15:56
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հնարավորություններիս չափով կանեմ ամեն ինչ, որ մեր ժողովուրդն ապրի խաղաղ, անվտանգ, ապահով, բարեկեցիկ Հայաստանում

2013-10-31 10:56

«Դե Ֆակտո» N 88 (2013թ.)

Ռոբերտ Գուրգենի Սարգսյան

Ծնվել է 1972 թվականի հուլիսի 22-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։

1994 -1995 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Պահեստազորի լեյտենանտ է։

1994 թվականին ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, ստացել է անասնաբույծ-ճարտարագետի որակավորում։

1999 թվականին աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների վարչության արգելոցապարկային համալիրի առաջատար մասնագետ։ 2001- 2005 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնի առաջին կարգի մասնագետ, ապա ենթաբաժնի պետ, տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ։ 2005-2007 թվականներին` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայության «Ավան» տարածքային բաժանմունքի պատասխանատու։ 2007-2011 թվականներին՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ավան», ապա՝ «Մարաշ» տարածքային ստորաբաժանումների ղեկավար։ 2012 թվականին՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երևան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ։

2005 թվականին ընտրվել է Ավան համայնքի ավագանու անդամ։ ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է։

2012 թվականի դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ներկայացնում ենք պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հարցազրույցը «Դե Ֆակտո» ամսագրին։

-Պարո՛ն Սարգսյան, Դուք Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեցիք թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած մեծամասնական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Ի՞նչն էր պատճառը, որ այս ընտությունների քարոզչական փուլը, ապա նաև արդյունքները առանձնակի քննարկումների առիթ դարձան։

-Հավանաբար դուք ևս կհամաձայնեք, որ քաղաքական ընդդիմությունը վիճարկում է անխտիր բոլոր ընտրությունների արդյունքները։ Նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները կայացան բարեփոխված «Ընտրական օրենսգրքի» սահմանած կանոններով։ Ազգային ժողովի այս օրենսդրական քայլը ևս մեր եվրոպական գործընկերների, միջազգային փորձագետների միանշանակ գոհունակությունն է առաջացրել։ Միաժամանակ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին ընձեռել է քվերարկության ու քվեների հաշվարկի անխտիր բոլոր փուլերը հանգամանորեն վերահսկելու, հնարավոր ընտրախախտումներն ու թերացումները արձանագրելու աննախադեպ լիարժեք հնարավորություն։

Ակնհայտ է, որ վերջին բոլոր մակարդակի ըտրությունների ժամանակ քվեատուները կատարել են կշռադատված, գիտակցված ընտրություն։ Արդյունքում հաղթանակել է ընտրողի կամքը։ Ինչպես միշտ, ու բոլոր երկրներում, Ժողովուրդն արդարացիորեն որոշակի դժգոհություններ ունենում է իշխանությունից։ Միաժամանակ մեր ընտրողների գերակշիռ մեծամասնությունն իր քվեարկությամբ, ինչպես դա եղավ վերջին ընտրությունների ժամանակ, ևս մեկ անգամ հաստատեց, որ շարունակում է վստահել իշխող Հանրապետական կուսակցությանը, քանի որ մենք չենք փորձում կոծկել մեր թերացումները և հստակորեն ներկայացնում ենք առկա հիմնախնդիրների մեր ծրագրային լուծումները, առաջընթաց ապահովող առաջիկա անելիքները։

Բոլորովին էլ պատահական չէ, երբ ամեն ընտրությունից առաջ, առանց որևէ հիմնավորման, որոշ ընդդիմադիր ուժեր նախապես հայտարարում են, թե քվեարկության արդյունքները կեղծվելու են։ Դեկտեմբերի  2-ին թիվ 1 ընտրատարածքում այս ամենը մեկ անգամ ևս կրկնվեց։ Հանրապետական կուսակցությունը առաջադրել էր իմ թեկնածությունը՝ հաշվի առնելով 1998 թվականից ՀՀԿ Ավանի կառույցում կատարած իմ կուսակցական աշխատանքը, ապա համայնքի ավագանու կազմում ծավալած գործունեությունը, նաև այդ տարիների ընթացքում իմ նկատմամբ բնակիչների վերաբերմունքը։ Իսկ նախընտրական քարոզչության փուլում մեր թիմային, համակարգված ու հետևողական աշխատանքին ժողովուրդն ուղղակի տվեց իր համարժեք գնահատականն ու վստահության քվեն։  

