17:28
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անուններ չեմ ուզում նշել, որովհետև հնարավոր է ինչ-որ մեկին մոռանամ

2013-07-13 10:59

«Դե Ֆակտո»  4 (2007թ.)

Վերջերս մեր ամսագրի անցկացրած հարցումների համաձայն Հայկական Ժամանակը հայկական մամուլում զբաղեցնում է վարկանիշային առաջին հորիզոնականը։ Պրն. Փաշինյան, ինչո՞վ կբացատրեք նման բարձր վարկանիշը։

Ընդհանրապես ցանկացած վարկանիշ աշխատանքի արդյունք է` անկախ այն բանից այդ վարկանիշը բարձր է, թե ցածր։ Կարևորն այն է, թե այդ աշխատանքի արդյունքում ինչ բանաձև է իրագործվում։ Մենք լրագրությանը մոտենում ենք որպես ծառայություն ընթերցողին և փորձում ենք վերջինիս մատուցել այն տեղեկատվությունը, որը նրան իսկապես հետաքրքրում է, և մատուցել այնպես, որ կարողանա ընկալել այդ տեղեկատվությունը։ Երբեմն թերթերում հայտնվում են այնպիսի տեքստեր, որոնք ակնհայտորեն նախատեսված են որոշակի կրթական ցենզ ունեցող մարդկանց համար։ Իհարկե, մենք չենք քամահրում մարդկանց կրթությունը, բայց պետք է ընդունենք նաև, որ թերթը լայն սպառման ապրանք է։ Ես մեր լրագրողներին միշտ ասում եմ` եթե մեր թերթը պատահաբար ընկնի դաշտում ոչխար արածացնող հովվի ձեռքն ու նա կարդա այն, ապա պետք է հասկանա, թե ինչ է գրված։

Կհամաձայնեք անշուշտ, որ այդ նույն  ընթերցողը կարիք ունի ոչ միայն դյուրընկալելի, այլև օբյեկտիվ տեղեկատվության։

Ընդհանրապես այսօր շատերը լրագրության օբյեկտիվություն ասելով` հասկանում են անդեմ լրագրություն։ Կարծում եմ, որ լրագրությունը` թերթը, պետք է ունենա հստակ դեմք, հստակ ասելիք, հստակ սկզբունքներ և, որ շատ կարևոր է, ողնաշար։ Մենք ելնում ենք այն իրողությունից, որ թերթը պետք է ունենա որոշակի իմիջ, որը դուրս է ինտիլիգենտության մասին սովորական, արմատացած պատկերացումներից։ Եվ ասեմ, որ ընդհանուր առմամբ ես շատ բարձր կարծիքի չեմ մեր թերթի մասին. դեռևս չենք թողարկում այն թերթը, որ կուզենայինք թողարկել, դեռևս հեռու ենք այն իդեալից, որ տեսնում ենք մեր առջև։ Կարողանալով գնահատել ինքներս մեզ, կարողանալով հանգիստ մոտենալ մեր հասցեին հնչող գովեստներին` փորձում ենք զերծ մնալ մեծամտության ախտից և զբաղվել ամենօրյա աշխատանքով։ Ամեն դեպքում մենք ամեն ինչ անում ենք, որ գնանք դեպի այդ իդեալը։

Իսկ ո՞րն է այդ իդեալը։

Եթե թվերով արտահայտեմ, ապա այդ իդեալը թերթ է, որը Հայաստանում կունենա, ասենք, 500.000 տպաքանակ։ Իհարկե, գիտեմ` թերթերի փոքր տպաքանակը նաև սոցիալական ոչ այնքան բարվոք վիճակի արդյունք է, բայց մյուս կողմից էլ կարծում եմ` եթե թերթն իրոք կարողանա գտնել մարդուն հուզող թեմա, կարողանա բավարարել մարդու տեղեկատվական պահանջարկը, այդ դեպքում թերթի տպաքանակը կաճի։ Մեր թերթն ընդամենը ութ տարվա կենսագրություն ունի, և այդ ութ տարիները ես համարում եմ նախապատրաստական աշխատանք լուրջ թերթ հրատարակելու համար։ Մենք հույս ունենք, որ 50-100 տարի հետո Հայկական Ժամանակը կլինի հայաստանյան և, ինչու ոչ, տարածաշրջանային մամուլի լուրջ առաջատարը։ Ահա մեր իդեալը։

