14:52
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աստծուց ինչ-որ բան խնդրելուց առաջ, պետք է խորհել

2013-06-24 11:21

«Դե Ֆակտո» 25 էքսկլյուզիվ (2008թ.)

- Ինչպե՞ս որոշեցիք քաղաքականությամբ զբաղվել։

- Կյանքում գալիս է մի շրջան, երբ արժևորելով անցածը, ձեռքբերումները, վերագնահատելով հնարավորություններդ ու կարողություններդ, գիտակցում ես, որ կարող ես և պարտավոր ես ավելին անել ժողովրդիդ համար։ Դա շատ պատասխանատու քայլ է, հարկ է ճշտորեն գնահատել սեփական ուժերը և ապա  ծանրակշիռ որոշում ընդունել։ Այդպիսի փորձություն ինձ համար հանդիսացավ 1988-ի երկրաշարժը, որի հետևանքով մեծ կորուստներ ունեցա, քանի որ  Սպիտակում մեծ հարազատություն ունեի։ Այդ տարիներին Երևանի «Քիմռեակտիվների» գործարանի տնօրենն էի, և մեր կոլեկտիվը երկրաշարժի հետևանքների վերացմանն իր անմիջական մասնակցությունը բերեց։ Գործարանը Սպիտակում ևս մասնաճյուղ ուներ և մեծ ջանքերի շնորհիվ, դժվարին այդ տարիներին կարողացանք գործարանի վերակառուցման համար Մոսկվայից շուրջ 18 մլն ռուբլու ֆինանսավորման համաձայնություն ստանալ և արդեն 1990 թվականին սկսել շինարարական աշխատանքները։ Այդ ժամանակ նոր կազմավորված Գերագույն Խորհրդի Սպիտակից ընտրված պատգամավոր Վլադիմիր Մովսիսյանի` այլ աշխատանքի տեղափոխելու կապակցությամբ նոր ընտրություններ էին հայտարարված։ Այսօրվա պես հիշում եմ, աշխատանքային մի հավաքի ժամանակ կոլեկտիվն առաջարկեց իմ թեկնածությունն առաջադրել։ Անկեղծորեն, ուզում էի հրաժարվել, ի նակտի ունենալով այդ հսկայական շինարարական և արտադրության կազմակերպման աշխատանքները, բայց իմ հայրենակիցների համառությունը և համոզմունքը` ինձ այդ տեղում տեսնել, շատ մեծ էր, և ինձ ուրիշ ճար չէր մնում, քան համաձայնվել. ընտրություններում հաղթեցի և մինչ օրս փորձում եմ հնարավորինս արդարացնել իմ հայրենակիցների սպասելիքները, երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացնել երկրամասի շահերը։

- Ինչպիսի՞ գործունեություն եք ծավալում ԱԺ-ում։

-Ինչպես ասացի, Ազգային ժողովում եմ դեռևս Գերագույն Խորհրդի ժամանակներից, և իմ գործունեությունը հիմնականում տնտեսական ոլորտին է առնչվել. եղել եմ «Բարեփոխումներ», «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների անդամ։ Գործունեությունս նպատակաուղղված է եղել ազատական տնտեսական հարաբերություններ ապահովող օրենսդրական դաշտի կայացմանը, գործարարության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Մտահոգ տարածաշրջանային տնտեսական կապերի  զարգացմամբ, հարևան երկրների օրենսդիրների հետ պարբերաբար քննարկում ու մշակում ենք միջպետական տնտեսական կապերը խթանող օրենքներ, միջպետական համաձայնագրեր։

- Ի՞նչ եք կարծում, կատարած աշխատանքը կարող է բնութագրել գործչին։

- Մարդուն առավելապես բնութագրում է հատկապես իր գործունեությունը։ Իզուր չեն ասված Մեծ Լոռեցու խոսքերը դարեդար խոսվող գործի անմահության մասին։ Բոլորս էլ մեր շրջապատում հարգում և ընդունում ենք աշխատավոր մարդուն, ով իր տքնաջան աշխատանքով բարիք է ստեղծում և ծառայում հանրությանը։ Այո դարերով խոսում ենք շինարարի կառուցած գեղեցիկ շինության, արվեստագետի գլուխգործոցի, հմուտ մանկավարժի ճիշտ դաստիարակության մասին… Օրենսդրի

