06:23
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Շինարարաության ոլորտի, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի համար ստեղծվել են նախադրյալներ, որպեսզի այդ ուղղություններով առաջընթացն ապահովված լինի

2013-07-19 11:25

«Դե Ֆակտո» N 45 (2010թ.)

2008-2009թթ. ՀՀ տնտեսության զարգացման հիմնական կայացած բաղադրիչներից է բանկային համակարգը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան

Պարո՛ն Գևորգյան, ամփոփելով 2009թ.` ինչպե՞ս կգնահատեք այն, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ ՀՀ տնտեսական դաշտը։

 ‐Այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջև Հայաստանի Հանրապետության 2009 թ.-ի պետական բյուջեով, հատկապես սոցիալական ոլորտի պարտավորությունները ամբողջությամբ կատարվել են։ Արդյունքում հաջողվեց խուսափել սոցիալական լարվածությունից, որովհետև կառավարությունը կատարեց կենսաթոշակների, աշխատավարձերի և այլ կարգի բոլոր նպաստների տրամադրման պարտավորությունը։  Ինչ վերաբերում է կորուստներին, ապա պետք է նշեմ, որ տնտեսական անկումը, համենայն դեպս, բավականին էական էր և դեռևս որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի վերադառնանք 2008 թվականի տնտեսական ցուցանիշներին։ Առաջիկա տարիներն ուղղված են լինելու դրան։

Չնայած որոշ կապիտալ ծրագրեր սառեցվեցին, այնուամենայնիվ, 2009-ի ընթացքում ներգրավված լրացուցիչ արտաքին ֆինանսական ռեսուրսների հաշվին հնարավորություն եղավ իրականացնել կապիտալ ծախսեր ևս, բայց այլ ուղղություններով, ինչը, փաստորեն, մեծ հաշվով, դրական ազդեցություն ունեցավ տնտեսության տարբեր ճյուղերի վրա։ Օրինակ՝ ճանապարհաշինության, Շիրակի և Լոռու մարզերում՝ երկրաշարժից տուժած անօթևանների համար բնակարանաշինության և այլն։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի,  ֆինանսների նախարարության և մասնագիտացված այլ ծառայությունների կողմից 2009-ի համար ընդհանուր գնահատականներ արդեն տրվել են, ես կշեշտադրեմ, թե ինչ հաջողությունների ենք հասել տեղական ինքնակառավարման ոլորտում։

Լարված տարի համարելով` մենք ի սկզբանե խնդիր դրեցինք, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պարտավորությունները կատարեն այն չափով, որ տեղերում լրացուցիչ խնդիրներ չավելանան։ Եվ ուրախությամբ կարող եմ  արձանագրել, որ 2009-ի ճգնաժամային պայմաններում, համայնքներում սեփական եկամուտները 3,5 մլրդ դրամով ավելի են հավաքվել, քան նախորդ տարի։ Եվ իրականացվել է հիմնականում հողի և գույքի հարկի հավաքման վարչարարության շնորհիվ։ Դա հնարավորություն է տվել ընթացիկ տարում շատ չնչին՝ միայն 15 մլն դրամի չափով աշխատավարձի պարտքեր կուտակել, այն էլ վեց համայնքներում՝ տեխնիկական խոչընդոտի պատճառով, ինչպես նաև նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերից մարել 880 մլն դրամի չափով։ Այսպիսով,  2010թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների աշխատավարձի գծով պարտքը կազմում է 836,309 հազար  դրամ։ Խնդիր է դրված 2010 թ.-ին ՀՀ պետբյուջեով նախատեսված համահարթեցման դոտացիայի գումարների  աճի և ներքին ռեզերվների հաշվին մարել նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերի շուրջ 50 տոկոսը ևս։

Սա, իրոք, մեծ ձեռքբերում է։ Սակայն, չնայած դրան, մենք շատ լավ գիտենք, որ այս ոլորտում դեռևս մեծ անելիքներ ունենք և հստակ պատկերացնում ենք թե՛ անելիքները, թե՛ ունեցած հնարավորությունները։

