20:53
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անշարժ գույքի շուկան վերականգնվում է դանդաղ, բայց հաստատուն քայլերով

2013-07-22 12:38

«Դե Ֆակտո» 66 (2011թ.)

Հարցազրույց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի հետ

-Հարգելի՛ պարոն Ճզմաչյան, ՙԴե ֆակտո՚ ամսագրի այս համարում արծարծվող հիմնական խնդիրներն են բնակարանաշինությունը, անշարժ գույքի շուկան և դրանց հետ կապված ֆինանսական և այլ գործոնները: Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան անշարժ գույքի շուկան:

-Դեռևս 90-ականների վերջից մինչև 2008 թվականը բավական լուրջ աճ գրանցվեց շինարարության ոլորտում, մասնավորապես բնակարանաշինությունում: Սակայն 2008 թվականին սկիզբ առած համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը լուրջ հարված հասցրեց նաև այդ շուկային: Կարող եմ արձանագրել, որ նախորդ տարվա կեսերից մինչ այժմ, ինչպես ամբողջ տնտեսությունը, այնպես էլ անշարժ գույքի շուկան դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերականգնվում է:

Լինելով լավատես` կուզենայի մտածել, որ տենդենցը կշարունակվի, սակայն իրատեսական գնահատականները, մասնավորապես շրջանառվող նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի երևան գալու պարագայում, բերում են ինձ այն կարծիքի, որ այնուամենայնիվ կարող է գրանցվել որոշակի անկում, կամ գոնե տեմպերի նվազում:

Հաշվի առնելով շինարարության տեսակարար կշիռը Հանրապետության ՀՆԱ-ում և հնարավոր ազդեցությունը` կարծում եմ, որ ՀՀ կառավարության գործողությունները, ինչպես դա հիմնականում լինում է, կհամապատասխանեցվեն ստեղծվող իրավիճակին և, եթե նույնիսկ հնարավոր լինի պահպանել այդ շուկայի այսօրվա ձևավորված մակարդակը, ապա կկարողանանք արձանագրել, որ խնդիրը լուծված է:

-Արդյո՞ք հիփոթեքային վարկավորման սահմանված չափանիշներն ամենաօպտիմալն են հայաստանյան իրականության պայմաններում:

-Գիտեք, ես հեռու եմ այն մտքից, որ ինչ-որ երևույթ ամենաօպտիմալն է և այլևս չունի կատարելագործման տեղ կամ կարիք: Հիփոթեքային վարկերի այսօրվա գործող պայմանները ես կանվանեի իրական: Այո, շատ է խոսվում այն մասին, որ հայաստանյան բանկերի կողմից առաջարկվող վարկերի, այդ թվում հիփոթեքային, տոկոսադրույքները ավելի բարձր են, քան արևմուտքի երկրներում: Բայց միաժամանակ պետք չէ անտեսել նաև այն հանգամանքը, որ հայաստանյան բանկերը միջոցներ, այդ թվում` բնակչությունից ավանդներ, ներգրավում են շատ ավելի բարձր տոկոսադրույքներով, քան արևմուտքում: Այսօր ՀՀ բանկերը ավանդներ են ներգրավում տարեկան 11-12% տոկոսադրույքով, որոշ դեպքերում ավելի բարձր, և հիփոթեքային վարկերի համար սահմանված տոկոսադրույքները հայաստանյան իրականության պայմաններում համարում եմ նորմալ:

Միաժամանակ կցանկանայի նշել, որ այսօր պետությունը բանկերի միջոցով իրականացնում է ծրագրեր, որոնք հիփոթեքային վարկերն ավելի հասանելի են դարձնում բնակչության համար, մասնավորապես` ՙԲնակարաններ երիտասարդ ընտանիքներին՚ ծրագիրը, որով երիտասարդ ընտանիքները ստանում են հիփոթեքային վարկեր նույնիսկ 6,5 %-ով /մարզերի բնակիչներ/, քանի որ տվյալ դեպքում առկա է սուբսիդավորում պետության կողմից:

  - Ներկայացրեք, խնդրեմ, ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի ծրագրերը հիփոթեքային վարկավորման վերաբերյալ:

-ՙԱնելիք Բանկը՚ արդեն տևական ժամանակ է` աշխատում է ՀՀ-ում գործող բոլոր հիփոթեքային վարկավորման ծրագրերով, ինչպես նաև իրականացնում է հիփոթեքային վարկավորում սեփական միջոցներով:

Ներկայումս բանկում մշակվում և քննարկվում է 2012-2014թթ. Ռազմավարական զարգացման ծրագիրը, որով և կնախանշվեն բանկի հիմնական ծրագրերը, տեսլականը, որի մի մասնիկն էլ հենց կկազմի հիփոթեքային վարկավորումը: Կարծում եմ, որ կպահպանվի հիփոթեքային վարկերի տեսակարար կշիռը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում, ինչը ենթադրում է, որ բացարձակ մեծությունը կավելանա ընդհանուր պորտֆելին համահունչ:

  - ՙԱնելիք Բանկի՚ կողմից իրականացվում է արդյո՞ք շինարարական ընկերությունների և, մասնավորապես, բնակարանաշինությամբ զբաղվող ընկերությունների վարկավորում:

-ՙԱնելիք Բանկի՚ վարկառուների ցանկում առկա են շինարարության ոլորտում իրենց ուրույն տեղը զբաղեցնող բավականին թվով կազմակերպություններ, որոնց մի մասը զբաղվում է հենց բնակարանաշինությամբ: Հատկանշական է, որ բնակարանաշինություն իրականացնող ՙԱնելիք Բանկի՚ վարկառու ընկերությունների հետ բանկը, որպես կանոն, համագործակցում է նաև կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկերի միջոցով իրացնելու հարցում` առաջարկելով առավել բարենպաստ և մատչելի պայմաններով հիփոթեքային վարկեր:

-Ի՞նչ կփոխի սպասվող նոր ֆինանսա-տնտեսական ճգնաժամը ՙԱնելիք Բանկի՚ քաղաքականության մեջ վերոնշյալ ոլորտներում:

-Կարծում եմ, որ ցանկացած բանկի կողմից վարվող քաղաքականություն պետք է լինի զսպողական, և գործողությունները պետք է իրականացվեն հնարավոր ռիսկերի ճշգրիտ գնահատմամբ ցանկացած պարագայում:

Մինչ այժմ ՙԱնելիք Բանկ՚-ն առանձնանում էր բիզնես ոլորտի վարկավորմամբ, սակայն հաշվի առնելով սպասվելիք ֆինանսա-տնտեսական ճգնաժամի 2-րդ ալիքը` բանկը մեծ ուշադրություն կդարձնի նաև սպառողական վարկավորմանը, մասնավորապես` ապառիկ, հիփոթեքային և այլ տիպի սպառողական վարկավորման զարգացմանը: Բանկը գնում է իր եկամուտների դիվերսիֆիկացիայի:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...