պարագայում դա արդար և կենսունակ օրենքներ ստեղծելն է, քաղաքական հանդուրժողական մթնոլորտ ապահովելը։ Այս առումով, վստահաբար կարող եմ ասել, որ իմ ընտրողներին երբևէ հուսախաբ չեմ արել։

-Ի՞նչը Ձեզ երբեք չեք կարող ներել։

-Նայելով անցյալին, անշուշտ, ինչ-ինչ բացթողումներ տեսնում ես։ Իհարկե, որոշ գործեր էլ կարելի էր ավելի լավ անել, չարվածի համար էլ ափսոսում ես։ Բոլոր դեպքերում կարելի է խոսել ոչ թե ներել-չներելու, այլ ափսոսանքի, չհասցրածի մասին։ Բայց կյանքը դեռ առջևում է, և կարելի է դեռ դրանց մասին էլ մտածել։

-Աստծուց ի՞նչ եք խնդրում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք կյանքից։

- Կարծում եմ, Աստծուց ինչ-որ բան խնդրելուց առաջ, պետք է խորհել իսկ ի՞նչ ես արել և ի՞նչպես ես ապրել որևէ բան ակնկալելու համար. միայն խնդրելով չէ, պետք է ինքդ էլ քո գործունեությամբ նպաստես դրա իրագործմանը։ Իմ տարիքի ու դիրքի մարդն, անշուշտ, պետք է իր երկրի ու ժողովրդի համար խաղաղություն ու բարեկեցություն ակնկալի և իր հնարավորության սահմաններում նպաստի դրանց իրագործմանը։

- Ո՞րն է Ձեր երազանքը, կարծում եմ այն առավելագույնս կարող է Ձեզ բնորոշել։

- Նախորդ հարցի ակնկալիքներից հետո, իհարկե, թոռներիս հարսանիքին պարելը։

- Երջանի՞կ եք։

- Երջանկությունը հոգեվիճակ է և, բնականաբար հավերժ չի կարող տևել։ Մեզանում ընդունված չափանիշներով, թերևս, անձնական կյանքում կարող եմ երջանիկ համարվել. հզոր և ամուր արմատներով գերդաստան, մեծ հարազատություն, վստահելի ընկերներ, լավ ընտանիք, հրաշալի կին, երեխաներ, անուշ թոռնիկներ։ Բայց բոլոր դեպքերում չեմ կարող ինձ լիարժեք երջանիկ համարել, քանի դեռ իմ հայրենակիցներից շատերը սոցիալական խնդիրներ ունեն, քանի դեռ տնտեսապես չենք հզորացրել մեր երկիրը։

- Հայ հասարակությունը ինչպիսի՞ քաղաքական գործչի է գնահատում և վստահում։ Ի՞նչ հատկանիշներ և ինչպիսի՞ գործելաոճ պետք է ունենա քաղաքական այրը։

- Ցավոք, քաղաքական դաշտը դասական իմաստով մեզանում դեռևս կայացած չէ, դեռևս շատ են պատեհապաշտներն ու պղտոր ջրում ձուկ որսացողները։ Սակայն, բազում փորձությունների բովով անցած մեր ժողովուրդը մեծ իմաստնություն է ձեռք բերել և շատ լավ կարողանում է տարբերել թացը չորից, խոսքը` գործից, կարևորը` երկրորդականից։ Քաղաքական տարբեր հոսանքները մշտապես փոխարինում են միմյանց, փոխվում են կարևոր հիմնախնդիրների հանդեպ մոտեցումները, դրանց հաղթահարման ձևերը։ Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը պետք է միշտ ժողովրդի կողքին լինի, միշտ պետության շահը բարձր դասի անձնական հավակնություններից, մի խոսքով պետք է ժողովրդական լինի, ինչը սակայն, չպետք է շփոթել պոպուլիզմի հետ։ Նա պետք է նաև ազնիվ, արդարամիտ ու սկզբունքային լինի, գործի թափանցիկ։

- Ո՞ր պարագայում կդառնաք ընդդիմադիր քաղաքական գործիչ։

- Եթե խոսքն այսօրվա անձնավորված, անձնական հավակնություններ հետապնդող մարդկային խմբերի վրա հիմնված ընդդիմության մասին է, ապա այն ինձ համար անընդունելի է։ Ես սկզբունքորեն ընդդիմադիր եմ ցանկացած ուժի, որը խոչընդոտում է պետականության ամրապնդմանն ու զարգացմանը, ոչ պետականամետ գործունեություն է իրականացնում։ Այսօր էլ ընդդիմության մեջ ճշմարիտ մտածող ընկերներ ունեմ, որոնք պետության շահը բարձր են դասում ամեն ինչից։

