15:40
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Քաղաքական վերջին զարգացումները Մեծ հայի աչքերով

2013-07-25 11:08

«Դե Ֆակտո» N53 էքսկլյուզիվ

Հարցազրույց Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ:

-Անկախության  19 տարիները ի՞նչ տվեցին հայ մշակույթին: Ի՞նչ կորուստներ և ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարիների ընթացքում:

 Ձեռքբերումներ եղան, իհարկե, սակայն կորուստներն էլ շատ էին: Գիտեք, անկախությունից առաջ մենք ունեինք կանոնավորված արժեքներ, սկզբունքներ, որոնք հետո չկարողացանք պահպանել: Սա ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները. անցումային ժամանակաշրջան էր` պատերազմ, երկրաշարժ: Հայը գոյության, ապրելու խնդիր ուներ, և մշակույթը, արվեստը մղվել էր վերջին պլան: Ինձ համար կարևորն այն էր, որ կարողացանք պահել թատրոնը: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ մեր թատրոնները այդ դժվարին տարիներին, թոհուբոհի մեջ  պահել-պահպանելը իրոք հերոսություն էր: Կարողացանք պահպանել թատրոնի ֆիզիկական գոյությունը, սակայն հոգևոր, գեղարվեստական բարձրությունը, որակը, ցավոք, ոչ: Վերջին հաշվով արվեստում կորուստներն ավելի շատ են, քան ձեռքբերումները: Անկախության հետ եկած ազատության, բազմակարծության ալիքը կարծես կլանեց, խառնեց ամեն ինչ: Մենք հեռացանք մեր ազգային արժեքներից, ազգային մտածողությունից: Որքան էլ տարօրինակ է` կոմունիստների ժամանակ մենք ավելի հայրենասեր էինք, քան այսօր: Հիմա չես հասկանում` ի՞նչ են երգում, ի՞նչ են պարում: Արվեստը, երգը, մեղեդին, թատրոնը պետք է նախ հաճույք պատճառի, մինչդեռ մերօրյա ՙարվեստը՚ ավելի շատ գլխացավ է առաջացնում: Շատ քչերն են, որ պահպանել են ազգային արմատները, իսկ արվեստը չի կարող անարմատ լինել, ազգային հիմք չունենալ: Դա բացառվում է, էդպես լինում է այն ժողովուրդների, պետությունների մոտ, որոնք կորցրել են իրենց դեմքը, իրենց բնավորությունը, չունեն պատմություն: Այդ ազգերն են ամեն ինչ ընդօրինակում, վերցնում օտարինը, քանի որ հայտնի չէ, թե իրենցը որն է: Այժմ մենք համարյա մոտենում ենք այդ ցավալի վիճակին: Այսօր նույնիսկ ես չեմ հասկանում, թե մերը որն է:  Նախ մենք պետք է ճշտենք, կողմնորոշվենք` ով ենք մենք` արևելք, թե արևմուտք:

-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդային իրականության ազդեցությունը, ընդհանրապես նրա թողած ժառանգությունը  հայ մշակույթի վրա:

-Այսօր այդ ազդեցությունը գրեթե չկա: Ինձ նման մարդիկ, որոնք պահպանողական են, ՙհին՚, ինչ-որ չափով փորձում են պահպանել նախկին լավ ավանդույթներն ու արժեքները: 20-րդ դարի 60-ականներից մինչև ԽՍՀՄ փլուզումը մեր ժողովրդի համար ազգային ոգու, մշակույթի, գիտության զարթոնքի ժամանակաշրջան էր` յուրօրինակ ՙՀայոց ռենեսանս՚: Ցավոք, չկարողացանք պահպանել, շարունակել այդ զարթոնքը: Միանշանակ քննադատել խորհրդային կարգերը ես չեմ կարող: Այնտեղ  և' շատ լավը կար, և' շատ վատը: Չկարողացանք այդ լավը պահպանել: Ազգը կորցնում է իր վեհությունը, արժանապատվությունը: Մերժելով խորհրդային ժառանգությունը, անտեսելով մեր  ազգայինը` մենք, չգիտես ինչու, շարունակ ձգտում ենք դեպի Եվրոպա: Եվրոպային հետևելով` մենք մոռանում ենք որ այն այլևս քրիստոնեական աշխարհ չէ: Այնտեղ եթե կա պաշտամունք, ապա դա նրանց արվամոլությունն է, այլասերություններն են: Պատմականորեն մեր նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքից ելնելով` իզուր չի ասված, որ Եվրոպան պոռնիկ է, հիմա արդեն` ծերացած պոռնիկ, որից ոչինչ չի կարելի վերցնել: Այնտեղ քրիստոնեություն, հավատ` կրոնական իմաստով, այլևս չկա: :  Ամենակարևորը, նրանք կորցնում են ընտանիքի ինստիտուտը, որը ազգապահպանման հիմնասյունն է: Սա անթույլատրելի է մեզ նման փոքր և ավանդապաշտ ազգի համար: Եվրոպացուց կարող ենք սովորել մաքրասիրություն. ինչպես ես եմ միշտ ասում, քաղաքակրթության սկիզբը մաքրասիրությունն է, կարգուկանոնը, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը:

