ խորհուրդ չի տվել դառնալ կոմպոզիտոր, ավելին, ապրելով կոմպոզիտորների ընտանիքում` տեսել եմ, թե որքան դժվար է այդ կյանքը թե’ հոգեպես, թե’ ֆիզիկապես։ Մանուկ հասակում ուղղակի “կապկում ես”, ընդօրինակում ծնողիդ, հետո այն դառնում է քո բնական ցանկությունը, քո գիտակցված ընտրությունը… Յոթ-ութ տարեկան էի, երբ գրեցի իմ առաջին երգը, որ լուրջ ընդունվեց մերոնց կողմից։ Հարազատներս շատ ուշադիր էին իմ ստեղծագործական առաջին քայլերի նկատմամբ։ Բնականաբար ստացել եմ երաժշտական կրթություն. ավարտել եմ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը։ Ավելի ուշ մասնագիտական կրթություն ստացա Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում։ Աշակերտել եմ հիանալի մանկավարժ և կոմպոզիտոր Էդվարդ Բաղդասարյանին, ով անգնահատելի դեր է ունեցել իմ մասնագիտական կայացման գործում, ի դեպ նա դասավանդել է նաև Տիգրան Մանսուրյանին, Մարտին Վարդազարյանին և շատ այլ ճանաչված ստեղծագործողների։ Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալ. Հարությունյանի դասարան, որն ավարտեցի գերազանցությամբ։ Այնուհետև կատարելագործվել եմ Մոսկվայում… և այսպես արդեն 40 տարի է, ինչ ստեղծագործում եմ։ Ինձ երբեմն ասում են, թե այն, ինչ արել ես, արդեն հերիք է։ Չստեղծագործել ինձ համար նշանակում է մահ։ Եթե Աստված քեզ տվել է շնորհ, ապա պետք է այն օգտագործել, եթե միառժամանակ չօգտագործես, գուցե և խլի այն քեզնից (ժպտում է)։ Ես մշտապես որոնումների մեջ եմ, ձգտում եմ քայլել ժամանակի հետ ու ժամանակի շունչն արտացոլել իմ ստեղծագործություններում։ 

-Սաթյանների երրորդ սերունդՁեր որդին` Դավիթ Սաթյանը, ևս կոմպոզիտոր է։

- Ինչպես ես եմ որոշել նմանվել հորս ու գնալ նրա ճանապարհով, այդպես էլ իմ զավակը եկավ իմ ետևից։ Հասկանալով և սեփական փորձով զգալով այդ մասնագիտության դժվարությունները` սկզբում ես դեմ էի նրա ընտրությանը, սակայն որդիս գիտակցաբար ընտրեց այդ ուղին։ Այժմ նա ապրում է Լոնդոնում, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է։ Դեռ 16 տարեկանում նա արժանացել է ոսկե մեդալի և “Ամադեուս” պատվավոր մրցանակին։ Վերջերս Մանտրոյում կայացած ջազային մրցույթ-փառատոնում 500 մասնակիցների մեջ նա հաղթողներից մեկը ճանաճվեց, ինչը, կարծում եմ, մեծ ձեռքբերում է թե’ իր համար` իբրև կոպոզիտորի, թե’ ինձ համար` իբրև ծնողի և թե’ հայ ժողովրդի համար։

-Նա, ինչպես և շատ այլ երիտասարդ ստեղծագործողներ, ապրում է արտերկրում, ինչու՞մն է խնդիրը, ինչու՞ են մեր երիտասարդները իրենց տեղը գտնում օտար երկրում և ոչ Հայաստանում։

