15:20
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես հավատում եմ Աստծուն և հայ Առաքելական եկեղեցուն, իմ երկրին եմ հավատում

2013-07-15 11:25

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Արթուր ԳևորգյանՀաջողության ճանապարհը կարելի է հարթել միայն մշտապես բարեփոխվելու, կրթվելու և երբեք դժվարությունների առաջ չընկճվելու անհագ ցանկությամբ»

Արթուրը դեռ 9 տարեկան էր, երբ հայրը` նախկին հեծանվորդ, Խորհրդային Միության հեծանվավազքի մրցության հաղթող Սամվել Գևորգյանը, նրան տարավ բռնցքամարտի դպրոց։ Պայքարի և հաղթանակի ոգին Գևորգյանների գեներում է. հայրը զոհվեց արցախյան պատերազմում` հանուն ազգի հաղթանակի ու անկախության։ Մարզիչները փայլուն սպորտային ապագա էին կանխատեսում Արթուրի համար։ Տակտիկական մտածողությունը, բարձր կամային հատկությունները, ճկունությունն ու բնատուր տաղանդը այն հիմքերն էին, որոնց վրա պետք է հետագայում կերտվեին Արթուր Գևորգյան բռնցքամարտիկի առաջընթացն ու հաղթանակները։

Ավարտել է Դավթաշենի թիվ 189 դպրոցը, որին հետագայում տրվել է հոր` Արցախի գոյամարտի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» ռազմականացված ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի անունը։

1987 թ-ից զբաղվել է բռնցքամարտով։

1989 թ-ին Արթուր Գևորգյանը դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող՝ լրացնելով սպորտի վարպետի նորման։

1996 թ-ին ընդունվել և 2000 թ-ին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։

1998 թ-ին անունը գրանցվել է ՖԿՊԻ-ի դյուցազնագրքում։

1996 թ-ին Ատլանտայում կայացած 26-րդ օլիմպիական խաղերում գրավել է հինգերորդ տեղը` հանդիպումներից մեկում պարտություն կրելով Ֆլոյդ Մեյվեդերի կողմից, ով ներկայիս դրությամբ հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մարզիկը։ Ստացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։

1998 թ-ին դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր։

2000 թ-ին մասնակցել է Սիդնեյի օլիմպիական խաղերին։

1995-2002 թթ-ին դարձել է միջազգային մրցաշարերի հաղթող, ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում։

2003 թվականին ճակատագրի բերումով Արթուր Գևորգյանը լքեց մեծ սպորտը` կիսատ թողնելով լավագույն բռնցքամարտիկ դառնալու հեռանկարը… Աստծո ուղիներն անքննելի են… Եվ կյանքը նրան տարավ այլ հունով։ Սակայն բնավորության գծերը, որոնք ձևավորել էր Արթուրի մեջ բռնցքամարտը, անհետևանք չմնացին։ Հզոր կամքը, համբերատար, բայց անզիջում պայքարողի ոգին, հաղթելու և նորանոր բարձունքներ գրավելու մղումը Արթուր Գևորգյան բռնցքամարտիկին բերեցին մի նոր ասպարեզ` քաղաքականություն։ Այս ասպարեզում ևս նա ինքնադրսևորվեց լավագույնս։ 2005-2008 թթ-ին եղել է Երևանի Դավթաշեն համայնքի ղեկավարի տեղակալ։ 2008 թ-ի մայիսի 18-ին ընտրվել է Դավթաշեն համայնքի ղեկավար։ 2009 թ-ի հունիսի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։ ՀՀԿ խորհրդի անդամ է, Դավթաշեն համայնքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

2012 թ-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 5 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։

Երիտասարդ թաղապետ Արթուր Գևորգյանի գործունեության տարիները դրական մեծ նշանակություն ունեցան Դավթաշեն վարչական շրջանի զարգացման և բարեկարգման հարցում։ Վարչական շրջանի ղեկավարության ընթացքում ձեռք բերած վստահությունը, դավթաշենցիների շրջանում վայելած սերն ու հարգանքը դարձան գնահատականը Արթուր Գևորգյանի աշխատանքի ու նաև վստահության քվեն` ՀՀ Ազգային ժողովում իրենց տարածաշրջանը ներկայացնելու պատվավոր պարտականությունը ստանձնելու համար։