- Ձեր կարծիքով` Հայաստանը զարգացում կապրի, եթե…

- Կարծում եմ համաձայն եք ինձ հետ, որ զարգացման և առաջընթացի հիմքերը Հայաստանում արդեն անշրջելիորեն դրված են. տնտեսական բարեփոխումների մեկնարկը տրված է։ Իհարկե, դեռ անելիքներ շատ կան, երկրորդ սերնդի բարեփոխումներն են իրականացվում, լուրջ փոփոխություններ են սպասվում, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար մեզ պակասում է համախմբվածություն, ազգային միասնություն, հանդուրժողականության մթնոլորտ։ Համոզված եմ, որ ներկա քաղաքական լարվածությունը մենք պատվով կհաղթահարենք և մեր մեջ ուժ կգտնենք ազգային շահը գերակա համարելու։

- ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, ինչպիսի՞ ապագա է սպասվում Հայաստանին։

 - Սերժ Սարգսյանին ճանաչում եմ վաղուց, գիտեմ նրան որպես հայրենասեր, ազգասեր, սկզբունքային գործչի։ Դեռևս անկախության առաջին տարիներից աշխատելով պետական կառույցներում, նա իրեն դրսևորել է որպես պատասխանատու և գործունյա պետական գործիչ։ Համոզված եմ, երկրի բարձրագույն ղեկավարի պաշտոնում ևս նա կիրագործի երկիրը հզորացնելու, զարգացման ուղիով տանելու պետականամետ քաղաքականություն։

- Գնահատելով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները` ի՞նչ բացթողումներ եք տեսնում, որոնք առաջնային ուշադրության պետք է արժանանան նորընտիր նախագահի կողմից։

- Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ղեկավարությունը ստանձնեց բավականին պատասխանատու և դժվարին ժամանակաշրջանում. սոցիալ տնտեսական դժվարին կացություն, հասարակության բարոյահոգեբանական խորը ճգնաժամ, քայքայված տնտեսություն, գործազրկության բարձր ցուցանիշ։ Այդպիսի «պերճախոս» ժառանգությամբ նրան հաջողվեց երկիրը զարգացման ու ժողովրդավարացման ռելսերի վրա դնել։ Տնտեսական շրջափակման պայմաններում բազմաթիվ ասպեկտներով Հայաստանը տարածաշրջանում առաջնային դիրք գրավեց։ Իհարկե, երկիրը նոր էր ոտքի կանգնում, անելիքներ շատ կային և, բնականաբար, միանգամից հնարավոր չէր ամեն ինչ կարգավորել։ Նման պարագայում, ցանկության դեպքում, կարելի է շատ բան որպես բացթողում դիտարկել, կամ` որպես չհասցրած գործ։ Բոլոր դեպքերում նա իրենից կախված ամեն ինչ արել է Հայաստանի զարգացման համար և, ի դեպ, հրաժեշտի ելույթում էլ  որպես ինքնագնահատանք, այդպես էլ ասաց, միաժամանակ ժողովրդի ներողամտությունը հայցելով` չհասցրածի համար։ Նա նորընտիր նախագահին է հանձնել շատ ավելի հարուստ ժառանգություն և, իհարկե, իր բարոյական ու մասնագիտական աջակցությունը։

- Հետադարձ հայացքը Ձեր հոբելյանի այս օրերին ի՞նչ խոհեր է արթնացնում։ Ի՞նչն այս տարիներին դեռևս երազանք մնաց։