-Ձեր անունը հաճախ շաղկապվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։ Այս պարագայում ի՞նչն է բնական, և ի՞նչն է շահարկումների հետևանք։

-Հավատացած եմ, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Տարոն Մարգարյանը նախևառաջ իմ մանկության ու այսօրվա ընկերն է, ապա նաև իմ քրոջ ամուսինը։ Մենք նույն բակում ենք մեծացել։ Տարոն Մարգարյանը Ավան համայնքի ղեկավարն է եղել և, իրոք, իր աշխատանքի շնորհիվ կարողացել է և՛ համայնքն օրինակելի դարձնել, և՛ շահել համայնքի բնակիչների վստահությունը, սերն ու հարգանքը։ Այդ տարիներին ես եղել եմ Ավան համայնքի ավագանու անդամ, իմ ներդրումն ու մասնակցությունն ունեմ այդ աշխատանքում։ Համայնքի կոնկրետ հատվածում իրագործված ծրագրերի պատասխանատուն եմ եղել և իմ ու իմ կուսակցական, աշխատանքային ընկերների կատարած գործերով է ձեռք բերված այն հարգանքը, ճանաչումն ու վստահությունը, որի արդյունքները առարկայացան խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Անշուշտ, ընտրությունների արդյունքի վրա ուղղակիորեն ու անուղղակիորեն անդրադառնում են ինչպես կարևոր, այնպես էլ երկրորդական թվացող գործոնները։  Նախընտրական քարոզչության փուլում իր հեղինակությամբ ու փորձառությամբ ինձ սատարել է և’ Տարոն Մարգարյանը, և’ մանկության, դպրոցական ու ուսանողական իմ բազմաթիվ ընկերները, և’ իմ հարյուրավոր գործընկերներն ու մտերիմները, և’ ողջ Հանրապետական կուսակցությունը, և’ մեր հարևաններն ու թաղամասի բնակչությունը։ Պատգամավորական գործունեության անցնելուց հետո, այս 9 ամիսներին ես ավելի հստակ եմ գիտակցում ինչպես ինձ քվե տվածների, այնպես էլ իմ ողջ ժողովրդի ու պետության հանդեպ ունեցածս պարտավորվածությունը։           

-Ինչո՞ւ նախընտրեցիք Ձեր գործունեությունը շարունակել քաղաքական ու օրենսդիր ոլորտում։

-Հայկական բանակում ծառայելուց ու զորացրվելուց հետո աշխատել եմ բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիրում, ապա անշարժ գույքի կադաստրի համակարգում։ 10 տարիների ընթացքում առաջատար մասնագետից դարձա կադաստրի տարածքային ստորաբաժանման ղեկավար, քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական։ Կադաստրի համակարգում, հավանաբար տեղյակ եք, վերջին տարիներին հիմնարար բարեփոխումներ իրագործվեցին։ Ստեղծվեց կադաստրի միասնական համակարգ, աշխատանքն էականորեն հեշտացավ, և երբ Հանրապետական կուսակցությունը քննարկում էր ինձ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրելու հարցը, խորհրդարանական, օրենսդիր, քաղաքական աշխատանքի անցնելու հեռանկարն առավել նպատակահարմար համարեցի։ Իհարկե, այս որոշումը կայացնելիս հաշվի առա նաև, որ մինչ այդ որոշակի քաղաքական ու կուսակցական գործունեություն ունեցել եմ Ավան համայնքում, եղել եմ կուսակցութական սկզբնական կազմակերպության ղեկավարը։

Իշխանության, խորհրդարանական մեծամասնության անելիքը հետևողական ու անխոնջ աշխատանքն է և միայն անհրաժեշտության դեպքում՝ խոսելը։

-Պատգամավորական արդեն մոտ 9-ամսյա գործունեության ընթացքում ի՞նչ եք հասցրել անել։

-Ըստ էության, դեռ մեկ նստաշրջան եմ աշխատել որպես պատգամավոր։ Անհատական օրենսդրական նախաձեռնություններ մշակելու և ներկայացնելու անհրաժեշտություն դեռևս չի առաջացել, քանի որ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հիմնականում թիմային աշխատանք է կատարում և այդ գործունեության մեջ ամեն պատգամավոր իր դերն ու առաջադրանքն ունի։ Իսկ իմ դիտողությունները, գնահատականներն ու առաջարկությունները այս կամ այն օրենսդրական նախագծի, քառօրյա նիստերի կամ մեծ օրակարգերում ընդգրկվող հարցերի վերաբերյալ հարկ եղած դեպքում ներկայացնում եմ և՛ հանձնաժողովի, և՛ ՀՀԿ խմբակցության, և՛ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստերի ժամանակ։