2009‐ին թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ զուտ մասնագիտական դրական տեղաշարժեր են արձանագրվել ջրային պետական կոմիտեում։  Անցած տարվա համեմատությամբ համակարգի կազմակերպությունների հարկային պարտավորություններն աճել են 1 մլրդ-ով. պետական բյուջե փոխանցված գումարները կազմել են 5,5 մլրդ դրամ։ Աճել են նաև ջրամատակարարման միջին տևողությունները և խմելու ջրի բաժանորդների թիվն ու գանձումները։ Ոռոգման համակարգում օգտագործված ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումը նախորդ տարվա համեմատ աճել է 20 տոկոսով՝ ապահովելով 87,4 %։ Այս համակարգում 2010 թվականի համար կապիտալ լուրջ ներդրումներով մի շարք ծրագրեր են նախատեսված, որոնք պետք է ամբողջությամբ և ամենակարևորը՝ որակով և ճիշտ ծավալներով իրականացվեն։

Անցած տարի հասանք նրան, որ միգրացիայի ոլորտում լուրջ ուսումնասիրություններ կատարվեցին և դրանց արդյունքում միջազգային մեր գործընկեր կազմակերպությունները եկան նրան, որ կարգավիճակի փոփոխություն է անհրաժեշտ և պետք է ավելի լուրջ գործառույթներով, համակարգող մի մարմին ձևավորվի։ Արդյունքում անցած տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց միգրացիոն պետական ծառայությունը։ Վերջերս այդ կառույցի ղեկավար  նշանակվեց Գագիկ Եգանյանը։ Ես հուսով եմ, որ նոր կարգավիճակով այս կառույցը նորովի կաշխատի։

Պետք է նշեմ, որ 2009-ը մեզ համար բեկումնային էր նաև  թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում ձեռք բերված որոշակի դրական արդյունքներով։ Դա արտացոլվեց ԱՄՆ պետքարտուղարության` թրաֆիկինգի  վերաբերյալ ամենամյա զեկույցում, ուր Հայաստանը հանվել է հատուկ վերահսկման ցուցակից։ Ինչ խոսք, դա լրացուցիչ պարտավորություններ է թելադրում ձեռք բերված առաջընթացը պահպանելու համար։ Փետրվարին կկայանա Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի առաջին նիստը, որտեղ կամփոփենք նախորդ տարվա արդյունքները և կհստակեցնենք 2010-ի ծրագրերը։

Ես կարևորում եմ, որ ի դեմս խորհրդի ձևավորվել է մի հարթակ, որտեղ լիարժեք և արդյունավետ կարողանում են համագործակցել պետական համապատասխան մարմինները, հասարակական և  միջազգային մեր գործընկեր կազմակերպությունները։

Հակաճգնաժամային ծրագրի միջոցով կառավարության ձեռնարկած քայլերը հնարավորություն տվեցի՞ն տնտեսության առավել տուժած ճյուղերին ոտքի կանգնել և տարին ամփոփել հնարավորինս քիչ կորուստներով։

‐2009-ն ամփոփվեց,  և արձանագրվեց ՀՆԱ-ի 14-15 %-ի անկման շեմը, ինչը մտահոգիչ է։ Դա նշանակում է, որ տնտեսության որոշ ճյուղեր, այնուամենայնիվ, վերականգնվելու և զարգացում ապրելու հնարավորություններ չգտան։ Բայց հատկապես շինարարաության ոլորտի, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի համար ստեղծվել են նախադրյալներ, որպեսզի այդ ուղղություններով առաջընթացն ապահովված լինի։ Ավելացնենք, որ քայլեր են ձեռնարկվել, որ 2010-ին դրանք ավելի  գործուն լինեն հիպոթեկային համակարգի  զարգացման առումով։

Մարզպետների հետ նպատակային աշխատանք է տարվել մարզերում գործող փոքր և միջին բիզնեսով զբաղվողների ծրագերի վարկավորման, նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ 

Ընդհանուր առմամբ, հակաճգնաժամային միջոցառումների և քայլերի ազդեցությունը դժվար է գնահատել միայն մեկ տարվա կտրվածքով։ Դրանց ազդեցությունն ինչ-որ չափով տարածվելու է նաև 2010-2011 թվականների վրա, և կարծում եմ, որ 2010-ին ավելի լուրջ առաջընթաց կարձանագրվի այդ դժվարությունների հաղթահարման առումով, քան նախորդ տարում։