- Հպարտությամբ եմ արձանագրում, որ կյանքս հենց այնպես, միայն իմ նեղ հարազատության համար չեմ ապրել և կարողացել եմ իմ փոքր ներդրումն ունենալ մեր երկրի կայացման գործընթացին։ Ինձ համար շատ կարևոր է հայրենակիցներիս, իմ հարազատ սպիտակցիների կողմից ընդունված լինելը, որոնք աղետյալ իմ ծննդավայրը ոտքի կանգնեցնելու, շենացնելու պատասխանատու գործի մասնակիցը լինելու պատիվն արդեն չորրորդ անգամ ինձ են վստահում։ Այդ բարձր գնահատականը նոր ուժ ու եռանդ է հաղորդում իմ կիսատ գործերում և նոր անելիքներում։ Իսկ եթե որոշակի հումորային հայացքով նայենք հարցին, ապա որպես հայ տղամարդ, երկու աղջիկ զավակների կողքին անշուշտ երկու արու զավակ կուզենայի ունենալ։ Բայց աղջիկներս արդեն ինձ տղա թոռնիկներ են պարգևել, այնպես որ ինչ-որ տեղ դա էլ արդեն անկատար երազանք չէ։

- Դուք Հայ-վրացական գործարար համագործակցության ընկերակցության համանախագահ եք, ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հայ-վրացական հարաբերությունները։

- Հայ-վրացական հարաբերությունները բարեկամության դարավոր պատմություն ունեն։ Սակայն, նորանկախ պետականության պայմաններում դրանք նոր փուլ թևակոխեցին և առավել բարձր ու ջերմ մակարդակի վրա դրվեցին հատկապես նախագահ Սահակաշվիլու օրոք։ Պետք է բոլոր դեպքերում փաստել, որ այդ հարցում, իսկապես, մեծ դերակատարություն ունեցավ գործարար համագործակցության ընկերակցության հիմնադրումը. ասում են բոլոր փակ ճանապարհները բացում են գործարարությունն ու տնտեսական շահը։ Երկու նորանակախ երկրները կարիք ունեն տնտեսական կապերի, նոր շուկաների  ընդլայնման, իսկ որ ամենակարևորն է սփյուռքի բավականին հզոր հատվածն է հանդիսանում վիրահայությունը, որն իր պատմական հայրենիքի աջակցության և նրա հետ կապերի ամրապնդման կարիք ունի։ Հայ-վրացական գործարար համագործակցությունը չորս տարվա պատմություն ունի։ Այս ժամանակահատվածում հասցրել ենք մեծ հաջողություններ արձանագրել։ Առաջնահերթ խնդիր էր հաղորդակցության ուղիների`  տարանցիկ ճանապարհների վերագործարկման հարցը, տրանսպորտային խնդիրների կարգավորումը։ Սկսեմ նրանից, որ Վրաստանից Հայաստան մտնող ճանապարհները` Մառնեուլից Սադախլո և Կալինինոյի մոտով անցնող 40-45 կմ երկարությամբ ճանապարհահատվածները, անմխիթար, անանցանելի վիճակում էին։ Հաջորդ, ոչ պակաս կարևոր խնդիրը սահմանի վրա ճանապարհատուրքի վերացման հարց էր. յուրաքանչյուր մեքենա մաքսակետով անցնելով վճարում էր 70 դոլարի կարգի տուրք։ Եվ եթե իրատես լինենք, պետք է ընդունենք, որ երկու կողմից էլ հիմնականում մեր հայրենակիցներն էին, որոնք կամ գալիս են իրենց հարազատերին տեսության, կամ, ասենք, մեր գյուղացիները այստեղից իրենց բնամթերքը վաճառելու էին տանում Վրաստան։ Մեր կառույցի շրջանակներում այդ հարցը բարձրացրինք երկու երկրների խորհրդարաններում և, արդեն իսկ 2005-ի հունվարի 1-ից վերացվեց Հայաստանից դեպի Վրաստան մեկնող, իսկ մեկ տարի անց էլ` Հայաստան մուտք գործող մեքենաների ճանապարհատուրքը։

Հաջորդ կարևոր ձեռքբերումը Հայաստանի համար բարենպաստ պայմաններով ծովով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունն էր, երբ ցամաքային կարևոր երկաթուղային ուղիները մեզ համար դեռևս շրջափակման պատճառով անհասանելի են։ Այսօր այդ հնարավորությունն ընդլայնվել է, Փոթիի նավամատույցից բացի ընդգրկելով Աջարիայի Ինքնավար հանրապետության մայրաքաղաքի` Բաթումիի նավահանգիստը։ Շատ չանցած այն նոր` այս անգամ արդեն Աջարիայի հետ  համագործակցության լայն հեռանկար բացեց։

- Բաթումին այսօր արագ տեմպերով զարգանում է։ Արդյո՞ք, այնտեղ բարենպաստ պայմաններ են ստեղծված հայ ներդրողների համար։ 

