02:13
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՈՒՆԵՆԱԼ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ԵՐԿԻՐ, ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌՈՂՋ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ. ՍԱ Է ԲՈԼՈՐԻՍ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

2013-09-17 11:30

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

Լրացավ 5-րդ գումարման ԱԺ գործունեության մեկ տարին, այժմ մեր օրենսդիրներն արձակուրդում են։ Հանգստանում են, նոր եռանդով, նոր գաղափարներով եկող նստաշրջանը մեկնարկելու համար։ Աբրահամ Մանուկյանն այդ պատգամավորներից մեկն է, ով 2012-ի մայիսի 6-ի ընտրություններում ԲՀԿ ցուցակով համամասնական ընտրակարգով ընտրվեց ԱԺ պատգամավոր։ Վերջինս` իբրև առողջապահության ոլորտում բավականին փորձ ունեցող մասնագետ, ներգրավվեց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում։

Թե ինչպես ամփոփեց գործունեության մեկ տարին, ինչ ծրագրեր  ունի պարոն Մանուկյանը նոր նստաշրջանի համար և այլ հարցեր կպարզենք  նրա հետ զրույցում։

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ։

-Ինչպե՞ս կգնահատեք 5-րդ գումարման Աժ գործունեությունը և ԲՀԿ խմբակցության դերը այդ համատեքստում։

-Ազգային ժողովի, առավել ևս` ԲՀԿ խմբակցության գործունեության գնահատական տվողը ժողովուրդն է, իսկ ես` որպես պատգամավոր, ունեմ ընդամենը պարտավորություններ։

-Այդ դեպքում, ամփոփե՛ք, խնդրեմ, Ձեր գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում։

- Աշխատանքներն ԱԺ-ում ընթացել են իրենց բնականոն հունով. աշխատանքային գործընթաց, քննարկումներ, բանավեճեր, քվեարկություններ, որոնք կարծում եմ իրենց դրական արդյունքները տալիս են։ Նախորդ նստաշրջանի ընթացքում եղել են մի շարք օրինագծեր, օրենսդրական փոփոխություններ, որոնց ես կողմ եմ քվեարկել և կարծում եմ, որ այդ փոփոխությունները կարևոր գործոններ են սոցիալ-տնտեսական բարեկեցությունը բարձրացնելու ճանապարհին։ Հատկապես կարևորում եմ նվազագույն աշխատավարձի բարձրացումը. ճիշտ է, բարձրացված գումարի չափը թեև այդքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ, վստահ եմ, որ սա լինելու է շարունակական գործընթաց, որի արդյունքում որոշակիորեն կբարելավվի մեր քաղաքացիների սոցիալական բարեկեցությունը։

-Դուք նաև կողմ եք քվեարկել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքին։ Այս օրինագծի քննարկումներն ու քվեարկությունը բավականին բուռն ու թեժ էին, կարծիքները հակասական։ Ինչպես կմեկնաբանեք Ձեր կողմ քվեարկելը։

-Իմ խորին համոզմամբ` «Դիլիջանի միջազգային դպրոց» աննախադեպ ծրագիրն էականորեն կբարձրացնի Հայաստանի վարկանիշը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային առավել լայն շրջանակներում, կնպաստի ՀՀ կրթական և տնտեսական զարգացմանը, այն բավականին լուրջ և հեռանկարային ծրագիր է, ուստի ես գտնում եմ, որ անհրաժեշտ էր այս ծրագրի իրականացման շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելը։ Իսկ ինչ վերաբերում է հակասական կարծիքներին և քննարկումներին, ես պարզապես զերծ կմնամ վերլուծություններից և կարծիք հայտնելուց, քանի որ ՀՀ ԱԺ բարձր ամբիոնը ոչ թե անհիմն բամբասանքների ու հերյուրանքների հարթակ է, այլ օրենսդիր մարմին, որին պետք է չափազանց լուրջ և զգոն վերաբերվել։

-Պարո'ն Մանուկյան, որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, անկուսակցական

