14:08
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ, ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ԱՌԱՋԻԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ

2013-07-03 12:02

«Դե Ֆակտո» N 56 (2011թ.)

Կոտայքի մարզն ունի զարգացման յուրահատուկ առանձնահատկություններ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ ՀԵՏ

 - Պարոն Շահգալդյան, յուրաքանչյուր մարզ ունի իր զարգացման առանձնահատկությունները և ըստ Ձեզ որո՞նք են Կոտայքի մարզի զարգացման հիմնական  հեռանկարային ուղղությունները.

   Նախ պետք է նկատենք, որ իր աշխարհագրական դիրքով, պատմա-մշակութային նկարագրով ներկայացող Կոտայքի մարզն ունի զարգացման յուրահատուկ առանձնահատկություններ, որոնք մեր կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում անընդհատ ամբողջանում են նոր ձևաչափերով ու նոր տրամաբանությամբ։ Զբոսաշրջության զարգացման բացառիկ հնարավորություններ ու հարմարություններ ունեցող Կոտայքի մարզում այդ ամենին համահունչ իրագործվում են նաև զարգացման այն բոլոր հեռանկարային ուղղությունները, որոնք մաս են կազմում իրականացվող պետական քաղաքականությանը. այստեղ կարևոր է ընդգծել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը և վերջինիս արդյունավետ համադրումը մարզային տարբեր ենթակառուցվածքների գործունեությանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ բազմաճյուղ արդյունաբերության զարգացումը։

   Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2011-2014 թվականների ծրագիրը, որը հստակ նախանշում է մարզի քառամյա զարգացման հիմնական ուղղությունները և մեր կողմից ձեռնարկվելիք բոլոր գործողությունները, որոնք կհանգեցնեն հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառների արդյունավետ ու համակողմանի գործունեությանը, ինչպես նաև մարզի ազգաբնակչության կենսապայմանների բարելավմանը։

  Հիշյալ ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի կողմից կազմվել են նաև կոնկրետ գործողությունների ժամանակացույցեր, որոնք կապահովեն մարզի համակողմանի զարգացման համար սահմանված բոլոր դրույթների ամբողջական իրագործումն ու լիարժեքությունը։

  Այս ամենով հանդերձ ընդգծեմ նաև, որ զարգացման գլխավոր նախապայման եմ համարում ժողովրդավարության անշրջելիությունն ու յուրաքանչյուր աշխատանք այդ սկզբունքով կազմակերպելու հրամայականը։

  Պետք է կարողանանք հետևողականորեն հասնել նրան, որ մեր ժողովուրդը քաջ գիտակցի գիտելիքի կարևորությունն ու անհրաժեշտությունը, վերջնականապես ձևավորվի այն համոզմունքը, որ գիտելիքն իրավամբ բարձրագույն արժեք է։

  Այս հատվածի վերլուծության շրջանակներում կցանկանայի նշել նաև մարդկանց մոտ վարվեցողության մշակույթի ձևավորումը, քանի որ յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմքը մեծապես պայմանավորված է  մարդկային գործոններով և այդտեղ հստակ առաջնահերթություն է տրվում վարվեցողությանը։

- Եթե փորձենք անդրադառնալ մարզի գյուղատնտեսական ուղղվածությանը, ապա ըստ Ձեզ որո՞նք են այդ ասպարեզի զարգացման միտումները։

   Մեր երկրում գյուղատնտեսությունն ամբողջովին կախված է բնակլիմայական պայմանների քմահաճություններից և տվյալ բնագավառում իրականացվող յուրաքանչյուր աշխատանք շատ հաճախ դատապարտված է,  եթե բնությունը  բարեհաճ չի լինում։ Այս պարագայում  մեր գերխնդիրն է  գյուղատնտեսության ոլորտում կիրառել նոր տեխնոլոգիաներ, մեր իրականության մեջ ներդնել օրգանիկ և բարձր արտադրողականություն ունեցող մշակաբույսերի շրջանառությունը։ Այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից մշակված համապատասխան մոտեցումները մարզի գյուղացիական տնտեսություններին հանգամանորեն ներկայացվել են և կարծում եմ, որ առաջիկայում կունենանք դրական տեղաշարժեր։

- Անդրադառնանք մարզպետի գործառույթներին. ըստ Ձեզ ինչպիսի՞ պաշտոն է մարզպետի պաշտոնը և որո՞նք են վերջինիս հիմնական բնորոշումները։

   Իր տեսակով և գործառույթների բազմազանությամբ բավականաչափ պատասխանատու մի գործունեություն է, որը պահանջում է անընդհատ աշխատանք և  նոր ծրագրերի, մտահղացումների ու մոտեցումների անընդհատ ներդրում այդ աշխատանքում։ Կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ նախադրյալներ ձևավորելու և իրագործելու համար մարզպետից պահանջվում է առավելագույն պատասխանատվություն, տարբեր բնագավառների գործունեության կազմակերպման նկատմամբ ճշգրիտ պատկերացումներ և բնականաբար կազմակերպչական ունակություններ։