-2007-ին 60 հազար հայ զբոսաշրջիկ է հանգստացել Աջարիայիում, իսկ դա շուրջ 80-100 մլն դոլար ներդրում է վրացական տնտեսությունում։ Տուրիզմի զարգացումը դեպի Վրաստան յուրօրինակ ժողովրդական դիվանագիտություն է. երբ 60 հազար մարդ շփվում է հարևան ժողովրդի հետ, մտերմանում, մի կտոր հաց են կտրում միասին, մի բաժակ սուրճ խմում, նրանք արդեն բարեկամանում են, իսկ դա խաղաղ համագործակցության, բարի դրացիության հրաշալի քայլ է և նրանց միջև խռովություն, տարաձայնություններ չեն առաջանում։

Մենք Ձեզ հետ միասին եղել ենք Բաթումիում, տեղում ծանոթացել իրավիճակին։ Ափսոսանքով եմ նշում մի կարևոր բացթողում, մեր` հայկական կողմի պասսիվ արձագանքը Աջարիայում տուրիզմի բնագավառում ներդրումներ անելու առաջարկին, այն դեպքում, երբ այսօր արդեն 1 քմ հողատարածքի համար առաջարկվող գինը նախկին հրաշալի պայմաններից 25 անգամ թանկացել է։ Թերևս հիմնական մտավախությունը որոշակի ռիսկայնության հետ էր կապվում։ Եվ հարցին լուծում տալու համար 2006-ին միջկառավարական արտագնա նիստ կազմակերպվեց Բաթումիում` Հայաստանի և Վրաստանի վարչապետերի մասնակցությամբ, որտեղ Աջարիայում հյուպատոսություն բացելու հարց բարձրացվեց։ Ի դեպ, ներդրումներ անելու պարագայում հյուպատոսությունը կարող է լավագույն երաշխիքը հանդիսանալ օրինականության սահմաններում գործարարության իրականացման համար։ Մյուս կողմից հյուպատոսության բացումն իսկապես անհրաժեշտություն էր, եթե հաշվի առնենք 60 հազար հայ զբոսաշրջիկների ամառային հանգստի հարմարավետ կազմակերպելու հարցերը, երբ տեղում մշտապես կարող են ծագել ամենատարբեր խնդիրներ, մանրուք թվացող հարցերը, որոնք, բնականաբար, արագ լուծում չէին կարող ստանալ շահագրգիռ կողմի բացակայության պատճառով։ Այսօր այս բոլոր խնդիրներն կարգավորվել են և պայմաններն արդեն իսկ  բարենպաստ են տուրիզմի համար լավագույն պայմաններ ունեցող Բաթումիում ներդրումների համար։

- Ի՞նչ խնդիրներ ունի այսօր վիրահայությունը։

- Մենք մեծ թվով հայրենակիցներ ունենք  Վրաստանում, ունենք հայաբնակ տարածք և ակտիվացնելով տնտեսական համագործակցությունը , միաժամանակ նպաստում ենք ջավախքահայության խնդիրների կարգավորմանը։ Վրաստանի նախագահի և վարչապետի հետ իմ հանդիպումների ժամանակ բարձրացվել է Սադախլոյից Բաթումի շուրջ 12 ժամյա տուրիստական երկար ճանապարհը առավել հարմար` Ջավախքով անցնող կարճ ճանապարհով փոխարինելու հարցը։ Կարճ և հարմար տարբերակ լինելուց բացի, այն մյուս կողմից կարող է նպաստել Ջավախքում համապատասխան ենթակառուցվածքների ձևավորմանը, ներդրումների իրականացմանը։ Ժամանակին Ջավախքում լարված իրադրության շուրջ անձամբ խոսել եմ Վրաստանի նախագահի հետ. վստահաբար կարող եմ ասել, որ նա շահագրգիռ է տարածաշրջանի սոցիալ տնտեսական բարեփոխումների, զարգացման ծրագրերի իրականացման հարցում։ Իհարկե մեր երկու երկրներում էլ կան ուժեր, որոնք շահագրգիռ են իրադրության սրմամբ, երկու եղբայրական հանրապետությունների հարաբերությունների վատթարացմամբ։ Նկատեմ, որ դրանից ոչ ոք չի շահում, առավել ևս վիրահայությունը։