-Ինչո՞ւ դա չեք անում հրապարակայնորեն, ելույթների ու հայտարարությունների միջոցով։

-Ընդհանուր առմամբ, այնքան էլ ճիշտ չէ պատգամավորի աշխատանքը գնահատել միայն ելույթների ու հայտարարությունների քանակով։ Երբ հաճախակի, քննարկվող բոլոր հարցերի շուրջ ելույթ է ունենում, ամեն առիթով հայտարարություն է անում ընդդիմադիր պատգամավորը, դա միանգամայն տրամաբանական է։ Իսկ իշխանության, խորհրդարանական մեծամասնության անելիքը՝ հետևողական ու անխոնջ աշխատանքն է և միայն անհրաժեշտության դեպքում՝ խոսելը։ Հավատացած եմ, որ օրակարգային ցանկացած հարցի քննարկման արդյունքում Հանրապետական խնբակցության կատարած քվեարկությունը բխում է մեր պետության շահերից, ծառայում է մեր ժողովրդի անվտանգությանն ու բարեկեցությանը։ Ժողովուրդն ամեն ինչ տեսնում, լսում, հասկանում և արժանիորեն գնահատում է։

-Ոմանք անվերջ պնդում են, թե տեղական ինքնակառավարումը առայսօր չի կայացել մեր երկրում, ոմանք էլ համոզված են, որ ՏԻՄ ինստիտուտը արդեն արդյունավետ գործող համակարգ է։ Որպես ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՏԻՄ զարգացման ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում։

-Նախկինում գյուղապետի կամ համայնքապետի, առավել ևս համայնքի ավագանու ընտրությունները նկատելիորեն պակաս հետաքրքրություն էին առաջացնում։ Լինում էին համայնքներ, որ ղեկավարի միայն մեկ թեկնածու էին ունենում, ավագանու անդամ դառնալու ցանկություն քչերն էին հայտնում, մեկ-երկու կուսակցություն էին թեկնածուներ առաջադրում։ Հիմա պատկերը բոլորովին այլ է, քանի որ ՏԻՄ բոլոր մարմինները օրենսդրորեն լիարժեք ու հստակ լիազորություններ են ստացել, սահմանված են ավագանու վերահսկողական և այլ գործառույթները։ Կատարված օրենսդրական բարեփոխումները նաև ներքաղաքական կյանքն են ակտիվացրել։ Հիմա ավելի մեծ թվով կուսակցություններ են գիտակցում, որ դեպի իշխանություն տանող ամենահետևողական ու հաստատուն ճանապարհը՝ համայնքներում ժողովրդի վստահության համար մրցակցելն է։

Հավատացած եմ, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունները, ինչպես դա արդեն տեղի է ունենում որոշ համայնքներում, ուղեկցվելու են քաղաքական ներուժ ունեցող բոլոր կուսակցությունների մրցակցային թեժ պայքարով։ Համոզված եմ, որ ԱԺ պատգամավորը, հատկապես երբ մեծամասնական ընտրակարգով է ընտրված, տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի ղեկավարն ու ավագանին իշխանության այն հատվածն են, որն առավել մոտ է ժողովրդին, ավելի լավ գիտի մեր քաղաքացու դարդն ու ցավը և կարող է առաջարկել առկա ու առաջացող խնդիրների առավել արդյունավետ լուծումներ։

ՀՀ իշխանությունները վարում են մեր պետության ու ժողովրդի ազգային շահերից բխող հավասարակշիռ արտաքին և ներքին քաղաքականություն

