17:39
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Հնարավոր չէ բիզնեսում հաջողություն ունենալ առանց համախոհ թիմի` մարդկանց, որոնք նայում են միևնույն ուղղությամբ…

2013-07-02 11:00

«Դե Ֆակտո» 46 (2010թ.)

«Յունիբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան

-Պարո՛ն Զաքարյան, ինչպե՞ս կգնահատեք ՙՅունիբանկի՚ գործունեության 2009թ. արդյունքները: Ինչպե՞ս հաջողվեց Ձեր ղեկավարած բանկին դիմագրավել տնտեսական ճգնաժամին:

-ՙՅունիբանկի՚ ֆինանսական կայունությունը դրսևորվեց ճգնաժամի   ամենասուր պահին: Կարծում եմ` մենք ժամանակին նկատեցինք սպասվող խնդիրները և կարողացանք ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք մեզ թույլ տվեցին ոչ միայն պահպանել մեր ունեցած դիրքը Հայաստանի բանկերի առաջին  տասնյակում, այլ նաև բավականին առաջաընթաց ունենալ: Ներկայումս ՙՅունիբանկը՚ բոլոր հիմնական ցուցանիշներով ընդգրկվում է  երկրի բանկերի առաջին հնգյակում:

2009թ.-ի վերջին բանկի կապիտալը աճել է 22,8 տոկոսով և կազմել 11,6 մլրդ դրամ, ակտիվները հասել են 108,6 մլրդ դրամի, տարեկան աճը կազմել է 58 տոկոս: Ավանդական պահպանողական քաղաքականության շնորհիվ մեզ մոտ չառաջացավ ՙվատ վարկերի՚ խնդիր, և դա այն դեպքում, որ մենք ոչ միայն չսառեցրինք, այլև  2009թ.-ի ամռանից սկսած վերսկսեցինք լայնամասշտաբ երկարաժամկետ վարկավորման գործընթացը բոլոր ուղղություններով:

Հաշվի առնելով  2009թ.-ի օբյեկտիվ դժվարությունները` բանկը ձգտեց գնալ հաճախորդին ընդառաջ և վարկառուի հետ միասին փնտրել առաջացող հարցերի կառուցողական լուծումներ: Արդյունքում` բանկի վարկային ներդրումների ծավալը, չնայած շուկայի որոշակի պասիվությանը, տարեվերջում  կազմեց ավելի քան 66 մլրդ դրամ` գերազանացելով 2008թ.-ի ցուցանիշը 42,8 տոկոսով: Այստեղ տեղին է նշել նաև կառավարության` ժամանակին ձեռնարկած հակաճգնաժամային   միջոցառումները, այդ թվում` ռուսական վարկը, որի միջոցները բաշխվեցին առևտրային բանկերի միջև և ժամանակին ուղղվեցին տնտեսության իրական հատվածի զարգացմանը:

ՙՅունիբանկն՚ ակտիվորեն ընդգրկված է այդ ծրագրում` վարկավորելով  տնտեսության սուբյեկտներին նախաճգնաժամային պայմաններով: Օրինակ` հիպոթեկային վարկը տրամադրվում է տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով և 15 տարի մարման ժամկետով: Բիզնես վարկերը տրամադրվում են 15 տոկոսով և մինչև 4,5 մլն ԱՄՆ դոլար գումարով:

-Ճգնաժամի հետևանքով ժամկետային ավանդների տրամադրման ծավալները չե՞ն  նվազել:

-ՙՅունիբանկն՚ արդեն մի քանի  տարի անընդմեջ պահպանում է առաջատարի դիրքը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների տրամադրման ծավալով:  Այդ շուկայի մոտավորապես 20 տոկոսը բաժին է ընկնում մեզ: 2009թ.-ի արդյունքներով` ՙՅունիբանկը՚ ժամկետային ավանդների տրամադրման ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: Տարեվերջի տվյալներով` այդ ցուցանիշը գերազանցել է 73 մլրդ 150,6 մլն դրամը` աճելով ավելի քան 100 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ տարեցտարի աճում է ՙՅունիբանկը՚ գերադասող և նրան վստահող մարդկանց թիվը: Ընդհանուր առմամբ, բանկը սպասարկում է տարեկան ավելի քան 1 մլն  քաղաքացու, որից 90 հազարը մշտական հաճախորդներ են:

