15:10
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է կարողանանք մեզ երրորդ աչքով նայել

2013-11-25 10:52

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Արդեն կես դար է, ինչ Պետական ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարում է “խմբերգային արվեստի մարշալ” Հովհաննես Չեքիջյանը. այդպես է նրան բնորոշել մեկ այլ մեծ հայ` Հովհաննես Բաղրամյանը։ Մաեստրոյի համար երգչախմբի գլխավոր առաքելությունը հայ ազգային երաժշտության տարածումն ու զարգացումն է, և խմբերգային արվեստի միջոցով հայ ժողովրդին աշխարհին ներկայացնելը։ “Այսօր կարող եմ ասել, որ կյանքիս նպատակին հասել եմ”,- ասում է Չեքիջյանը։

-Պարո’ն Չեքիջյան,Դուք արդեն կես դար է, ինչ ղեկավարում եք Պետական ակադեմիական երգչախումբը ու, կարելի է ասել, այն Դուք եք “հունցել”։ Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում։

-Առաջնորդվում եմ իմ գիտելիքներով և, իհարկե, խմբի ունակություններով, խմբին երգեցնելը այնքան էլ հեշտ գործ չի.  իմ ուսերին եմ վերցրել այս երգչախմբի երգեցողության ոճը, մաներան, մեկնաբանության ձևը։ Խմբերգային արվեստը միասնական երգելու արվեստ է։ Մենք` հայերս, սիրում ենք անհատական երգեր և ընդհանրապես, բոլոր հարցերում կարծես թե անհատական մոտեցում ունենք։ Ես բոլորի անհատականությունը հարգում եմ, բայց քանի  որ սա խմբերգային արվեստ է, ամբողջ խումբը պետք է հասկանա, որ կարևորն իր անհատական ձայնը չէ, կարևորն ամբողջությունն է։

-Այդ առումով ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այդքան մարդկանց սիրտը մեկ զարկի տակ պահել։

-Այդ իմաստով աշխատանքը բավական երկար էր խմբի հետ, միայն երաժիշտ լինելը բավական չէ. ես խումբ պահել գիտեմ…և փառք Աստծո, այսօր արվեստի սահմաններից դուրս էլ կարող եմ հպարտանալ, որ ապացուցել եմ` հայ ժողովուրդը միասնաբար և խմբակային փառահեղ գործեր կարող է անել։ Միշտ աշխատել եմ, որ ինձ առաջինը հարգեն որպես մարդ, հետո նոր որպես երաժիշտ։ Ավելին ասեմ, երբ երգչախմբի անդամներն իրար հետ համերաշխ չեն, իրենց ձայնը միմյանց հետ չի ձուլվում, հետևապես  պետք է ստեղծես համերաշխ խումբ։ Իմ ձեռքով ղեկավարվող խմբի  երգեցողությունը, հնչողությունը ուրիշ է։

-Մաեստրո’, ամեն խմբավար ունի իր ոճը…

- Իհարկե, ամեն խմբավար ունի իր մոտեցումը այդ գործի նկատմամբ. բայց հնչողությունը բոլորովին այլ բան է։ Դա ձեռագիր է։

-Մեր արժեհամակարգը այսօր բավական ցածրացել է և դասական երաժշտությունը շատերի համար ընկալելի չէ։ Այդ հանգամանքը Ձեզ չի մտահոգու՞մ, հանդիսատեսի պակաս չունե՞ք։

-Դա նորություն չէ, միշտ էլ այդպես է եղել։ Դասական երաժշտություն սիրողների տոկոսային հարաբերությունը միշտ ցածր է եղել։ Դասական երաժշտությունը գուցե այս վերջին ժամանակաշրջանում զիջել է իր տեղը, բայց կա մի ճշմարտություն և իրողություն` դասական արվեստը երբեք չի մեռնում։ Եվ այդ արվեստի ու երաժշտության սիրահարներն էլ հավատարիմ ու անդավաճան են։ Ժամանակները փոխվում են, անկախացումից հետո մենք օտար ազդեցություններին ավելի շատ ենք տուրք տալիս։ Բայց ամեն դեպքում մենք ունենք մեր ունկնդիրը և ի ուրախություն ինձ նրանցից շատերը երիտասարդներ են։

