14:48
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռուդիկ Բարսեղյան. «Մի օր ուղիղ եթերում կասեմ, որ ծնվեց Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը…»

2013-10-02 10:59

Sport Դե Ֆակտո 08/2013          

Վերջին 20-ամյակում հեռուստաէկրաններից ամեն շաբաթ կարելի է հետևել «Հեռուստաֆուտբոլ+» հաղորդաշարին, որի հիմնադիր հեղինակն ու վարողը  Ռուդիկ Բարսեղյանն է։ Վերջերս լրացավ հայտնի հեռուստամեկնաբանի 60-ամյակը։ Նրա մուտքը հեռուստատեսություն տեղի է ունեցել 43 տարի առաջ հենց այս օրերին` սեպտեմբերի 21-ին…«Sport Դե Ֆակտոն» չէր կարող չանդրադառնալ հայ մեկնաբանական դպրոցի ականավոր ներկայացուցիչներից մեկին ու չզրուցել անցած ուղու մասին… Մեր զրույցը տեղի ունեցավ ԵՊՀ հյուրերի տանը, որի տնօրենը հենց Ռուդիկ Բարսեղյանն է։ Նրան հանդիպեցինք շախմատային տախտակի մոտ՝ շախմատ խաղալիս… Ուստի երևի թե անթույլատրելի կլիներ զրույցը որևէ այլ թեմայով սկսելն ու շախմատային դրվագին չանդրադառնալը։

-Պարո՛ն Բարսեղյան, Ձեզ հաճա՞խ կարելի է տեսնել որևէ մարզաձևով զբաղվելիս։

-Այո՛, իսկապես սիրում եմ շախմատ խաղալ։ Ու ինչպես ինքներդ ականատես եղաք, սիրում եմ հաղթել շախմատում։ Դա հոգեբանություն է։ Իսկ ընդհանրապես` Անատոլի Կարպովի` դեռ 1984թ-ին ինձ ուղղված խոսքերով ասեմ։ Նա ասաց. “Хочешь сыграем партию?” … Ասացի. “Толя, ты что, издеваешься? Что, я буду с тобой в шахматы играть?”…

Ու նա շատ հետաքրքիր մի բան ասաց, որն էլ դաջվեց իմ ուղեղում. “Я знаю, насколько ты любишь шахматы. Главное – очень сильно любить шахматы”…

Այս պահին ես հաղթեցի, ու հաշիվը դարձավ 3։1, բայց ես կոնկրետ այս դեպքում խաղում էի գեղեցիկ պարտիայի, այլ ոչ թե հաղթելու համար… Շախմատը իմ կյանքի մի մասնիկն է։ Ու եթե ես շատ հոգնած եմ լինում, նախընտրում եմ շախմատ խաղալ, որպեսզի ուղեղս թարմանա։

-Որքանով ծանոթ եմ Ձեր աշխատանքային կենսագրությանը՝ արդեն 43 տարի է` այս ոլորտում եք գործումՀեշտ է ասել՝ 60-ից 43 տարիԿպատմե՞ք, թե ինչի՞ց ամեն ինչ սկսվեց։

-43 տարիս կլրանա շատ խորհրդանշական մի օր՝ սեպտեմբերի 21-ին։ Իհարկե, այն ժամանակ ոչ ոք չէր կարող մտածել, որ տարիներ անց ադ օրը նման կարևոր նշանակություն է ունենալու մեր երկրի կյանքում։

