05:11
08/15/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Զորաց քարերի խորհուրդը

2013-07-22 12:27

«Դե Ֆակտո» N45 (2010թ.)

                              Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,

                              Քարե արցունք է, քարե ժպիտ,

                              Քարե սարսուռ է ու քարե սունկ է,

                              Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

                              Քարերի վրա քարե վագրեր են,

                              Ուր որ է` պիտի պատռեն իրար։

                              Քարե երդեր են, քարե վանքեր են,

                              Քարե հավքեր են քիվերն ի վար։

                              Քարե մրրիկ է ու քարե բուք է,

                              Քարե բողոք է ու քարե բերդ,

                              Քարե շեփոր է, քարե թմբուկ է,

                              Քարե թափոր է, քարերի երթ։

                              Քարե ընդվզում, քարե տանջանք է,

                              Քարե ավար է, առևանգում…

                              Քարե զարմանք է ու զարհուրանք է,

                              Քարե թռիչք է, քարե անկում։

                              Քարե ամպրոպ է ու ծիածան է։

                              Քարե լծկան է ու քարե մաճ.

                              Քարե մագաղաթ, քարե մատյան է,

                              Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

       Մեր բաժին Աստված, քո սիրտն էլ քար էր,

                              Որ մեզ քարերը տվիր նվեր,

  Բայց քո կյանքը` կարճ, մերը երկար էր

                              Ու երկարում է քարերն ի վեր։

Համո Սահյան

Դարեր շարունակ փնտրում ենք մեր երբեմնի զորությունը գտնելու բանալին, մեր ապագայի տեսլականը, մեր ապրելու բանաձևը և կարծես մոռացել ենք, որ Զորաց քարերն են այն վայրը, որտեղ սկսվում են հայոց բոլոր արևածագերը և խորհրդանշում մեր երազն իրականություն դարձնելու կամքն ու ուժը։

         Զորաց քարերը մինչհեթանոսական շրջանի կրոնական հուշարձան է, որը համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը։ Մի շարք գիտնականների կարծիքով` այն նախորդում է ներկայումս աշխարհում հայտնի նմանատիպ բոլոր մեգալիթիկ կառույցներին, այդ թվում` անգլիական Սթունհենջին, իռլանդական Նյուգրանջին, ֆրանսիական Կարնակին, իտալական Ֆոսային և այլն, ինչպես նաև մեր հայկական Մեծամորին։

Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս` Երևան-Իրան, Երևան-ԼՂՀ  ավտոճանապարհից 300-400 մ հեռավորության վրա։

Հուշարձանի տարածքը կազմում է 3 հա, որտեղ տեղակայված են մինչև 1.5 մ լայնությամբ, 0.5-3 մ բարձրությամբ, մինչև 10 տոննա կշռող 204 քարեր-մենհիրներ։  Դրանցից 45 քար վնասված է։ Քարերից 76-ի վրա կան լավ հղկված անցքեր` 5-7 սմ տրամագծով։ Հուշարձանի կենտրոնում 39 քար ձևավորում են էլիպսաձև քարաշրջան` արևելքից մինչև արևմուտք 43 մ և հյուսիսից հարավ 37 մ տրամագծով։ Այս քարաշրջանի ներսում գտնվում են դեպի արևմուտք կիսալուսնաձև շարված 20 քար։ Քարաշրջանից երեք ուղղություններով` դեպի հյուսիս-հարավ և հարավ-արևելք ձգվում են քարերի երեք շարք` 2-10 մ լայնությամբ միջանցքներով։

Հյուսիս-հարավ միջանցքն ունի 172 մ երկարություն, որից հետո ևս 40 մ թեքվում է դեպի արևմուտք։ Այս միջանցքի քարերր 71 հատ են, որոնցից 43-ը` անցքավոր։ Հարավային միջանցքն ունի 160 մ երկարություն, որից հետո նույնպես 40 մ թեքվում է դեպի արևմուտք։ Այստեղ քարերի թիվը 69 է, որից 27-ն անցքեր ունեն։

Քարերի անցքերից յուրաքանչյուրը նայում է որոշակի երկնային օբյեկտի` աստղի կամ մոլորակի։ Գիտնականների կարծիքով` հուշարձանի կառուցվածքը արտացոլում է անտիկ երկրաչափության օրենքները և ծառայում է արևի հետ կապվող սկզբունքային կետերի հայտնաբերմանը։ Փաստորեն, քարերը հնագույն աստղագիտական գործիքներ են, որոնց միջոցով հնագույն հայերը դիտարկել են երկնային երևույթները` արևի տեղաշարժը, կանխատեսել եղանակը և այլն։ Այս ամենը միանգամայն տրամաբանական է, եթե նկատի ունենանք, որ մեր նախահայրերի նախաքրիստոնեական և մինչհեթանոսական շրջանի կրոնները հանդիսանում են «գյուղատնետեսական կրոններ», իսկ հավատալիքները ուղղակիորեն փոխկապակցվում էին աստղային` երկնային սիմվոլների և երևույթների հետ։