Քաղաքականություն մտնելով հանդերձ` Արթուր Գևորգյանը չի հեռացել սպորտից։ Նրա հետևողական ուշադրության կենտրոնում է հայկական սպորտը, հայկական սպորտի զարգացման հեռանկարներն ու այդ հեռանկարների զարգացման համար արդյունավետ լուծումներ գտնելը։ Այսօր Արթուր Գևորգյանը ՀՀ ԱԺ սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ է։

Ձեզ ենք ներկայացնում «Դե ֆակտո» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի հետ։

-Պարո՛ն Գևորգյան, շուտով  կլրանա 5-րդ գումարման ԱԺ գործունեության մեկ տարին։ Իբրև պատգամավոր, ինչպե՞ս կգնահատեք  մեր խորհրդարանի աշխատանքները։

-Տարին բավականին  ակտիվ էր, սակայն որոշակիորեն շեղվել ենք  բուն գործունեությունից, քանի որ այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան համապետական և առաջիկայում տեղի է ունենալու Երևանի ավագանու ընտրություններ։ ԱԺ-ում առկա  կուսակցությունները և քաղաքական  գործիչները շատ դեպքերում զբաղված էին պոպուլիզմով` փորձելով որոշակի ընտրազանգվածի ուղղորդել իրենց կողմ։

-Իբրև ԱԺ սպորտի  և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ` ի՞նչ խնդիրներ եք տեսնում ոլորտում, որոնք պատրաստվում եք վերհանել մոտ ապագայում։

-Իհարկե ունենք խնդիրներ, մասնավորապես ես կխոսեմ այն ոլորտից, որին քաջ ծանոթ եմ, այսինքն` սպորտից։ Ինչպես մեզ հայտնի է համաշխարհային սպորտը ենթարկվում է փոփոխությունների, խոսքը ըմբշամարտի ձևերի` որպես օլիմպիական մարզաձև չներգրավելու և մի շարք այլ մարզաձևերի ներգրավելու մասին է, որոնք  մտորելու և ծրագրերը վերադասավորելու անհրաժեշտություն են առաջացնում։ Այդ փոփոխություններից անմասն չի մնացել նաև բռնցքամարտը։ Վերջին  քննարկումներով առաջարկվում  է, որ օլիմպիական խաղերին  մասնակցեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի ներկայացուցիչներից մինչև 40 տարեկան աշխարհի չեմպիոնները և օլիմպիական խաղերի մրցանակակիրները։ Իհարկե շատ ավելի դիտարժան կդառնա օլիմպիական բռնցքամարտը։ Սակայն այս ամենը դեռ քննարկման փուլում է, բայց հետևություններ անել է պետք նախօրոք։ Կարծում եմ` շուտով առիթ կունենամ ԱԺ-ին ներկայացնելու սպորտի ոլորտի հետ կապված օրենքի նախագիծ, որն ավելի շատ կանոնակարգող դեր կխաղա մարզիկի և պետական ապարատի միջև։ Սա ԱԺ գործունեության ընթացքում նոր մոտեցում է, քանի որ  մինչ այժմ մեզ մոտ գործում է խորհրդային ժամանակների  մոդելը։ Օրինագծի շուրջ աշխատում ենք իմ բազմափորձ գործընկերոջ` նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ։

-ՀՀ սպորտի նախարարության գործունեության վերաբերյալ տեսակետները տարբեր են և հակասական։ Իբրև նախկին մարզիկ և ներկայումս նաև ոլորտի օրենսդրական կարգավորումներով զբաղվող պատգամավոր` Դուք ինչպե՞ս եք գնահատում  նախարարության գործունեությունը, ի՞նչ ձեռքբերումներ, բացթողումներ և անելիքներ ունենք առաջիկայի համար։