Իսկ այն ժամանակ` 1970-ի սեպտեմբերի 21-ին ես պարզապես ոտք դրեցի հեռուստատեսություն։ Պատճառները շատ պարզ էին. մեր ընտանիքում մի քույր  ու 3 եղբայր էինք, հայրս մահացավ, ու ես որոշեցի ընտանիքի անդամներից ծածուկ սկսել աշխատել 16 -17 տարեկանում… Աշխատանքի ընդունվեցի հեռուստատեսություն՝ ռեժիսորի օգնականի հաստիքում։ Աշխատանքից ոչ մի կերպ չկարողացա կտրվել, մինչև եկավ բանակ զորացրվելու պահը։ Ինչպես բոլորը, այնպես էլ ես, այնքան էլ չէի ուզում բանակ գնալ, ուզում էի աշխատել, ստեղծագործական աշխատանքով զբաղվել։ Արդյունքում` այդ տարի ես ընդունվեցի ԵՊՀ պատմության ֆակուլտետ, իսկ դրան զուգահեռ աշխատում էի հեռուստատեսությունում։ Աշխատում էի օրնիբուն, անդադար` մի կերպ համադրելով ուսման հետ։ Ու թերևս այդ ամմացորդ նվիրումով աշխատելս էր պատճառը, որ ընդամենը 6 ամիս անց՝ 1 տարին չլրացած, ես ստացա ռեժիսորի ասիստենտի կոչումը։ Ու գուցե ես դեպի ռեժիսուրա գնայի, եթե չլիներ «Արարատ 73-ի» պատմական հաղթանակը։ Դա ինձ որոշակիորեն կողմնորոշեց մարզական մեկնաբանի ուղին ընտրելու հարցում։ Այդ փուլում արդեն ես էի մարզական լուրերի ինֆորմացիոն բլոկը պատրաստում, թեև եթեր դուրս չէի գալիս։ Դեպի սպորտ գնալու հարցում ինձ մեծապես կողմնորոշեց նաև Ռոմիկ Սարդարյանը` ինֆորմացիոն ծրագրի գլխավոր խմբագրի տեղակալը։ Իսկ արդեն 1977-ին` համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, ինձ նշանակեցին սպորտային բաժնի խմբագիր։ Այդ ժամանակ մենք մեկնարկեցինք «Շախմատի դպրոց» հեռուստահաղորդումը, որը մինչ օրս եթերում է։

-Փաստորեն, շախմատը Ձեր թուլությունն է։

-Չէի ասի, թե թուլությունս է, ֆուտբոլով ավելի շատ էի կլանված, սակայն շախմատ շատ եմ սիրում…

-Ձեր առաջին եթերը հիշո՞ւմ եք

-Իհարկե հիշում եմ, բայց մինչ եթեր դուրս գալս իմ եթերային առաջին մկրտությունը եղել է դեռ 1971թ-ի փետրվարին, երբ առաջին անգամ հաղորդման տիտրերում կարդացի անուն-ազգանունս։ Դա գնահատանքի մի տարբերակ է ու դա եթերային առաջին մկրտություն էր։

-Մանավանդ վերջին շրջանում սովորաբար շատ են խոսում մեկնաբանական դպրոցի մասին։ Ձեր մեկնաբանական դպրոցը ո՞րն էր, ովքե՞ր էին։

-Ես հպարտանում եմ նրանով, որ հեռուստատեսությունում առ այսօր ինձ համար մատչելի են բոլոր մասնագիտությունները՝ ռեժիսորի օգնականից մինչև մոնտաժող ու մեկնաբան…

-Սովորաբար յուրաքանչյուր ոք իր ոլորտում իր երազանքի գործն է ունենում։ Ձեր պարագայում Ձեր երազանքի հանդիպումը, պարտիան լուսաբանե՞լ եք

-Դեռ պիտի լինի… Ես այժմ չեմ բացի փակագծերը, բայց ունեմ երազանք ու մե՜ծ հույս ունեմ, որ այն կիրականանա։ Բնականաբար, դա կապված է հայոց մարզաշխարհի բարձրագոչ հաղթանակների հետ։ Շատատ այդպիսի հաղթանակների անմիջական ականատեսն ու լուսաբանողն եմ եղել և հպարտ եմ, որ ինձ բախտ վիճակվեց ժամանակակիցը լինել Տիգրան Պետրոսյանի, «Արարատ 73-ի», Յուրի Վարդանյանի ու Յուրի Սարգսյանի, Օգսեն Միրզոյանի, Դավիթ Համբարձումյանի, Ֆաինա Մելնիկի, Լևոն Ջուլֆալակյանի, Հրաչյա Պետիկյանի, Արմեն Նազարյանի ու շատ-շատերի հաղթանակներին... Ավելին` Արմեն Նազարյանի տուն եմ ժամանակին գնացել այն օրերի ֆեդերացիայի նախագահի հետ միասին` Արմենի հորը խնդրելու, որպեսզի թույլ տա, որ տղան մարզվի։ Թույլ չէ՛ր տալիս, ասում էր. «Տանում եք մարզվելու, իսկ իմ հունձը մնում է»… Մինչդեռ հետո մյուս 2 որդիներին էլ բերեց մարզվելու։

-Մեր մարզիկների հաղթանակներին անգամ հեռուստացույցով հետևելիս անհնար է հետևել առանց փշաքաղվելու կամ աչքերը թրջելու…  Իսկ ինչպիսի՞ ապրումներ ու զգացումներ է ունենում մեկնաբանը, լուսաբանողը իրադարձությունների կիզակետում։