- Պարոն Շահգալդյան, բնականաբար պետք է խոսենք նաև մարզային անցուդարձից. ի՞նչ հիմնական աշխատանքներ են կատարվել և կատարվում մարզում։ 

   Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է արդյունավետություն հաղորդել մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեությանը, հնարավոր փոփոխությունների ենթարկել ժողովրդի հոգեբանությունն ու այն համապատասխանեցնել ժամանակակից աշխարհի պահանջներին, քանզի տնտեսության` շուկայական հարաբերությունների մոդելը կիրառող մեր պետության քաղաքացիները հաճախ լրջագույն դժվարություններ են ունենում այդ անցումը հոգեբանորեն կատարելու հարցում։

   Մեզ հաջողվեց կիրառել մարդուն աշխատանքով գնահատելու կարևորագույն սկզբունքը, որը համարում եմ աշխատանքային փոխհարաբերությունների ամենաճշգրիտ ձևակերպումն ու կարևոր նախապայմանը։

   Մենք կարողացանք նաև արդյունավետորեն ուղղորդել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը` դրական զարգացումներ հաղորդելով վերջիններիս աշխատանքներին։ Այսօր մենք ունենք օրինակելի և իրենց գործառույթներն ամբողջապես իրականացնող շատ համայնքներ,  արդեն տարիներ շարունակ կարողանում ենք համայնքային բյուջեները կատարել հարյուր և ավելի տոկոսով, որի արդյունքում շարունակ նոր տեսք են ստանում համայնքային տարբեր ենթակառուցվածքները, կառուցվում են համայնքային կենտրոններ, մանկապարտեզներ, լուծումներ են ստանում շատ ու շատ հիմնախնդիրներ։

 Տարիների ընթացքում մարզում ձևավորվեցին ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արտադրական հզորություններ, որոնք այսօր թողարկում են միջազգային շուկայում մրցունակ համարվող մսամթերքի, կաթնամթերքի, ապակե տարաների, տարբեր հյութերի, խմելու և հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրատեսակներ։

   2010 թվականին արտահանվող արտադրանքի տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմեց շուրջ 30 %։

  Այս տարիների ընթացքում բարելավվել է պետական ճանապարհային ցանցի շուրջ 70 %։-ը, տվյալ  ասպարեզում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ։

  Տարեցտարի նոր ծավալներ ու նոր որակներ են հաղորդվել դպրոցաշինության շարունակական ծրագրին։ Մարզում հիմնանորոգված, կառուցված և վերակառուցված կրթօջախներն ապահովված են ժամանակակից բոլոր հարմարություններով, լոկալ ջեռուցման համակարգերով, համակարգչային դասասենյակներով  և բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու բոլոր հնարավորություններով։

  Մարզում իրականացվում է առողջապահական հիմնարկների վերանորոգման ծրագիրը։

    Շատ համայնքներում կառուցվել են բժշկական և առողջության առաջնային պահպանման նոր կենտրոններ։

    Լուրջ ներդրումներ են իրականացվել խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգերի արդիականացման ուղղությամբ։

  Ինչպես մեկ այլ առիթով Ձեր ամսագրում, այնպես էլ այլ լրատվամիջոցներում բազմիցս նշել եմ, որ  2010 թվականին մեկնարկել և ընթացիկ տարում կավարտվի Հրազդան քաղաքի խմելու ջրամատակարարման համակարգի արդիականացման` շուրջ 8 մլն դոլարի արժողությամբ ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և արմատական լուծումներ է նախատեսում քաղաքի առջև ծառացած այդ բարդագույն խնդրի համար։

   Համապատասխան ներդրումների արդյունքում ամբողջովին լուծվել են նաև Չարենցավան և Աբովյան քաղաքների ջրամատակարարման խնդիրները։

      Մեզ հաջողվել է լիարժեքորեն կազմակերպել մարզում իրականացվող պետական ծրագրերը, մարզում ձևավորվող ու իրականացվող բոլոր նախաձեռնությունները համահունչ դարձնել Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության կողմից ներկայացվող ծրագրային գերակայություններին։

  Այս ամենն արվել է մարզպետարանի և մարզի համայնքների ղեկավարների համագործակցված և արդյունավետ աշխատանքի արդյունքում։