Մինչդեռ մեր հարաբերությունների զարգացման հարցում բարի կամքի դրսևորման լավագույն արտահայտություն է այն հանագմանքը, որ չնայած ռուս-վրացական սրված հարաբերությունների առկայությանը, վրացական կողմն այսօր էլ ամեն ինչ անում է, որպեսզի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մեր հանրապետության հետ պատշաճ մակարդակով իրականացվեն, թեկուզև այդ հարցում ստիպված է փոխզիջումների գնալ ռուսական կողմի հետ։

-Դուք նաև Ռուս-հայկական գործարար համագործակցության ընկերակցության համանախագահն եք։ Ռուսաստանը մեծ տեղ է զբաղեցնում մեր երկրի զարգացման պլաններում։ Արդյո՞ք, այդ սպասելիքներն իրատեսական են։ 

- Մեզ համար ամենամեծ սպասելիքները հենց Ռուսաստանի հետ են կապված։ Հստակեցնեմ միտքս։ Խորհրդային տարիներին‚ որպես միութենական նշանակության գործարանի տնօրեն, մշտական կապի մեջ էի վերադաս գերատեսչությունների ու նախարարությունների հետ։ Այդպիսի հսկա գործարաններ շատ կային, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո անտերության մատնվեցին։ Ինչ-որ տեղ դրանց ճակատագրի հանդեպ մտահոգությունը, ինչպես նաև նախկին գործարար և բարեկամական կապերի պահպանության անհրաժեշտությունը դրդեց ինձ և մեր երկրի բարեկամ Նիկոլայ Ռիժկովին հիմնադրել Ռուս-հայկական գործարար ընկերակցության համագործակցությունը։ Նա 88-ին Սպիտակի երկրաշարժից հետո ղեկավարում էր աղետի գոտու վերականգնողական աշխատանքները, ես տեղի վերականգնողական հատուկ շտաբի անդամ էի և մշտապես մասնակցում էի աշխատանքային խորհրդակցություններին։ Այդտեղից էլ ձևավորվեց մեր բարեկամությունը,  մտերմացանք։ Տարիներ անց երկուսս էլ որպես մեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, առավել մոտիկից առնչվեցինք միջպետական, միջկառավարական խնդիրներին` շուտափույթ լուծում տալու անհրաժեշտությանը. պայմանավորվածությունները, համաձայնությունները ձեռք են բերվում, պաշտոնական ձևակերպում ստանում, բայց դրանք կյանքի կոչելու համար ոչ պակաս հետևողական աշխատանք է հարկավոր, և հենց այդ կարևոր գործունեությունն էլ իր ուսերին վերցրեց գործարար համագործակցությունը։ Ի դեպ առաջին կարևոր հարցը նույն հաղորդակցության ուղիների վերականգնման խնդիր էր. այդ նպատակով արտագնա նիստ անցկացրինք Ռոստովում, որին հաջորդեց  լաստանավային ուղու բացումը։

Իհարկե, բոլոր դեպքերում գերխնդիր է մնում հայ-ադրբեջանական և վրաց-աբխազական հակամարտությունների պատճառով փակված  երկաթուղային ճանապարհների վերագործարկումը։ Ժամանակին խոր ցավ եմ ապրել, որ «Քիմռեակտիվների» գործարանի նման միութենական նշանակության մի շարք այլ գործարաններ ևս չաշխատեցին  երկաթուղու փակման պատճառով։ Հենց այդ հանգամանքն էլ հիմք հանդիսացավ, որ ես հիմնովին զբաղվեմ այդ կարևոր խնդրի հանգուցալուծմամբ։ Երկարատև բանակցությունների, տարածաշրջանային բավականին դժվարին իրադրության պայմաններում հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեր ջանքերն իրենց տրամաբանական ավարտն ունեցան և 2005-ի դեկտեմբերին այդ նապատակով ստեղծվեց քառակողմ` Հայաստան, Վրաստան, Ռուսաստան և Աբխազիա, կոնսորցիում, որի առաջնային նպատակներից է երկաթուղու աբխազական հատվածի շուրջ 80-100կմ երկարությամբ գրեթե ամբողջությամբ ավերված հատվածի վերականգնումը։ Այս պահին ռուս-վրացական հարաբերությունների որոշակի սրացման պատճառով աշխատանքները ժամանակավորապես սառեցվել են, բայց խնդիրն արդեն ընթացքի մեջ է, սառույցը հալվել է և, համոզված եմ, որ հայկական երկաթուղիները 20-30 տարով վարձակալությամբ «Ռուսաստանի երկաթուղային ուղիների» ղեկավարմանը հանձնելն իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա խնդրի վերջնական կարգավորման համար։

