15:08
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԻԼՎԱ ՉԱՔՄԱՔՉՅԱՆ. ԱՍՏՂԱՅԻՆ ՓԱՅԼՔԻ ՎԱՐՊԵՏԸ

2013-07-23 11:43

«Դե Ֆակտո» 67 (2011թ.)

Մարդ, ընկեր, բարերար, գործարար կին. շրջապատն  այսպես է ընկալում Սիլվա Չաքմաքչյանին, ով իր կյանքով ու գործունեությամբ է վաստակել այս բարձր կոչումները։                                                     

Շեր, Դայանա Ռոս, Դոլի Փարթոն, Ջենիֆեր Լոպես, Մայքլ  Ջանեթ Ջեքսոններ, Ռիհաննա։ Այս հռչակավոր անունների հետ նաև` «Ալիսան հրաշքների աշխարհում», «Oceans Eleven» ընկերությունները և հոլիվուդյան հարյուրավոր այլ հայտնի դերասաններ, երգիչներ, արվեստագետներ. ֆիլմեր, լասվեգասյան ու ճամփորդական նավերի շքեղ շոուներ, այս բոլորը միավորվում են «Սիլվիաս Կոստյումս» (Silvia’s Costumes) հագուստների պատրաստման սրահում։ Հոլիվուդի սրտում գործող այս սրահը շուրջ 30 տարի ապահովում է ամերիկյան շոու բիզնեսի փայլն ու շքեղությունը` հանդիսանալով ոլորտի հանրահայտ դիզայներների վստահելի ու լավագույն գործընկերը, որոնց հաջողության առյուծի բաժինը ապահովում են «Սիլվիաս Կոստյումս»ի հմուտ դերձակները։

«Հասնել հաջողությունների հնարավոր է անձնվեր աշխատանքի շնորհիվ», գործի կայացումն այսպես է մեկնաբանում «Սիլվիաս Կոստյումս»ի հիմնադիր ու տնօրեն Սիլվա Չաքմաքչյանը։

Տիկին Սիլվայի հետ հանդիպումը նրա «բազմագույն ու բազմաձև» արվեստանոցում էր, որտեղից էլ սկսվում է ամերիկյան աստղային փայլքը։ Սրահում շրջելիս համակվում ես գեղեցիկի աննկարագրելի զգացումով. բազմաթիվ ոճերի հագուստներ` դասականից ժամանակակից, սպորտային ու երեկոյան, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը։

Այցելության պահին, տիկին Սիլվայի ղեկավարությամբ, սրահի դերձակները ամերիկացի դիզայների հետ միասին աշխատում էին հերթական աստղային պատվերի, այս անգամ` հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթի դստեր շոու ծրագրի համար։

«Սիլվիաս Կոստյումս»ի արտադրանքը լավագույններից է, և եթե հավելեմ Սիլվայի շնորհիվ այս սրահում ստեղծված ջերմ մթնոլորտը, կարող եմ համարձակորեն փաստել, որ սա ոլորտի դիզայներների ամենասիրելի վայրերից է», խոստովանում է հոլիվուդյան դիզայներ Հիլարի Օլսը։

Սիլվա Չաքմաքչյանն իր ուղին ընտրել է պատահաբար` ընկերոջն օգնելու արդյունքում.

ԱՄԵՐԻԿԱ

Սիլվա Չաքմաքչյանը ծնվել է Լիբանանում, մանկությունն անցկացրել Հայաստանում մինչև 1967 թ.։ Նույն տարում  ընտանիքով տեղափոխվում են Միացյալ Նահանգներ։ Սիլվան արագորեն հարմարվում է նոր իրականությանը, որտեղ, ըստ նրա, աշխատասեր մարդու համար ստեղծված էին հաջողության հասնելու բոլոր պայմանները։ Իր առաջին աշխատավայրում` Bank of America, Սիլվային խոստումնալից ապագա էր սպասվում, սակայն մարդկանց անձնվիրաբար օգնելու նրա պատրաստակամությունը փոխում է նրա կյանքի ուղին։

«Հայ ընկերներիցս մեկը վերջապես աշխատանքի առաջարկ էր ստացել, սակայն անգլերենի հետ խնդիր ուներ։ Որոշեցի օգնել նրան հաղթահարելու այդ խնդիրը և թողնելով բանկիս աշխատանքը միացա նրան», դեպի նոր աշխարհ իր պատմությունն է հիշում  տիկին Սիլվան։

