03:27
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀՀ Սփյուռքի նախարարն ամփոփում է գործունեության 5 տարիները

2013-10-11 12:17

«Դե Ֆակտո» N 88 (2013թ.)

Անցած 5 տարիները եղան Սփյուռքի հետ աշխատանքի նոր ձևերի, մեթոդների, կառուցակարգերի փնտրտուքի և ներդրման տարիներ։ Կարող եմ ասել, որ 5 տարի առաջ մեկնարկած ոչ մի ծրագիր չի ընդհատվել, չի կրճատվել, այլ հակառակը՝ ընդլայնվել է, զարգացել։ Անցած տարիները կգնահատեի որպես Սփյուռք-Հայրենիք գործակցության ծավալման և զարգացմանփոխվստահության ավելացման, բարյացակամ մթնոլորտի հաստատման տարիներ։ Միաժամանակ, հինգ տարիների ընթացքում կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, դարձավ աննախադեպ բարդ իրավիճակներում գործելու, նախաձեռնությունների պատասխանատվություն ստանձնելու և իրականացնելու պատրաստ կառույց, ինչի վկայությունն է հատկապես սիրիահայերի հետ տարվող վերջին մեկ տարվա աշխատանքը։  

«Հայի տունն աշխարհն է, հայի օջախը՝ Հայաստանը»։ (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան)

-Տիկի՛ն Հակոբյան, արդեն հինգ տարի է, ինչ ստեղծվել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը և իր գործունեությամբ լրացրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առկա այն բացը, որը մինչ այդ գոյություն ուներ։ Ինչպե՞ս կգնահատեք հինգ տարիների գործունեությունը։

-Հայաստանը եղել և մնում է սփյուռքահայության hայրենիքն ու գլխավոր հանգրվանը։ Հայոց անկախ պետականությունը, նրա անվտանգության և պաշտպանության ապահովումը, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային հզորացման հրամայականը Հայաստան-Սփյուռք գործակցության առանցքն է, նպատակը, որի շուրջ Հայաստանի Հանրապետությունը համախմբում է աշխարհասփյուռ հայ ժողովրդին, որին համապատասխան գործունեություն են ծավալում հայկական համայնքները։

Մշակելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը` մենք փաստեցինք, որ միայն հայկական ներուժի լիարժեք օգտագործմամբ է հնարավոր հզորացնել Հայոց պետությունը, սատարել հայությանը։ Հայաստան-Սփյուռք գործակցությունը պետք է նպաստի Սփյուռքի հայաստանակենտրոն դառնալուն, իր  ծանրակշիռ ներդրումն ունենա ՀՀ անվտանգության ապահովման, պաշտպանության, Արցախի հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, Սփյուռքի ուծացման կանխման, հզոր Հայաստանի կառուցման գործում։ Այս առումով դիպուկ  բնորոշում է տվել ՀՀ նախագահը, որ «Հայի տունն աշխարհն է, հայի օջախը՝ Հայաստանը»։

Անցած 5 տարիները եղան Սփյուռքի հետ աշխատանքի նոր ձևերի, մեթոդների, կառուցակարգերի փնտրտուքի և ներդրման տարիներ։ Սփյուռքի տարբեր կառույցների ու կազմակերպությունների հետ բուռն քննարկումների, կլոր սեղանների արդյունքում մշակեցինք և իրականացրեցինք այնպիսի ձեռնարկներ, որոնք քննություն բռնեցին, ընդունվեցին, տարեց տարի ընդլայնվեցին, ավելի խորացան ու հաստատուն դարձան։ Կարող եմ ասել, որ 5 տարի առաջ մեկնարկած ոչ մի ծրագիր չի ընդհատվել, չի կրճատվել, այլ հակառակը՝ ընդլայնվել է, զարգացել։ Անցած տարիները կգնահատեի որպես Սփյուռք-Հայրենիք գործակցության ծավալման և զարգացման,  փոխվստահության ավելացման, բարյացակամ մթնոլորտի հաստատման տարիներ։ Միաժամանակ, հինգ տարիների ընթացքում կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, դարձավ աննախադեպ բարդ իրավիճակներում գործելու, նախաձեռնությունների պատասխանատվություն ստանձնելու և իրականացնելու պատրաստ կառույց, ինչի վկայությունն է հատկապես սիրիահայերի հետ տարվող վերջին մեկ տարվա աշխատանքը։