պատգամավոր` որքանով են ներդաշնակվում Ձեր և կուսակցության գաղափարները։

-Գիտեք, եթե մենք փորձենք ուսումնասիրել Հայաստանում գրանցված կուսակցությունների ծրագրերը և գաղափարները, ապա կտեսնենք, որ մեկը մյուսից լավն են։ Այս համատեքստում բացառություն չեն ԲՀԿ գաղափարները։ Այսինքն` լավագույն գաղափարներ և ծրագրեր բոլորն ունեն, այլ հարց է, թե որ կուսակցությունն է կարող  իր իսկ կողմից ներկայացվածը կյանքի կոչելու։ Իմ կարծիքով` ԲՀԿ-ն հենց այն եզակի կուսակցություններից մեկն է, որը պատրաստակամ է և կարող  գործելու ի շահ մեր երկրի`  ժողովրդի համար ապահովելով բարեկեցիկ կենսակերպ։ Ամենահեշտ գործը քննադատելն է և բողոքավորի կեցվածք ընդունելը, սակայն երբ այդպիսի կեցվածք ընդունած քաղաքացուն կամ քաղաքական գործչին վստահես ինչ-որ բնագավառ կամ գործ, անմիջապես սկսում է խուսափել պատասխանատվությունից և չարված գործի համար  սկսում  մեղավորներ փնտրել։ Ես իմ գիտակցական կյանքում փորձել եմ մշտապես լինել գործի մարդ, այսինքն` խոսքը ասվեց, ուրեմն այն պետք է իրականություն դառնա։ Մեծ հաշվով այն գաղափարները, որ ես եմ կրում, եթե մեկ նախադասությամբ ասեմ` միտված են երկրում համատարած համերաշխության, բարեկեցության, արժանավայել աշխատանքի, երջանիկ ընտանիքներ և ապահով ծերություն ապահովելուն, ինչին կարող ենք հասնել յուրաքանչյուրիս քրտնաջան և նվիրված աշխատանքով։

-Ի՞նչ խնդիրներ և անելիքներ ունի ԲՀԿ-ն` իբրև այլընտրանքային քաղաքական ուժ։

-Խնդիրներն ու անելիքները, որոնք ձգտում է լուծել և կյանքի կոչել ԲՀԿ-ն, շատ են։ Եթե վերլուծենք անցած մեկ տարվա գործունեությունը, ապա կհամոզվենք, որ այն պայմանավորված էր քաղաքական գործընթացներով (նկատի ունեմ հիմնականում ընտրությունները), որոնց անմասն չէր ԲՀԿ-ն։ Ներկայումս եկել է գործելու, աշխատելու և այն նախընտրական ծրագրերը, որ ներկայացվել են հանրությանը, կյանքի կոչելու ժամանակը։ Ինձ թվում է ԲՀԿ-ն` որպես երկրորդ քաղաքական ուժ, շատ անելիքներ ունի հատկապես մեր երկրի համար այսպիսի ծանր և պատասխանատու ժամանակահատվածում։

-Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք։ Կխնդրեի մի փոքր մանրամասնել ոլորտի խնդիրների մասին, ի՞նչ բացթողումներ և անելիքներ եք տեսնում ՀՀ առողջապահության բնագավառում։

-Առողջապահության ոլորտը ինքնին ծանր և անընդհատ զարգացում պահանջող ոլորտ Է, որտեղ բազմաթիվ և բազմապիսի են խնդիրները։ Իմ կարծիքով շատ արագ զարգացող և փոփոխվող աշխարհում մենք իրավունք չունենք ետ մնալու, քանի որ գիտության և տեխնիկայի զարգացումը անուղղակի կապված Է առողջապահության հետ։ Գիտեք` ժամանակն Է որպեսզի մենք «բժշկության» նախարարությունից վերափոխվենք և դառնանք «առողջապահության» նախարարություն, ինչպես շատ ու շատ զարգացած երկրներում Է։ Մեր խնդիրը հանրային առողջապահության կերտումն Է իր բոլոր բաղադրիչներով, որի մասին կարելի Է խոսել շատ երկար։

 -Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր գործունեությունը հանձնաժողովի շրջանակներում, օրենսդրական ինչպիսի նախաձեռնություններով կամ ծրագրերով եք հանդես եկել, կամ պատրաստվում ներկայանալ առաջիկայում։

-Պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական մի քանի նախաձեռնություններով։ Կան ծրագրեր, որոնք պատրաստվում են, կան ծրագրեր, որոնց վերաբերյալ կլինեն համապատասխան քննարկումներ և որից հետո կներկայացվի Ազգային Ժողով։ Այս ոլորտում ինձ օգնում է նաև այն, որ ես աշխատել եմ առողջապահության ոլորտում և տիրապետում եմ, թե խնդիրներից որոնք են առաջնահերթ լուծում պահանջում։

-Խոսենք նաև վերջերս տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններից։ Որպես ԲՀԿ ավագանու ցուցակի երրորդ թեկնածու` Ձեր գնահատականը այդ ընտրություններին և հետընտրական զարգացումներին։

-Անհերքելի է այն փաստը, որ վերջին երեք ընտրությունները էապես տարբերվում էին նախորդ տարիների ընտրություններից։ Սակայն, այն դեռևս կատարյալ չէ, մեզ համար արդար և թափանցիկ րնտրությունները դեռևս մնում Է որպես նպատակ։ Երևանի ավագանու ընտրությունները նույնպես լի էին իրենց դրական և բացասական կողմերով։ Այդ ընտրություններով ԲՀԿ-ն ապացուցեց իր ուրույն տեղը` որպես երկրորդ քաղաքական ուժ, ստացավ ժողովրդի վստահության քվեն` հավաքելով մնացած 5 կուսակցությունների ձայների հանրագումարից 10.000-ով ավելի ձայն։  Արդար ճանապարհով ստացած ժողովրդի վստահության քվեն, կարծում եմ, քաղաքական ուժի գործունեության լավագույն գնահատականն է։

Պատգամավորական և կուսակցական գործունեությունից դուրս

 Առօրյա  կյանքում

 - Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում կյանքում և աշխատանքում Աբրահամ Մանուկյան քաղաքացին և քաղաքական գործիչը։

- Հարցին մոտենամ փիլիսոփայորեն. կյանքում ես իմ կամքի տիրակալն եմ, բայց իմ խղճի ստրուկը։ Աշխատանքում առաջնորդվում եմ . «Բարեղճորեն արա այն, ինչ պետք է անես, թող լինի այն, ինչ լինելու է» սկզբունքով։

-Ի՞նչն եք ամենից բարձր գնահատում մարդու մեջ։

-Ազնվությունը, ճշմարտախոսությունը և պատասխանատվության զգացումը. հատկանիշներ, որոնք մարդուն ՄԱՐԴ են պահում կյանքի բոլոր իրավիճակներում։

-Ինչպիսի՞ն է Աբրահամ Մանուկյանը աշխատանքից դուրս ընտանիքի և ընկերների հետ։

-Թե՛ աշխատանքից դուրս, թե՛ աշխատանքում ես միշտ իմ ընտանիքի հետ եմ և երբեք չեմ կտրվում իմ ընտանիքից։ Անկեղծ ասած, այն բոլոր լավ օրերը, որ ունեցել եմ իմ կյանքում, մշտապես ընտանիքիս հետ եմ անցկացրել։ Ընտանիքս ինձ համար ստեղծելու, աշխատելու և բոլոր հաջողություններիս շարժիչ ուժն է եղել։ Մշտապես  ընտանիքիս ուժն ու աջակցությունը զգացել եմ իմ թիկունքում։ Եվ, առհասարակ, եթե մարդ չի սիրում իր ընտանիքը, նա չի կարող կյանքում սիրել իր հայրենիքը, հարգել ընկերոջը։ Չէ՞ որ պետության հիմքը ամուր և կայուն ընտանիքն է, այդ արժեքների պահպանումն ու փոխանցումը գալիք սերնդին։

Ինչ վերաբերում է ընկերներին, ապա ասեմ, որ ինքս ընկերասեր մարդ եմ և շատ եմ սիրում ժամանակ անցկացնել ընկերական շրջապատում։ Մինչ օրս ես ունեմ մանկության ընկերներ, երիտասարդ տարիների ընկերներ, աշխատանքային ընկերներ, որոնց սիրում և հարգում եմ։ Գտնում եմ, որ կենցաղային ոչ մի բարիք ինձ համար հաճելի չի լինի, եթե ես վայելում եմ այն մենակ` չկիսելով այն ընկերներիս հետ։