-Տասանոցին, թիրախին խփեցիք… Իսկապես դա բացարձակ այլ զգացում է…  Ես չեմ ամաչում ասել, որ ուրախության արցունքներ եմ ունեցել, երեխայի պես հեկեկացել եմ շատ-շատ դեպքերում։ Այդպես է եղել Յուրի Վարդանյանի` օլիմպիական չեմպիոն դառնալու պահին…

Սակայն միշտ չէ, որ կարևորը բուն հաղթանակն է։ Նույնօրինակ զգացումներ եմ ունեցել 1994թ-ին, երբ նորանկախ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին… Բելգիայում հանդիպումից առաջ բոլոր թերթեի առաջնորդողները 6։0, 7։0 հաշիվ էին կանխատեսում… Իսկ խաղին մի ողջ տրիբունա հայերն էին զբաղեցրել` աշխարհի բոլոր ծայրերից հավաքված։ Մեր թիմը միայն 2։0 հաշվով զիջեց։ Ես արտասվեցի… Տրիբունայում կողքիս նստած էր Հայաստանի դեսպանն, ով այդպես էլ չհասկացավ, թե ես ինչու էի արտասվում…

Այդ զգացումներն աննկարագրելի են, ու այդ պատճառով էլ սպորտն այսքան սիրում ենք… Սպորտի դերն ու նշանակությունը շատ կարևոր են։ Մի պարզ բան ասեմ` բոլորովին պատահական չէ, որ պետության օրհներգը հնչեցվում է մե՛կ նախագահի ու մե՛կ էլ մարզիկների հաղթանակների համար… Դրանում խորհրդանշական մի իմաստ կա։

-Խոսենք ձեր հեռուստահաղորդման մասին։ «Հեռուստաֆուտբոլ+»-ն, ի տարբերություն նման ձևաչափի մյուս հաղորդումների, հաճախ լուսաբանում էր սպորտի մեկ այլ՝ չճանաչված, անմատչելի երեսը։ Օրինակ` չեմ կարող մոռանալ կալանավայրերում տարբեր մարզական միջոցառումների լուսաբանումը

-Ես շնորհակալ եմ, որ Դուք դա հիշում եք, որովհետև ես այժմ էլ համոզված եմ, որ շատ կարևոր գործ եմ արել։ Ես կարողացա ազատազրկված, դատապարտված մարդկանց մեկ այլ տարբերակով, տեսանկյունից ներկայացնել…  Ինձ տվեցին բոլոր արտոնությունները այդ ծրագիրն իրականացնելու համար։ Իմ առջև բացվեցին ՔԿՀ-ների բոլոր փակ դռները…

Ազատազրկված մարդկանց պետք էր օգնել, որպեսզի ազատություն վերադառնալուց հետո կարողանային հասարակության լիիրավ անդամ դառնալ։ Շատ միջոցառումներ են եղել մարզական, բայց բոլորը` ՔԿՀ-ների ճաղերից ներս, իսկ մեր դեպքում մենք մարդկանց հանեցինք նաև դուրս… Անցկացրինք մրցումներ ֆուտբոլից, շախմատից, սեղանի թենիսից … Ու ոչ մի խախտում այդ ընթացքում չգրանցվեց։ Հրաշալի մթնոլորտ էր տիրում…

-Հաղթողների համար խրախուսումներ կայի՞ն

-Այո՛, կային… Իմ խնդրանքով գեներալ Աշոտ Մարտիրոսյանը հրահանգ տվեց սպորտի ոլորտում աչքի ընկած բոլոր դատապարտյալների հանդեպ կիրառել թույլատրելի խրախուսումները։

Բացի այդ` իմ խնդրանքով ՔԿՀ-ներում նրանց հյուր գնացին շախմատային օլիմպիադայի չեմպիոնները… Նրանք ներկա էին նաև Շախմատի տանն անցկացված եզրափակիչ մրցումներին։

-Յուրաքանչյուր մարդ, հասնելով որոշակի տարիքի, սկսում է ինքն իր առաջ հաշվետու լինելԿարո՞ղ եմ արդյոք ենթադրել, որ ա՛յս գործն այդ հաշվետվության, ինքդ քեզանով հպարտ լինելու ցուցակում առաջնային տեղ է զբաղեցնում։

-Անպայմա՛ն… Ես ինձ այնքան բավարարված եմ զգում։ Գիտեք, մինչ օրս դեռ զանգում ու խնդրում են. «Ի՜նչ կլինի, նորից նման մի բան կազմակերպեք»։ Ազատազրկվածներն ինձ անգամ իրենց ձեռքերով պատրաստված մի նկար են նվիրել…