-Ընդունված  մոտեցում է, որ ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ։ Տվյալ պարագայում ուզում եմ մեզ համեմատության մեջ դիտարկել հարևան երկրների հետ, ավելի կոնկրետ` Վրաստանի և Ադրբեջանի։ Խոսենք թվերով` 1996թ. մենք զբաղեցրինք 45-րդ հորիզոնականը, Վրաստանը` 68, Ադրբեջանը` 61։ Վերջին` 2012թ. օլիմպիական խաղերին մենք զբաղեցրինք 60-րդ հորիզոնականը, Վրաստանը` 39, Ադրբեջանը` 30։ Եվ սա այն դեպքը չէ, որտեղ հիմնական մեղքը պետք է գցել ֆինանսական ներդրումների անհամաչափության վրա։ Այն ժամանակ էլ մենք  ֆինանսների գրեթե բացակայությամբ էինք հանդես գալիս։ Եվ տարիներ շարունակ ձախողումից հետո, նույն  ղեկավար թիմով փորձել հասնել  բարձր արդյունքների, իրատեսական չէ։ Կարծում եմ այս ոլորտը արմատական փոփոխությունների կարիք ունի։

-Դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունը բարձրացրեց ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, որը, սակայն, մնաց ապագայի քննարկվելիք խնդիր։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր ընտրակարգն է առավել արդյունավետ մեր խորհրդարանի ձևավորման համար։ Առաջիկա ընտրություններում այս փոփոխությունը հնարավոր համարո՞ւմ եք։

-Ինձ համար երկու տարբերակներն էլ ընդունելի են, և դեռ հարց է, թե որ մոտեցումն է ավելի ժողովրդավար։ Երկուսն էլ ունեն իրենց դրական կողմերը, և կարծում եմ դա հետագայի քննարկելու և վերլուծելու խնդիր է ։

 -Կազմակերպված ընդդիմություն ունենալը տեսականորեն շատ արդյունավետ է պետության համար, ընդդիմություն, որը զգոն է պահում իշխանությանը։ Ինչպիսի՞ն եք համարում այսօր Հայաստանում ձևավորված ընդդիմադիր դաշտը։

-Համամիտ եմ ձեր հարցի հետ և  այս նախընտրական շրջանը հե՛նց  համարում եմ  ընդդիմադիր դաշտի ձևավորման  շրջան։

-2012-2013թթ քաղաքական առումով բավական հարուստ էր ու լարված. ԱԺ, նախագահական ընտրություններից  հետո գնում ենք Երևան քաղաքի ավագանու ընտրությունների։ Ինչպե՞ս եք գնահատում գործող քաղաքապետի և ՀՀԿ շանսերը։

- ՀՀԿ-ն ներկայացնում է փորձառու, միևնույն ժամանակ երիտասարդ թեկնածու Տարոն Մարգարյանը, և այդ քաղաքական թիմը արդեն բավականին հաջող գործունեություն է ծավալում Երևան քաղաքում։ Կույր պետք է լինել, որպեսզի չնկատել դրական փոփոխությունները Երևան քաղաքում։

-Քաղաքապետի գործունեության վերաբերյալ գնահատականները և' դրական են, և' քննադատական։ Ո՞րն է այն գլխավոր գործոնը, որի համար երևանցին կարող է իր ձայնը տալ գործող քաղաքապետին։

-Ձեր հարցից հետո հարց է ծագում, ինչո՞ւ այդ քննադատությունները չկար  անցած 4 տարիների ընթացքում, մինչև նախընտրական արշավի սկիզբը։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ դա ուղղակի ընտրական կրքերով պայմանավորված հոխորտումներ են։

-Պարո՛ն Գևորգյան, որպես Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, իսկ այսօր այդ տարածքը ներկայացնող պատգամավոր` Դուք այժմ էլ շատ կապված եք համայնքի հետ։ Ինչպիսի՞ն է այսօր պատգամավորբնակիչ կապը։