Դրսում հայ մնալու, հայ ինքնությունը պահպանելու գրավականը անկախ Հայաստանն է և հայրենիքի հետ առավել սերտ կապը։ Յուրաքանչյուր սփյուռքահայ ձգտում է պահել և պահպանել իր ինքնությունը, ինչին իր բոլոր ծրագրերով նպաստում է Սփյուռքի նախարարությունը։ Հայկական սփյուռքն ունի իր առանձնահատկությունները։ Մեր համայնքները, բնակվելով 100-ից ավելի երկրներում, շատ բաներով են միմյանցից տարբերվում։ Բնականաբար, 7 միլիոն բազմակարծիք, բազմաշերտ, բազմալեզու  հայության հետ աշխատելիս հնարավոր չէ մեկ մոտեցում որդեգրել։  Այդ է պատճառը, որ մինչև կենսագործելը մեր առաջարկությունները նախ քննարկում ենք սփյուռքյան շատ կառույցների, անհատների հետ, ճշտում նրանց կարծիքը, տեսակետը։ Ուրախ եմ, որ անցնող հինգ տարիներին Սփյուռքը մեր բոլոր նախաձեռնությունների, ձեռնարկների ակտիվ մասնակիցն ու աջակիցն է։  Բավական է միայն արձանագրել այն փաստը, որ նախարարության իրականացրած տարբեր ծրագրերին ու նախաձեռնություններին մասնակցել են 100 հազարից ավելի սփյուռքահայեր։ Նախարարությունը իր գործունեությամբ նպաստել է զբոսաշրջության զարգացմանը, որի ծավալները վերջին 3 տարիներին ավելացել են  30-40 տոկոսով, ինչպես նաև Հայաստանում սովորող սփյուռքահայ երիտասարդության թվի ավելացմանը։ Ներկայումս Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող սփյուռքահայերի թիվը կրկնապատկվել է։ Ուրախ ենք, որ վերջին մի քանի տարում հայրենադարձվել են 1000-ից ավելի ընտանիքներ, ովքեր ապրում և գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք պետք է բացահայտենք Սփյուռքի ներուժը և նպատակաուղղենք Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Իսկ որպես երկրի համար ռազմավարական խնդիր` եղել և մնում է հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Մեծ ձեռքբերում եմ համարում ԵՊՀ-ում սփյուռքագիտության ամբիոնի հիմնումը և  սփյուռքագետ մասնագետների պատրաստումը։

-Ո՞րն եք համարում ՀՀ Սփյուռքի նախարարության ամենակարևոր ձեռքբերումն ու ներդրումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։

-Արդեն նշվեց փոխվստահության մասին, որովհետև եթե չլինի վստահություն նախարարության և համայնքների միջև, ապա հնարավոր չէ աշխատանք կազմակերպել, համագործակցել։ Մեր բոլոր ծրագրերն իրականացվում են սփյուռքյան կառույցների, համայնքների հետ, հետևաբար Սփյուռքը պետք է սատարի և մասնակցի մեր ծրագրերին։ Եվ այսօր պետք է փաստել, որ ձևավորված փոխվստահության մթնոլորտը  նախարարության և սփյուռքյան կառույցների ձեռբերումն է։ Առանց վարանելու՝ կարող եմ ասել, որ Սփյուռքը մոտեցել է հայրենիքին, հայրենիքը` Սփյուռքին։ Արդեն նշեցի, որ մոտ հարյուր հազար մարդ տարբեր ծրագրերում և տարբեր կերպ մասնակցել է մեր միջոցառումներին և մեր ծրագրերին։ Հաջողությունն այն է, որ յուրաքանչյուր մասնակից ցանկացած միջոցառումից գոհ է հեռացել։ Սա վկայում է այն մասին, որ ձեռնարկները սկզբից մինչև վերջ մտածված, ճիշտ կազմակերպված են և հաշվի են առնված մասնակից կողմերի, շահառուների բոլոր  առաջարկներն ու կարծիքները։

Մեծ ձեռքբերում եմ համարում ԵՊՀ-ում սփյուռքագիտության ամբիոնի հիմնումը և  սփյուռքագետ մասնագետների պատրաստումը։ Կարևորում եմ «Արի տուն» ծրագիրը, որի միջոցով կարծես հայրենասիրության սերմեր ենք ցանում, որոնց իրական արդյունքներն առավել տեսանելի կլինեն տարիներ անց։ Այս ծրագիրը հայրենաճանաչության ծրագիր է, որը երբեմն շփոթում են հայրենադարձության ծրագրի հետ։ Ուրախացնող փաստ է, որ Սփյուռքից 5000 ընտանիք վստահել է նախարարությանը և  երեխաներին ուղարկել Հայաստան, իսկ Հայաստանում էլ 5000 ընտանիք իր դռները բացել և ընդունել է սփյուռքահայերի։ Մենք այդ երեխաներին չենք ասում` արի ու մնա, մենք ասում ենք` արի և հայրենիքդ ճանաչի։ Ամեն օր նրանք հայերենի դասերի են մասնակցում դպրոցում, ապա լինում տեսարժան վայրերում, ծանոթանում պատմամշակութային հուշարձաններին, իսկ վերջին օրերին երեխաները հանգստանում են ճամբարում։ Ստացվում է, որ շուրջ 50 հազար մարդ, որոնք միայն ընտանիքի անդամներ են, ճանաչում են իրար, կապվում միմյանց հետ։