Այսօր ՙՅունիբանկը՚ համակողմանի ֆինանսական ինստիտուտ է, որն ապահովել է իր ներկայությունը հանրապետության բոլոր մարզերում: Ընթացիկ տարում նախատեսված է բացել ևս 9 նոր մասնաճյուղ` ընդհանուր քանակը հասցնելով 43-ի:

-2009թ. ՙՅունիբանկն՚ ուրիշ ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել:

-2009թ.-ին բանկը մեծ ուշադրություն է դարձրել տեղեկատվական տեխնոլոգիաներին և այդ ոլորտում բավական շոշափելի գումարներ ներդրել: Մասնավորապես սպասարկման որակի բարձրացման համար մասնաճյուղային ցանցը միացվել է online համակարգին, որի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն ստացան բանկային գործառույթները իրականացնել ՙՅունիբանկի՚ ցանկացած մասնաճյուղում` անկախ սպասարկման հասցեից:

Պետք է նշել, որ ՙՅունիբանկը՚ Հայաստանում առաջինն իրականացրեց շուրջօրյա բանկային սպասարկում: Այդպիսի ռեժիմով է աշխատում ՙԶվարթնոց՚ մասնաճյուղը: Մոտ ապագայում 24-ժամյա աշխատանաքային ռեժիմի կանցնեն նաև այլ մասնաճյուղեր:

-ՙՅունիստրիմ՚ դրամական փոխանցումների համակարգը ամենապահանջված բանկային ծառայություններից մեկն է Հայաստանում: Պատմեք, խնդրեմ, այդ համակարգի աշխատանքի արդյունքների մասին:

 -ՙՅունիստրիմը՚  իսկապես թիվ մեկ դրամական փոխանցումների համակարգն է Հայաստանում: Այն ՙՅունիբանկում՚ ներդրվելու հենց առաջին տարում Հայաստանի ազգաբնակչության մեջ մեծ ժողովրդականություն վայելեց: Նրան է բաժին ընկնում հայաստանյան շուկայի դրամական փոխանցումների կեսից ավելին: 2009թ.-ին ՙՅունիստրիմի՚ շրջանառությունը Հայաստանում կազմեց 551 մլն ԱՄՆ դոլար, փոխանցումների քանակը գերազանցեց  712  հազարը: ՙՅունիստրիմի՚  նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է ցածր միջնորդավճարով` 1 տոկոսից սկսած և փոխանցման արագությամբ: Ձևակերպումից 10-15 րոպե անց փոխանցվող գումարը հասանելի է ստացողի համար: Ոչ պակաս դերակատարում ունեն նաև ՙՅունիստրիմ՚ համակարգի լրացուցիչ ծառայությունները: Դրանցից են ներմուծվող ապրանքների դիմաց վճարումները, կոմունալ ծառայությունների վճարումները, վարկերի մարելը, կուտակային ավանդների  համալրումը, օվերդրաֆտները և այլն:

-Գործունեության ո՞ր ուղղություններն ու  հիմնախնիդրներն են  առաջնային լինելու ՙՅունիբանկի՚ համար  2010թ.-ին: 

-ՙՅունիբանկի՚ համար 2010թ. կարևոր խնդիրներից մեկը  ՙMoody’s՚ գործակալության կողմից միջազգային վարկանիշի ստացումն է: Միաժամանակ,  նախատեսվում է ևս մեկ միջազգային վճարային համակարգի` MasterCard-ի հետ համագործակցության իրականացում: Կարևոր քայլ կլինի նաև անցումը չիպային քարտերին: Շարունակելով քարտային բիզնեսի թեման` նշեմ, որ այս տարի նախատեսվում է թողարկվող քարտերի քանակը հասցնել մինչև 100 հազարի: Ակտիվորեն կզարգացնենք co-բրենդինգային նախագծերը` դրա հետ միասին ընդարձակելով բանկի ենթակառուցվածքը:

Ինչպես արդեն նշեցի, նախատեսել ենք բացել ևս ինը մասնաճյուղ, մեծ մասը` մարզերում: Զուգահեռաբար կշարունակենք իրականացնել գործող մասնաճյուղային ցանցի մոդեռնիզացման աշխատանքները:

Այս տարի հիմնական շեշտը կդրվի մանրածախ բիզնեսի զարգացման վրա, որը նախևառաջ ենթադրում է ավանդային պորտֆելի և վարկավորման ծավալների նշանակալի աճ, պլաստիկ քարտերի շուկայի մասնաբաժնի մեծացում, առաջատար դիրքերի գրավում և այլն: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, մեծ ուշադրություն կդարձվի սպասարկման որակի վրա: Այս հարցը ՙՅունիբանկի՚ համար առանձնահատուկ կարևորություն ունի` հաշվի առնելով հաճախորդների հսկա բանակը: Դրա առնչությամբ մեր կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք ֆիզիկական անձանցից առանձնացված բարձր մակարդակի սպասարկում նոր` VIP սրահներում:

-ՙՅունիբանկի՚ համար ի՞նչ նշանակություն ունի սոցիալական պատասխանատվություն հասկացությունը: Ինչպիսի՞ բարեգործական նախաձեռնություններ են իրականացվել  Ձեր կողմից:

-ՙՅունիբանկը՚, որպես երկրի կորպորատիվ քաղաքացի, գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը հանրության առջև, որի ներքո ապրում և աշխատում է: Այդ պատասխանատվությունը արտահայտվում է ոչ միայն բարեգործական ծրագրերում, այլ նաև բիզնեսը վարելու գործընթացում, որն իրականացվում է սոցիալական պատասխանատվությանը համահունչ: Այն է` պետբյուջե ժամանակին կատարվող վճարումները, աշխատատեղերի ստեղծումը, մասնակցությունը պետական և հասարակական ծրագրերին:

Ինչ վերաբերում է բարեգործական գործունեությանը, ապա ՙՅունիբանկի՚ գերադասելի ուղղություններից են արվեստը, սպորտը և սոցիալական ոլորտը: ՙՅունիբանկի՚ աջակցությամբ բազմաթիվ հայ երաժիշտներ թողարկել են իրենց ալբոմները, կազմակերպել արտասահմանյան շրջագայություններ: Եվ հակառակը` շատ աշխարհահռչակ արտիստներ այցելել են Հայաստան և հայ ունկնդրին ներկայացել համերգներով:  ՙՅունիբանկի՚ աջակցությամբ Հայաստանում կայացավ Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգների շարք: Վարպետին շնորհավորելու համար աստղեր էին ժամանել ամբողջ աշխարհից` Բորիս Գրեբենշչիկով, Ալան Պարսոն, Պիտեր Գաբրիել, Զուկկերո և շատ ուրիշներ:

Անցած տարեվերջին իր գործունեության 8-ամյակի պատվին` ՙՅունիբանկը՚ Երևանում կազմակերպել էր լեգենդար SPACE խմբի համերգը, որին ներկա էր շուրջ 7 հազար հանդիսատես: Այս նախաձեռնությամբ բանկը տոն նվիրեց ոչ միայն իրեն, այլ նաև գունագեղ շոուի և կենդանի կատարմամբ որակյալ երաժշտության բոլոր սիրահարներին: Համերգի վառ պահերից էր Ջիվան Գասպարյանի և SPACE խմբի մենակատար Դիդիե Մարուանիի համատեղ ելույթը:

ՙՅունիբանկի՚ օժանդակությամբ թողարկվել է  նաև կոմպոզիտոր Գարի Քյոսայանի մանկական երգերի ալբոմը: Այս տարի նախատեսում ենք թողարկել նաև կոմպոզիտորի` Ֆ.Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ վեպի բեմականացման համար գրած ստեղծագործությունների սկավառակը: Գարի Քյոսայանն առավել հայտնի է արտասահմանյան հանդիսատեսին: 1988թ.-ին նա ճանաչվել է ԱՄՆ լավագույն ջազ երաժիշտը: Հուսով ենք, որ նա ըստ արժանավույն կգնահատվի նաև հայ երաժշտասերի կողմից:

ՙՅունիբանկը՚ բազմիցս մասնակցել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հանգանակությանը: Արցախում կազմակերպված ՙՄեծ հարսանիք՚ նախագծի  հովանավորներից մեկն էլ մեր բանկն է, որը մինչև հիմա էլ օժանդակում է  երիտասարդ ընտանիքներին: Դրա վառ դրսևորումներից մեկը նոր տարվա նախաշեմին առաջնեկի ծննդյան կապակցությամբ դրամական նվիրատվություններն էին:                    

Կշարունակենք օգնություն ցուցաբերել մանկատներին` ստեղծելով համակարգչային դասարաններ: Համագործակցում ենք նաև Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ, որին անհատույց օգտագործման է տրամադրվել նոր, հիմնովին բարեկարգված, քաղաքի կենտրոնում գտնվող ընդարձակ տարածք:

-Ձեր ներդրումային գործունությունը Հայաստանում միայն ՙՅունիբանկով՚  չի սահմանափակվում: Ուրիշ ի՞նչ ընկերություններ ունեք Հայաստանում:

-Դուք ճիշտ եք, Գեորգի  Պիսկովի հետ համատեղ մենք Հայաստանում իրականացնում ենք մի շարք նախագծեր` ոչ միայն ֆինանսական ոլորտում: Ներդրումներ են կատարվել ՙԳԵԳԱՄԵՏ՚ ընկերության ստեղծման գործում, որը մասնագիտացված  է քրոմի, ֆերրոքրոմի և այլ մետաղների հանքանյութերի արդյունահանման, ինչպես նաև ցեմենտի արտադրության հավելանյութերի ստացման մեջ: Երևանի կենտրոնում` Ամիրյան փողոցում, կառուցվում է ՙԱմիրյան պլազա՚ բազմաֆունկցիոնալ համալիրը, որը կառանձնանա յուրահատուկ դիզայնով և կներառի ատրիում, ապակե կախովի սրճարան, հյուրանոց, ռեստորան, ֆիտնես ակումբ, առևտրային տարածքներ և գրասենյակներ:

-Դուք ոչ միայն գլխավորում եք ՙՅունիբանկը՚, այլ նաև Ռուսաստանում խոշորագույն առևտրային բանկերից մեկի` ՙՅունիաստրում բանկի՚ հիմնադիրն ու նախագահն եք: Ինչպիսի՞ արդյունքներ է գրանցել ՙՅունիաստրում բանկն՚ անցած բավականին ծանր 2009 թվականին:

-2009թ.-ը ՙՅունիաստրում բանկի՚ համար առավել քան հաջող էր: Չնայած ճգնաժամային դժվարություններին և շուկայում բացասական դրսևորումներին` մենք կարողացանք  կենտրոնացնել մեր ճիգերը բիզնեսի հեռանկարային ուղղությունների վրա: Ի տարբերություն շատ ռուսական բանկերի` մենք ոչ միայն չընդհատեցինք ազգաբնակչության և ձեռնարկությունների վարկավորման գործընթացը, այլև ավելացրինք վարկավորման ծավալները, որը, համատեղվելով վարկավորման բավականին պահպանողական քաղաքականության  հետ, բանկին հնարավորություն տվեց մեծացնելու բարձրորակ  վարկային պորտֆելը և հաճախորդների բազայի ծավալը: 2009թ.-ին ՙՅունիաստրում բանկի՚ կորպորատիվ վարկային պորտֆելի աճը կազմեց 65 տոկոս: 2010թ. հունվարի 1-ի ֆինանսական հաշվետվության համաձայն` բանկի կորպորատիվ վարկային ընդհանուր պորտֆելի ծավալը կազմել է 35,7 ռուսական ռուբլի: Փոքր բիզնեսի վարկավորման ծրագրով պորտֆելը գերազանցել է 4,6 մլրդ ռուբլին` աճելով երկու անգամ: ՙՅունիաստրում Բանկը՚ ավանդականորեն, ՌԴ Կենտրոնական բանկի վարկածի համաձայն` մտնում է Ռուսաստանի խոշորագույն համակարգաստեղծ առաջատար 30 բանկերի և առավել զարգացած մասնաճյուղային ցանց ունեցող 20 բանկերի մեջ: Չնայած բավական բարդ տարվան` բանկին հաջողվեց արձանագրել ֆինանսական դրական արդյունք` 87 մլն ռուբլու  չափով: 2009թ.-ին ՙMoody’s Investor Service՚ վարկանիշային գործակալությունը հաստատել է ՙՅունիաստրում բանկի՚ երկարաժամկետ վարկավորման վարկանիշը Ba2 մակարդակում, իսկ ազգային վարկանիշը` Aa2 մակարդակում:  

Շարունակվել է ՙՅունիաստրում բանկի՚ և Կիպրոսի բանկի խմբի ինտեգրացիոն գործընթացը: Դեռևս 2008թ.-ին ճգնաժամի ամենաթեժ պահին մենք ավարտեցինք  ՙՅոտնիաստրում բանկի՚ 80 տոկոս բաժնեմասի ՙԿիպրոսի բանկ՚ խմբին վաճառքի գործընթացը, որի արդյունքում ձեռք բերեցինք հուսալի և ուժեղ գործընկեր: Դա Կիպրոսի ֆինանսական կառույցների ամենամեծ ներդրումն էր ռուսաստանյան բանկային համակարգում: ՙԿիպրոսի բանկ՚ խումբը խոշոր միջազգային հոլդինգային կառույց է, որը հիմնադրվել է 1899թ.-ին և Կիպրոսում ու Հունաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում  գրավում է առաջատար դիրք: Խումբը ՙՅունիաստրում բանկին՚ է փոխանցում տարիների ընթացքում մշակված և հաջողությամբ փորձարկված բանկային բզինեսը վարելու տեխնոլոգիաներ: Խմբի օժանդակությամբ մենք կառուցում ենք գերտեխնոլոգիական բանկ, որի գործունեությունը համապատասխանում է միջազգային առաջատար չափանիշներին  և միտում ունի ապահովել բանկի հաճախորդների համակարգային, բարձրակարգ  սպասարկում:

-Ինչպե՞ս եք տեսնում ՙՅունիաստրում բանկի՚ առաջիկա տարիների զարգացան ռազմավարությունը և խնդիրները:

-Ընտրված ռազմավարության համաձայն` ՙՅունիաստրում բանկը՚ նախատեսում է ապահովել ներդրումային գրավչության աճ, պահպանել և ամրապնդել ռուսաստանյան ֆինանսաբանկային շուկայում ունեցած դիրքը` հաճախորդների պահանջմունքների համակողմանի բավարարման, որակի հսկման և կառավարման համակարգի արդիականացման ճանապարհով: Առաջիկայում իրագործվող խնդիրներից կարելի է առաձնացնել հաճախորդների հետ փոխազդեցության համակարգի կատարելագործման հաշվին վաճառքի ծավալների և բանկի եկամուտների աճը, միջբանկային հաղորդակցությունների համակարգի կատարելագործումը: Վերջինի շնորհիվ` մենք կհասնենք ՙմեկ հաճախորդ` մի քանի ծառայություն՚  համադրությանը, ինչպես նաև բանկային տեխնոլոգիաների և վաճառքի այլընտրանքային ուղիների զարգացմանը, արտադրողականության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և այլն:  