Կարևոր ենք համարում նշել, որ Զորաց քարերը հայտնի է նաև «Քարահունջ» և «Դիք կամ Դիք-դիք քարեր» անուններով։ Անվան ստուգաբանությունը որոշակիորեն բացահայտում է հուշարձանի գաղտնիքները։

«Դիք քարեր»։ «Դի» արմատը հնդեվրոպական նախահիմք լեզվում, իսկ այնուհետև հայերենում նշանակում է աստված, իսկ «դիք»-ը համապատասխանաբար` աստվածներ, հետևաբար` Դիք քարերը  պետք է ստուգաբանել որպես  «Աստվածների քարեր», այլ ոչ` «Ցից/ցցված քարեր»։

«Զորաց քարեր»։  «Զոր» արմատը նշանակում է ուժ։ Ապացուցված է, որ հնագույն մարդիկ, որպես կանոն, նմանատիպ հուշարձանները կառուցում էին հատուկ ընտրված վայրերում, որտեղ, ըստ նրանց, ավելի ուժեղ է մագնիսական դաշտը, և ուղղված են Երկրի ուժային երակները։ Ընդ որում, այս քարերը կոչված էին պայմաններ ստեղծելու, նպաստելու Երկրի և մարդու ուժերի համադրմանը և ըստ հավատալիքների` օժտված էին գերբնական ուժով ու զորությամբ, այստեղից էլ` «Զորաց քարեր» անվանումը։

Հնարավոր է, որ հին շրջանում հուշարձանը կոչվել է «Զոհաց քարեր», այլ ոչ թե «Զորաց քարեր», եթե նկատի ունենանք, որ այստեղ մեր նախահայրերը զոհեր են մատուցել իրենց աստվածներին։ Այս վարկածը ևս չի կարելի բացառել, եթե հաշվի առնենք, որ զոր արմատը հնագույն շրջանում փոխկապակցված էր զոհ արմատին։ Զորական նշանակում է զինվոր, այսինքն` մարդ, ով պատրաստ է զոհվել, նահատակվել հանուն` ...զոհական։

«Քարահունջ»։ Այս անունը շրջանառության մեջ է դրվել Պարիս Հերունու և էլմա Պարսամյանի կողմից, միգուցե ի նմանություն անգլիական Մթունհենջի, միգուցե որպես առավել հնագույն անվանում հնագույն բնակատեղիի, որ գտնվել է հուշարձանի մոտակայքում։ Համենայն դեպս, մինչ այսօր որևէ մեկը չի ներկայացրել այս տեղանվան գիտական ստուգաբանությունը։ Անգլերեն «սթոուն» և հայերեն «քար», «հենջ» և «հունջ» բառաձևերի մատնանշվող զուգահեռները, ըստ մեզ, որևէ կերպ չեն բացատրում «Քարահունջ» անվան ծագումնաբանությունը։ Այդուհանդերձ, պետք է նշել, որ այս տեղանվան ստուգաբանությունը ևս կարող է կապվել հուշարձանի նշանակության, հնագույն հայերի կրոնական հավատալիքների առանձնահատկությունների հետ, մասնավորապես, եթե նկատի ունենանք, որ ուրարտական դիցարանում եղել է «Քուարա/Քարա» անունով երկնային ջրերի, ամպրոպի, կայծակի, պտղաբերության, երկրի աստվածությունը։ Մյուս տարբերակը բխում է բաբելական արձանագրություններից, որտեղ հանդիպում է  «քարաբ» բառաձևը, որը նշանակում է «եզ», իսկ այս կենդանու պաշտամունքի հետքերը հնագույն հայերի մոտ բազմաթիվ են, ըստ որում` դրանք ուղղակիորեն փոխկապակցվում են աստղային խորհրդանիշների/կրոնի հետ։

Բացի այդ, հայտնի է, որ շումերենենում առկա է եղել «քա» բառաձևը, որը նշանակում է «աստված», իսկ «ար կամ արա» անունը կապվում է հին հայերի արևի աստծո հետ, համապատասխանաբար` «Քարահունջ» անունը կարելի է ստուգաբանել որպես «Արև աստծո տաճար»։