Խիստ արդյունավետ էր «Ամառային դպրոցի» ստեղծումը, որը դարձավ յուրօրինակ համալսարան Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վերապատրաստման,  գիտելիքների  խորացման համար։ Մանկավարժները, արվեստի ոլորտի ուսուցիչները, երիտասարդ լիդերները, թերթերի թղթակիցները հնարավորություն են ստանում տեղեկանալ մշակույթի, կրթության, գիտության  նորություններին, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական համակարգին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Ուրախացնում է այն փաստը, որ վերջին տարիներին ավելացել է հայերեն սովորել ցանկացողների թիվը, ովքեր գալիս են հայրենիք և արդի մեթոդներով, արագացված կարգով  ուսանում հայոց լեզու և գրականություն։ Նախարարությունը, չունենալով կառուցվածքային միավորներ, կանոնավոր ձևով համագործակցում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և նրա պատմության, արևելագիտության, լեզվի, գրականության, արվեստի և հնագիտության ինստիտուտների հետ, ինչպես նաև ԵՊՀ-ի հետ։ Մեր լավագույն գործընկերն ու բարեկամն է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, միաժամանակ, գործնական կապեր ենք հաստատել Հայաստանի ստեղծագործական միությունների հետ։ Մեր կարևոր գործընկերներն են դարձել համահայկական կառույցների հայաստանյան գրասենյակները, որոնց հետ համակարգում ենք մեր ծրագրերը։ Այն  համագործակցությունը և ջերմ փոխհարաբերությունները, որ ստեղծվել են Հայ բարեգործական ընդհանուր միության, Ռուսաստանի հայերի միության, Հայ օգնության միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Թեքեյան մշակութային միության, ինչպես նաև ավանդական կուսակցությունների` ՀՅԴ, ՌԱԿ, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության հետ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսարանի, հայ Կաթողիկե, Ավետարանական եկեղեցիների, Մխիթարյան միաբանության հետ, կարևոր ձեռքբերում կարելի է համարել։ Նրանց հետ համատեղ իրականացվում են շատ ու շատ ձեռնարկներ, կազմակերպվում համաժողովներ, գիտական քննարկումներ, ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ և այլն։ 

Տեղեկատվական և հաղորդակցական արդի տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է մեր աշխատանքների արդյունավետությունը։ Ստեղծվել են էլեկտրոնային գրադարան, թանգարան, էլեկտրոնային թերթ, որոնց շնորհիվ ակտիվանում են կապերը հայկական կառույցների և կազմակերպությունների հետ։ Կարող ենք ասել, որ անցած տարիներն արդյունավետ են եղել, կատարվել է բավականին աշխատանք, սակայն անելիքներն ավելի շատ։  

-Արդյո՞ք հաջողվել է կապ հաստատել և ներգրավել Ձեր ծրագրերում աշխարհասփյուռ բոլոր հայ համայնքներին։

-Նախ, ճշտենք, թե հայ համայնք ասելով՝ ինչ ենք հասկանում։ Եթե խոսքը որևէ երկրում, ընդհանուր առմամբ, հայերի  գոյության մասին է, ապա կարող եմ ասել` այո, իսկ ամեն երկրում նաև առանձին համայնք են հոգևորական, հայրենակցական միությունները, տարբեր համայնքների հայկական կազմակերպություններն ու կառույցները։ Ունենք 30000-ից ավելի հայկական կազմակերպություններ։ Իհարկե, բոլորի հետ կապ հաստատել միանգամից հնարավոր չէ, սակայն, խոշոր, կարևոր, համահայկական կազմակերպությունների, Հայաստանի հետ շատ կապ ունեցող կառույցների  հետ՝ այո՛, ակտիվորեն համագործակցում ենք։ Ցավում եմ, որ դեռևս կան համայնքներ, որտեղ մենք չենք հասցրել լինել, ես կամ նախարարության աշխատակիցները չենք կարողացել այցելել, քանի որ գործնականում հնարավոր չէ այդ ամենը կարճ ժամկետում հասցնել և կազմակերպել։ Սակայն մեր ծրագրերը առանց Սփյուռքի, առանց սփյուռքահայերի մասնակցության չեն կարող կյանքի կոչվել, ուստի՝ ակնհայտ է, որ նրանք ներգրավված են բոլոր մեր ծրագրերում, և մեր ծրագրերը կոչված են ոչ թե առանձին հայրենիքի, ոչ թե առանձին Սփյուռքի, այլ Սփյուռք-Հայրենիք գործակցության զարգացմանը։  

Համաշխարհայնացումը ոչ միայն մոտեցնում, այլ նաև հեռացնում է Սփյուռքը հայրենիքից, ոչ միայն տալիս է հնարավորություն, որ օտար ափերում ապրող սփյուռքահայերը  հայրենիքի հետ կապվեն, այլև ուծացման գործընթացն է արագացնում։

-ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված ամենատարբեր միջոցառումների և իրականացրած ծրագրերի շրջանակներում տեղի են ունենում փոխադարձ այցեր, գիտաժողովներ, որո՞նք են այն հիմնախնդիրները, որոնք առկա են սփյուռքահայության շրջանում։

-Անցնող 5 տարիների ընթացքում գումարել ենք 42 համաժողով, խորհրդաժողով, հավաք, հանդիպում, քննարկում, կլոր սեղան, գիտագործնական հավաք, Հայրենիք-Սփյուռք համահայկական խորհրդաժողով և այլն։ Հազարավոր մարդիկ մասնակցել են մեր համաժողովներին, համահայկական և առանցքային հանդիպումներին։ Խորհրդաժողովներ են կազմակերպվել նաև ըստ մասնագիտությունների։ 100 և ավելի տարիների պատմություն ունեցող սփյուռքյան մեր համայնքները, կառույցները, կազմակերպությունները մեծ ներդրում են ունեցել հայապահպանության գործում, և նրանց կողքին մենք խրախուսում ենք մասնագիտական ընկերակցությունների, կառույցների ստեղծումը, որպեսզի նրանք հայաստանյան կառույցների հետ միասին կարողանան իրենց ներուժն օգտագործել` ի նպաստ Հայաստանի զարգացման։

Սփյուռքն այսօր շատ մարտահրավերների առջև է կանգնած։ Համաշխարհայնացումը ոչ միայն մոտեցնում, այլ նաև հեռացնում է Սփյուռքը հայրենիքից, ոչ միայն տալիս է հնարավորություն, որ օտար ափերում ապրող սփյուռքահայերը  հայրենիքի հետ կապվեն, այլև ուծացման գործընթացն է արագացնում։ Բնականաբար, այսօր մեր կարևորագույն հիմնախնդիրներից մեկը ուծացման դեմ պայքարն է, քանի որ երրորդ, չորրորդ սերնդին հայ պահելը առավել դժվարանում է։ Գնալով պակասում է Սփյուռքում հայերենով խոսողների թիվը, իսկ հայերենը մեր ազգային ինքնության գրավականն է, մեր լինելիության արմատն է, մեր հոգեկերտվածքն է, ուստի՝ մենք պետք է լրջորեն զբաղվենք լեզվական խնդիրներով։ Ցավով արձանագրում ենք, որ որոշ հայկական կառույցներ, կազմակերպություններ, դպրոցներ ու թերթեր են փակվում։ Մյուս կողմից, հայկական դպրոցներում պակասում է աշակերտների թիվը, նոր ձևավորվող Սփյուռքում ինքնակազմակերպման բարդություններ կան, «նոր» և «հին» Սփյուռքի միջև նկատվում է որոշ «հակամարտություն»։ Իհարկե, կան տարածաշրջանային հիմնախնդիրներ։ Չի կարելի Եվրոպայի Սփյուռքը համեմատել Ռուսաստանի, Ռուսաստանինը` Ամերիկայի հետ և այլն։ Այդ պատճառով է, որ մենք տարածաշրջանային ծրագրեր ենք իրականացնում և ակնհայտ է դառնում, որ նրանց պահանջներն ու պայմանները միմյանցից բավականին տարբեր են։

Հաճախ եմ լինում տարբեր երկրների հայ համայնքներում, հիանում նրանց ազգասիրությամբ, ազգային գործի նվիրյալների գործունեությամբ և հատկապես հայ եկեղեցու թեմերի ակտիվ գործունեությամբ։ Միջին հաշվով ամսական 3 օր եմ եղել գործուղումներում, սակայն դա օգնում է առավել լավ ճանաչել միմյանց, քննարկել նոր ծրագրեր, նախաձեռնություններ, և կապն առավել որոշակի է դառնում։ Համայնք այցելությունից հետո  նկատվում է ակտիվություն նախարարության հետ աշխատանքներում, ինչպես նաև ավելանում է զբոսաշրջիկների, երկքաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը։

ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ մշակվել է սիրիահայերի համար բնակելի թաղամաս կառուցելու ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։

-2013թ. ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարարությունը մեծ աջակցություն ցուցաբերեց սիրիահայերին։ Ամփոփելով իրականացված աշխատանքը՝ խնդրում եմ նշեք, ինչպե՞ս են իրենց զգում սիրիահայերը Հայաստանում, արդյո՞ք հաջողվեց նրանց ըստ արժանվույն ընդունել և ապահովել անհրաժեշտ պայմաններով։  

-Դեռևս 2011-ի հունվարին ԳԱԱ արևելագիտության ինստիտուտին պատվիրել էինք ուսումնասիրել Սիրիայի հիմնախնդիրը։ Արդյունքում տպագրվեց «Սիրիահայությունը և նրա խնդիրները» վերլուծությունը։