-Այսօր ցավոք մենք ունենք երիտասարդ տաղանդների արտահոսք մեր երկրից։ Կոնսերվատորիայի բարձր կուրսերի տաղանդավոր շատ ուսանողներ մեկնում են արտասահման, քանի որ միջազգային մրցույթներում դափնեկիր դարձած յուրաքանչյուր երաժշտի համար բազմաթիվ երկրներ պարզապես պայքարում են։ Սա ցավալի խնդիր է, ու կարծում եմ, որ պայմանավորված է ոչ այնքան գումար վաստակելու գործոնով, որը թերևս նույնպես կարևոր է, այլ նաև գնահատված լինելու, արագ ճանաչում ստանալու և ինքնադրսևորվելու առավել մեծ հորիզոններ ունենալու գործոններով։ Մենք ունենք փայլուն երիտասարդներ, ովքեր շատ ավելի ճանաչված են դրսում։ Իհարկե ցավում եմ, որ կապը Հայաստանի հետ այդքան էլ ամուր չէ, որ նրանք մեկնում են սովորելու և մնում են այն միջավայրում, որն իրենց համար ինքնաիրացման ու դրսևորման առավել լայն հնարավորություններ է բացում։ Իրականությունն այն է, որ արտերկրում հնարավորություններն ավելի լայն են, ճանաչում ձեռք բերելն ու փորձ ունենալը շատ ավելի հասանելի է, քան Հայաստանում։ Թեև պետական հոգածությունը դասական երաժշտարվեստի նկատմամբ զգալիորեն բարձրացել է, սակայն երիտասարդ ստեղծագործողներին գնահատելու, նրանց առավել ճանաչելի դարձնելու խնդիրը դեռևս առկա է։ Ամենևին չթերագնահատելով սպորտի դերն ու նշանակությունը, այնուամենայնիվ, այդ համեմատությունը պիտի անեմ. օրինակ երբ մի մարզիկ մեդալ է նվաճում Հայաստանի համար, մեծ շուքով և դափնիներով նրան դիմավորում ենք արդեն օդանավակայանից, իսկ մեր կոմպոզիտորներին, երաժիշտներին, ովքեր հարյուրավոր մասնակիցների միջից առաջին մրցանակն են շահում և կոչումներ նվաճում, նույնիսկ չենք էլ ճանաչում, ուր մնաց, թե արժանի գնահատենք նրանց։  Իբրև Հայաստանի կոմպոզիտորների միության նորընտիր նախագահ` ես իմ առջև խնդիր եմ դրել ամրացնելու այս կապերը, ավելի ճանաչելի դարձնելու մեր երիտասարդ ստեղծագործողներին հենց հայրենիքում։ Ցավում եմ, որ մեր երկրում նրանք չեն կարողանում արժանիորեն գնահատվել և ինչու չէ, նաև վարձատրվել։

-Թեև Դուք դասական կոմպոզիտոր եք, այնուամենայնիվ, ստեղծագործում եք տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, էստրադային և այլն, համարվում եք առաջին հայկական փոփ-օպերայի հիմնադիրը։ Ո՞ր ժանրն է Ձեզ առավել հոգեհարազատ։

-Ես թղթին եմ հանձնում հոգուցս, սրտիցս ծնված երաժշտությունը։ Գիտեք, ինձ համար առավել հոգեհարազատ ժանրեր գոյություն չունեն, ինձ համար կա լավ երաժշտություն և վատ երաժշտություն։ Եթե երաժշտությունը կարողանում է ունկնդրի մոտ հույզեր առաջացնել, ապա այն լավ երաժշտություն է, կգնահատվի ու կհիշվի սերունդների կողմից, այն միշտ ազդեցիկ ու արդիական կլինի, կդառնա ժամանակի ոգու կրողը։ Լավ երաժշտությունը հին ու նոր չի լինում, այն միշտ արդիական է լինում, միշտ ժամանակակից։ Ես այսպես եմ մտածում։ Հիշում եմ Թուխմանովի հարցազրույցից մի հատված, երբ նրան հարցրին, թե որ երգն է նա համարում ամենախորը և հարատևը, նա նշել էր հորեղբորս ստեղծագործությունը` “Մարտիկի երգը”, ասելով, որ սա է իր համար հավերժության երգը։ Յուրաքանչյուր ստեղծագործող երազում է այսպիսի մի հարատև գործ ստեղծել։ (Ժպտում է)

-Իսկ Դուք ունե՞ք առավել սիրելի ստեղծագործություն։

-Ո՞ր մատս կտրեմ, որ ցավ չզգամ։ Այդպես էլ իմ ստեղծագործություններն են` հարազատ, սիրելի ու միմյանց հետ չհամեմատվող։ Պարզապես կան առավել հիշվող ստեղծագործություններ, որոնք կապվում են որևէ իրադարձության հետ, և ոչ այնքան։  

-Ամենամեծ գնահատականը Ձեզ համար։

-Ինձ համար ամենամեծ գնահատականն ունկնդրի աչքերում զգացմունք տեսնելն է, եթե համերգից հետո հանդիսատեսը հեռանում է քո երաժշտությամբ ազդված, էմոցիաներով լի, ուրեմն դու հաջողել ես իբրև կոմպոզիտոր։ Իսկ մեդալներ, մրցանակներ, կոչումներ, դրանք հարաբերական են, ժամանակավոր ու անցողիկ բաներ։ Եթե տարիներ անց էլ երաժշտությունդ արդիական է ու հաճույքով է լսվում, ուրեմն այն անցել է ժամանակի քննությունը։ Գիտեք ինչ հաճելի է, երբ մտածում եմ, որ իմ երաժշտության ներքո սերունդներ են սիրահարվել, երջանկություն ապրել, երբեմն տխրել ու տառապել։ Սա ինձ համար գերագույն արժեք է ու գնահատական։

-Ձեր ստեղծագործություններում գերակշռում է ...