- Իսկ ինչո՞վ կբացատրեք արժեհամակարգի կտրուկ իջնելը։

-Միայն մենք չենք, աշխարհն է այդպես փոխվել։ Հիմա կարծես թե  ցածրաճաշակ երևույթներն ավելի մոդայիկ են դաձել…

-Բայց մեզ մոտ փոխվել է հասարակության հետաքրքրությունը  և սա վտանգավոր չափերի է հասել։

-Այո, շատ վտանգավոր է, որովհետև օտարամոլ բաներ շատ կան մեր ամեն ինչում, հատկապես երգարվեստում։

-Ո՞րն է ելքը։

- Գիտեք` ես մենակ ոչինչ չեմ կարող անել, բայց մի բան համարձակ կարող եմ ասել, որ իմ ունկնդիրը համերգից հետո բոլորովին այլ մարդ է. նրանց վրա ազդեցությունը շատ մեծ է։

- Սիրում ենք հպարտանալ մեր ազգությամբ, ըստ Ձեզ ո՞վ է հայը, որտեղի՞ց է եկել և ու՞ր է գնում։

-Հայը  հայ է իր գեներով, իր սովորույթներով, իր ամեն ինչով։ Բայց հայերի մեջ էլ կան տարբեր հայեր։ Մեր ազգը գիտության և մշակույթի  տարբեր բնագավառներում ունի վառ անհատականություններ որոնք հայտնի են ողջ աշխարհին։ Երաժշտության մեջ էլ մենք ունեցել ենք անզուգական երաժիշտներ,որոնց  գագաթն է Կոմիտասը։ Աշխարհը մեզ ճանաչում է մեր մշակույթով, ճանաչելու է և դեռ կճանաչի։ Մենք մշակութային ազգ ենք։

-Իսկ ինչպե՞ս ապրեցնել հայերենը համաշխարհայնացող աշխարհում։

-Աշխատենք, որպեսզի մեր որակը չիջնի. ունեցել ենք Նարեկացի, Կոմիտաս… Պետք է մեր ճաշակը պահենք, որպեսզի մեզ հարգեն։ Ազգային տեսակը պահելու ձևերից մեկն էլ երգն է, երաժշտությունը։ Կոմիտասը զուր չի ասել.” Մի երգ մի ազգ է փրկում”։

-Ի՞նչը կարելի է արվեստագետի համար համարել “երջանկություն”։

-Երբ արվեստագետը ծառայում է իր ազգին, իր ժողովրդին ու գնահատվում է. դա  երջանկություն է։

-  Այդ առումով Ձեզ երջանիկ համարու՞մ եք։

-Իհարկե, ես դժգոհելու առիթ չունեմ, բայց  լինում են պահեր,  ասում եմ` իմ կյանքը, շատ ճիշտ է, կամ շատ սխալ։ Ինչու՞, որովհետև միլիարդներ ունեցող մեկը իմ չափ ծափ  ու ծաղիկ չի ստացել, չի էլ կարող ստանալ, բայց մյուս կողմից էլ, հիմա բոլորն ուզում են  շատ գումար վաստակել` քիչ աշխատելով։ Մեզ մոտ հակառակն է. գուցե այդ իմաստով իմ կյանքը սխալ է( չնայած բարոյական արժեքը շատ բարձր է, և գումարով առնելիք չէ)։

-Որպես վերջաբան` ի՞նչ կավելացնեք։

-Կցանկանայի` մեր ազգը լիներ համերաշխ, հարգեր մեկը մյուսին, ինչպես որ դա արվում է մեր  երգչախմբում։ Եվ ուշադրություն դարձնենք այն փաստին, որ մեր հարևան պետություններն ավելի դիվանագետ են քան մենք։ Պետք է կարողանանք մեզ երրորդ աչքով նայել և հասկանալ, թե մեր քայլերը  ուր են մեզ տանում և ինչպես են գնահատվում։

Սաթենիկ Ազատյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...