Անցած տարվա ընթացքում Հայաստան տեղափոխվեց շուրջ 10 հազար սիրիահայ։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիահայերի կրթության, առողջապահության, անձնագիր, կարգավիճակ ստանալու, մեքենաները Հայաստան տեղափոխելու, վարորդական իրավունք ստանալու և այլ հարցերը ՀՀ կառավարության որոշմամբ՝ լուծվեցին պետության միջոցներով։ Նախագահը ՀՀ Սփյուռքի նախարարությանը հանձնարարեց համակարգել սիրիահայերի հիմնախնդիրները։ Ամեն օր մեր նախարարություն են գալիս 20-30 սիրիահայ, մենք բոլորին սիրով ընդունում ենք, պատասխանում, օգնում։ Այսօր սիրիահայերի համար ամենամեծ հիմնախնդիրը աշխատանքի և բնակարանի ձեռքբերումն է, որով զբաղվում է նախարարությունը։ Պարզ է մի բան, որ եթե մարդը գործ և տանիք ունենա, երբեք չի մտածի հայրենիքից հեռանալու մասին։ Այսօր ՀՀ կառավարությունը հսկայական աշխատանք է կատարում, սիրիահայերին առնչվող ոչ մի հարց  չի անտեսում։ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ ծագող խնդիրներին լուծումներ է տալիս։

ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ մշակվել է սիրիահայերի համար բնակելի թաղամաս կառուցելու ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։

«Նոր Հալեպ» ծրագիրը իրականացվելու է Աշտարակ քաղաքում և ուրախալի է, որ համայնքը արդեն 4.8 հա հողատարածք նվիրաբերել է այս նպատակի համար։

Ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, միջազգային կազմակերպությունների, դոնոր երկրների, բարերարների աջակցությամբ։ Գումարի մի մասը հնարավոր է վճարեն սիրիահայերը։

Իսկապես, Սիրիայում մեր հայրենակիցները չափազանց դժվար կացության մեջ են հայտնվել, և դեռ անհայտ է հակամարտության  հանգուցալուծումը։ Բնականաբար, ՀՀ Սփյուռքի նախարարության հնարավորությունները սահմանափակ են Սիրիայում ապրող հայերին օգնելու առումով։ Սակայն Սփյուռքի հոգևոր կառույցների և պետության կողմից որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրվում են նրանց՝ իրենց գոյությունը ապահովելու համար։ Իսկ Հայաստանում իրավական մակարդակում արվում է ամեն ինչ սիրիահայերի կեցությունը հայրենիքում առավելագույնս բարենպաստ դարձնելու համար։ Մենք համագործակցում ենք համահայկական կառույցների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ոչ միայն երեք ամիս հոգաց 100-ավոր մարդկանց բնակարանների վարձը, այլև պայմաններ ստեղծեց սիրիահայերի հասարակական կազմակերպության գործունեության համար։

ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից սիրիահայերի բարեկեցությանը միտված ծրագրերն ու նախաձեռնությունները բազում են, սակայն հարկ է նշել, որ այսօր առաջնահերթ է նաև աշխատանքի տեղավորման հարցը։ Նախարարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ։ Եթե մինչև վերջին շաբաթները սիրիահայ շատ ընտանիքներ կարծում էին, թե իրենք կվերադառնան Սիրիա և Հայաստանում ծանոթանում էին հայկական տեսարժան վայրերին, ապա այսօր նրանք ունեն ֆինանսական դժվարություններ։ Մեր աջակցությամբ ստեղծվել է «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն անմիջականորեն զբաղվում է նրանց հումանիտար օգնության խնդիրներով։

-ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից մշակվեց «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը գտնվում է Աժ-ում։ Ի՞նչ ձեռքբերումներ կարող են լինել օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո։

-Օրինագիծը, որը մենք նախաձեռնեցինք ու մշակեցինք, դեռ չի ընդունվել։ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո միայն կընդունվեն օրենքից բխող  ենթաօրենսդրական ակտերը։ Կարևորը հայրենադարձների ինտեգրման հարցի լուծումն է, որովհետև հայրենադարձությունը մենք չենք կարող որևէ մեկին պարտադրել, բայց մենք կարող ենք անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծել` լեզվի ուսուցման դասընթացներ կազմակերպելու, առողջապահական ծառայություններ մատուցելու համար, որպեսզի մարդիկ հայրենիք վերադառնալիս` կարողանան իրենց առավել հանգիստ ու ապահով զգալ։ Օրենքի նախագիծը այսօր չենք շտապում ընդունել, որովհետև անցնող մեկ տարում ունեցանք նոր հայրենադարձության յուրօրինակ ծրագիր, որը իրականացնում ենք սիրիահայերի համար։ Հիմնականում կառավարության որոշումների միջոցով ենք կարգավորում այդ հարաբերությունները և արդեն ձեռք բերած փորձառությունը կօգտագործենք` օրինագիծը բարելավելիս։ Սիրիահայերի հայրենադարձման գործընթացը կազմակերպելը կօգնի, որ  օրենքի նախագծում առավել ճշգրիտ ձևակերպումներ տանք և ընդունենք դրանից բխող համապատասխան ակտերը, որոնց միջոցով կկարողանանք իրավական բոլոր հիմքերը ստեղծել հայրենադարձությունը խթանելու համար։