«Զանգեզուր»։ Այս անվան ստուգաբանությունը մինչ այսօր ոչ ոք չի բխեցրել «Զորաց քարեր» հուշարձանի անվանումից և ոչ էլ կապել է դրա հետ, այդուհանդերձ, հարևան Իրանում և Հնդկաստանում բնակվող փարսերի, զեբրերի, այսինքն՝ զրադաշտական կրոնական աղանդի հետևորդների մոտ պահպանված տեղեկություների համաձայն` Զանգեզուր տեղանունը, որ ժողովրդական ստուգաբանության մեջ ծագում է «զանգն է զուր» բառակապակցությունից, իսկ գիտնականները համարում են «Ձագեձոր», «Ծակերի ձոր» տեղանունների պարսկական աղավաղված բառաձևը, կապվում է պատմական Սյունիքում գտնվող հնագույն «Սանգեզուր» բնակատեղու և սրբավայրի հետ, ինչը պարսկերենից թարգմանաբար, որքան էլ տարօրինակ է, նշանակում է «Զորաց կամ Ուժի քար»։Այնպես որ, բացառված չէ, որ Հայաստանի հարավային մարզի անվանումը ծագել է հնագույն հուշարձանից, որ գտնվում Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Ինչևէ,  պետք է արձանագրենք, որ վերջին տարիներին նկատվում է զբոսաշրջիկների հոսքի ավելացում դեպի այս հուշարձան, այդ թվում՝ օտարերկրյա։ Կարելի է կանխատեսել, որ այդ հոսքը առաջիկա տարիներին կառավարության կողմից իրագործվող զբոսաշրջության զարգացման ռազմավարության իրականացմանը և Տաթևի տուրիստական ռեսուրսի առավել արդյունավետ իրացման պայմանների ձևավորմանը զուգահեռ` էապես ավելանալու է, համենայնդեպս, նման հնարավորությունը միանգամայն իրական է։  Հավելումն այս ամենի` այսօր արդեն ղիտարկելի են համալիր քայլեր` ակտիվացնելու դեպի ԼՂՀ զբոսաշրջությունը։  Անշուշտ, այս բոլորը բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծում հուշարձանի տուրիտական ռեսուրսը հնարավորինս արդյունավետ իրացնելու, պատմամշակութային, աստղագիտական (գիտական) և համայնքահեն զբոսաշրջությունը Սիսիանի տարածաշրջանում զարգացնելու համար։ Բացի այդ, հաշվի առնելով հուշարձանի տեղակայումը միջպետական ավտոճանապարհի մերձակա տարածքում և դեպի Տաթև ԼՂՀ տուրիս-տական երթուղու վրա, ինչպես նաև հուշարձանի մշակութային բացառիկությունը` առնվազն տրանզիտ տուրիստական կենտրոնի ձևավորումը, թերևս, առաջ է գալիս վերոնշյալ տուրիստական ռազմավարությունների իրականացման հրամայական անհրաժեշտություն։

Միևնույն ժամանակ պետք է նշենք, որ այսօր արդեն հուշարձանը պահպանության առումով համարվում է ռիսկային, և զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը զուգընթաց` այդ ռիսկերը միայն աճելու են։ Եթե սրան հավելենք, որ ներկայումս Զորաց քարերը իր այցելուներին չի առաջարկում միջազգային չափորոշիչներին համապատասխան որևէ տուրիստական արտադրանք, ապա պետք է ընդունենք, որ հուշարձանի նկատմամբ դիտարկվող հետաքրքրության աճը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ և մասնակիորեն ազդել միջազգային տուրիստական շուկայում ներկայացված հայկական տուրիստական արտադրանքի որակական հատկանիշների վրա ընդհանրապես։

Այսպիսի հուշարձաններ, անշուշտ, կան նաև երկրագնդի այլ վայրերում, բայց Զորաց քարերը բացառիկ քարեդարյան վկայությունն են հայ ազգի պատմության, անխոս վկան` հայության հավերժության, մեր նախնիների Ուժի վայրը, որ, ցավոք, անուշադրության ենք մատնել դարեր շարունակ։ Հիրավի, այլ ազգեր էլ ունեն նման հուշարձաններ, բայց ոչ մեկը նրանցից այսչափ անտարբեր և անհարգալից չէ իր մշակութային ժառանգության, իր անցյալի նկատմամբ։

Այսօր, երբ մենք կառուցում ենք մեր ազգային պետությունը, կերտում մեր անկախությունը, Զորաց քարերը հառնում են նորովի` որպես մեր հավերժության խորհրդանիշ, վայր, որտեղ մենք վերագտնում ենք մեր փառապանծ նախնիների ուժը, հավատը ապագայի և մեր հաղթանակի նկատմամբ։

Բոլորը, ովքեր հավատում են մեր ուժին, հայի տեսակի հաղթանակին, ում համար թանկ է մեր ազգային արժանապատվությունը, այսօր պետք է մասնակից դառնան Զորաց քարերի մշակութային ժառանգության պահպանության և զարգացման նվիրական գործին։

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-08-04 09:50

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց