06:57
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է, 25 տարի բուհը զարգացնում է դասական երաժշտարվեստը, իր առանցքի շուրջ զարգացնում քաղաքի ու մարզի մշակութային կյանքը

2013-11-25 11:06

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

25 տարի է անցել Գյումրու աղետալի երկրաշարժից, 25 տարի է անցել նաև այն օրվանից, երբ բացվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը։ 25 տարի ժամանակավոր կացարաններում կյանքը, կրթությունն ու առօրյան անցկացնելուց հետո էլ, միևնույնն է, գյումրեցիների խնդիրների մեծ մասը դեռ լուծված չեն, դեռ անելիքներ կան։ Չարաբաստիկ երկրաշարժից հետո կոնսերվատորիային այլ բուհերի հետ համատեղ օգտագործման համար հատկացվեց ժամանակավոր շինություն, որը կարծես ժամանակավորից վերածվեց հիմնականի, առայժմ նոր շենք տեղափոխվելու մասին խոսակցությունները շատ հեռավոր են թվում։ Բայց ի ծնե տաղանդավոր ու հումորով գյումրեցին տոկուն է, ուժեղ, դիմացկուն ու համբերատար։ Կյանքը, աշխարհագրական դիրքն ու խիստ եղանակային պայմանները նրան սովորեցրել են սպասել, մաքառել ու ապրել վաղվա պայծառ գալիքի հույսով։ Շենքային անբարենպաստ պայմանները չեն խանգարում բուհին կրթելու բարձրակարգ երաժիշտներ, որոնցից շատերն այսօր տարբեր միջազգային փառատոների դափնեկիրներ ու մասնակիցներ են, նվագում ու երգում են աշխարհի առաջատար նվագախմբերում և երգչախմբերում։

Դե Ֆակտոամսագիրը զրուցեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր, մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետ բուհի ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա անելիքների մասին։

-Տիկին Ավդալյան, արդեն շուրջ 10 տարի է, ինչ ղեկավարում եք բուհը։ Ի՞նչ խնդիրներ էիք դրել Ձեր առջև սկզբում, ի՞նչ եք հասցրել անել այս տարիների ընթացքում։

-Ստանձնելով բուհի ռեկտորի պարտականությունները` իմ առջև խնդիր դրեցի ակտիվացնել բուհական կյանքը, ուսանողների ներգրավվածությունը բուհական անցուդարձին, բարձրացնել դասախոսական կազմի մասնագիտական հմտությունները։ Արդյունքում` այսօր ունենք 9 պրոֆեսոր, 11 դոցենտ, կոնսերվատորիայում սկսեց աշխատել գիտական միտքը, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ բուհը հրատարակում է բարձրագույն որակավորման հանձնաժողովով հաստատված “Արվեստ և ժամանակ. Հայացք Գյումրուց” հանդեսը, որտեղ տեղ են գտնում մեր դասախոսական կազմի գիտական աշխատանքները, թեզերն ու հոդվածները, ինչպես նաև լուսաբանվում են արվեստի բոլոր ճյուղերը, անդրադառնում ենք ծնունդով գյումրեցի արվեստի գործիչների կյանքին և գործունեությանը։ Այս ամենի շնորհիվ է նաև, որ բուհում աճել է ուսանողների թիվը` շուրջ 200 ուսանող, կրթության բարձր որակը բավարարում է ուսանողներին այնքան, որ նրանք չձգտեն դեպի մայրաքաղաք, մնան և իրենց կրթությունը ստանան այս բուհում։ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում սովորում են նաև ջավախահայ ուսանողներ, ուսանողներ Արցախից, նաև Բաթումիից, Սիրիայից։ Ինչպես տեսնում եք, բուհն ունի նաև տարածաշրջանային մեծ նշանակություն։

-Ինչպիսի՞ն է կապը մայր բուհի և Գյումրու մասնաճյուղի միջև։

-Մայր բուհի հետ կապը շատ սերտ է և համագործակցությունը շատ ակտիվ։ Մայր բուհում տրվող բոլոր մասնագիտացումները, բացի զինվորական դիրիժորությունից, մեզ մոտ ևս դասավանդվում են։ Մայր բուհի աջակցությունը շատ մեծ է բոլոր հարցերում` թե’ մասնագիտական, թե’ տեխնիկական, թե’ կազմակերպչական առումով։ Մեր բուհը կայացել և այսօրվա ձեռքբերումների հասել է մեծավ մասամբ մայր բուհի աջակցության շնորհիվ։