- Ի՞նչ խնդիրներ ունի ռուսաստանաբնակ հայությունը։ Ժամանակ առ ժամանակ այլազգիների նկատմամբ Ռուսաստանում բարձրացվող անհանդուրժողականության ալիքը, արդյո՞ք, կարող է խոչընդոտ հանդիսանալ հայ ներդրողների տնտեսական գործունեության համար։

- Կարծում եմ` Ռուսաստանն այն երկրներից է, ուր պետական մակարդակով ընդունվում և բարձր է գնահատվում հայ համայնքի ներուժը,  իր ստեղծագործ, պետականամետ գործունեությամբ։ Այդ մասին են վկայում ամենատարբեր մակարդակներում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներում հնչող գնահատականները։ Հայերը ներդաշնակորեն ներգրավվել են Ռուսաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում և իրենց գործունեությամբ բազմիցս արժանացել են երկրի բարձրագույն իշխանության դրվատանքին։ Ինչ վերաբերում է անհանդուրժողականության դրսևորումներին, ապա միանշանակ է, որ դա առանձին խմբավորումների սադրանքի արդյունք է, ինչը խստագույնս քննադատվում է երկու երկրների  ղեկավարության և հասարակայնության կողմից։ Համոզված եմ, որ նման սադրանքները չեն կարող ազդեցություն ունենալ բարեկամ երկրների սոցիալ-տնտեսական և մշակութային կապերի զարգացման և դարավոր բարեկամության վրա։ 

- Հայկական լոբբին Ռուսաստանում կարո՞ղ է միջպետական խնդիրների  կարգավորման հարցում լուրջ դերակատարություն ունենալ։ Այն ամրապնդու՞մ է իր դիրքերը։

-Կարծում եմ, Ռուսաստանն այն հազվադեպ երկրներից է, ուր հայությունը լոբբինգի անհրաժեշտություն չունի, քանի որ, ինչպես ասացի, վառ արտահայտված գոյապահպանական, կենսական կարևոր նշանակության հիմնախնդիրներ տեղական իշխանությունների կամ ազգաբնակչության հետ չունի։ Այլ հարց է, որ հենց այդ հանգամանքից ելնելով էլ ռուսաստանահայությունն այնքան է համախմբված չէ ի տարբերություն սփյուռքի մեր մյուս համայնքների։ Իսկ միասնությունն ու համախմբվածությունը միշտ էլ օգտակար են։ Թերևս այս դեպքում կարելի է խոսել շատ ավելի մեծ և արդյունավետ ազդեցության մասին։ 

 - Հայաստանն այսօր արտաքին աշխարհի հետ կապող երկու ճանապարհ ունի` Վրաստանն ու Իրանը։ Ցավոք, այլընտրանքային ճանապարհներ, որոնք կարող էին ապահովել Թուրքիան և Ադրբեջանը, չկան։ Ի՞նչ եք կարծում, երբ կգա այն օրը, երբ այլևս փակ սահմաններ չենք ունենա։

 - Վաղ թե ուշ այդ սահմանները բացվելու են։ Տեսեք, այսօր Եվրոպայում գործում է բաց սահմանների քաղաքականություն, ընդհանուր տնտեսական տարածքներ են ստեղծվում, մաքսային և հարկային համակարգեր են պարզեցվում և միմյանց համահունչ դարձվում։ Եվրոպական բոլոր երկրները շահագրգիռ են հարևան երկրների համաչափ զարգացմամբ, քանի որ դա բարենպաստ է անդրադառնում յուրաքանչյուր երկրի տնտեսությանը։ Այս հարցը մեր տարածաշրջանի համար ևս արդիական է և ի վերջո, դրական հանգուցալուծում է ստանալու։ Այս առումով կարևոր է Ադրբեջանի հետ գործարար կապերի ստեղծումը, ինչը իրավամբ կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը. դրանում առավել քան շահագրգիռ են երկու երկրների գործարարները։ Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ հարցի կարգավորմանը, մենք էլ հնարավորն անում ենք ռուս-վրացական հարաբերությունների սրությունը մեղմելու առումով։ 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...