03:27
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կցանկանամ, որ մարդիկ ավելի շատ լսեն դասական երաժշտություն, ինչը կօգնի լինել ավելի բարի ու լավատես

2014-02-08 12:12

«Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

Էդուարդ Թոփչյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

-Պարո՛ն Թոփչյան, ավարտին է մոտենում 2013թ., ամփոփելով տարին`  ինչպե՞ս կգնահատեք այն։

 -Շատ դրական։ Այս տարի մենք իրականացրեցինք ի սկզբանե նախատեսված բոլոր համերգները։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մեր նվագախմբի հետ ելույթներ ունեցան բազմաթիվ մեծ արտիստներ աշխարհի տարբեր ծայրերից։

Բարձր մակարդակով անցավ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն այս տարի նվիրվեց 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի 110-ամյակին։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր երկացանկում միշտ էլ պատվավոր տեղ է հատկացրել Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին, սակայն շատ կարևոր է, որ նրա ստեղծագործությունները հաճախ հնչեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կողմից ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Այդպիսի հնարավորություն էր ավանդական դարձած արդեն Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն ընդգրկեց սիմֆոնիկ և կամերային համերգների հարուստ շարք։ Հայ հանդիսատեսի համար ելույթ ունեցան միջազգային ճանաչում ստացած երաժիշտ-կատարողներ Իզաբել Ֆաուստը, Ալեքսանդր Մելնիկովը, Բորիս Բրովցինը, Մարիո Բրունելլոն, Անահիտ Չաուշյանը, Նարեկ Հախնազարյանը և այլք, որոնցից շատերը կատարեցին Ա. Խաչատրյանի տեղծագործությունները։ Նրանք նաև վարպետության դասեր անցկացրեցին հայ երիտասարդ երաժիշտների հետ։

Խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ նախագահի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, որի բարձր հովանու ներքո անցկացվեց փառատոնը։ Աջակցության համար շնորհակալ ենք նաև մշակույթի նախարարությանը։

-Այս տարին հարուստ էր համերգային ծրագրերով, որո՞նք հատկապես կառանձնացնեք։

 -Ինձ համար հատուկ կարևորություն ունեցավ Բրուքների սիմֆոնիաների շարքի կատարումը։ Վաղուց էի ցանկանում, որ այդ սիմֆոնիաները Հայաստանում հնչեն օրիգինալ տարբերակով, բայց դա իրականացնելու համար չունեինք անհրաժեշտ երաժշտական գործիքներ։ Այդ նպատակով, շնորհիվ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ունեցած հեղինակության, “Դրեզդեներ Ֆիլհարմոնի” և “Շտացկապելե Դրեզդեն” նվագախմբերի կողմից մենք ստացանք  Վագներյան 4 տուբաներ։ Դա թերևս մեծ ձեռքբերում էր մեզ համար։ Տարին, իրոք, բուռն էր ու հագեցած։

-Անձնապես Դուք ի՞նչ հրավերներ եք ունեցել այս տարվա ընթացքում, Ձեր կարիերայում ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք։ Տեղյակ ենք, որ վերջերս բարձր պարգևի եք արժանացել Իտալիայի հանրապետության նախագահի կողմից։

 -Այդ առումով 2013-ը չափազանց հագեցած էր։ Հյուրախաղերով հանդես եմ եկել Գերմանիայում, Իտալիայում, Լիտվայում, Ռուսաստանում և Ավստրիայում։ Կդժվարանամ բոլոր համերգների մասին պատմել առանձին-առանձին,  բայց շատ կարևոր համերգներ եմ ունեցել Իտալիայում մի քանի նվագախմբերի հետ։ Վերջին շրջանի հյուրախաղերն առանձնացնելով՝ նշեմ այն, որ հոկտեմբերին հանդես եկա Լիտվայի Ազգային նվագախմբի հետ Գերմանիայում։

Այո, նոյեմբերի 20-ին, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի կողմից արժանացա “Աշխատանքային վաստակի  համար”  շքանշանին (Order of Merit for Labour)` Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ։ Սա շատ պատվաբեր և պատասխանատու պարգև էր և՛ ինձ, և՛ նվագախմբի համար։ Իտալիայի կառավարությունն այսպիսի կոչումները երբևէ չի շռայլում ոչ իտալացիներին, ուստի հուզիչ էր նմանատիպ մրցանակի  արժանանալը։

-Ի՞նչն էր պակաս այս տարի, որ տարվա սկզբում ակնկալում էիք, բայց չեղավ։

 -Միշտ ավելին ենք ուզում անել, քան փաստորեն ստացվում է։ Հիմնականում նյութական հնարավորությունների սահմանափակությունն է, որ թույլ չի տալիս անել այն ամենը, ինչ կարելի էր պատկերացնել։ Ինչ պլանավորել էինք, հիմնականում իրականացավ, իսկ որպես պլանավորված ու  չիրականացված ծրագիր՝ մեր նվագախմբի հյուրախաղային այցն էր Չինաստան։ Շրջագայությունները չկայացան զուտ տեխնիկական ինչ-ինչ պատճառներով և հետաձգվեցին։ Հուսով ենք, որ 2014թ. ընթացքում Ֆիլհարմոնիկ նվագախումբն անպայման կմեկնի Չինաստան և հավուր պատշաճի կներկայանա չինացի ունկնդրին։

-2014թ.հետ կապված ի՞նչ ծրագրեր, ակնկալիքներ ունեք։

-Ծրագրերը շատ են, իսկ, մեծ հաշվով, նպատակներն ու ակնկալիքները գրեթե միշտ նույնն են. բարձրացնել նվագախմբի կատարողական որակը՝ ձգտելով համաշխարհային ասպարեզում ունենալ ավելի մեծ դեր ու նշանակություն։

-Մոտենում է Ամանորը.ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար, ինչպե՞ս եք սիրում նշել այն, Ձեր ամանորյա բարեմաղթանքը։

 -Ամանորն ինձ համար երևի տարվա ամենագեղեցիկ տոնն է, առանձնապես՝ Սուրբ ծննդյան օրը։ Հատկապես  նախընտրում եմ այս տոնակատարությունների այն տարբերակները, որոնք ընդունված են Եվրոպայում։ Տոները հիմնականում նշում եմ տանը` ընտանիքիս, հարազատներիս և ընկերներիս հետ։ Որպես բարեմաղթանք՝ կցանկանամ, որ մարդիկ ավելի շատ լսեն դասական երաժշտություն, ինչը կօգնի լինել ավելի բարի ու լավատես։ Նաև մաղթում եմ խաղաղություն մեր երկրին։ Թող 2014թ-ը անհոգ ու բարեբեր տարի լինի համայն մարդկության համար։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...