-Իսկ ի՞նչ խնդիրներ ունի այսօր կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը։

-Կոնսերվատորիան այսօր բազմաթիվ խնդիրներ ունի։ Առաջին հերթին շենքային խնդիրն է, որը հրատապ լուծում է պահանջում, քանի որ լսարանների պակասի պատճառով մենք ստիպված ենք դասապրոցեսները կազմակերպել երկու հերթով, աշխատել մինչ ուշ երեկո։ Մենք չունենք դահլիճ, ինչը լուրջ խոչընդոտներ է առաջացնում մեզ համար, քանի որ յուրաքանչյուր անգամ ստիպված ենք լինում վարձակալելու թատերական ինստիտուտի դահլիճը, որը չունի մեզ համար անհրաժեշտ ակկուստիկա։ Մենք լիահույս ենք, որ այս ցավալի հարցը լուծում կստանա և մենր ուսանողները կկարողանան իրենց ուսումը ստանալ հարմարավետ, ջեռուցվող լսարաններում, դահլիճում, չէ որ երաժիշտի մասնագիտությունը շատ դժվար, աշխատատար և ժամանակատար մասնագիտություն է, ուստի պետք է պայմանները գոնե տրամադրող լինեն կատարելու և  ստեղծագործելու համար։ Բացի այս` մենք ունենք նաև գործիքների խնդիր, 25 տարի առաջ երաժշտական գործիքները կոնսերվատորիային նվիրեց Լորիս Ճգնավորյանը, որոնք այսօր նորացման, համալրման կարիք ունեն։ Իսկ կոնսերվատորիան սեփական բյուջեով ի զորու չէ լուծելու այս խնդիրները։ Մեզ շատ օգնում է “Փյունիկ” հիմնադրամը, որի օգնությամբ վերջերս նվեր ստացանք “YAMAHA” ռոյալ։ “Փյունիկը” նաև մեր ուսանողների կողքին է, յուրաքանչյուր տարի նա վճարում է սոցիալապես անապահով որոշ ուսանողների ուսման վարձերը։ Թեև պետական հոգածություն կա բուհի նկատմամբ, նախկին 5 պետպատվերի փոխարեն այսօր պետպատվերով ուսանողների թիվը 12-ն է, այնուամենայնիվ հատկացվող միջոցները բավարար չեն բուհի նորմալ առաջընթացի, զարգացման համար։

Կոնսերվատորիայի այս տարիների ձեռքբերումներից մեծագույնը, կարծում եմ, “Վերածնունդփառատոնն է։ Նախադեպը չունեցող այս երաժշտական ֆորումը վերածվել է դասական արվեստի յուրօրինակ տոնախմբության և մեծապես նպաստում է Գյումրու մշակութային կյանքի զարթոնքին։

 -Զրուցել Ձեզ հետ և չանդրադառնալՎերածնունդփառատոնին, չենք կարող։ Այնպես որ, խնդրեմ մի փոքր ներկայացրեք փառատոնի նախապատմությունը և գնահատեք այս տարվա` արդեն 5-րդ միջազգայինՎերածնունդը։

-Կոնսերվատորիայի այս տարիների ձեռքբերումներից մեծագույնը, կարծում եմ, “Վերածնունդփառատոնն է, որի մեկնարկը տրվեց 2007 թվականին մեր նախաձեռնությամբ և “Փյունիկ” հիմնադրամի գործուն աջակցությամբ։ Այս փառատոնը խորհրդանշում է Գյումրու երաժշտական կյանքի վերածնունդը։ Նախադեպը չունեցող այս երաժշտական ֆորումը վերածվեց դասական արվեստի յուրօրինակ տոնախմբության և մեծապես նպաստեց Գյումրու մշակութային կյանքի զարթոնքին։ Երախտագիտությամբ պետք է նշեմ, որ առանց “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի և հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջիի ու հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի գործուն աջակցության հնարավոր չէր լինի կյանքի կոչելու “Վերածնունդ” փառատոնը։ Նրանց հովանավորության ու “Վերածնունդի” շնորհիվ աշխարհի տարբեր ծայրերում ճանաչեցին Գյումրին, որպես մշակութային քաղաք, որպես դասական արվեստի կենտրոն։ Առաջին փառատոնն իր մասշտաբներով հանրապետական էր, այն  արժանացավ հանրապետության մի շարք երաժշտական կրթօջախների մանկավարժների ու սաների ուշադրությանն ու համակրանքին։ Ոգևորված փառատոնի արդյունքներից` մենք ձեռնամուխ եղանք 2008թ. ապրիլի 28-30-ին անցկացնել հանրապետական երկրորդ փառատոնը, որին մասնակցեցին շուրջ 200 դաշնակահարներ և մեներգիչներ երեք տարիքային խմբերով։ Տարին խորհրդանշում էր մեկ այլ տարելից՝ 1988թ. աղետալի երկրաշարժի 20-րդ տարելիցը։ Փառատոնի արդյունքներից խանդավառված կազմակերպիչներս նախանշեցինք ապագա ծրագրերի ուրվապատկերը և 2009-ի մայիսին կայացավ Գյումրիում իր նախադեպը չունեցող “Վերածնունդ” միջազգային առաջին փառատոնը՝ 3 տարիքային խմբերում և 6 անվանակարգերում։ Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն էր նպաստել դասական երաժշտության պրոպագանդմանը, ստեղծել տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև նոր ստեղծագործական և բարեկամական կապեր, մերձեցնել այլազգի արվեստագետներին հայ մշակույթին, միևնույն ժամանակ ընձեռել հնարավորություն իրենց վարպետությունն ու ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար։ 2010թ-ի մայիսի 5-13 մրցույթ-փառատոնը անցկացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված “Մշակույթների մերձեցման միջազգային տարվա” շրջանակներում և նվիրվեց Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին։ Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական “Փյունիկ” հիմնադրամը, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղը և “Շիրակ” բարեգործական հիմնադրամը։ Մրցույթ-փառատոնին մասնակցեցին 10-28 տարեկան շուրջ 1000 երաժիշտ-կատարողներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԼՂՀ-ից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Բելառուսից։ 2011թ-ի մայիսի 5-16-ը Գյումրիում կայացավ երաժիշտ-կատարողների “Վերածնունդ” միջազգային մրցույթ-փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին։ Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել 1200 երաժիշտ-կատարողներ՝ աշխարհի 22 երկրներից, Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից։ Նմանօրինակ մեծ մասշտաբների ֆորումի կայացման գործում անգնահատելի է մարդկաին ռեսուրսների զարգացման “Փյունիկ” համահայկական հիմնադրամի, ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան, ԵՊՀ հայ եկեղեցու պատմության և  եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Սարգսյանի, գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և մի շարք հովանավորների աջակցությունը։ Նրանց շնորհիվ 2012թ. ապրիլի 10-19 կայացավ չորրորդ մրցույթ-փառատոնը, որը հյուրընկալեց 1365 երաժիշտ-կատարող՝ աշխարհի 25 երկրներից։ Փառատոնի կազմակերպիչներն էին՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական “Փյունիկ” հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը։ Մրցույթ-փառատոնը անցավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնին իր օրհնությունն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Փառատոնի շրջանակներում անցկացվեցին հանդիպումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր, համերգներ, միջազգային վեցերորդ գիտաժողովը՝ “Համաշխարհային մշակույթը և Հայաստանը” խորագրով (ապրիլի15-17)։

Վերջապես այս տարի տեղի ունեցավ 5-րդ հոբելյանական միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին մոտ 3000 մասնակից աշխարհի 30 երկրներից։ Մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 11-14-ը անցկացվեց երաժիշտ-կատարողների միջազգային 5-րդ մրցույթը, ապրիլի 15-17-ը՝ երիտասարդ կոմպոզիտորների միջազգային 2-րդ մրցույթը, երգչախմբերի միջազգային 1-ին մրցույթը և “Մշակույթների երկխոսություն” թեմայով  միջազգային 7-րդ գիտաժողովը։ Մրցույթ-փառատոնի օրերին եղան համերգներ և վարպետության դասեր՝ հայ և օտարազգի անվանի երաժիշտների մասնակցությամբ։

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր և միջոցառումներ ունի կոնսերվատորիան։

-Ծրագրերն ու անելիքները շատ են, սակայն ես ցանկանում եմ անդրադառնալ մի շատ կարևոր նախաձեռնության, որն արդեն իսկ մեկնարկեց հոկտեմբերի 24-ին, “Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ փառատոնը”. Գյումրիում առաջին անգամ է անցկացվում նմանատիպ համապետական փառատոն։ Մեր նպատակն է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումը և ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ներգրավվածությունը։ Փառատոնի հայեցակարգային առանձնահատկությունը հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով և առողջ երեխաների միավորումն է։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...