Գաղտնիք չէ, որ գրեթե ցանկացած գոյություն պայմանավորված է նախևառաջ ֆինանսով։ Ի՞նչ միջոցներով է գոյատևում Ձեր օրաթերթը։

Մեր թերթը շահույթով աշխատող ձեռնարկություն է. տարեկան ապահովում ենք 7-8 միլիոն դրամի շահույթ։ Երբ մեր թերթի աշխատանքի կտրվածքը ներկայացնում եմ օտարերկրյա մեր գործընկերներին, նրանք զարմանում են` աբսուրդ համարելով այն փաստը, որ թերթի հիմնական միջոցներն առաջանում են նրա վաճառքից, մինչդեռ լրատվամիջոցների եկամուտները պետք է գոյանան գովազդից։ Հիմա մենք խնդիր ունենք այդ համամասնությունը որոշակիորեն փոխել` թերթի 80% եկամուտները գոյանան  ոչ թե վաճառքից, այլ գովազդից։ Պարզ է, որ մեր թերթը հենց առաջին օրից շահույթով չի աշխատել։ Մենք ուղղակի կարողացել ենք որոշակի շրջանակների համոզել մեր թերթի հաջողության հեռանկարի մեջ և, իհարկե, թերթը կայացրել ենք որոշակի մարդկանց աջակցությամբ։

Պրն. Փաշինյան, վերջերս արտահայտեցիք Ձեր` մեղմ ասած խիստ վերաբերմունքը հայաստանյան Forbes-ի, մասնավորապես` նրա նախկին գլխավոր խմբագիր Պետրոս Ղազարյանի նկատմամբ։ Արդյոք ընդունելի՞ եք համարում լրագրողի նման վերաբերմունքը լրագրողի նկատմամբ։

Գիտեք, ես շատ բարդ չեմ մոտենում նման հարցերին, ինչպես և միանշանակ չեմ վերաբերվում լրագրային համերաշխությանը։ Ընդհանրապես չեմ ընդունում մարդկանց խմբավորելը` լրագրողներ, քաղաքական գործիչներ, ոստիկաններ… Մարդու գնահատականը շատ կարևոր է որպես անհատ։ Կարծում եմ` ամեն մարդ իր տեսակետն ասելու իրավունք ունի։ Բայց տեսակետն արտահայտելիս պետք է ուղղակի ճիշտ հաշվարկի իր ուժերն ու հնարավորությունները, որպեսզի հետագայում հիմար վիճակի մեջ չհայտնվի։

Եվ այդուհանդերձ, խմբավորելով մարդկանց և առանձնացնելով լրագրողների խումբը` այդ խմբում տեսնո՞ւմ եք կայացած, պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ անկախ, չվաճառված լրագրողների։

Եթե ես ասացի, որ մեր թերթը հեռու է կայացածության իդեալից, բնականաբար ես վերապահումներ ունեմ ընդհանրապես մեր մամուլի, լրատվական դաշտի նկատմամբ, ինքս իմ նկատմամբ` որպես լրագրող։ Բայց կարծում եմ` Հայաստանում շատ կան պրոֆեսիոնալ, մասնագիտական բարձր մակարդակի վրա գտնվող լրագրողներ։ Ինչ վերաբերում է վաճառված-չվաճառված լինելուն, դա միայն լրագրությանը չի վերաբերում, այլև ընդհանրապես հասարակությանը։ Հույս ունեմ, որ այդ լրագրողները կարող են հաղթահարել եղած բոլոր խոչընդոտներն ու իրոք ծառայեն իրենց մասնագիտությանը։ Անուններ չեմ ուզում նշել, որովհետև հնարավոր է ինչ-որ մեկին մոռանամ։

Այդ դեպքում նույն այդ լրագրողները, ինչպես նաև Դուք, պետական այրերին գնահատելիս, ինչո՞ւ եք շատ հաճախ դատավորի կեցվածք ընդունում։ Արդյո՞ք դա ազնիվ եք համարում