-Նախարարության դիտակետում է երիտասարդությունը՝ կարևորելով նրանց շրջանում հայապահպանության խնդիրը։ Որքանո՞վ է այսօր վտանգված հայի հայ մնալու հարցը։

-Մեր գլխավոր հիմնախնդիրներից է երիտասարդության հետ նպատակային աշխատանքը, որպեսզի նրանք կարողանան պահել իրենց ինքնությունը և խոսեն հայերեն։ Մեզ համար կա հետևյալ քաղաքական սկզբունքը, որ հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում՝ անկախ լեզվից, կրոնական պատկանելությունից։ Մենք հետևողական աշխատանք ենք տանում երիտասարդների հետ՝ օգնում ենք ստեղծել երիտասարդական կազմակերպություններ, նրանց առաջ խնդիր ենք դնում, որ անպայման բարձրագույն կրթություն ստանան, ինչպես նաև տվյալ երկրի պետական, քաղաքական, բիզնես և բոլոր ոլորտներում մրցունակ լինեն։ Մեզ համար կարևոր է, որ հայ երիտասարդը լինի բարեկիրթ, առողջ, բարձր գիտելիքներով օժտված անձնավորություն և, իհարկե, ամուր կապի մեջ լինի իր հայրենիքի հետ։ Մենք կազմակերպում ենք երիտասարդական հավաքներ տարածքներում, համահայկական հավաքներ ենք նախաձեռնում, երիտասարդների ուսուցման, վերապատրաստման խնդիրներում ենք օգնում։ Հայաստանյան բուհերում նրանց համար ստեղծված են հնարավորություններ կրթվելու ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով։ Հանրապետության նախագահի անմիջական ղեկավարությամբ և հովանավորությամբ «Լույս» հիմնադրամի միջոցով փաստորեն հարյուրավոր երիտասարդների ֆինանսական օգնություն է ցուցաբերվում, որպեսզի նրանք կարողանան աշխարհի լավագույն համալսարաններում սովորել։ Մեր երիտասարդները փայլուն արդյունքներ են արձանագրում բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նրանք կարողանում են նաև համահայկական ցանցեր ստեղծել, արդյունքներ արձանագրել։

-Տիկի՛ն Հակոբյան, Դուք երկար տարիներ աշխատել եք Աժ-ում։ Հետաքրքիր է իմանալ, Ձեզ ո՞ր աշխատանքն է առավել հոգեհարազատ։

-Գիտեք, խիստ տարբեր են օրենսդիր և գործադիր իշխանությունների աշխատանքը։ Օրենսդիր աշխատանքում պետք է ունենալ փորձ, գիտելիք, հատկապես իրավաբանական գիտելիքներ, պետք է կարողանալ խորությամբ ուսումնասիրել օտար երկրների օրենքները, փորձը, հասկանալ չկարգավորված հասարակական հարաբերությունները, առաջարկել օրենսդրական լուծումներ, աշխատել փորձագետների հետ, լսել մարդկանց, քննարկումներ անել և, իհարկե, օրենքի միջոցով կանոնակարգել հասարակական հարաբերություններն ու օգնել մարդկանց։ Ես շատ շնորհակալ եմ իմ ճակատագրից, իմ ընտրողներից, որոնց օգնությամբ կարողացել եմ երկար տարիներ լինել ԱԺ-ում, լինել հարյուրավոր օրենքների հեղինակ կամ համահեղինակ և այսօր տեսնել, թե ինչպես են այդ օրենքները կիրառվում, որքանով են կենսունակ, ինչպես են գործում և նպաստում մեր հասարակության զարգացմանը։

Գործադիր իշխանությունը օրենքների կատարման, օպերատիվ, արագ աշխատանքի ոլորտ է։ Պետք է կարողանաս ծրագրերի միջոցով հստակ գործել և այդ գործն էլ պետք է արդյունքներ ունենա։ Սփյուռքի հետ աշխատանքը շատ բարդ է։ Միաժամանակ, ոլորտն այնքան բազմաշերտ, բազմաբովանդակ և հետաքրքիր է, որ մեկ նախաձեռնությունից ծնվում է մյուս նախաձեռնությունը, մեկ գործից մյուսը։ ՀՀ նախագահը սահմանում է Հայաստան-Սփյուռք գործակցության գլխավոր ուղղությունները, ՀՀ վարչապետը, կառավարությունը օգնում են համապատասխան իրավական հիմքեր ապահովելու գործում, և  դու պետք է դրանք կենսագործես,  նախաձեռնես,  սերտացնես կապերը։ Մեկ ուղղություն չէ Սփյուռքի հետ աշխատանքը, որ պետք է կազմակերպես ու առաջ տանես, այն բազմաբևեռ է և ծավալուն։  Ինչքան  աշխատանքը ծանրաբեռ է, այնքան էլ հաճելի է։