Նա տարվում է հագուստի ստեղծման սրահում ստեղծագործական բնույթի նոր աշխատանքով, ինչն էլ որոշում է Սիլվա Չաքմաքչյանի ապագան։ Շուտով, նա աշխատանքի առաջարկ է ստանում թատերական խոշոր կազմակերպություններից մեկում` «Center Theatre Group»-ում, որպես հագուստի սրահի ղեկավար աշխատելու։ Աշխատանքային ձեռքբերումներից ոգևորված Սիլվա Չաքմաքչյանը որոշում է ստեղծել սեփական գործը։

1979 թվականին «Սիլվիաս Կոստյումս»ը իր հաղթարշավն է սկսում շոու բիզնեսում, մեծ մրցակցություն ունեցող այս ոլորտում։

«Հանրահայտ դիզայներների հետ համագործակցության արդյունքում սկսեցինք հագուստներ պատրաստել հոլիվուդյան աստղերի համար, որոնց թիվն այժմ անհաշվելի է»,- նշում է Սիլվա Չաքմաքչյանը։

Ժամանակի ընթացքում «Սիլվիաս Կոստյումս»ի հաճախորդների ցանկն ընդլայնվում է` ներգրավելով թատրոնի, կինոյի, հեռուստատեսության ոլորտների գործիչներին. Լաս Վեգասի շքեղ և հանրահայտ շոուները (Jubilee, O), նավային ճամփորդությունների ներկայացումները (Princess Cruises, Holland American Cruises, Royal Carribean Cruises), հայտնի մոդելային տները (Polo Ralph Lauren, Nike), հեղինակավոր մրցանակաբաշխությունները (MTV Awards)։

«Հաճախորդների հետ ազնվություն, ճշտապահություն, անձնվեր աշխատանք. այս հատկանիշերն են ոլորտում հաջողության հասնելու նախապայմանները»,- նշում է Ս. Չաքմաքչյանը։ Նրա այս հատկանիշերը բարձր են գնահատում գործընկերները, որոնցից շատերը համագործակցության արդյունքում այնուհետև բարեկամանում են տիկին Սիլվայի հետ։

«Սիլվան ոչ միայն իմ սիրելի ընկերն է, նաև ինձ հանդիպած մարդկանցից ամենաբացառիկը։ Հաղթահարելով հսկայական դժվարություններ, նա կարողացել է իրականացնել լեգենդար գործունեություն դիզայնի ու կարի աշխարհում` իր բնական ունակություններով, ձեռներեցի տաղանդով հաջողելով բոլոր սեփական նախաձեռնություններում»,- Սիլվա Չաքմաքչյանի մասին գրում է ամերիկյան կինոյի դերասանուհիներից Իվետ Միմիոն։

«Սիլվիաս Կոստյումս»ի կայացումը մեծապես պայմանավորված է սրահի հմուտ դերձակների աշխատանքով»,- նշում է տիկին Սիլվան` յուրաքանչյուր աշխատակցին համարելով իրեն հարազատ։

«Սրահում հավաքվել են տարբեր երկրների հայեր` ստեղծելով յուրատեսակ կոլորիտ` մի մեծ հայկական ընտանիք, որի կարգախոսը սերն ու համերաշխությունն է»,- փաստում է սրահի տիրուհին` ընդգծելով աշխատակիցների հավատարմությունն ու նվիրվածությունը և նշելով իր գործընկեր ու բարեկամ Հասմիկ Յալենյանի մասին, ով իր հետ է եղել գործունեության ողջ ընթացքում։

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ 

Սիլվա Չաքմաքչյանի ծանրաբեռնված աշխատանքը մեծ մրցակցություն ունեցող բնագավառում երբևէ չի խանգարել նրան մեծապես ներգրավված լինելու հայ համայնքի կյանքում։ Նա մշտապես բարոյական ու նյութական աջակցություն է ցուցաբերում բոլոր հայկական կազմակերպություններին, հայ եկեղեցիներին, իրեն դիմած յուրաքանչյուր անհատի։ Հայ քրիստոնյային վայել, տիկին Սիլվան երբեք չի բարձրաձայնել իր անհամար բարեգործությունների մասին, և միայն ընկերներն են, երբեմն հիշատակում դրանք. նրանք փետրվարի 26-ին ներկա էին ՀՕՄ-ի «Սիփան» մասնաճյուղի կազմակերպած նորաձևության ցուցադրությանը, որի գլխավոր հովանավորներից մեկը` Սիլվա Չաքմաքչյանն էր։

«ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ ՀԱՍԱԿՍ ԾԱՂԿՈՒՄ Է»

Սիլվա Չաքմաքչյան բարերարը անմասն չէ նաև հայրենիքի զարգացման գործում։ Հայաստանի անկախացումից հետո, 90-ականների սկզբին նա շտապում է հայրենիք` ստեղծելով կարուձևի սրահ, հագուստի խանութ` հարյուրավոր աշխատատեղերով։ Սակայն տնտեսական դաշտի անկայունության պատճառով, նրա հայաստանյան գործունեությունը շարունակություն չի ունենում, բայց տիկին Սիլվան ի վերջո գտնում է հայրենակիցներին օգտակար լինելու ձևը։ 2009 թվականին հիմնադրում է «Գառնի» բարեգործական կազմակերպությունը, որը ստեղծման կարճ ժամանակահատվածում հասցրել է մեծ քանակությամբ հագուստ առաքել հայ կարիքավոր ընտանիքներին, անհատներին` Հայ ավետարանչական եկեղեցու (AMAA), Առաքելություն Հայաստանին (Mission Armenia) կազմակերպությունների միջոցով։

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՒԺԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԸՆՏԱՆԻՔԻՑՍ

Աշխատանքում արձանագրելով աննախադեպ հաջողություններ, Սիլվա Չաքմաքչյանը երբեք գործը չի գերադասել ընտանիքից։

«Շնորհակալ եմ ծնողներիս, որ փոխանցել են ինձ կյանքի բանաձևը, սովորեցրել աշխատելու արվեստը, ինչի արդյունքում կերտել եմ իմ պատմությունը, ստեղծել իմ ընտանիքը»,- նշում է տիկին Սիլվան։ Նա իր երկու զավակներին հայեցի է մեծացրել` նրանց փոխանցելով համամարդկային արժեքները։

«Որդիս ու դուստրս, նաև չորս թոռնիկներս հպարտ են իրենց հայկական ինքնությամբ, միաժամանակ Ամերիկայի արժանի քաղաքացիներ են»,- ուրախությամբ փաստում է գեղեցիկ ընտանիքի մայրն ու տատիկը։

«Հոյակապ պաշտոն է Մարդ լինելն աշխարհում։ Դու հիանալի ես պաշտոնավարում, թանկագին Սիլվա, քեզ սիրում են շրջապատում, հեռավոր Լոս Անջելեսում և Հայաստանում։ Դուք Ձեր վարքագծով, կեցվածքով, անզուգական կազմակերպչական շնորհքով, մարդկային պարզ ու անմիջական բնավորությամբ, անցած ուղիով, սկզբունքային վարքով ու բարքով արժանի եք ընդօրինակման, հատկապես երիտասարդության համար»,- նշված է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` Սիլվա Չաքմաքչյանին ուղղված նամակում։

«Եթե կա՛ ցանկություն, ստեղծվում է նաև ճանապարհ, փակուղիներ չկան, միշտ հնարավոր է ելք գտնել»,- այսպիսին է կայացած հայ կնոջ պատգամը, սեփական օրինակով հաստատելով իր այս խոսքը։

Բիզնեսում հաջողությունների, համայնքում ու հայրենիքում իր ներդրումների համար, Հայ-ամերիկյան առևտրի պալատը Սիլվա Չաքմաքչյանին արժանացրել է «Բիզնեսում լավագույն կին» կոչմանը։ 

Հ. Գ. «Լուռ բարերարուհի» Սիլվա Չաքմաքչյանն արժանացել է նաև «Կիլիկյան ասպետ» շքանշանին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Տ.Տ. Արամ Առաջինի ձեռամբ, հայրենասեր հայուհու կողմից իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ Առաջնորդարանին, Հայկական միությանը և հատկապես հայրենիքին ուղղված սրտաբուխ նվիրատվությունների համար։

 ՆԱՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Լոս Անջելես

2011թ.

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...