14:27
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Հերոսական բալլադ» ազգային ոգու տոն և հաղթանակ

2013-09-23 11:14

Դե Ֆակտո 65 (2011թ.)

«Ազգապատում համերգ էր։ Հիացած եմ։ Հոգևոր զտանք կար։ Տպավորիչ էր լույս ու ստվերի խաղը։ Իսկապես գեղեցիկ էր։ Նման համերգ մինչ օրս չէի տեսել»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյան

«Շշմեցուցիչ էր։ Հիանալի համերգ էր։ Հրաշալի գաղափար էր ներկայացնել մեր պատմությունը ոգեղեն երաժշտության միջոցով։ Երաժշտությունը հնչում էր նոր ուժով»

Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյան

«Հրաշալի դասական համերգ էր։ Ինձ շատ դուր եկավ։ Լուսային էֆեկտները և լազերային շոուն բացառիկ էր»

ՀՀ ժողովրդական արտիստ երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյան

www.ankakh.am

2011թ. Սեպտեմբերի 21-ը  հայոց քսանամյա անկախության, մեր ազգային ոգու տոնն էր, հայոց բանակի հզորության և բարձր մարտունակության դրսևորումն էր։

Այդ օրը աննախադեպ էր նաև նրանով, որ առաջին անգամ հայ իրականության մեջ նշվում էր մասսայական միջոցառում, որն իր մեջ ամփոփում էր հայ դասական երաժշտության, բարձր կատարողական արվեստի,  հայոց պատմության հարուստ ժառանգությունը։

«Հերոսական Բալլադ». այսպես էր կոչվում մեկ և կես ժամ տևողությամբ պատումը, որը կյանքի կոչեց ռեժիսոր Արամ Սուքիասյանը։

«Այս գործի ռեժիսուրան ստանձնելու ինձ առաջարկեց  Վիգեն Սարգսյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է և հանդիսանում էր 20-ամյակի միջոցառումների համակարգողը։ Ես մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը` քաջ գիտակցելով աշխատանքի ողջ պատասխանատվությունն ու բարդությունը։ Ես գիտակցում էի, որ մենք գործ ունենք երկրի վարկանիշի  հետ, խնդիր ունենք երկիրը ճիշտ, բարձր մակարդակով և հավուր պատշաճի ներկայացնել թե՛ բազմահազար հանդիսականին, որ հավաքվել էր Հանրապետության հրապարակում, թե՛ միլիոնավոր մարդկանց, որոնք հետևելու էին այս միջոցառմանը հեռուստատեսությամբ»։

 -Պարո՛ն Սուքիասյան, որքա՞ն ժամանակ պահանջվեց նման հսկայածավալ միջոցառման նախապատրաստության համար։

- Նախապատրաստական աշխատանքները տևեցին շուրջ 3 ամիս, աշխատեցին շուրջ 500 հոգի։ Եռաչափ գրաֆիկայի հետ կապված աշխատանքների մեծ մասը կատարվել է Ֆրանսիայում մեր գործընկերների հետ համատեղ։ Այս համերգ-ներկայացումն իր տեսակի մեջ առաջինն էր  Հայաստանում` լուսատեխնիկական բազմաթիվ հնարքներով, երկչափ և եռաչափ գրաֆիկայով, շատրվաններով, և դրանց պատկերայնության մի ամբողջություն էր, որը ձևավորված էր հայ դասական հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա` Կոմիտաս, Ավետ Տերտերյան, Էդգար Հովհաննիսյան, Արամ Խաչատուրյան և այլ հանճարեղ մարդիկ, որոնց ստեղծագործությունները կարծես թե ընդունված չէ օգտագործել նման տոնակատարությունների ժամանակ (մեզանում տոնակատարությունները ավելի հաճախ նշվում են երգիչ-երգչուհիներով)։  Ես վստահ էի և միջոցառման օրն էլ համոզվեցի, որ հայ հանդիսականն ի զորու է ոգեղեն և սյուժետային ճիշտ զարգացում ունեցող ծրագրի դեպքում ապրելու, ոգևորվելու և իր տոնակատարությունը նշելու դասական երաժշտության ներքո։ Չէ՞ որ նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանն այն եզակի երկրներից է, որն ունի դասական երաժշտության նման հարուստ ժառանգություն, հիանալի կոմպոզիտորներ. որոնք արժեքներ են, և անընդհատ պրոպագանդման կարիք ունեն։