-ՀՀ նախարարությունների աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք։ «Տարվա նախարար կամ նախարարություն» ո՞ր նախարարին կամ նախարարությանը կկոչեիք։

‐Որպես գործընկեր դժվար է գնահատել մյուսների աշխատանքը։ Դա ավելի շատ  հանրապետության նախագահի և վարչապետի  իրավասությունն է։ Այնուամենայնիվ, կնշեմ, որ այն ոլորտները, որտեղ ես աշխատելու, ծրագրերի ընթացքներին հետևելու անմիջական հնարավորություն եմ ունենում, 2009-ի համար նախանշված բոլոր միջոցառումներն, ըստ էության, կատարվել են։ Ինչ խոսք, որոշ տեղերում խնդիրներ կան։ Նախարարների հաշվետվությունները ՀՀ կառավարությունում դեռևս չեն քննարկվել, այդ իսկ պատճառով ֆորմալ առումով նույնպես դեռևս վաղ է գնահատականներ տալ։

Ինչ վերաբերում է տարվա նախարար կամ նախարարություն առանձնացնելուն, ապա, համենայն դեպս, ես կդժվարանամ որևէ մեկին նման տիտղոս շնորհել։ Միաժամանակ գտնում եմ, որ տարվա ընթացքում բավականին կարևոր դերակատարում է ունեցել և շարունակելու է ունենալ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն, որովհետև այս կառույցի լավ և արդյունավետ աշխատանքով է պայմանավորված  լինելու ամբողջ կառավարության աշխատանքը։ Ես կարծում եմ, որ 2009-ի ողջ ընթացքում կոմիտեն իր ողջ ծավալով և հնարավորություններով աշխատել է, կառավարությունն էլ փորձել է օգնել։

Նախարարությունների բյուջեները կրճատվեցին։ Դա նրանց  աշխատանքի արդյունավետությունը չի՞ խոչընդոտի։

‐Պետք է ասել, որ  տնտեսական ճգնաժամի պայմաններում նախարարությունների բյուջեները թեև կրճատվեցին կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ծախսերն էլ ավելի օպտիմալացվեցին և դարձան առավել սահմանափակ, սակայն դա նրանց աշխատանքի արդյունավետությունը չխոչընդոտեց։ Թեև ընդգծենք, որ նախարարությունները  նախկինում էլ մեծ ճոխություններ չունեին՝ հատկապես պահպանման ծախսերի մասով, և հաշվի առնելով, որ այսօր նրանց հիմնական գումարներն աշխատավարձի ֆոնդն է, և եթե աշխատավարձերն էլ չեն կրճատել, ապա պետք է արձանագրել, որ աշխատանքի որակի վրա ազդելու ուղղությամբ լուրջ խնդիրներ չպետք է լինեն։ Մնացած բոլոր պարագաներում, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհն է նույն վիճակում գտնվում և ծախսերն ավելի օպտիմալ, արդյունավետ դարձնում ու փորձում քչով բավարարվել, ապա, բնականաբար, մենք ևս նույն տրամաբանությամբ ենք առաջնորդվում։ Ես կարծում եմ, որ եթե տնտեսության զարգացման հնարավորությունները թույլ տան ծախսերը մեծացնել, իհարկե, այդ հարցին կարելի է կրկին անդրադառնալ։ Բայց ես գտնում եմ, որ նման հնարավորության պարագայում ավելի լավ է այդ գումարներն ապագայում ուղղենք ոչ թե նորից նախարարությունների պահպանման ծախսերն ավելացնելուն, այլ  կապիտալ ներդրումներ իրականացնելուն։ Մանավանդ, որ կապիտալ ծախսերի մասով բազմաթիվ խնդիրներ ու բազմաթիվ չլուծված հարցեր ունենք հատկապես մարզերում՝ վերակառուցումներ, վերանորոգումներ, փախստականների, արծվաշենցիների խնդիրների լուծում, հրետակոծված տների դիմաց փոխհատուցում և այլն։