-Երկար տարիներ աշխատելով Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար` այսօր էլ, որպես մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր,  չեմ կտրվել բնակիչներից։ Ուղղակի բազմազբաղ լինելու պատճառով այժմ հնարավորություն չեմ ունենում շաբաթը մեկ անգամ կազմակերպել ընդունելություն, բայց ամիսը մեկ անգամ, ամսվա վերջին ուրբաթ օրն իմ ընդունելության օրն է։ Այժմ ավելի մեծ շառավղով խնդիրների եմ կարողանում օգտակար լինել։

 - Բազում ակնհայտ ձեռքբերումների կողքին դեռևս անելիքներ կան։ Այսօր ի՞նչ խնդիրներ ունի դավթաշենցին, և ի՞նչ անելիքներ` համայնքի ղեկավարը։

-Իհարկե, Երևանը կենդանի մարմին է և բացի նրանից, որ պետք է պահպանվի ստեղծածը, պետք է նաև զարգանա։ Իսկ վարչական շրջանի նոր ղեկավարը կրում է մեծ պատասխանատվություն արդեն իսկ սկսված և կատարված հսկայածավալ աշխատանքները պահելու և ավարտին հասցնելու ուղղությամբ։

-Այս տարի նաև լրացավ Արցախյան շարժման 25 ամյակը։ Այդ շարժման առաջամարտիկ նվիրյալներից  և նահատակներից էր Ձեր հայրը` Սամվել Գևորգյանը։ Այսօր` 25 տարի անց, ի՞նչ կասեք այս մասին։

-Լինելով հերոս ազատամարտիկի որդի` ես  այդ հաղթանակի կրողն եմ և այս տարիների ընթացքում ինձ հաջողվել է Դավթաշեն վարչական շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը արմատավորել մանկապարտեզից մինչև  դպրոց, երիտասարդական կազմակերպություններից  մինչև երկրապահ կամավորականներ։

Հինգ տարի առաջ Արցախում՝  Գանձասարի ճանապարհին, հուշարձան տեղադրեցինք հորս և նրա ջոկատից 8 զոհված մարտիկների հիշատակին։ Մեզ հետ Արցախ էին եկել նաև այդ տղաների մայրերը։ Չափազանց հուզիչ տեսարան էր. նրանք երբևէ Արցախում չէին եղել և չգիտեին, թե  իրենց որդիները որտեղ են զոհվել։  Այդ օրվանից հետո այն յուրատեսակ ուխտատեղի է դարձել դավթաշենցիներիս  համար։

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում, ո՞ւմ կամ  ինչի՞ն եք հավատում։

-Ես հավատում եմ Աստծուն և հայ Առաքելական եկեղեցուն, իմ երկրին եմ հավատում։ Հայրս` «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, «Սասունցի Դավիթ» և  «Սասնա Ծռեր» ջոկատների հրամանատար Սամվել Գևորգյանը ինձ յուրօրինակ ժառանգություն է թողել՝ իր անունը, հերոսական, բարի համբավը։ Այն ինձ ոգեշնչում է և պարտավորեցնում լինել լավը։ Ես ամեն օր առնչվում եմ մարդկանց հետ, ովքեր 21 տարի անց հիշում են հորս, պատմություններ  պատմում նրա մասին, և հենց դա պարտավորեցնող է։

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

-Փաˊռք Տիրոջը, ես ունեմ հիանալի ընտանիք, հիանալի բալիկներ և դեռ սա սկիզբն է, թող Տերը առողջություն տա, երեխաները ընտանիքում  շատ պետք է լինեն։

-Երիտասարդ հաջողված քաղաքական գործիչ, նախկին բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի մասնակից. բավականին հարուստ կենսագրություն ունեք։ Ո՞րն է հաջողության Ձեր գրավականը։

-Միգուցե անհագ ցանկությունն է մշտապես բարեփոխվելու, կրթվելու և երբեք դժվարությունների առաջ չընկճվելու։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...