14:40
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գյուղատնտեսության ոլորտում չէին արձանագրվի ձեռքբերումներ ու բարձր ցուցանիշեր, եթե չլիներ ՀՀ նախագահի ու ՀՀ կառավարության աջակցությունը:

2013-07-04 11:16

«Դե Ֆակտո» 68 (2011թ.)

2011 թ. ես բնորոշում եմ որպես կորցրած հավատի վերականգնման տարի, իսկ 2012-ը պետք է լինի զարգացման տարի

Գյուղատնտեսության ոլորտում չէին  արձանագրվի  ձեռքբերումներ ու բարձր ցուցանիշեր, եթե չլիներ ՀՀ նախագահի ու ՀՀ կառավարության աջակցությունը:

Սերգո Կարապետյան, ՀՀ գյուղատնտեսության նախարար

-Պարո՛ն Կարապետյան, «Դե Ֆակտո» ամսագիրը Ձեզ ճանաչեց Տարվա նախարար` բարձր գնահատելով Ձեր գործունեությունը, որը կարճ ժամանակահատվածում տվեց շոշափելի արդյունքներ:  ՀՀ պետական կառավարման համակարգում երկարամյա և արդյունավետ  աշխատանքի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` արժանացաք «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալի»: Ի՞նչ է սա նշանակում Ձեզ համար, Դուք ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց ճգնաժամ ապրող գյուղատնտեսության ոլորտը դուրս բերել այդ վիճակից և աճ արձանագրել:

-Նախ, ես հենց սկզբից անցնելով աշխատանքի` առաջնորդվեցի մարդկանց ու առաջին հերթին գյուղացիների հետ անմիջական շփում հաստատելով` նպատակ ունենալով նախևառաջ վերականգնել գյուղացու կորցրած վստահությունն ու հավատը իր հողի, իր երկրի, իր պետության հանդեպ: Ինձ թվում է` դա հաջողվեց, և պատահական չէ, որ 2011 թ. ես բնորոշում եմ որպես կորցրած հավատի վերականգնման տարի: Իսկ 2012-ը մեզ համար պետք է լինի զարգացման տարի: Պետք է նշեմ, որ չէին լինի այն ձեռքբերումներն ու ցուցանիշերը, եթե չլիներ ՀՀ նախագահի ու կառավարության աջակցությունը: 2011-ը հայտարարելով գյուղատնտեսության տարի` Հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել մեր ոլորտը: Հենց նրա հրահանգով ու ցուցումներով իրականացվեցին գյուղացու ու գյուղատնտեսության համար մի շարք կարևոր ծրագրեր` այդ թվում մատչելի գյուղատնտեսական վարկերի   տրամադրումը, գյուղտեխնիկայի և որոշ ապրանքների ազատումը ԱԱՀ–ից, գարնանը մատչելի գնով պարարտանյութի տրամադրումը:

ՀՀ նախագահի պարգևատրումն ինձ ոչ միայն ոգևորում, այլ նաև պարտավորեցնում է ավելի պատասխանատու ու սրտացավ մոտենալ այն հսկայածավալ աշխատանքներին, որ սպասվում է մեզ առջևում: Շուտով կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները, և մենք պատրաստվում ենք դրանց իրականացմանը:

Գյուղացին ունի  հող, ջուր, այգիներ, կենդանիներ, սակայն այս ամենը ոչ մի արժեք չունի, եթե դրանք գյուղացուն օգուտ չեն բերում: Ուստի` իմ առաջնահերթ խնդիրն է օժանդակել գյուղացուն, որպեսզի նա մշակի իր հողը:

Նախորդ տարի ես հասցրեցի լինել հանրապետության 915 համայնքներից 600-ում: Մի շարք համայնքներում նույնիսկ եղա մի քանի անգամ. հենց տեղում էի ծանոթանում խնդիրներին, գյուղացիների մտահոգություններին` ականջալուր լինելով նրանց առաջարկներին ու հորդորներին:

Ոլորտում կուտակված խնդիրները բազմաթիվ են, կան նաև իրավացի դժգոհություններ: Հաշվի առնելով հատկապես նախորդ տարվա նահանջը` հասկանալի էր, որ  հսկայական աշխատանք կա կատարելու: Երկրորդ կարևոր խնդիրն ինձ համար եղավ թիմ ձևավորելը, մի թիմ, որը կառաջնորդվի պետության շահի գերակայությամբ և ազնիվ աշխատանքով: Եվ այդ թիմը ձևավորել, ի ուրախություն ինձ, հաջողվեց: Այսօր այդ թիմում ընդգրկված են մարդիկ, ովքեր սրտացավորեն ու ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին ու պարտականությունների կատարմանը:

Մարդկային գործոնին առաջնային նշանակություն տալու և ագրարային ոլորտի մի շարք կարևոր բնագավառներում (սերմնաբուծություն և հացահատիկային տնտեսության զարգացում, բույսերի պաշտպանություն, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական մթերքների իրացման գործընթացին աջակցություն, վարկավորման մատչելիություն, կոոպերացման խթանում) հաջողությամբ իրականացված ծրագրերի արդյունքում հնարավոր եղավ ապահովել էական դրական տեղաշարժեր: Իհարկե, նշված գործոնների հետ մեկտեղ` գյուղատնտեսության համար կարևոր են նաև բարենպաստ բնակլիմայական պայմանները:

Հարկ է նշել, որ որոշակի ձեռքբերումներով հանդերձ, գյուղատնտեսությունը դեռևս բազմաթիվ հրատապ խնդիրներ ունի: Սա դեռ սկիզբն է, և այն, ինչ արվել է, կարելի է համարել մեկնարկային, առաջիկա ծրագրերը և անելիքները առավել շատ են:  Դրանք բազմապատկված եռանդ ու սրտացավ աշխատանք են պահանջում:

 

-Ամփոփելով 2011թ.` ո՞րն եք համարում ամենակարևոր ձեռքբերումը:

-Ես արդեն նշեցի, որ կարևորագույն ձեռքբերումը հավատի վերականգնումն եմ համարում, մեզ հաջողվեց վերականգնել գյուղացու և պետության  միջև վստահությունը: Մեր արձանագրած ցուցանիշերն էլ են վկայում այդ մասին: Բոլոր ճյուղերում մենք ունենք առաջընթաց: Ընթացիկ տարում աշխատելու ենք բազմապատկել այդ ամենը: Սա մեզ համար լրացուցիչ խթան է, որպեսզի մեր թիմը շարունակի աշխատել ավելի մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ. մանավանդ, որ 2011-ին կային նաև զարգացման տեմպերով հետ մնացող ոլորտներ: Օրինակ, անասնապահության ոլորտը կարևոր և հեռանկարային է մեզ համար, մինչդեռ մենք ունենք արոտավայրեր, որոնք տարիներ շարունակ ռացիոնալ չեն օգտագործվել: Այս առումով առանձնակի կարևորում եմ ՀԲ-ի «Համայնքային ռեսուրսների արդյունավետ կառավարման և մրցունակության ծրագիր»: 5-ամյա այս ծրագիրը, անշուշտ, կհանգեցնի ոլորտի զարգացմանը: Միտումն արդեն իսկ նկատելի է: Տարեսկզբի համեմատ` տարեվերջին ավելացել է անասնագլխաքանակը: Կաթի գնի բարձրացումն իր հերթին նպաստավոր պայմաններ ստեղծեց անասնապահության զարգացման համար: Եթե մեկ-երկու տարի առաջ գյուղացուց կաթը մթերվում էր 100 դրամով, ապա հիմա այն հասնում է 150–200 դրամի: Սա հանգեցրեց շահույթի ավելացման, և այսօր գյուղացին առավել շահագրգիռ է զբաղվելու անասնապահությամբ:

 Կարևորագույն ձեռբերումներից է սերմնաբուծության և հացահատիկային տնտեսության զարգացման միջոցով ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացումը: Առանձնապես կարևորվում է ռեսուրսային ներուժի, մասնավորապես վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը: Վերջինիս ուղղությամբ իրականացված ծրագրերի շնորհիվ հնարավոր եղավ աշնանացան ցորենի և աշնանացան գարու տարածքները, նախորդ տարվա համեմատ, ավելացնել ավելի քան 17.8 հազ. հեկտարով, որը վերջին տարիների ցանքատարածությունների կրճատման ֆոնին բավականին բարձր ցուցանիշ է:

        Մեր մյուս ձեռքբերումը մթերումների սահուն ու առանց խոչընդոտների կազմակերպումն էր: Նախորդ տարիներին եղել են խնդիրներ, բողոքներ մթերումների կազմակերպման` հատկապես խաղողի մթերման մասով: Այս տարի մենք կարողացանք զերծ մնալ մթերման գործընթացին առնչվող խնդիրներից, գյուղացու ամբողջ բերքը մթերվեց ժամանակին, ժամանակին էլ կատարվեցին վճարումները: Արդեն իսկ 100 տոկոսով կատարված են մթերման վճարումները, սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար:

 Գյուղատնտեսական մթերքների վերամշակող ոլորտի առաջիկա խնդիրների լուծման, ներկա և ապագա ծրագրերի քննարկման առումով առանձնակի կարևորում եմ 2011 թ. մայիսի 5-ին «Երևան-գարեջուր» ՓԲԸ-ում Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությամբ ագրովերամշակման 25 խոշոր ընկերությունների հետ անցկացված խորհրդակցությունը, որի ժամանակ տրվեցին կոնկրետ հանձնա¬րարականներ` 2011 թ. մթերումները սահուն և կազմակերպված անցկացնելու համար: Հանրապետության նախագահի կոնկրետ ցուցումներից մեկն էլ պայմանագրային եղանակով աշխատելն էր: Այս հանդիպման ժամանակ տրված հանձնարարականները մեզ համար եղան ուղենշային: Նախարարությունը մշակեց պայմանագրի օրինակելի ձև: Եվ եթե 2011–ին մեզ հաջողվեց մթերումների գործընթացը 86–87 տոկոսով կազմակերպել պայմանագրային եղանակով, ապա այս տարի կաշխատենք, որ այն 100 տոկոսով իրականացվի: Ես այս հարցում շատ հետևողական եմ լինելու: Վերջինիս առկայության դեպքում գյուղացին ունի հստակ երաշխիքներ, թե որքան բերք մշակի, նախապես գիտի այն գինը, որն առաջարկվելու է իր արտադրանքի դիմաց և որ շատ կարևոր է, ունի վստահություն, որ իր բերքը մթերվելու է ամբողջությամբ: Մթերման շրջանում պտուղբանջարեղեն, խաղող և կաթ մթերող ու վերամշակող ընկերություններին առավել մատչելի պայմաններով վարկեր տրամադրելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, առևտրային բանկերի, ունիվերսալ վարկային կազմակերպությունների և վերը նշված ոլորտների ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է 3 կոնֆերանս:

Մթերումների գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով անցկացվել են  բազմաթիվ հանդիպումներ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինքս այցելել եմ բազմաթիվ  մթերող ընկերություններ, մարզպետարաններում կազմակերպվել են  համատեղ խորհրդակցություններ  խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Իմ հրամանով ստեղծվեց  աշխատանքային խումբ` մթերման ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ լուծում տալու, գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրեր կնքելու, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի և իրականացվող մթերման գործընթացի նկատմամբ հսկողություն սահմանելու և մթերումների վերաբերյալ ամենօրյա օպերատիվ տեղեկատվություն հավաքագրելու և ամփոփելու նպատակով:

Այսպիսով` մթերումների նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքների ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում գործընթացն իրականացվեց  բավականին կազմակերպված, և վերամշակող ընկերությունները գնեցին գյուղացիական տնտեսությունների կողմից առաջարկված գյուղատնտեսական մթերքների ողջ քանակությունը:

2011 թ. վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 51 հազ. տոննա բանջարեղեն, 14.3 հազ. տոննա պտուղ, որոնք գերազանցում են նախորդ տարվա մթերումների ծավալները համապատասխանաբար 1.7 և 3.9 անգամ:

Խաղողի մթերումներն իրականացվել են շուրջ 40 ընկերությունների կողմից: Մթերվել է 128.9 հազ. տոննա հումք: Կարևոր է նաև այն փաստը, որ վերամշակող ընկերությունների կողմից ընթացիկ տարում խաղողի 1 կգ. գնվել է 130 դրամից ոչ պակաս գնով, միջին գինը կազմել է 132.0 դրամ՝ նախորդ տարվա 124.4 դրամի դիմաց:

-Նախորդ տարի կազմակերպվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը Երևանի Կասյան փողոցին հարող տարածքում, ինչպես նաև առաջին անգամ մարզահամերգային համալիրում նշվեց «Գյուղատնտեսական աշխատողի» օրը, կազմակերպվեց «Բերքի և գոհաբանության» փառատոնը: Ինչպիսի՞ արձագանք գտան այդ միջոցառումները և արդյո՞ք շարունակական են լինելու:

-Բոլորդ գիտեք, որ մշտական բողոքներ կային, մարդիկ նշում էին, որ մայրաքաղաքի շուկաներում միայն վերավաճառողներն են, գներն էլ թանկ են: Այս առումով շատ եմ կարևորում նախորդ տարի բացված  գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Մեր նպատակն էր այստեղ բացառել վերավաճառողների մուտքը, գնային առումով ստեղծել հակակշիռ, որպեսզի մատչելի լինի մարդկանց համար: Օգոստոսից յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերի կազմակերպվել է գյուղատնտեսական մթերքների այդ տոնավաճառը: Դրանց մասնակիցներին անվճար տրամադրվել են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառի կազմակերպման նպատակն է եղել իրացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, իրացման գործում մրցակցության ստեղծումը, գյուղատնտեսական մթերքների գների աճի մեղմումը, գյուղացիների և քաղաքացիների միջև կապի ամրապնդումը:

Ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 36 տոնավաճառ, մեկ տոնավաճառի ընթացքում գրանցվել է միջինը 8000-9000 այցելու:  Տոնավաճառներին մասնակցած գյուղացիական տնտե-սությունների քանակը ավելի քան 1400 է, որոնք ներկայացնում են 242 գյուղական համայնք: Մեկ տոնավաճառի ընթացքում վաճառվել է միջինը 40-45 տոննա մթերք:

Այս տոնավաճառի կայացածության ու անհրաժեշտության մասին են վկայում այն հեռախոսազանգերն ու նամակները, որ հասցեագրվում են գյուղատնտեսության նախարարությանը, որով առաջարկում են շարունակել այն: Տոնավաճառի կայանալուն նպաստեց նաև այն գովազդային արշավը, որ անցկացվեց «ՎիվաՍելլ – ՄՏՍ» ընկերության աջակցությամբ` «Գնահատե՜նք գյուղացու քրտնաջան աշխատանքը» կարգախոսի ներքո: Գովազդային 10 հոլովակները ամբողջ տարին ցուցադրվում էին հեռուստատեսությամբ: Օգտվելով առիթից` ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությանը մեզ ցուցաբերած աջակցության և օգնության համար:

Տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումների ժամանակ նույնպիսի աջակցություն ենք ստացել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային ՊՓԲ-ից, որի համար նույնպես հայտնում եմ իմ երախտագիտությունը:

Այս տարի երկու վարչական շրջանում ևս նախատեսում ենք նմանատիպ տոնավաճառներ կազմակերպել:

Հանրության կողմից լավ արձագանք գտան նաև «Գյուղատնտեսական աշխատողի» օրը առաջին անգամ նշելն ու «Բերքի և գոհաբանության» փառատոնի կազմակերպումը: Դրանք շարունակական են լինելու:

«Հայագրոֆորում»-ի կազմակերպումը կնպաստի ոչ միայն արտերկրի մեր հայրենակիցների ներդրումների, այլև ոլորտում ներքին ներդրումների ավելացմանը:

-Ի՞նչ կարևորություն ուներ կազմակերպված «Հայագրոֆորում» համաժողովը: Արդյո՞ք այն կնպաստի ՀՀ գյուղատնտեսության ոլորտում արտերկրում ապրող մեր հայրենակիցների ներդրումների աճին:

 -«Հայագրոֆորում» համաժողովը լավագույն նախաձեռնություններից եմ համարում Հայաստանի  գյուղացիության և արտերկրի մեր հայրենակիցների համախմբման համար: Երկօրյա համաժողովին մասնակցեցին ավելի քան 2200 գյուղացիական տնտեսությունների, ինչպես նաև 52 երկրների ներկայացուցիչներ: «Հայագրոֆորում»-ի կազմակերպումը կնպաստի ոչ միայն արտերկրի մեր հայրենակիցների ներդրումների, այլև ոլորտում ներքին ներդրումների ավելացմանը: Նմանատիպ ֆորումները ևս լինելու են շարունակական. ամեն տարի, երբ կնշենք գյուղատնտեսության աշխատողի օրը, կկազմակերպենք նաև ամենամյա ագրոֆորում և ոչ միայն մայրաքաղաքում: Կարևոր է, երբ ոլորտի բոլոր ներկայացուցիչներն են բերում իրենց մասնակցությունը, նրանք իրենց առաջարկներով իրենց նպաստն են բերում գյուղատնտեսության զարգացման գործում: Սփյուռքի մեր հայրենակիցների համար վարակիչ է լինում զարգացման այն միտումները, որ նրանք տեսնում են այստեղ: Այս ագրոֆորումի արդյունքում մենք ունեցանք Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից` Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն: Դրանք հիմնականում վերաբերում են անասնապահության ոլորտին:

Կարևոր քայլերից մեկը օրենսդրական դաշտի կատարելագործումն եմ համարում` մասնավորապես «Գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի ընդունումը:

-Ի՞նչ ծրագրեր են իրականացվելու 2012թ., այս տարի նախարարության գործունեությունը ինչպիսի՞ ուղղվածություն է ունենալու, ո՞ր ոլորտներն են լինելու Ձեր անմիջական ուշադրության կենտրոնում:

-Ինչպես նշել էի, ոլորտում դեռևս խնդիրները բազմաթիվ  են, և դրանք պահանջում են լուծումներ: Կարևոր քայլերից մեկը օրենսդրական դաշտի կատարելագործումն եմ համարում` մասնավորապես «Գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Նախագիծը ներկայումս քննարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմում, որից հետո կներկայացվի ԱԺ:

Կարևոր ծրագրերից մեկը սերմնաբուծության զարգացմանն է առնչվում, որը մեծ նշանակություն ունի պարենային անվտանգության խնդրի լուծման առումով և շարունակական է լինելու:

Մենք  մինչև 2020 թ., հացահատիկի մասով ինքնաբավությունը պետք  է հասցնենք 60 տոկոսի, իսկ ընդհանուր պարենային ապրանքների մասով այն պետք է հասցվի 80 տոկոսի:

Այս առումով հիմքերն արդեն դրված են: Եթե նախկինում ցածր էր ցորենի բերքատվությունը, որովհետև լավորակ սերմեր չունեինք և գյուղատնտեսության այդ ճյուղով զբաղվելը գյուղացու համար եկամտաբեր չէր, ապա 2010-ից ընթացքի մեջ դրված «Սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը» մեզ հնարավորություն է տալու մի նոր մակարդակի բարձրացնել գյուղատնտեսության այդ ճյուղը: Նախորդ տարի ներկրված 1100 տոննա էլիտային սերմացուն մենք բաժանեցինք ֆերմերային  տնտեսություններին, որոնք զբաղվում են սերմնաբուծությամբ: Անցյալ տարի ունեցանք առաջին վերարտադրության 3300 տոննա սերմացու: Եթե նախորդ տարիներին 1 հեկտարից հավաքվում էր 21,4 տոննա բերք, ապա 2011-ին այդ թիվը հասել է 28,6 տոննայի: Անցյալ տարի ապահովել ենք 90 հազար տոննա համախառն բերք: Նախատեսում ենք մինչև 2014 թվականը ներկրել էլիտային սերմացու և բաժանել գյուղացիական տնտեսություններին: Դրանից հետո այլևս սերմացու չենք ներկրելու, մենք ինքներս պետք է արտադրենք մեր սերմացուն:

Տոհմային գործի բարելավման առումով զգալի աշխատանք ունենք անելու: Այստեղ եղել են բացթողումներ: Մենք պետական ծրագրով եվրոպական երկրներից ներկրում ենք   բարձր կաթնատվությամբ և մսատվությամբ կենդանիներ: Արդեն  ունենք 2–3  ֆերմերային տնտեսություն, որոնք իրենք են աճեցնում նման երինջներ, տրամադրում դրանք հանրապետության այլ գյուղացիական տնտեսությունների:

Գյուղտեխնիկայի թարմացման առումով բավականին աշխատանք ունենք անելու: Այն, ինչ կա, զգալիորեն հին է: Այնինչ առանց նորմալ գյուղտեխնիկայի, հնարավոր չէ խոսել գյուղատնտեսության զարգացման մասին: 2012-ին լիզինգային եղանակով ներկրելու ենք գյուղտեխնիկա, որը երկարաժամկետ մարման եղանակով տրամադրվելու է գյուղացիական տնտեսություններին:

Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կարևոր քայլերից մեկը կոոպերատիվների հիմնումն է: Այն երբեմն նույնականացնում են նախկին  կոլխոզների հետ, սակայն ես պետք է նշեմ, որ այս դեպքում մենք գործ ունենք ընդհանուր գաղափարների շուրջ համախմբված միավորների հետ: Հայտնի է, որ մասնատված հողերով հնարավոր չէ ապահովել եկամուտներ, ուստի` գյուղացիական տնտեսությունների միավորումը կբերի եկամուտների ավելացման, գյուղացին կտեսնի, որ իր աշխատանքը կոոպերացիաների ստեղծման ժամանակ կարող է դառնալ շահավետ: Կոոպերատիվի անդամներին ավելի հեշտությամբ է հնարավորություն տրվում ձեռք բերել վարկեր, գյուղտեխնիկա, առաջացող խնդիրների դեպքում դրանց համընդհանուր լուծումն ավելի հեշտ է: Մյուս կողմից կոոպերատիվներում ներգրավումը պետք է լինի կամավորության սկզբունքով: Արդեն իսկ ստեղծվել է 35 կոոպերատիվ:

Տարեվերջի կարևոր որոշումներից մեկն էլ ցածր գներով պարարտանյութի ձեռքբերման մասին էր: Պարարտանյութի մեկ պարկն այսօր շուկայում արժե 8000 դրամից ոչ պակաս: Վերոնշյալ որոշմամբ պետությունն իր վրա է վերցնում պարարտանյութի ձեռքբերման գնի 2000 դրամի սուբսիդավորումը, և գյուղացուն այն տրամադրվում է 6000 դրամով: Եթե հաշվի առնենք գների բարձրացման միտումները, սա շատ կարևոր աջակցություն է  գյուղացիական տնտեսություններին: Կարևոր ձեռքբերումներից էր նաև վարկերի տոկոսադրույքների էական նվազեցումը, ինչպես նաև դրանց` դրամով տրամադրումը: Մենք գիտենք, թե նախկինում գյուղացին ինչ վիճակում էր հայտնվում դոլարով վարկեր վերցնելու և կուրսի փոփոխության արդյունքում:

Մենք գյուղացուն տալիս ենք հող, պարարտանյութ, սերմ, տեխնիկա, էժան վարկեր` դրա դիմաց ակնկալելով աշխատանք սեփական հողի վրա: Այս փոփոխությունների և ծրագրերի նպատակը գյուղացու եկամուտների ավելացումն է, նրա համար արժանապատիվ պայմանների ստեղծումը:

-Պարո՛ն նախարար, ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը  կյանքում և աշխատանքում: Ձեզ հետ աշխատող մարդիկ վկայում են, որ Դուք շատ պահանջկոտ ղեկավար եք: Դուք Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:

-Ճիշտ եք, ես աշխատանքում բավականին պահանջկոտ եմ, ու առաջին հերթին պահանջկոտ եմ իմ հանդեպ: Սիրում եմ, երբ մարդը պատասխանատու է իր գործի նկատմամբ:

Կյանքում և աշխատանքում հաջողելու  նախապայմաններից եմ համարում նաև դիմացինի աշխատանքի կարևորումը և գնահատումը: Մեծ տեղ եմ հատկացնում թիմային աշխատանքին: Մարդկանց պետք է լսել, նրանց հետ ամենօրյա աշխատանք տանել: Այս դեպքում կարելի է երաշխավորված համարել նաև աշխատանքի դրական արդյունքը:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...