 - 2010 թ. տնտեսական քաղաքականությունը առանցքային ի՞նչ ուղղություններ կունենա։

-Ես չէի ցանկանա ընդհանուր տնտեսական քաղաքականությանն անդրադառնալ, որովհետև այդ մասին արդեն խոսվել է, շեշտադրումներն արված են։ Այնուամենայնիվ, կուզենայի նշել, որ մեր նախարարության համար առաջնային է մնալու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իսկ պարտավորությունները կատարելու աշխատանքը շարունակելը։ Մենք բացահայտել ենք ռեզերվներ, որոնց շնորհիվ կարող են սեփական եկամուտներն էլ ավելի մեծանալ։ Դա հնարավորություն կտա ոչ միայն նախորդ 10 տարիների ընթացքում (մինչև 2008 թ.-ը) կուտակված աշխատավարձերի պարտքերի մի մասը ևս մարել, այլ նաև համայնքային զարգացման նոր ծրագրեր իրականացնել։

Հաշվի առնելով, որ տնտեսական քաղաքականության վրա ուղղակի կամ անուղղակի իր դրական ազդեցությունն են ունենում նաև իրականացվող կապիտալ ծրագրերը, այդ իմաստով նախարարության ոլորտում գտնվող կազմակերպությունների կողմից կապիտալ ծախսերի խնդիրն է առանցքային լինելու։

Հայաստանի Հանրապետության  նախագահի և վարչապետի հանձնարարությամբ մենք արդեն հրապարակել ենք, թե հատկապես որ երեք ուղղություններն են լինելու նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։ Այս պարագայում կուզենայի ևս մեկ անգամ շեշտադրել։

2010 թ.-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության առաջնահերթ խնդիրներն են լինելու`

հարկային վարչարարության բարեփոխումը,

տարածքային կառավարման համակարգի բարեփոխումը,

  ջրային համակարգում կապիտալ շինարարության ծրագրերի իրականացումը և բարձր որակի ապահովումը։

Ես կարծում եմ, որ եթե 2010-ին մենք կարողանանք այս ուղղություններով  էական արդյունքներ արձանագրել, ապա դրանցից յուրաքանչյուրն ուղղակի կամ անուղղակի դրական ազդեցություն  կունենա ընդհանուր տնտեսական զարգացման

  Ըստ Ձեզ՝ որո՞նք են մեր տնտեսության առավել ուժեղ և թույլ զարգացած ճյուղերը։

-Դժվար է այս հարցին պատասխանել առանց  մասնագիտական լուրջ վերլուծությունների։ Բայց, այնուամենայնիվ, 2008-2009 թվականների իմ աշխատանքի փորձով որպես կայացած համակարգ, որպես տնտեսության զարգացման հիմնական բաղադրիչներից մեկը կնշեի բանկային մեր համակարգը։ Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում այն դրսևորվեց որպես ինքնուրույն գործող, տնտեսության զարգացման համար լուրջ խնդիրներ չառաջացնող կայուն մի համակարգ։ 

Իհարկե, մենք խնդրահարույց տարբեր ոլորտներ ունենք՝ արդյունաբերական ճյուղերից՝ քիմիական, մեքենաշինության, թեթև արդյունաբերության,  սակայն իմ այցերից և շփումներից ելնելով՝  իմ պատկերացմամբ առավել խնդրահարույց կարելի է համարել հատկապես  գյուղատնտեսության ոլորտը։ Այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիքներ ունենք և ջանքեր պիտի ներդնենք էական արդյունքներ արձանագրելու համար։ Եվ պատահական չէ, որ 2010-ի մեր առաջնահերթ խնդիրներից մեկը հենց գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումն է։ Դա ենթադրում է թե՛ պետական աջակցության նոր ձևեր, թե՛ հողերի արդյունավետ օգտագործում, թե՛ սերմնաբուծության և տոհմաբուծության զարգացում։

 Վերլուծելով Ձեր մարզային այցելությունները՝ ի՞նչ խնդիրներ են առկա մարզերում, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։