- Պաշտոնավարման տարիներին ինչպե՞ս եք ընդունել քննադատություններն ու ասեկոսեները։

   Յուրաքանչյուր առողջ քննադատություն իր մեջ ներառում է կատարվող աշխատանքին, վարվող քաղաքականությանը  դրական լիցքեր հաղորդող ազդակներ, իսկ եթե քննադատական մոտեցումը հորինվածքների ժանրից է ու մանրանալով վերածվում է անհիմն ասեկոսեների` պարզապես անտեսում եմ։

- Իսկ Դուք անհանգստանալու առիթներ այնուամենայնիվ ունեցե՞լ եք։

   Հանգստության կամ անհանգստության առիթները սովորաբար պայմանավորված են լինում աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվության աստիճանով. և եթե վերապահված գործառույթներն իրականացնում ես անընդհատ հետևողականությամբ ու առավելագույն  պատասխանատվությամբ, այդ դեպքում արդարացիորեն համոզված ես  լինում, որ անհանգստության պատճառներ չկան։

- Պարոն մարզպետ, այս տարիների ընթացքում ի՞նչ նոր մոտեցումներ են կիրառվել Կոտայքի մարզպետարանի գործունեության մեջ։

   Կոտայքի մարզպետարանում աշխատում են մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակիցներ, ովքեր իրենց ծառայողական պարտականությունները կատարում են ամբողջական ծավալներով։ Մեր համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ մարզպետարանի աշխատանքներում ևս ներդնել բազմաթիվ արդիական մոտեցումներ, կերտել աշխատանքային ու մարդկային լավագույն փոխհարաբերություններ։

   Մարզպետարանի աշխատակազմը հաջողությամբ ընկալում և արագորեն կիրառում է պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների պահանջները, որոնք նոր ու ցանկալի  լիցքեր են  հաղորդում մարզպետարանի ընդհանրական գործունեությանը։

   Կարծում եմ, որ Կոտայքի մարզպետարանի աշխատանքը լավագույն օրինակ է մարզում գործող այլ կազմակերպությունների և հաստատությունների համար ու մենք փորձում ենք անընդհատ կատարելագործել մեր կողմից իրականացվող աշխատանքները։

- Ձեր աշխատանքի նկատմամբ գնահատականը դրական է և նկատելի է տարբեր առիթներով. անցած գրեթե ողջ տարվա ընթացքում մարզն աչքի ընկավ տարբեր բնույթի միջոցառումներով և ծրագրերով. արդյո՞ք դա նշանակում է վերաբերմունք Ձեր մարզի հանդեպ։

  Ուրախությամբ պետք է նկատեմ, որ իրականացվող բազմաբնույթ միջոցառումները միանշանակ դրական անդրադարձ են ունենում և ինքնատիպ աշխուժություն են հաղորդում մարզային առօրյային։

   Ձեր կողմից նշվող դրական գնահատականը, դարձյալ պետք է նշեմ, որ մարզպետարանի ու մարզի համայնքների ղեկավարների հավաքական ու համակողմանի աշխատանքի արդյունք է և ես այն պետք է  վերագրեմ ցանկալիորեն ձևավորված այդ միասնականությանը։

 - Պարոն Շահգալդյան, Կոտայքի մարզպետի պատասխանատու աշխատանքի հետ ինչպե՞ս են համադրվում ընտանեկան հարցերը։

   Ընտանիքն ունի իր առանձնահատուկ նշանակությունը, որը սովորաբար և հիմնականում նպաստում է աշխատանքային գործունեությունը լավագույնս կազմակերպելուն։ Ինձ հաջողվում է պատասխանատու աշխատանքին և վերջինիս համար պահանջվող ծանրաբեռնվածությանը ճշգրիտ համադրել ընտանիքին հատկացվող ժամանակն ու սիրով զբաղվել  նաև ընտանիքով։

- Ինչպիսի՞ տեղ եք հատկացնում երիտասարդության հետ տարվող աշխատանքներին և իրականում ի՞նչ գործողություններ եք ձեռնարկում  երիտասարդ մարդկանց հիմնախնդիրների լուծման, նրանց արտագաղթը հնարավորինս կանխելու ուղղությամբ։

   Երիտասարդության հետ տարվող աշխատանքը համարել և համարում եմ Կոտայքի մարզպետի գործունեության առանցքն ու այս տարիների ընթացքում բազմիցս ձեռնարկվել են համապատասխան ծրագրեր նրանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։

  Մարզում իրականացվող բոլոր աշխատանքներում մշտապես առաջնություններ են տրվել երիտասարդներին. սկսած քաղաքացիական և համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված թեկնածուներից երիտասարդներին տրվող նախապատվությամբ մինչև նրանց ամենատարբեր խնդիրներին պարբերաբար տրվող հնարավոր լուծումներ։

  Այս ամենին զուգահեռ նկատենք, որ դեռևս կան համընդհանուր հիմնախնդիրներ, որոնք մաս կկազմեն առաջիկա ծրագրերին և հաջորդաբար կունենան նոր լուծումներ։