- Խոսենք  «Հերոսական բալլադի» մասին։ Հանդիսատեսը  հիացած էր, տպավորված … 

- Մեր ստեղծագործական թիմը մշակել էր սյուժե, որտեղ հայոց պատմության կարևորագույն, շրջադարձային  դրվագներն էին։ Հրապարակը եզերող շենքերը պարբերաբար վերածվում էին էկրանների, և դասական երաժշտության հնչյունների ներքո ցուցադրվում դրվագներ հայ ժողովրդի պատմությունից։ Խորհրդանշական էր նաև այն, որ միայն անցյալի հաղթական դրվագներն ու ձեռքբերումները չէին, որ արտացոլված էին այս սյուժեում. մենք անդրադարձել էինք նաև մեր կորուստներին, մեր այս կամ այն բացթողումներին։ Այն հանդիսատեսին պարգևում էր տրամադրությունների փոփոխություն` ցնծություն, կորուստ, ցավ, հպարտություն։ Խոշոր հաշվով, այս պատումի մեջ կար դասի, ուսուցողական նշանակություն։ «Հերոսական բալլադ»-ը կյանքի կոչվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի նվագակցությամբ, պետական ակադեմիական երգչախմբի, նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախմբի, «Բարեկամություն» անսամբլի ու Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մասնակցությամբ։

-Ինչպե՞ս հաջողվեց Ձեզ անխափան կերպով կյանքի կոչել այսչափ բարդ տեխնիկական լուծումներ և սարքավորումներ պահանջող միջոցառումը։ 

- Ինչպես ասացի, աշխատակազմը շուրջ 500 անդամից էր բաղկացած։ Բոլորս աշխատում էինք ուժերի ներածին չափով։ Սարքավորումների մեծ մասը բերվել էր Ֆրանսիայից, որոնց մի մասը, ի դեպ, այլևս Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և այսուհետ այլ տարբեր միջոցառումների ժամանակ հայ հանդիսականը դարձյալ հնարավորություն կունենա վայելելու նման լուսային էֆեկտներով հագեցած շոուներ։ Փառք Աստծո, միջոցառումն անցավ անխափան, սակայն այն իր տեսակի մեջ շատ բարդ և վտանգավոր էր. մի փոքրիկ լամպի խոտան և մեծ խնդիրներ կարող էին առաջ գալ։

- Յուրաքանչյուր ոք, որ եկել էր հրապարակ, ակնկալում էր իր ճաշակին և սպասելիքներին համապատասխան միջոցառում դիտել։ Ի՞նչ եք կարծում բոլորը բավարարված էին։

- Մարդիկ տարբեր են։ Մենք ամեն կերպ փորձել էինք բավարարել այն լսարանի ակնկալիքները, որը կարող էր մեկտեղված լինել հրապարակում։ Երիտասարդներ, որոնք անկասկած հիացած էին երկչափ և եռաչափ գրաֆիկական պատկերներով, դասական արվեստի սիրահարներ, որոնք անշուշտ տպավորված էին սիմֆոնիկ երաժշտությամբ. կային մարդիկ, ովքեր հետևում էին սյուժեին, խորեոգրաֆիկ տեսարաններին։ Հարկ եմ համարում նշել, որ շատ հաճախ մասսայական միջոցառումները նախատեսվում են բավարարել մեծամասնության ճաշակի պահանջները,  բայց ոչ մտավորականության։ Չեմ վախենա ասել, որ այս անգամ միջոցառումը նախատեսված էր նախևառաջ մտավորական մարդու համար։  Դժգոհներ անշուշտ եղան. մարդիկ, ովքեր ակնկալում էին տեսնել այս կամ այն երգչին, բնականաբար հիասթափված էին։

Ինտելեկտուալ ամենատարբեր հարթության վրա գտնվող հանրույթ էր ներկա, մեծամասամբ ոգևորված էին, հուզված։ Ի վերջո հեշտ չէ մեկ և կես ժամ անընդմեջ հետևել նման միջոցառման, սակայն մարդիկ մի շնչով դիտեցին, մեծ բավականություն ստացած հեռացան հրապարակից։ Կային տեսարաններ, որ բազմահազար հանդիսատեսը քար լռությամբ էր դիտում. 50 000-ից ավելի մարդ և այդպիսի լռությամբ հետևել, զարմանալի է։ Սա նշանակում է, որ իրոք հետաքրքիր էր և հաջողված։

- Բազմաթիվ դրական և հիացական արձագանքներ հնչեցին։ Ամենակարևորն ու թանկը Ձեզ համար...

 - Ինձ համար մեծ գնահատանք և ոգևորություն էր բազմահազարանոց հանդիսատեսի միահամուռ հիացական արձագանքը։ Անչափ զգացվեցի, երբ միջոցառման ավարտին ինձ շնորհավորեցին Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը,  Արամ Առաջին Վեհափառը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Եվ ամենակարևոր գնահատականն ինձ համար հայ մտավորականության մարմնավորում Սոս Սարգսյանի բառերն էին, երբ նա մոտեցավ ինձ և ասաց. «Հայոց լեզուն քեզ հալալ լինի», ի դեպ երեկոյի ողջ ընթացքում տեքստերը կարդում էի ես, տեղում, կենդանի հնչողությամբ։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...