- ...ՍԵՐԸ։ Ինձ միշտ ասում են, որ ես բարի երաժշտություն եմ ստեղծում` “Առաջին սիրո հեքիաթ իմ”, “Արդյո՞ք հիշում ես”, “Հուսո աղոթք”, “Սերն անցավ”, “Գարնան խոստում” և այլն։ Գիտեք, նույնիսկ “Լիլիթ” օպերայում սկզբում որոշել էի սպանել Ադամին, բայց ի վերջո հակառակն արեցի, ապրեցրի ու վեհացրեցի նրան։ (Ժպտում է)

-Մուսա ասվածը...

-Մուսա ասվածն ինձ համար բնությունն է, տիեզերքը, որին պետք է ականջալուր լինել, ես ոգեշնչվում եմ բնությունից։ Եթե կարողանաս լսել ու զգալ բնության անբացատրելի հրաշքը, կկարողանաս նաև ստեղծագործել։

-Դուք նաև դասավանդում եք կոնսերվատորիայում։ Իբրև դասախոս և մանկավարժ` ի՞նչ խորհուրդ եք տալիս Ձեր ուսանողներին։

-Ես իմ ուսանողներին ասում եմ, որ կոմպոզիտորն առաջին հերթին փիլիսոփա է, նա իր ստեղծագործության մեջ պետք է կարողանա ամփոփել ժամանակը, արտացոլել ժամանակի ոգին։ Նա պետք է լինի նաև գործիչ և քաղաքացի, նա իր ստեղծագործության մեջ պետք է փիլիսոփայություն և գաղափարախոսություն դնի` դրանով սերունդներ դաստիարակելով։

-Առաջիկա ի՞նչ անելիքներ ունեք  իբրև կոմպոզիտոր և իբրև կոմպոզիտորների միության նախագահ։

- Իբրև կոմպոզիտոր` մտքումս շատ գաղափարներ են պտտվում,  բազմաթիվ պլաններ ունեմ, ցանկանում եմ առաջիկայում բեմադրել “Փոքրիկ Ցախեսը” օպերան, մի քանի երգերի ծիլեր արդեն մտքումս ծնվել են, պատրաստվում եմ դրանք թղթին հանձնել։ Մեծ կտավի մի գործ ստեղծեցի` “1915 թվական”, որի պրեմիերան Նյու Ջերսիում է կայացել։ Պլանավորում եմ մինչև 2015 թվականը` Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված մի առավել մեծ  ստեղծագործություն գրել։ Իսկ իբրև կոմպոզիտորների միության նախագահ` արդեն նշեցի խնդիրների ու մարտահրավերների մի մասը, որոնք դրված են մեր առջև։ Երիտասարդ ստեղծագործողների հարցը շատ լուրջ է, ապագա սերունդն այս անգործությունը մեզ չի ների, սա ողբերգություն է։ Աշխատել է պետք։ ԽՍՀՄ ժամանակաշրջանն իր թերություններով հանդերձ, ստեղծել էր մի միջավայր, որը մեծ տեղ ու դեր էր հատկացնում երիտասարդ ստեղծագործողներին, որը մեծ հորիզոններ ու հնարավորություններ էր բացում ստեղծագործելու և աշխատելու համար։ Մենք ունենք կոմպոզիտորական և ընդհանրապես դասական երաժշտարվեստի հիանալի ու հարուս ավանդույթներ, որոնք հարկ է վերականգնել, որոնց հիման վրա կարելի է նոր մթնոլորտ, նոր մոտեցումներ ու նոր մշակույթ ձևավորել։ Թող խոսքերս վերամբարձ չհնչեն։ Աշխատել է պետք, իսկ թե որքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը։

-Հաջողություն ենք մաղթում Ձեզ թե՛ ստեղծագործական, թե՛ կազմակերպչական գործունեության մեջ։  

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...