 ‐Նախորդ հարցին պատասխանելով` ըստ էության, անդրադարձա նաև այս հարցին։ Այսօր ես մարզերում որպես հիմնական խնդիր տեսնում եմ հիմնականում աշխատանքի պայմանների բարելավումը։ Խոսքը հենց գյուղատնտեսության բարելավման մասին է։

Նախ` պետք է հասկանանք, գնահատենք, թե  վերջին տարիներին իրականացվող պետական աջակցության ձևերն այս ոլորտում ինչ արդյունավետություն են ունեցել, և գյուղատնտեսությունը զարգացնելու համար աջակցության նոր հնարավորություններ գտնենք։

 Եթե առաջիկա տարիների ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ այս որորտում կարողանանք էական տեղաշարժ ապահովել, ապա, կարծում եմ, կկարողանանք ամրագրել, որ մարզերում կյանքի որակի քիչ թե շատ բարելավում է տեղի ունեցել՝ հաշվի առնելով, որ բացառությամբ քաղաքային մի քանի համայնքների, որտեղ խոշոր արդյունաբերական գործարաններ են աշխատում, եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է՝ հողը և անասնապահությունը։

 2010 թ. ի՞նչ նոր ծրագրեր են իրականացվելու, որոնք հատկապես կցանկանաք ընդգծել։

‐Այս մասին կարծես արդեն հիմնականում խոսեցինք։ Շատ կարևորում ենք հարկային վարչարարության բարելավումը։ Բանն այն է, որ հարկահավաքությունն այսօր համայնքի համար պարտադիր լիազորություն չէ։ Որովհետև մեր գործող օրենսդրությամբ դա ընդամենը պատվիրակված լիազորություն է, որ պետությունը տվել է համայնքներին։ Եվ համայնքները, փաստորեն, այն իրականացնում են՝ դրսևորելով բարի կամք։ Դրանից զատ, համայնքն այսօր հարկային վարչարարություն իրականացնելու գործիքներ չունի։

Այս տարվա ընթացքում փորձելու ենք ամբողջականացնել տեղական մակարդակով հարկային վարչարարության օրենսդրական դաշտը։ Խնդիր  ունենք նաև վերլուծելու և գտնելու այն ձևերը, որոնք հնարավորություն կտան համայնքներին սեփական եկամուտներով քիչ թե շատ ինքնուրույն ծրագրեր իրականացնել, հնարավորինս նվազեցնել կախվածությունը պետությունից։ Իսկ դրա համար նախևառաջ պետք է առավելագույնս սեփական եկամուտներ ունենան։ Հարկահավաքության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջին հերթին պետք է ռեզերվները գտնեն և բերեն հարկային դաշտ։ Եվ երկրորդ՝ պետք է հասկանանք, թե որքանով են այսօրվա գործող դրույքաչափերը, հատկապես այն տարածքներում, ուր ռեալ շուկայական հարաբերություններ կան ձևավորված,  համապատասխանում այսօրվա հարաբերություններին։  Հատկապես Երևանի և քաղաքային խոշոր այլ համայնքների օրինակով կարող ենք ասել, որ  որոշ դեպքերում գանձվող հարկի չափը և գույքի շուկայական արժեքն անհամադրելի են։

Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ արդեն իրականացվել են։ Տարին սկսել ենք հենց այս խնդրի լուծմամբ։

Կուզեի անդրադառնալ նաև մարզպետների՝ տարածքային կառավարման համակարգին։

Թե՛ Երևանում, թե՛ մարզերում այսօր հիմնական դժգոհությունը մարզպետի ինստիտուտից է։ Դրա ձևավորումից 15 տարի է անցել, երկրում նոր հարաբերություններ են ձևավորվել, տնտեսական նոր իրավիճակ է ստեղծվել, սակայն այդ ինստիտուտի վերաիմաստավորում տեղի չի ունեցել։  Մի կողմից` մարզպետներին վերապահվող նոր դերակատարման, մյուս կողմից` գործող օրենսդրական նոր կարգավորումներին համապատասխանացնելու համատեքստում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։  Տարածքային կառավարումը  կբարեփոխվի ՀՀ նախագահի նոր հրամանագրով։