Ճիշտն ասած, եթե ես բախտավորություն ունենայի ունենալ դատավորի լիազորություններ, հավաստիացնում եմ, որ մեր իշխանավորների նկատմամբ լրիվ ուրիշ վճիռներ կկայացնեի։ Ինչ վերաբերում է դատավորի կեցվածք ընդունելուն, մենք ընդամենն արձանագրում ենք իրողությունը։ Եվ եթե այդ իրողությունն իր ներսում խայտառակ ինֆորմացիա է պարունակում այս կամ այն պաշտոնյայի մասին, դա արդեն ոչ թե մեր մեղքն է, այլ նրանց, ովքեր իրականություն են դարձրել այդ իրողությունը։ Եթե իրավական լեզվով ասեմ, ես ընդամենը քաղաքացի եմ, որը ‚հայտարարություն է տալիս կատարված հանցագործությունների մասինե։ Ցավոք սրտի, դա հետագա զարգացում չի ստանում, այսինքն` չեն գտնվում քննիչներ, դատավորներ։ Առայժմ մեր դատավորը հասարակական այն գիտակցումն ու կարծիքն է, որի վրա որոշակիորեն ազդում է Հայկական Ժամանակը։

 

Պրն. Փաշինյան, կարելի է ասել` Դուք պատկանում եք ամենահամարձակ լրագրողների խմբին

Չէ՛, համաձայն չեմ։ Ընդհանրապես այդ բնորոշումն իմ կապակցությամբ չեմ ընդունում։ Համարձակությունը, իմ կարծիքով, բնավորության գիծ չէ, դա կամք է, գործին ծառայելու անհրաժեշտության գիտակցում։ Եվ ընդամենը տպավորություն է, թե սկզբում համարձակությունն է, հետո նոր գործը։ Ընդհակառակը։ Ես ինձ տեսնում եմ իմ գործի մեջ, իմ ընկալած սկզբունքների, ճշմարտությանը ծառայելու պատրաստակամության մեջ։

Ինչի՞ կամ ինչերի՞ եք հասել Ձեր սկզբունքներին ու Ձեր ճշմարտությանը ծառայելու արդյունքում։

Այսօր Հայկական Ժամանակը Հայաստանում ամենամեծ տպաքանակ ունեցող օրաթերթն է։ Դուք ասացիք, որ Ձեր ամսագիրը հարցում է անցկացրել և ստացել մեզ համար հաճելի արդյունք։ Եվ վերջապես, մեր թերթը, ես` որպես հասարակական սուբյեկտ, ունենք ընթերցողների, համախոհների բավականին լայն շրջանակ։

Իսկ հակախոհների՞ շրջանակը։

Իմ ընկալմամբ` ես չունեմ հակախոհներ, թշնամիներ։ Գուցե կան մարդիկ, որոնք իրենց համարում են իմ թշնամին… Եթե նույնիսկ անցյալում եղել են փոքր դրվագներ, ես դրանք հաղթահարել եմ, այսինքն` կարողացել եմ անցնել դրանց կողքով` դրանց չտալով այն նշանակությունը, որն ի սկզբանե նախատեսված էր այդ խոչընդոտները հարուցողների կողմից։ Այդ դրվագները չեն կարող համարվել իմ կյանքի և կենսագրության կարևոր մասերից։ Չունեմ այդ կարգի հնարավոր բաների մասին մտածելու ո՛չ ցանկությունը, ո՛չ էլ ժամանակը։

Շուտով խորհրդարանական ընտրություններն են։ Ինչպիսի՞ տեսք կունենա Հայաստանի Հանրապետության հաջորդ Խորհրդարանը` ըստ Ձեզ։

 Այսօր շատ են խոսում` իբր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՄՀԿ-ն իրար միջև կբաժանեն Խորհրդարանը, բայց ես բոլորին խորհուրդ կտայի չանել վաղաժամ բաժանումներ, կանխատեսումներ։ Կգա ժամանակը, և կտեսնենք, թե ինչպիսի տեսք կունենա Խորհրդարանը և կլինի արդյոք այնպիսին, ինչպիսին այսօր երազում են իշխանական ուժերը։ Կասեմ միայն, որ լավ կլիներ նրանք առանց թռնելու հոպ չասեին։

Վախենում ե՞ք արդյոք, որ ՀՀ նախագահ կդառնա ներկայիս հենց այն իշխանավորներից մեկը, որիիրագործած իրողություններինե անդրադառնում եք առավել հաճախ և առավել խիստ։