- Պարոն Շահգալդյան, այնուամենայնիվ ի՞նչ հիմնախնդիրներ կան մարզում։

 Բոլորիս է հայտնի, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրագործում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, օրենսդրությամբ ապահովված են բավականին նպաստավոր պայմաններ ներդրումների համար, այնուամենայնիվ  ծառացած թիվ մեկ խնդիրը աշխատունակ բնակչության զբաղվածությունն է ու վերջինիս ապահովման արդյունքում աղքատության աստիճանի նվազեցումը։

   Բնականաբար առկա է գործազրկության բարձր մակարդակ, աղքատությունը հաղթահարելու լուրջ խնդիր և իրականացվելիք առաջնային ծրագրերը պետք է ուղղորդվեն այդ երկու բարդ խնդիրների լուծմանը։

   Լինելով արդյունաբերական երբեմնի հսկաներով հագեցած մարզ` Կոտայքը ևս անմասն չէր կարող մնալ, իսկ  պատճառներն ու դրսևորումները բոլորի համար առավել քան ակնհայտ էին։

   Իհարկե պետք է նաև նշեմ, որ մեր երկրում իրականացվող արդյունավետ ներդրումային քաղաքականության համատեքստում հնարավոր դարձավ որոշակի նոր աշխատատեղերի բացման պարագայում որոշակիորեն մեղմել գործազրկության չափերը, սակայն այս ասպարեզում դեռևս շատ են անելիքներն ու հրատապություն ունեցող հարցերը։

  - Եթե փորձենք վերլուծել Կոտայքի մարզպետի պաշտոնում Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածը, ապա ինչպիսի՞ պատկեր կստացվի. արդյունաբերության բնագավառում ձևավորված անհատի համար, ինչպե՞ս տեղի ունեցավ անցումը դեպի քաղաքականություն և պետական կառավարման համակարգ։

    Համոզված կարող եմ ընդգծել, որ արդյունաբերւթյունն իր էությամբ և տրամաբանությամբ այնպիսի գործուն միավոր է, որտեղ ձևավորված յուրաքանչյուր մարդ կարող է իր ունակությունները ներդնել տարբեր այլ ասպարեզներում և ունենալ հաջողություններ։ Ինչպես Դուք նշեցիք. աշխատանքային կենսագրությունս սկսել եմ  արդյունաբերության բնագավառում և տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո ղեկավարել բազմահազար աշխատողներ ունեցող «Արմավտո» արտադրական միավորումը։ Այդ տարիները համարում եմ  մարդկային նկարագրի ձևավորման նշանակալի մի ժամանակահատված, որոնք բավարար հիմք հանդիսացան հետագա աշխատանքային գործունեությանս  համար։

   Ինչ վերաբերում է Կոտայքի մարզպետի պաշտոնում աշխատելու տարիներին, ապա նշեմ, որ այդ տարիներից  յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մի ամբողջականություն. և եթե պաշտոնավարման սկիզբը կարելի է բնորոշել առավել ճանաչողական ու վերլուծական միտումներով, ապա մյուս մասում կարելի է հստակ ներկայացնել ընդգրկուն աշխատանք, առավել վստահորեն նախատեսված և իրագործված ծրագրեր, մարդկային փոխհարաբերություններին հաղորդված նոր որակներ և բազմաթիվ ոլորտների բնականոն զարգացումն ապահովող գործառույթներ։

- Պարոն Շահգալդյան, ներկայացնենք նաև առաջիկայի ծրագրերն ու հետագա անելիքները։

  Ծրագրերը բազմաթիվ են ու բազմազան, մենք պետք է կարողանանք առավել արդյունավետություն հաղորդել մարզային ենթակառուցվածքների գործունեությանը։ Պետք է կարողանանք ընդգրկուն մոտեցումների կիրառման արդյունքում մեղմել տնտեսական ճգնաժամի բացարձակ ազդեցությունը։   

    Ծրագրել ենք առավել կատարելագործել տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությունը, նոր լուծումներ տալ մարզի համայնքներում առկա հիմնախնդիրներին, նոր լիցքեր հաղորդել մարզի կրթական ու առողջապահական հաստատությունների աշխատանքների կազմակերպմանը  և ամենայն պատասխանատվությամբ իրականացնել այն բոլոր առաջնահերթ ծրագրերը, որոնք նախատեսված են մարզի զարգացման ծրագրում։

   Արդեն իսկ պատրաստ է այս ամենի հանրագումարում ձևավորված 2011 թվականի աշխատանքային ծրագիրը և նախանշված են վերջինիս կատարողականի համար պահանջվող անհրաժեշտ մոտեցումները։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...