 Մենք պետք է որքան հնարավոր է զգույշ լինենք և խորը մտածենք արևմուտքից որևէ բան ընդօրինակելուց առաջ:

-Ներկայիս հասարակության և հատկապես երիտասարդության համար ի՞նչ նշանակություն ունի  թատրոնը:

-Այսօր վիճակը, կարժես թե բարելավվում է: Հասարակությունը հետաքրքրված է թատրոնով: Բայց ի՞նչ է  թատրոնը, թատրոնը հանդիսատեսն է: Կա հանդիսատես, կա թատրոն: Հանդիսատեսը թատրոնին գեղագիտական ճաշակ, ազնվություն թելադրողն է: Ցավոք, այսօրվա հանդիսատեսն այդ բարձր արժեքներից հեռու է: Այսօր եթե բողոքում ենք համատարած ներկայացվող միջակության դեմ, ասում են` հանդիսատեսին դուր է գալիս: Բայց ո՞ր հանդիսատեսին: Արվեստի խնդիրն է ոչ թե իջնել հանդիսատեսի մակարդակին, այլ բարձրացնել նրա ճաշակը: Թումանյանը, Րաֆֆին, Շիրազը, Դաշտենցը և մյուս մեծերը միթե՞  իջել են, հակառակը` բարձրացրել, նոր շունչ ու ոգի են տվել ժողովրդին ներկայացվող արվեստին, գրականությանը: Մենք հաղթեցինք Ղարաբաղյան պատերազմը, որովհետև պայքարի ելավ մի սերունդ, որը դաստիարակվել էր  էդ արվեստի օրինակով, Դաշտենցի ՙՌանչպարների կանչի՚, ՙՁորի Միրոյի՚, Սևակի ՙԱնլռելի զանգակատան՚ շնչով: Մի սերունդ էր` կյանքով լիքը, արվեստով բարձր: Իսկ հիմա՞, ո՞վ է այսօրվա երիտասարդության իդեալը, հերոսը, ով կամ ինչն է նրա ոգեշնչման, ընդօրինակման աղբյուրը…

-Իսկ ինչպիսի՞ն է այսօր պետության, մեր դեպքում ճիշտ կլինի ասել իշխանության  վերաբերմունքը թատրոնի նկատմամբ:

-Պետական հոգածությունը մշակույթի նկատմամբ գնալով մեծանում է: Հիմա արդեն կարող եմ ասել,  որ մշակույթի նախարարությունը իրոք հենարան է մեզ համար: Այն բավականին ուշադիր է թատրոնների նկատմամբ: Մասնավորապես այս տարի մեծ աջակցություն ցուցաբերեց ՙՀամազգային թատրոնին՚`  ֆինանսավորելով մի քանի ներկայացումներ:

-Հետևելով քաղաքական իրադարձություններին` ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված վերջին իրադարձությունները:

-Թերևս, իմ կյանքում ամենաերջանիկ և անսպասելի պահը եղավ այն օրը, երբ ստորագրվեց այդ պայմանագիրը: Ավետիք Իսահակյանն ասում էր. ՙՄեր սահմանի վրա կանգնած ռուս զինվորին ես աշխարհի հետ չեմ փոխի՚: Այդ հանճարեղ մարդը հասկանում էր, որ փոքր, խոշտանգված, վայրենի հարևաններ ունեցող ազգը չի կարող միայնակ պաշտպանվել: Ինձ համար սա մեծ երևույթ է, ես շնորհակալ եմ աստծուց: Այս պայմանագրի ստորագրմամբ ես կարող եմ ասել, որ իմ թոռան և  իմ ժողովրդի ապագայի համար քառասուն-հիսուն տարով հանգիստ եմ: Հիմա որոշ մարդիկ թյուր կարծիքներ են հայտնում, թե իբր այս պայմանագրով մենք կորցրինք մեր անկախությունը: Բայց այսօր աշխարհում անկախ պետություն չկա: Բոլորը կախված են մեկը մյուսից: Ես ուրախ եմ, որ մեր և որևէ մեծ, հզոր պետության շահեր համընկել են:  Ես վստահ եմ, որ սա մեր անկախության պահպանման և ամրապնդման երաշխիքներից մեկն է: 

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...