Ես ուզում եմ` մեր իշխանավորները փոխվեն, և դրա համար կանեմ ինձնից կախված ամեն ինչ։ Խնդիրն այստեղ անձնավորված չէ` Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, թե Պողոս Պողոսյան… Այստեղ համակարգի խնդիր է։ Այն համակարգը, որն այսօր գործում է Հայաստանում, չի ծառայում նրա շահերին։ Իսկ այդ բոլոր անձինք ծառայում են այդ համակարգի շահերին, ենթադրաբար` չեն ծառայում Հայաստանի շահերին։ Այդ համակարգին այլևս չի օգնի ոչ մի բարեփոխում, ոչ մի օրենսդրություն. բարեփոխումների բոլոր ռեսուրսները սպառված են։ Այլընտրանքը հստակ է` կա՛մ այդ համակարգը կշարունակվի, կվերարտադրվի, կա՛մ կունենանք նոր համակարգ ձևավորելու հնարավորություն և կամք։

Պրն. Փաշինյան, Դուք քաղաքականացված քաղաքացի եք

Ես ոչ միայն քաղաքականացված քաղաքացի եմ, այլև ծավալում եմ քաղաքական գործունեություն Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնության շրջանակներում։ Հույս ունեմ, որ այդ քաղաքական գործունեությունն առաջիկայում նորանոր արդյունավետ դրսևորումներ կունենա։

Ապագա Հայաստանի մասին մտածելիս, կարծում եմ, յուրաքանչյուր հայ տեսնում է երկու Հայաստաններ` մեկն այն, որի մասին երազում ենք, իսկ մյուսն այն, որն իրականում կարող ենք ունենալ։ Արդյո՞ք Ձեր պատկերացրած Հայաստանները նման են միմյանց։

 Ինձ համար երազանքը ռացիոնալ կատեգորիա է։ Ես կանեմ ամեն ինչ, որ Հայաստանը լինի այնպիսին, ինչպիսին մենք երազում ենք։ Բայց եկեք խոստովանենք, որ այսօր մենք ունենք այնպիսի Հայաստան, որին արժանի ենք։ Եվ եթե ուզում ենք ունենալ ավելի լավ Հայաստան, նախ ինքներս պետք է ավելի արժանավոր դառնանք։ Իմ քաղաքական գործունեության իմաստը հետևյալն է. աշխատենք համադրել մեր երազած և իրական Հայաստանները։

Եվ ինչպիսի՞ն եք տեսնում ավելի լավ Հայաստանը։

 Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնության փաստաթղթում մենք տվել ենք ապագայի մոդելը, որի կարճ նկարագրությունը հետևյալն է.

Մենք ուզում ենք ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի հասարակական իր դիրքին կարժանանա ըստ իր օբյեկտիվ ընդունակությունների, այսինքն` Հայաստանը պետք է դառնա մի միջավայր, որտեղ ամեն քաղաքացի կարողանա իրացնել իր օբյեկտիվ ընդունակությունները։ Եվ եթե նա աղքատ է, այդ աղքատությանը պետք է ‚արժանացածե լինի իր օբյեկտիվ ընդունակությունների կամ դրանց բացակայության պատճառով։ Իսկ եթե այսօր նայենք մեր խորհրդարանի կա՞զմը, որը ոմանք ուզում են փաթաթել մեր վզին։ Խայտառակությո՛ւն է։ Ունենք պատգամավորներ, որոնք տառերի կեսը չեն ճանաչում, նախարարներ, որոնք մի նախադասության մեջ չորս ուղղագրական սխալ են անում, գործարարներ, որոնք չեն կարողանում շաքարավազ կամ բենզին ներկրել, որովհետև չունեն դրա ‚դաբռոնե,   ունենք բյուջե, որի 70%-ը ապահովում է միջին և մանր բիզնեսը և միևնույն ժամանակ օլիգարխներ, որոնք հարկեր չեն վճարում…

Իմ երազած Հայաստանում յուրաքանչյուրս պետք է կարողանա հասկանալ, որ ինքը գտնվում է այնպիսի միջավայրում, որտեղ կարող է մրցունակ լինել և այդ մրցակցության արդյունքում հասնել այն վիճակին, ինչին արժանի է։

 Զրուցեց` ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆԸ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...