15:11
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա մարզպետն ամփոփում է տարին

2014-01-08 11:52

 «Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

2013թ. մայիս ամսին մեզ բաժին հասած աղետն այն հերթական փորձություններից էր, որը հաջողվեց հնարավորինս հաղթահարել՝ միասնական կամքի դրսևորման և ունեցած հնարավորությունների մեկտեղման շնորհիվ միայն։ Առանց պետական աջակցության և տարբեր այլ նախաձեռնությունների իրագործման՝ հնարավոր չէր լինի մեղմել աղետի հետևանքները։

Օգտվելով առիթից՝ կրկին անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր սրտացավություն են  ցուցաբերել և օգնության ձեռք են մեկնել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին։

Աշոտ Ղահրամանյան, ՀՀ Արմավիրի մարզպետ 

-Պարո՛ն Ղահրամանյան, “Դե Ֆակտոամսագիրը, ուսումնասիրելով ՀՀ մարզպետերի գործունեությունը, ամեն տարի նրանցից լավագույնին ճանաչում էՏարվա մարզպետ։ Այս տարի Դուք եք արժանացել այդ կոչմանը, որի առիթով շնորհավորում ենք Ձեզ։ Ձեզ հաջողվեց Արմավիրի մարզի առջև ծառացած աղետի պայմաններում խելամիտ որոշումներ կայացնել և կազմակերպել օժանդակության ծրագրերի անաչառ բաշխում մարզի բնակիչներին։ Դուք ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը 2013թ. ընթացքում։

-Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ աշխատանքը։ Այդ գնահատականը տրվում է   ՀՀ կառավարության, հանրության և նրա անբաժան մասը կազմող լրատվամիջոցների կողմից։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, որպես մարզպետի, ապա կնշեմ, որ 2013 թվականին ևս շարունակել եմ առաջնորդվել մարզի բոլոր խնդիրները հստակորեն սահմանող աշխատանքային ծրագրերով՝ փորձելով նվազագույն ռեսուրսներով հասնել առավելագույն արդյունքների՝ ապահովելով  մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը, պահպանելով առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և համախմբելով մարզի բոլոր կառուցողական ուժերին համընդհանուր գաղափարների իրագործման շուրջ։                                                   

   Իսկ մայիս ամսին մեզ բաժին հասած աղետն էլ այն հերթական փորձություններից էր, որը հաջողվեց հնարավորինս հաղթահարել՝ միասնական կամքի դրսևորման և ունեցած հնարավորությունների մեկտեղման շնորհիվ միայն։ Համենայն դեպս, առանց պետական աջակցության և տարբեր այլ նախաձեռնությունների իրագործման հնարավոր չէր լինի մեղմել աղետի հետևանքները։

Օգտվելով առիթից՝ կրկին անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր սրտացավություն են  ցուցաբերել և օգնության ձեռք են մեկնել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին։

-Իրականում ինչպիսի՞ պատկեր արձանագրվեց Արմավիրում աղետալի կարկտահարությունից հետո, ի՞նչ չափի օգնություն հասցվեց տնտեսվարողներին, և այն որքանո՞վ փոխհատուցեց նրանց պատճառված վնասները։ 

-Մայիսի 12-ին տեղացած աննախադեպ կարկտահարությունից անմիջապես հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի Արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովները սկսեցին ուսումնասիրությունները կարկուտից տուժած 46 համայնքներում։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ, ընդհանուր առմամբ,  վնասվել է  17 հազար հեկտար հողատարածք, 23 համայնքում վնասի չափը կազմել է  100 տոկոս, և տուժել է շուրջ 13 հազար  ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը հասնում է 25 մլրդ ՀՀ դրամի։ Գյուղացու կրած վնասի գումարային արտահայտությունն ինքնին խոսում է բավականին լուրջ կորուստի մասին, որն ամբողջովին փոխհատուցելը միանգամայն անհնար էր։

Այնուամենայնիվ, ՀՀ նախագահի գլխավորությամբ պետությունն իր ողջ գործիքակազմով եղավ գյուղացու կողքին՝ կյանքի կոչելով տարաբնույթ ծրագրեր։ Առանձին և գովելի նախաձեռնությամբ հանդես եկան նաև Արմավիրի մարզը ներկայացնող պատգամավորները՝ ստեղծելով Բնական աղետից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամը։ Կցանկանայի հավելել, որ աջակցության կարևոր ծրագիր իրականացրեց նաև Հայկական Կարմիր խաչ ընկերությունը։

Եվ այսպիսով, իրականացված համալիր միջոցառումների արդյունքում մեզ, կարելի է ասել, հաջողվեց մեղմել տնտեսվարողներին պատճառված վնասները, սակայն ոչ փոխհատուցել։

Աննախադեպ աղետն  իր բացասական ազդեցությունը կունենա 2014 թվականի  գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների վրա` հատկապես խաղողի բերքի։

-Արդյո՞ք տեղի ունեցած աղետը կանդրադառնա նաև 2014թ. բերքի ծավալների և որակի վրա, ինչ-որ աշխատանքներ  ձեռնարկվելո՞ւ են այդ ուղղությամբ։

-Իհարկե, այդ աննախադեպ աղետն  իր բացասական ազդեցությունը կունենա 2014 թվականի  գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների վրա` հատկապես խաղողի բերքի։ Կարկտահարության ժամանակ 50 տոկոսից ավել վնասվել էր 2840 հեկտար խաղողի այգի,  որից շուրջ 1500 հեկտարի վրա կնկատվի բերքատվության նվազեցում՝ 20-30 տոկոսի չափով։ Իսկ ընդհանրապես,  հասցված վնասները նվազեցնելու և հետագայում դրանք մեղմելու նպատակով կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին անվճար հատկացվել է 56.4 կգ “Էկոգել” աճի կարգավորիչ, որն օգտագործվել է շուրջ 1000 հեկտար խաղողի այգիների սնուցման համար։ Մի շարք համայնքների 25 հեկտար սեղանի սորտի խաղողի այգիներում անվճար իրականացվել են արտարմատային սնուցման և բուժման աշխատանքներ։ Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ինչպես նաև Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցները մշտապես եղել են համայնքներում, կազմակերպել են դաշտային օրեր, իրականացրել խորհրդատվություն՝ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ։ Մարզ են հրավիրվել նաև Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի գիտնականները։

-Ամփոփելով 2013թ., ընդհանուր առմամբ, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կառանձնացնեք։

-Թեպետ անցնող տարին  որոշ խոչընդոտներ ստեղծեց  մարզային տնտեսության առաջընթացի համար, այնուամենայնիվ, չդադարեցին և հաջողությամբ շարունակվեցին իրականացվել 2013 թվականի համար նախատեսված բոլոր ոլորտային ծրագրերը և միջռեգիոնալ համագործակցությունը՝ տարբեր ուղղություններով։                                                                                                                                                                  

Պետական և մասնավոր ներդրումների արդյունքում՝  վերանորոգվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, բացվեցին նախակրթարաններ, վերաբացվեցին բժշկական ամբուլատորիաներ, բժշկական կենտրոններն ապահովվեցին նորագույն սարքավորումներով, իսկ երաժշտական և արվեսի կրթօջախները՝ անհրաժեշտ մշակութային գույքով։ Շարունակվեց գյուղական համայնքների գազաֆիկացումը,  դպրոցներում լոկալ ջեռուցման համակարգերի ներդրումը,  քաղաքային համայնքների բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումը, հանրապետական և միջպետական ճանապարհների հիմնանորոգումը, ոռոգման ենթակառուցվածքների վերազինումն ու վերականգնումը, բնակարանային խնդիրների լուծումն ու մի շարք այլ կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրագործումը։                                            

Շարունակվեց նաև ապակենտրոնացված համագործակցությունը գործընկեր պետությունների առանձին տարածքային միավորների հետ։ Այս առումով կցանկանայի առանձնացնել, որ ամիսներ առաջ Արմավիրի մարզպետարանի և Դանիայի Հանրապետության հայ համայնքի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում մեզ հաջողվեց  նվիրատվության կարգով Դանիա առաքել խաչքար՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ, ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին մեծ մարդասիրական օգնություն ցուցաբերած Կարեն Եփփենի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այն տեղադրելու համար։ Խաչքարի բացումը նախատեսվում է ապրիլ ամսին։

  Ինչ խոսք, արված բազում գործերի կողքին, այնուամենայնիվ, անելիքներ դեռ կան, որոնք առաջիկայում առաջնահերթության կարգով անպայման իրագործվելու են։ Եվ  ավելի քան մոտ է այն օրը, երբ մենք կունենանք համակողմանի զարգացած մարզային տնտեսություն և բոլորովին այլ կենսամակարդակ մարզի ազգաբնակչության համար։

-ՀՀ կառավարությանՏարածքների համաչափ զարգացումծրագրի շրջանակներում ՀՀ տարբեր մարզերում իրականացվում են համապատասխան միջոցառումներ, ծրագրեր։ Ի՞նչ  միջոցառումներ կամ ծրագրեր են իրականացվել Արմավիրի մարզում։

-ՀՀ կառավարության “Տարածքային համաչափ զարգացում”  ծրագրի շրջանակներում  Արմավիրի մարզում  բավականին ներդրումային ծրագրեր են իրականացվել  տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, մշակույթի և բնակարանային ապահովության բնագավառներում։                                                                                                      

Միայն վերջին երեք տարիներին ՀՀ կառավարությունը մարզերում առկա տարաբնույթ հրատապ համարվող հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված միջոցներից  շուրջ 5 մլրդ դրամն ուղղել է  Արմավիրի մարզ։ Այս գործընթացը մեծապես օգնել  է մարզում  վերացնելու բնակչության բնականոն կենսագործունեությանը խոչընդոտող  երևույթները և բարելավելու ընդհանուր կենսամակարդակը։

-Պարո՛ն Ղահրամանյան, մոտենում է Ամանորը, ո՞րն է այդ տոնի խորհուրդը Ձեզ համար։ Ի՞նչ կմաղթեք արմավիրցիներին և համայն հայությանը։ 

-Համայն հայությանը, այդ թվում՝ արմավիրցիներին մաղթում եմ խաղաղ երկինք և  արևշատություն։ Թող 2014 թվականը բոլորիս համար լինի արարման և ազգային գաղափարների շուրջ համախմբման տարի՝ բերելով  նոր հաղթանակներ ու ավելացնելով վստահությունը սեփական ուժերի հանդեպ։ Թող հաջորդ տարին ամփոփելիս արձանագրենք, որ օրախնդիր հիմնահարցերը նահանջել են,  և նոր տարում առաջընթացի նոր հորիզոններ ուրվագծենք։ 

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի  



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...