-Այսօր ժողովրդին հուզող խնդիրներին ինչպիսի՞ լուծումներ կարող եք առաջարկել։

-Ես ևս չեմ ուզում, որ հացը, ջուրը, գազը, էլեկտրականությունը, տրանսպորտը, որևէ բան թանկանա, որովհետև այդ սոցիալական բեռն անխուսափելիորեն ծանրանում է մեր ժողովրդի, ամեն քաղաքացու ուսերին։ Միաժամանակ գիտակցում եմ, որ թանկացումը հաճախ պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով։ Չեմ ուզում շրջանցել երևանցուն այսօր առավել հուզող հիմնախնդիրներից մեկը` քաղաքային տրանսպորտի սակագները բարձրացնելու հարցը։ Կարծում եմ` գործող սակագինը թույլ չի տալիս ո՛չ մարդավայել, պատշաճ, մեր քաղաքացում արժանի ծառայություն կազմակերպել ու մատուցել, ո՛չ էլ նոր մեքենաներ ձեռք բերել։ Այս դիտակետից սակագնի վերանայումն անխուսափելի է։ Իհարկե, ոմանք շահարկում են առկա իրողությունը և շարունակում են պնդել, թե քաղաքային տրանսպորտը գերշահույթով է աշխատում։ Ես չեմ վիճարկում նրանց պնդումները, բայց կոչ եմ անում՝ մինչև վերջ ազնիվ լինել, մասնակցել արդեն հայտարարված երթուղիների մրցույթին և ներկայացնել գնային, սպասարկման, ավտոպարկի շահագործման, սոցիալական քաղաքականությունը մանրամասնող իրենց մրցութային առաջարկների փաթեթը։

Ցավոք, մեր պետության հնարավորությունները դեռ թույլ չեն տալիս իրագործել կառավարության, իշխանության ու ժողովրդի բոլոր ցանկությունները։ Համոզված եմ, որ այսօր իշխանությունները վարում են մեր պետության ու ժողովրդի, ազգային շահերից բխող հավասարակշիռ արտաքին քաղաքականություն։ Մաքսային միության մեջ մտնելու որոշումը ոչ միայն տրամաբանական է, այլ պայմանավորված է աշխարհաքաղաքական, ազգային անվտանգության, ռազմական փոխգործակցության, տնտեսական ու կենսականորեն կարևոր բազում այլ գործոններով։

-Հաճախակի՞ եք լինում Ձեր ծննդավայր Արցախում։

-Ամեն առիթ և յուրաքանչյուր հնարավորություն օգտագործում եմ մեկ անգամ ևս Արցախում, իհարկե նաև իմ հայրենի Ճարտար գյուղում լինելու համար։ Պատերազմական տարիներին էլ իմ կապը Արցախի հետ չի ընդհատվել։ Ազատամարտին չեմ մասնակցել, սակայն այդ ժամանակահատվածում հաճախ եմ եղել Արցախի տարբեր շրջաններում, տեսել եմ, թե ինչ է պատերազմը, ինչպես է մարտնչում ավագ եղբորս ջոկատը, այլ ստորաբաժանումներ ու չեմ ուզում, որ այսօրվա զինադադարը խախտվի։ 

Ամեն ամսվա վերջին հինգշաբթին իմ պատգամավորական ընդունելության օրն է և այդ օրերին Ավանի ՀՀԿ կենտրոնական գրասենյակում միշտ հարյուրից ավելի մարդիկ են լինում։

-Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն ի՞նչ անձնական ծրագրեր ու անելիքներ ունի առաջիկայում։

-Անձնական բնույթի առանձնակի ծրագրեր չունեմ, իսկ առաջիկա անելիքները շատ են ու բազմազան։ Ամեն ամսվա վերջին հինգշաբթին իմ պատգամավորական ընդունելության օրն է և այդ օրերին Ավանի ՀՀԿ կենտրոնական գրասենյակում միշտ հարյուրից ավելի մարդիկ են լինում։ Քաղաքացիների, համայնքի բնակիչների հետ կապն ամենօրյա է, քանի որ օրվա մի մասը մշտապես իմ պատգամավորական գրասենյակում եմ։ Մեր հանդիպումների, զրույցների ժամանակ, նաև որպես պատգամավոր քաղաքացիներից ստացած տասնյակ նամակներում, իհարկե, ամենաշատը սոցիալական, տնտեսական բնույթի, կենցաղային հարցեր են բարձրացվում։ Երբ խնդիրը օրենքի ու իմ հնարավորությունների սահմաններում է, անվերապահորեն լուծում ստանում է։ Շատ կուզեի, որ մեր հանդիպումների ու զրույցների ժամանակ մարդիկ նաև առաջարկներ հնչեցնեն։ Դա ինձ կօգնի առավել արդյունավետ աշխատել։ 