Որպեսզի մեզ համար էլ հստակ լինի, թե ինչպես պետք է գնահատենք մարզպետների աշխատանքը, ապահովենք նորմալ պայմաններ և պահանջենք, պետք է անցած 15 տարվա փորձն ամփոփելով` ամրագրենք «մարզպետ» հասկացողությունն այսօրվա պայմաններում և առաջ շարժվենք ։

Համենայն դեպս, պետք է արձանագրենք, որ մենք ունենք մարզպետի կայացած և բավարար կարողություններով ձևավորված ինստիտուտ՝ համապատասխան աշխատակազմերով։ Ընդամենը մնում է փաստացի ձևավորված հարաբերություններին նոր, իրավիճակին համապատասխան իրավական կարգավիճակ տալ և հնարավորինս պարզեցնել ու հստակեցնել մարզպետների և մարզում ու հանրապետական մակարդակով գործող  մնացած բոլոր սուբյեկտների հարաբերությունները։

ՀՀ նախագահի հանձնարարությամբ 2009 թվականին նախարարության կողմից մշակվել և կառավարության կողմից հավանության են արժանացել մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչները և դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները։

Այս տարի համակարգը ներդրվեց։ Առաջին անգամ արդյունքներն ամփոփվում են։ Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ արդեն շահագրգիռ քննարկումներ են գնում։ Մարզպետներն իրենք էլ են հետևում, թե արդյո՞ք իրենց աշխատանքն օբյեկտիվ է գնահատվում, այն, ինչ իրականացրել են, արտացոլվե՞լ է այդ գնահատականների մեջ։ Միաժամանակ ակնհայտ է դառնում, թե որ  նախարարությունն է տիրապետում մարզերում տիրող իրավիճակին, որը չի տիրապետում։ Եվ պետք է ասեմ, որ մի քանի գերատեսչություններ ձևական են մոտեցել այս գործընթացին։ Մենք հորդորել ենք, որ մեկ անգամ ևս վերանայեն իրենց դիրքորոշումը, վերագնահատեն և, անկախ ընկերական հարաբերություներից, չնեղացնելու սկզբունիքից վեր կանգնեն և ավելի արդար գնահատական տան։ Որովհետև սրանք  ավելի շատ աշխատանքային հարաբերություններ են։ Եվ չեմ կարծում, որ չնեղացնելով ինչ-որ մեկին և բարձր գնահատական դնելով, լավություն են անում։ Ճիշտ հակառակը՝ վատություն  են անում այնքանով, որ վաղը եթե թերություններ  բացահայտվեն, առաջին հերթին պատասխան է տալու այն պաշտոնյան, ով այդ գնահատականն է տվել։ Այնպես որ, որպեսզի ոչ մեկը չնեղանա,  ամենից ճիշտն օբյեկտիվ գնահատական տալն է։

 -Որպես փոխվարչապետ՝ ՀՀ կառավարության աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք։

‐Չէի ցանկանա այս հարցին պատասխանել, որովհետև կառավարության աշխատանքի գնահատականը ես չէ, որ պետք է տամ։

Ինչպե՞ս դիմավորեցիք 2010ը։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։

‐Ինչպես միշտ, նոր տարին դիմավորեցի ընտանիքիս հետ։ Բավականին հանգիստ։ Հնարավորություն կար մտածելու, մտաբերելու 2009-ի բացթողումները, չարածները, և ինքս ինձ համար նախանշեցի  2010-ի անելիքները։ Ամանորյա այդ հանգստությունը նաև հնարավորություն տվեց լուրջ անելիքներ նախանշել 2010-ի հետ կապված, որը նաև արտացոլվեց հունվարի 8-ին Ծաղկաձորում հանրապետության նախագահի եւ մարզպետների  հետ կայացած հանդիպման ժամանակ բավականին հետաքրքիր քննարկման ընթացքում։

Սպասելիքն այն է, որ բոլորիս ընտանիքների համար լինի առողջության տարի, որ 2010-ը բերի նոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ և հնարավորություն ունենանք 2010-ի վերջում ավելի բարձր արդյունքներ արձանագրել, քան ունեցել ենք 2009-ին։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...