Աշխատանքը  և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանություններում  հոգեհարազատ են ինձ։ Եթե այնտեղ օրենսդրական գործառույթներ ես իրականացնում և կոլեկտիվ որոշումներ ընդունում, ապա այստեղ բոլորովին այլ բնույթի խնդիրներ ես լուծում,   դու ես որոշում ընդունողը, դու ես դրա հիմնական պատասխանատուն։ Իմ հավատամքը հետևյալն է՝ որտեղ էլ լինեմ և ինչ աշխատանք էլ ինձ վստահեն՝ պետք է պարտականություններս կատարեմ նվիրումով, մեծ պատասխանատվությամբ և հասցնեմ  գործս կատարել մինչև վերջ։  

 

Մեր աշխատանքում առաջնորդվում ենք  հայրենասիրությանպատասխանատվության զգացումներով, մարդկանց օգտակար լինելու ցանկությամբ, և ես իմ ունակություններն ու փորձը անմնացորդ ծառայեցնում եմ հայրենիքիս ու ժողովրդիս, ինչքան է դա մեզ հաջողվում, չգիտեմ

-Դուք Ձեր զբաղեցրած բոլոր պաշտոններում մշտապես ցուցաբերել եք պաշտոնյային վայել օրինակելի աշխատաոճ, որքանով տեղյակ ենք, պահանջկոտ եք նաև աշխատակիցների նկատմամբ։ Որո՞նք են Ձեր աշխատանքային սկզբունքները։

-Ինձ համար միանշանակ է, որ եթե  պատասխանատվություն ես ստանձնել, ապա պետք է  բարեխղճությամբ  և նվիրումով աշխատես։ Պաշտոնը պետք է ոչ թե օգտագործել այս կամ այն անձնական խնդիրը լուծելու համար, այլ պետք է ծառայես այդ պաշտոնից բխող գործառույթներն իրականացնելու գործին։ Հատկապես, եթե կոլեկտիվի ղեկավար ես, պետք է կարողանաս խնդիրներ դնել, դրանք առաջ տանել և հասցնել ավարտին։ Կարևոր եմ համարում աշխատանքում օբյեկտիվությունն ու ազնվությունը, աշխատասիրությունն ու կարգապահությունը։ Աշխատանքի ընթացքում պետք է կարողանալ հասնել արդյունքի, եթե արդյունք չկա, ապա ապարդյուն ջանք, ժամանակ, ֆինանսներ են ծախսվում, ինչը ընդունելի չէ։ Անընդունելի եմ համարում կոռուպցիան, կաշառքը, այլ անօրինականությունները։ Իհարկե, կարող են լինել թերացումներ, շեղումներ, սխալներ, բայց անօրինականությունը պետք է բացառել։ Հատկապես Սփյուռքի հետ աշխատանքում հայրենասիրությունը, ազգասիրությունն է այն հիմքը, որի վրա էլ խարսխվում են մեր աշխատանքները։ Առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ պետք է  ասել միայն ճշմարտությունը։ Նույնը պահանջում եմ դիմացինից։ Գործը առաջ տանելու համար շատ անհանգիստ եմ, արագաշարժ, չեմ սիրում դանդաղկոտությունը,  գործի մարդ եմ, այն անում եմ սիրով։

Աստիճանաբար ընդլայնվում են ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության ոլորտները, համագործակցում ենք հայկական նոր կառույցների հետ, ավելանում  ու նոր հնչեղություն են ստանում նախարարության ծրագրերը՝ աշխարհագրական ու բովանդակային առումով, սակայն  աշխատակազմը մնում է նույնը։ Պետք է նշեմ, որ մենք ունենք կամավոր գործընկերներ, ովքեր մեզ հետ համագործակցում են ։ Առանց նրանց դժվար կլիներ պատկերացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը։ Նախարարության կազմավորման հենց սկզբից մենք ձևավորել ենք մասնագիտական համահայկական ցանցեր՝ իրավաբանների, ֆինանսիստների ու բանկիրների, ճարտարապետների, լրագրողների, գրողների, ոսկերիչների և այլն։