-Արդյո՞ք աշխատանքային ծանրաբեռնվածությունը ժամանակ թողնում է ընտանիքի և անձնական կյանքի համար։

- Եթե սիրում ես քո ընտանիքը, ապա ոչ մի բան չի կարող քեզ խանգարել։ Աշխատանքային ծանրաբեռնվածություն միշտ ունեցել եմ, սակայն կարողացել եմ համատեղել, և մեկը մյուսին երբեք չի խանգարել։

-Ունե՞ք նախասիրություններ, որոնք կարող են ցրել Ձեր առօրյա հոգսերն ու խնդիրները։

-Որպես այդպիսին` չեմ կարող առանձնացնել որոշակի երևույթներ` որպես նախասիրություն։ Պարզապես այն ամենն, ինչ ցանկալի է կամ հաճելի, կարող է լինել նաև նախասիրություն։ Անչափ սիրում եմ ճանապարհորդել։ Կարծում եմ, որ ճամփորդությունն ինքնակատարելագործման, աշխարհընկալման, մտահորիզոնի զարգացման լավագույն միջոցն է, նոր երկրներ, հետաքրքիր մշակույթ, ազգային առանձնահատկություններ, որոնք շատ հաճախ նաև անհրաժեշտ և կիրառելի են լինում աշխատանքում։

-Երկու զավակ ունեք, թոռնիկներ։ Ի՞նչ նպատակներ, երազանքներ ունեք` կապված նրանց հետ։

-Իհարկե նրանց հետ կապված ցանկություններս և երազանքներս բարձրագույնն են։ Եթե նրանք հասնեն իրենց նպատակներին, կնշանակի`  ես հասել եմ իմ նպատակին` տեսնել նրանց երջանիկ և հարգված։ Կնշանակի, որ իզուր չեմ ապրել։

-Եթե նրանցից մեկը ցանկանա զբաղվել քաղաքականությամբ, Ձեր վերաբերմունքը...

-Ինչպիսի որոշում էլ, որ կայացնեն, ես կլինեմ որպես խորհրդատու, այլ ոչ թե խոչընդոտող։ Երկու որդիներս էլ ծառայել են ՀՀ զինված ուժերում, ստացել բարձրագույն կրթություն։ Ավագ որդիս պետական ծառայող է, ՀՀ աշխատանքի տեսչության պետն է, կրտսեր որդիս զբաղվում է մասնավոր բիզնեսով։ Ունեմ խելացի ու շատ սիրելի կին, ով նաև անփոխարինելի մայր է և հոգատար տատիկ։

-Որպես ամփոփում մեր զրույցի` Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք։

- Այն մարդն, ով առավոտյան սիրով գնում է աշխատանքի, իսկ աշխատանքից հետո էլ շտապում է տուն` ընտանիքի գիրկը, նա երջանիկ մարդ է։ Այո՛, ես երջանիկ եմ։

-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։

-Որպես քաղաքական գործիչ, որպես ընտանիքի հայր և հայ մարդ` ես բոլորիս մաղթում եմ առողջություն, համերաշխություն, հանդուրժողականություն, ապահովություն և բարգավաճ ու զարգացող երկիր։

________________________________________________________________

Աբրահամ Մանուկյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։

1976-1978 թթ ծառայել է խորհրդային բանակում։

1975-1976 սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-հասարակագիտական ֆակուլտետում։

1991-ին ավարտել է Երևանի առևտրա-տնտեսագիտական տեխնիկումը` առևտրի կազմակերպում և ղեկավարում մասնագիտությամբ։

1997 թվին ավարտել է Վարդանանց համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

2008-ին ավարտել է Մոսկվայի բիզնեսի և իրավունքի ինստիտուտը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1978-ից` աշխատելով «Մասիս» արտադրական միավորումում։

1983-1991թթ Երևանի «Գործվածքհագուստկոշիկառ» համակարգում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ 1991-2003թթ «Հայկոոպի» Երևանի միջշրջանային ունիվերսալ մանրամեծածախ բազայում փոխտնօրենից հասել է մինչև գլխավոր տնօրենի պաշտոնի։   

 2007-2010թթ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։

2003-2007 թթ ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ՀՀԿ/։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։

2012թ մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ԲՀԿ/, ԲՀԿ խմբակցության անդամ։ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...