Բայց, ցավոք, վերակազմակերպումն արդեն ինձանից չէ կախված։

-Իսկ այդ «հաշվետվության» ցուցակում էլ ի՞նչը ինքներդ Ձեզ համար կնշեիք ու կողքին «արե՛լ եմ» պիտակը կդնեիք։ Ի վերջո 43 տարի այս գործում

-Երբ 2011թ-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինձ պարգևատրում էր «Վարազդատ Արշակունի» ոսկե մեդալով, ես խոստացա, որ բացելու եմ երկրորդ շնչառությունս։ Այժմ, երբ արժանացա Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության բարձրագույն պարգևին՝ ոսկե մեդալին ու մի շարք այլ մեդալների, ես ինձ կրկին խոսք եմ տվել, որ պիտի բացեմ արդեն երրորդ շնչառությունս… Ու ինչ չեմ արել, դեռ կանեմ… Ու մի օր՝ 2016թ-ին, ուղիղ եթերում կասեմ, որ ծնվեց Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը…

- Յուրաքանչյուր ոք իր կատարածի դիմաց ուզում է գոնե գնահատված լինելԽոսեցինք պարգևատրումներից, հիշեցիք նաև Ձեր նվեր-նկարը։ Ձեզ համար ամենակարևոր նվաճում-պարգևը ո՞րն է։

-Գիտեք, ամենամեծ պարգևը ժողովրդի անանց ու համակ սերն է, երբ զանգում կամ փողոցում մոտենում ու շնորհակալություն են ասում…

-Դուք նաև Մայր բուհի հյուրերի տան տնօրենն եք։ Որևէ մարզական միջոցառում հյուրերի համար պատրաստո՞ւմ եք, կամ խրախուսում նրանց մարզական հանգիստը։

-Հատկապես ֆուտբոլային հանդիպումներին մշտապես ուղղորդում եմ հյուրերին դեպի մարզադաշտ, խրախուսում եմ շախմատ խաղալը (մատնացույց է անում ընդունարանի պահարանը, որին շարված են տասնյակ շախմատի տախտակներ)… Մեր հյուրերը նաև փոքրիկ առաջնություններ են անցկացնում` բասկետբոլից մինչև շախմատ…

-Պարո՛ն Բարսեղյան, հայ մարզասերին ծանոթ է նաև Ձեր որդին՝ Գևորգը, ով Ձեզ հետ միասին ժամանակին լուսաբանում էր սպորտըԿպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

-Որդիս շուրջ 10 տարի հեռուստամեկնաբանությամբ զբաղվեց, զուգահեռ աշխատում էր Համալսարանում ու պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը։ Ի վերջո որոշեց թեքվել դեպի գիտությունը։ Իհարկե՛, այդ ամենն իմ հորդորներից հետո։ Այժմ նա ռոմանո-գերմանական ֆակուլտետի փոխդեկանն է։

Մյուս 2 որդիներս երկվորյակ են։ Նախ ավարտել են ֆիզկուլտուրայի ինստիտուտը, ապա՝ իրավաբանի մասնագիտություն են ստացել։ Մի որդիս` Արմենը, էլիտար ոստիկանության՝ «Հրեշտակների» ստորաբաժանումում է, հրամանատար է… Նա ինձ պարգևել է թոռնիկիս… Իսկ մյուս որդիս` Կարենը, իմ աջ ու ձախ ձեռքերն է։ Շնորհակալ եմ շատ իմ միակ, հարազատ, սեփական տիկնոջը, ով ինձ շատ օգնեց, իսկ ավելի ստույգ` չխանգարեց, որպեսզի ես ամբողջապես նվիրվեմ աշխատանքիս… Թևութիկունք դարձավ ինձ… Ողջ կյանքումս ինչի հասել եմ, հասել եմ ընկերներիս ու ընտանիքիս շնորհիվ…

Ես հպարտ եմ, որ ծնվել եմ մարզական մեկնաբանի աստղի տակ, որ ԵՊՀ շրջանավարտ եմ ու մայր ԲՈՒՀ-ում աշխատանքս համատեղում եմ «Երկիր Մեդիայի»` իմ վերջին հեռուստահանգրվանի հետ, ու ամենավերջում՝ որ ընկերների վերաճած երևելի գործընկերներ ունեմ առաջին հայացքից անհամատեղելի բնագավառներում։

Երախտապարտ եմ քե՛զ, իմ սիրելի՛ մարզասեր, առանց ում ջերմության չէր կայանա Ռուդիկ Բարսեղյան մարզական մեկնաբանը

Հարցազրույցը՝ Գայանե Նազարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...