Մեր աշխատանքում առաջնորդվում ենք  հայրենասիրության,  պատասխանատվության զգացումներով, մարդկանց օգտակար լինելու ցանկությամբ, և ես իմ ունակություններն ու փորձը անմնացորդ ծառայեցնում եմ հայրենիքիս ու ժողովրդիս, ինչքան է դա մեզ հաջողվում, չգիտեմ…

Հայրենիքի շուրջ պետք է համախմբվի ողջ հայ ժողովուրդը, բոլորի միտքը, հոգին, սիրտը պետք է կապված լինեն Հայրենիքի հետ։

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք շտապում եք իրականացնել և համարում եք առաջնային և կարևոր։

-Այսօր Հայաստանի Հանրապետությունը Արցախի և Սփյուռքի հետ միասին պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Մենք, գործակցելով սփյուռքյան համահայկական կառույցների, կազմակերպությունների, հայ եկեղեցու հետ, լուրջ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում։ 2010 թվականից մենք աշխատանքներ ենք  իրականացնում` ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ և փորձում ենք Սփյուռքին նպատակաուղղել  «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» և չարենցյան «Մեր ուժը մեր միասնության մեջ է» կարգախոսներով։ Կարևոր է համախմբել ազգը Մայր հայրենիքի շուրջ և ամեն ինչ անել` հզորացնելու Սփյուռք-Հայրենիք գործակցությունը։  Լուրջ ուշադրություն ենք դարձնում ցեղասպանության նյութերի ուսումնասիրությանը և դրանց տպագրությանը։ Կազմակերպել ենք համաժողովների շարք` նվիրված ցեղասպանության տարբեր ասպեկտներին և պետք է շարունակենք այս աշխատանքները։ Մենք ավելի ենք ընդլայնելու և ուժեղացնելու «Ամառային դպրոցը»։ Ունենք բազմաթիվ ծրագրեր։ Մասնավորապես, հայկական մեր փառահեղ դուդուկը կամ ծիրանափողը պետք է դարձնենք Սփյուռքի ամենասիրելի և կիրառվող գործիքը։ 2012 թվականից կազմակերպվող Դուդուկի փառատոնը պետք է շարունակություն ունենա։  Մենք հայ ժողովրդի մեծ զավակների, օրինակ` Կոմիտաս վարդապետի մեծարմամբ և հանրահռչակմամբ պետք է զբաղվենք։ «Կոմիտաս Վարդապետ» փառատոնը պետք է կազմակերպվի պարբերաբար և իր արձագանքներն ունենա սփյուռքյան համայնքներում։

Ծրագրերը, մտահղացումները շատ են, սակայն կցանկանամ ավարտին հասցնել մեր առջև դրված նպատակներից մեկը՝ արևմտահայերենի 1-ից 9-րդ դասարանների համար նախատեսված մայրենի լեզվի և գրականության դասագրքերի ստեղծումը։ Տասնամյակներ շարունակ որևէ մեկը չի զբաղվել արևմտահայերենի համակարգման, ճշգրտման և ամփոփ դասագրքերի ստեղծման խնդիրներով։ Իհարկե, փառք ու պատիվ Մեծի Տանն կաթողիկոսությանը, Անթիլիասին, բոլոր մյուս շահագրգիռ կառույցներին, անհատներին, ովքեր դասագրքեր են ստեղծել, սակայն դրանց համակարգման, գիտատեսական և մեթոդական մակարդակը բարձրացնելու առումով այսօր Սփյուռքի և Հայաստանի համապատասխան մասնագետները լայնածավալ աշխատանքներ են սկսել։

Կարծում եմ՝ անհրաժեշտ է օժանդակել նոր ձևավորվող համայնքների կազմակերպման աշխատանքներին։ Ծագել է համայնքային աշխատողների վերապատրաստման խնդիրը՝ որպես նոր երևույթ, որը մտածում ենք պատշաճ ձևով իրականացնել։ Նպատակային աշխատանք պետք է տանել բոլոր ուղղություններով` երկքաղաքացիների, հայաստանյան բուհերում սովորող սփյուռքահայերի, զբոսաշրջիկների թվի ավելացման և այլ առումներով։ Բազում ծրագրեր կան, փորձում ենք դրանք իրականություն դարձնել։ Նպատակը մեկն է` ունենալ հզոր և պաշտպանված, ապահով Հայաստան, քանի որ Հայաստանը համայն հայությանն է։ 10 միլիոն հայերն ունեն հզոր ներուժ, ուստի՝ պետք է կարողանանք այդ ներուժը ճիշտ օգտագործել։ Հայրենիքի շուրջ պետք է համախմբվի ողջ հայ ժողովուրդը, բոլորի միտքը, հոգին, սիրտը պետք է կապված լինեն Հայրենիքի հետ։ Ուրեմն, մեր բոլոր ձեռնարկներով  պետք է նպաստենք հենց այս նպատակի իրականացմանը, Հայրենիքի հզորացմանն ու  ուժեղացմանը։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...