Բարձրագույն արժեքը մարդն է։ Ամեն ինչ անում եմ, որ որդիներս լինեն արժանապատիվ, պատասխանատու, ազնիվ, հայրենասեր մարդիկ։ Չեմ կարողանում ներել սուտն ու կեղծիքը։

-Ինչպիսի՞ն է Ռոբերտ Սարգսյանը ընտանիքում, մտերիմների, ընկերների շրջանում։

-Այդ հարցին ճիշտ կպատասխանեն իմ ընկերները, մտերիմները, հարևանները, ինձ ճանաչողները։ Կարծում եմ՝ ոչ մի արտառոց բան իմ վարքում չկա։ Փորձում եմ համեստ, բարի, ազնիվ ու արդարացի լինել։ Մշտապես հարգալից եմ անխտիր բոլորի նկատմամբ, ինչը ընտանեկան, հայրական դաստիարակության արդյունքն է։ Երեխաներիս՝ երեք որդիներիս ջանում են այս ոգով դաստիարակել։ Ինձ համար բարձրագույն արժեքը մարդն է։ Ամեն ինչ անում եմ, որ որդիներս լինեն արժանապատիվ, պատասխանատու, ազնիվ, հայրենասեր մարդիկ։ Չեմ կարողանում ներել սուտն ու կեղծիքը։

Հայրս զինվորական էր, գնդապետ։ Հիմա ավագ եղբայրս է զինվորական, սպա է, Արցախյան ազատամարտի մասնակից է։ Զինվորական ճշտապահությունը հորիցս եմ ժառանգել ու եղբորիցս սովորել։ Երբեք չեմ ուշանում որևէ ժամադրությունից և միշտ ես եմ սպասում, քանի որ մի քանի րոպե շուտ եմ տեղ հասնում։ Զինվորական կարգապահությունը ու պատասխանատվությունը շատ վաղուց է իմ մեջ արմատացած։ Իմ ընտանիքը շատ համեստ կենցաղով է ապրում։ Ընտանիքի ավագը հիմա մայրս է։ Կինս, ինչպես ոմանք են համառորեն պնդում, մանկապարտեզի վարիչ է, բայց այդ մանկապարտեզը մեր տունն է, սաներն էլ իմ երեք տղաներն են։ Տանը շատ չեմ լինում, բայց աշխատում եմ քնելուց առաջ հասցնեմ շփվել երեխաներիս հետ, մորս հետ զրուցել, խորհուրդ հարցնել։      

-Ազատ ժամերին որո՞նք են Ձեր նախասիրությունները, հետաքրքրությունները։

-Ես միշտ ինչ-որ բանով զբաղված եմ կամ կարդում եմ։ Շատ եմ սիրում մարդկանց հետ զրուցել, մարդուն ճանաչել։ Երեկոյան մեծ հաճույքով շփվում եմ հարևաններիս հետ։ Սիրում եմ ընկերներիս հետ բնության գրկում ժամանակ անցկացնել։ Հաճախ ենք լինում Արցախում, իմ հայրենի Ճարտար գյուղում։ Բնություն, անտառ շատ եմ սիրում։

-Դուք երեք զավակ ունեք։ Կցանկանա՞ք, որ նրանք ևս ընտրեն ձեր ուղին, զբաղվեն կուսակցական, քաղաքական գործունեությամբ։

-Տղաներս դեռ փոքր են։ Կրտսերը դեռ դպրոցական չէ, բայց եղբայրների հետևից առավոտյան դպրոց է գնում։ Կմեծանան, իրենք կորոշեն՝ ինչ մասնագիտություն ընտրել, ինչ դառնալ։ Բայց անպայման ազգին ու պետությանը պիտանի, լավ մարդ պետք է լինեն։    

-Եվ որպես եզրափակում. ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին, խորհրդարանում իրենց ներկայացուցչությունը Ձեր միջոցով ապահոված քաղաքացիներին։

-Ոչ միայն ընթերցողներին ու իմ ընտրողներին, այլ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին խաղաղություն ու առողջություն եմ մաղթում։ Խոստանում եմ՝ իմ հնարավորությունների չափով անել ամեն ինչ, որ մեր ժողովուրդն ապրի խաղաղ, անվտանգ, ապահով, բարեկեցիկ Հայաստանում։

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...