Բանկի առաջնահերթ բիզնես ուղղություններն են անհատների  և փոքր ու միջին բիզնեսի  սպասարկումը: Հաշվի առնելով փոքր ձեռնարկությունների հետ աշխատանքի առանձնահատկությունները` բանկի մասնագետները կտրամադրեն անհրաժեշտ խորհրդատվություն ֆինանսատնտեսական և կազմակերպաիրավական հարցերով: Բանկի գլխավոր ռազմավարական նպատակը ծառայությունների մատուցման ոլորտում որակի առաջատար դառնալն է: 2010թ.-ին նախատեսում ենք առնվազն 50 տոկոս աճ մեր բիզնեսի բոլոր հիմնական ուղղություններում:

-Զբաղված լինելով այդքան նախագծերով` կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել ընտանիքին, բարեկամներին: Ինչպե՞ս եք  կազմակերպում բիզնեսից դուրս Ձեր առօրյան:

-Եթե ազատ ժամանակ եմ ունենում, ապա աշխատում եմ այն անպայման հատկացնել ընտանիքիս, թեև սովորաբար ես տուն եմ  վերադառնում, երբ երեխաներն արդեն քնած են: Ունեմ չորս երեխա` երկու աղջիկ և երկու տղա: Բացը լրացնում եմ հանգստյան օրերին: Որպես կանոն` մենք մեկնում ենք մեր քաղաքամերձ տուն: Ինձ թվում է, որ ընտանիքում գլխավորը սերն ու  համերաշխությունն է, փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը. կարողանալ ընդունել, որ յուրաքանչյուրն ունի ապրելակերպի իր ձևաչափը: Եվ հետո, անհրաժեշտ է հաճախ լինել միասին: Դա ամրացնում է ընտանիքը: Ինձ համար հաճելի է, երբ տանը շատ բարեկամներ են լինում, և պատահական չէ, որ շաբաթ և կիրակի օրերին մեր տունը հյուրաշատ է:

-Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր բնավորությունը:

-Բնավորությամբ եռանդուն և նպատակասլաց եմ: Եթե իմ առջև որևէ խնդիր եմ դնում, ապա անհրաժեշտության դեպքում կարող եմ անգամ գիշերները չքնել, մինչև գտնեմ խնդրի լուծումը: Լավ և առողջ վիճակը պահպանելուն օգնում է նաև սպորտը: Ես զբաղվում եմ տարբեր սպորտաձևերով: Ֆիզիկական վարժություններից զատ, խաղում եմ ֆուտբոլ, թենիս: Լեոնիդ Տյագոչևի մերձմոսկովյան լեռնադահուկային ակումբում զբաղվում եմ դահուկասահքով: Ի դեպ, ակումբի կառուցման աշխատանքները մասնակիորեն ֆինանսավորել է  ՙՅունիաստրում բանկը՚: Մանուկ հասակից շատ եմ սիրել լողը և արձակուրդների ընթացքում ջանում եմ որքան հնարավոր է շատ լողալ:

-Հասարակության մեջ այնպիսի կարծրատիպ է ձևավորվել, որ բանկիրները հիմնականում կարծր, անհանդուրժողականություն դրսևորող մարդիկ են: Արդյո՞ք այս հատկանիշները բանկային գործի  անբաժանելի մասն են:

-Իմ կարծիքով` յուրաքանչյուր առաջնորդ պետք է կարողանա որոշումներ ընդունել, երբեմն նաև` մեծամասնության կողմից չընդունվող: Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը` մեծ պատասխանատվությունը, որը  կրում ես քո ընդունած որոշման համար. չէ՞ որ, վերջին հաշվով,  ընդունածդ որոշումից է կախված գործի ամբողջ հաջողությունը, հազարավոր մարդկանց բարեկեցությունը, որոնք աշխատում են այդ ընկերությունում: Համոզված եմ` հնարավոր չէ  բիզնեսում հաջողություն ունենալ առանց  համախոհ թիմի` մարդկանց, որոնք նայում են միևնույն ուղղությամբ: Հուրախություն  ինձ` իմ կողքին այդ թիմը կա:          

       Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...